Հայկական հարցի (Հայոց ցեղասպանության) միջազգայնացումը նաեւ ներքաղաքական խնդիր կդառնա այլ երկրներում – /ՄԱԿ-ի «Նացիզմի, նեոնացիզմի եւ անհանդուրժողականության այլ ձեւերի հերոսացման դեմ պայքարը»՝ գործունեության նոր ասպարեզ – 1-ին մաս / Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Թուրքիայում սպառնում է ոչ միայն հայերի անվտանգությունը – 2-րդ մաս/…

Հայկական հարցի (Հայոց ցեղասպանության) միջազգայնացումը նաեւ ներքաղաքական խնդիր կդառնա այլ երկրներում – ՄԱԿ-ի «Նացիզմի, նեոնացիզմի եւ անհանդուրժողականության այլ ձեւերի հերոսացման դեմ պայքարը»՝ գործունեության նոր ասպարեզ…

1-ին մաս

Նախորդ տարեվերջին Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ ծավալումները որոշակի զարգացումներ ապրեցին, ինչը վստահաբար նոր ընթացք կստանա, հատկապես տարածաշրջանային հակամարտությունների վերսկսման համապատկերում: Այստեղ կկարեւորվի նաեւ Արցախի խնդիրը, եթե ԵՄ-ն հետեւելով իր տարեվերջյան կոչին՝ ճանաչի ԼՂՀ-ն եւ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ: Եվ այն տեսակետը, որ ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ազդեցիկ միջոց է դարձնելու Թուրքիային վերահսկելու համար, արդեն հայտնել ենք, ինչը եւ տեղի է ունենում: Իսկ թուրքական կողմը վստահ էր, որ Կոնգրեսի որոշումը Սենատում չի քննարկվի եւ ԱՄՆ-ն դա Թուրքիայի դեմ չի գործածի: Ռեջեփ Թայիփ Էրդողանն անգամ ինքնավստահ հայտարարեց, թե Սենատը կմերժի այդ բանաձեւը, մտածելով, որ սենատորների հանրապետական մեծամասնությունը կհետեւի իր եւ Դոնալդ Թրամփի կարծիքներին:

Ինչեւէ. փաստ է, որ Սպիտակ տունը վճռել է պատժել Անկարային, քանի որ թուրքական խաղերը Կրեմլի հետ (նաեւ իր զինուժը տարածաշրջանում ինքնակամ գործածելը) այլեւս դուր չեն գալիս ամերիկացիներին: Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 30-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 405 բանաձեւը նաեւ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման որոշում ունի: Նույնը՝ դեկտեմբերի 12-ին Սենատի ընդունած 150 բանաձեւում է, ինչը ավելի է զայրացրել Անկարային, քանզի պատժամիջոցները, որոնք կկիրառվեն, նաեւ իրավական հիմք են ստացել:  

Եվ այն իրողությունը, որին մերթ ընդ մերթ ականատես ենք լինում, պետք է դիտարկել հենց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի դեմ սաստող միջոց դարձնելու համապատկերում: Ինչ-որ տեղ ցավալի է այս ընկալումը, սակայն պետք է հասկանալ, որ այս հարցի՝ որպես ճնշման միջոց կիրառելը ԱՄՆ-ի կողմից, նաեւ հետագա ծավալումներում կպահպանի իր արդիականությունը, միջազգային նշանակությունը եւ չի բացառվում, որ նաեւ մեր ջանքերի շնորհիվ հայոց պահանջատիրության գործառույթ կտեղափոխվի՝ միջազգային ասպարեզում համապատասխան հետեւանքների պահուստով: Արդեն համոզվել ենք, որ անհավանական հարցերն անգամ անակնկալ լուծումներ են ստանում:

Վերեւում նշված իրողությունն այն է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունելուց հետո: «Ամերիկայի Ձայնը» Սենատի բանաձեւի վերաբերյալ մեկնաբանությամբ դիմել է պետքարտուղարությանը, որի խոսնակ Մորգան Օրտագուսը, ի պատասխան հարցմանը, գրավոր հայտնել է. «ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն այս հարցում արտացոլված են անցած ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից հրապարակված հայտարարության մեջ»: Իսկ այս տարվա ապրիլի 24-ին Սպիտակ տունը հանդես էր եկել ավանդական հայտարարությամբ, ուր խուսափել էր «Ցեղասպանություն» եզրը օգտագործելուց՝ 1915թ. իրադարձությունները որակելով «Մեծ Եղեռն» եւ «20-րդ դարի զանգվածային ամենասարսափելի սպանդերից մեկը»:

Սակայն, եթե ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահը չէր կիրառել Ցեղասպանություն եզրը, ապա շուրջ 6 ամիս անց նա չի միջամտում (իսկ նախկին նախագահները խոչնդոտում էին), որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը հաստատվի Կոնգրեում եւ Սենատում: Եվ այսօր որոշակի բառախաղերը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի վերաբերյալ, մենք համարում ենք զուտ քաղաքական, որն առնչվում է թուրք-ամերիկյան բարդ հարաբերություններին:

Հատկապես Անկարայի անպատասխանատու հայտարարություններից եւ արձագանքից հետո Վաշինգտոնը պետք է որոշակի մեղմացուցիչ քայլեր աներ: Առավել եւս, որ Թուրքիայի նախագահին նույնչափ զայրացրել էր ԱՄՆ-ի Սենատում Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագծի ընդունմանը: Թուրքիայի ԱԳՆ-ն առանձնակի է անդրադարձել իրենց դեմ սահմանվող պատժամիջոցների հաստատմանը: Նշվում է, որ ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ջանքերին վնաս են հասցնում, իսկ Թուրքիայի հասցեին առկա ձեւակերպումները թշնամական է որակվել: «Սենատը, Թուրքիային դուրս թողնելով F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից, S-400 համալիրների գործարքի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով ցույց է տալիս իր թշնամական դիրքորոշումը եւ անհարգալից վերաբերմունքը թուրքական ինքնիշխան պետության ընդունած որոշումների նկատմամբ».- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարոթւյունում:

Անդրադառնալով Կիպրոսի դեմ զենքի էմբարգոն վերացնելուն, նշվում է, որ նման որոշումը կձախողի կղզում խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը եւ վտանգավոր լարվածության պատճառ կդառնա: Բայց Անկարայից ընդգծել են, որ սպառնալիքները եւ պատժամիջոցների չեն կարող ստիպել Թուրքիային «հրաժարվել ազգային անվտանգությունը ապահովելուն միտված քայլերից»: Եվ Անկարան հավաստել է, որ կձեռնարկի համապատասխան միջոցներ: Դրանցից մեկը երեւի թե ԱՄՆ «Ինջիրլիք» ռազմաբազան փակելը կլինի, որը օգտագործում է նաեւ ՆԱՏՕ-ն, այն տարածաշրջանում իր կարեւոր հենակետը համարելով (չնայած թուրքական սպառնալիքին, ԱՄՆ-ն 1,7 մլրդ. դոլարի նոր ներդրում է նախատեսել ռազմաբազայի զարգացմանն ուղղված): Սակայն ԵՄ այն երկրները, որոնց զինուժը եւս այդ ռազմաբազայում է տեղակայված, վաղուց են հայտարարել, թե հակված են ՆԱՏՕ-ի ռազմաբազան տեղափոխել Հորդանան, որտեղ ԱՄՆ-ի մեկ այլ ռազմաբազա է տեղակայված:

Նման ծավալումները վստահաբար կթուլացնեն Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում, ինչն էլ հենց միջազգային օրակարգում առաջ կմղի հայկական հարցը: Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով կարելի է որոշակի հանգիստ լինել, քանի որ ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների մեծամասնությունը սատարել են հայամետ բանաձեւի ընդունմանը: ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը եւս կողմ է Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին: «Ես ողջունում եմ Սենատի այս կարեւորագույն օրենսդրությունը, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Եթե մենք ամբողջությամբ չենք ընդունում անցյալը, «այլեւս երբեքը» կորցնում է իր իմաստը: Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ եւ հզոր ինչպես ապագա սերունդների համար, այնպես էլ նրանց համար, որոնց հիշողությունները վնասված են ողբերգությունից»,- ասել է Ջո Բայդենը:

Իմիջիայլոց, ժխտողականությունը, որ հայկական հարցի դեմ գործում է հենց ցեղասպանությունից հետո, եւս արծարծվում է Հայոց ցեղասպանության ճանաչման համապատկերում: Պետք է նշել, որ այդ առումով հետաքրքիր բանաձեւ է ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Ցեղասպանության ժխտողականության մերժումը արձաբագրված է ՄԱԿ-ում, սակայն 2019թ. դեկտեմբերի սկզբներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ռուսաստանի՝ ընդդեմ նացիզմի հերոսացման բանաձեւը, որն իր մեջ ներառում է նաեւ ցեղասպանության ժխտողականությունը: «Նացիզմի, նեոնացիզմի եւ անհանդուրժողականության այլ ձեւերի հերոսացման դեմ պայքարի» վերաբերյալ, փաստաթղթին աջակցել է 133 երկրներ, դեմ է եղել 2, ձեռնպահ է մնացել 52 պետություն: Դեմ հանդես եկած պետություններն են ԱՄՆ-ն եւ Ուկրաինան։ Ձեռնպահների թվում են Ֆրանսիան, Ավստրիան, Չեխան, Թուրքիան։

Բանաձեւում խորհուրդ է տրվում պետություններին՝ «Միջոցներ ձեռնարկել օրենսդրական ոլորտում եւ կրթության բնագավառում, մարդու իրավունքների իրենց միջազգային պարտավորությունների համաձայն, կանխել 2-րդ աշխարհամարտի արդյունքի վերանայումն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների եւ պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների ժխտումը»: Կոչ են անում նաեւ վերացնել ռասսայական խտրականության բոլոր ձեւերը, անհրաժեշտության դեպքում, օրենքով: 2005թ.-ից ամեն տարի նման բանաձեւ է ընդունվում եւ վերջին մի քանի անգամներին դեմ են քվեարկել միայն Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան: «Նացիզմի, նեոնացիզմի եւ անհանդուրժողականության այլ ձեւերի հերոսացման դեմ պայքարի» վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած փաստաթղթին Թուրքիան թվացյալ չեզոք է հանդես եկել: Հայոց ցեղասպանույունը ժխտող Թուրքիան «փայլատակել» է նոր ժխտողականությամբ, Ստամբուլում մեշ շուքով կանգեցվել է Բաքվի հայերի ջարդերի գլխավոր կազմակերպիչ Ջիվանշիրի հուշաքարը:

 

Հայկական հարցի միջազգայնացումը նաեւ ներքաղաքական խնդիր կդառնա այլ երկրներում – Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Թուրքիայում սպառնում է ոչ միայն հայերի անվտանգությունը…

2-րդ մաս

«Նացիզմի, նեոնացիզմի եւ անհանդուրժողականության այլ ձեւերի հերոսացման դեմ պայքարի» վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած փաստաթուղթը պետք է կիրառել նաեւ թուրքական, ադրբեջանական եւ այլոց ժխտողականության դեմ:

Հայտնի է, որ Պոլսի նորընտիր պատրիարքը հանկարծ քննադատել էր ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Այս մասին գրել է նաեւ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը. «Թուրքիայի հայ համայնքը շատ մեծ ճնշումների տակ է եւ պատրիարքը չի կարող իրեն այլ կերպ պահել։ Նրա հիմնական խնդիրը հայ համայնքի անվտանգության ապահովությունն է ու նա դա պետք է ապահովի ցանկացած եղանակով եւ դա մենք պետք է հասկանանք ու ընդունենք։ Համայնքից ինքնաոչնչացման գնով հերոսություն պետք չի պահանջել»։ Համեմատության համար նշվել է, որ Իրանի հրեական համայնքը միշտ դատապարտում է Իսրայելի քաղաքականությունը, հրապարակայնորեն պաշտպանում է պաղեստինցիների իրավունքները եւ Իսրայելում ոչ ոք նրանց դավաճան չի համարում։ Փաստորեն հրեաների համար իրենց ազգակիցների անվտանգությունը առաջին տեղում է, իսկ մեզ համար՝ առաջին տեղում մեր զգացականն է, ինչը կարող է վտանգել հայ համայնքին: Այսպիսի վտանգ կար նաեւ ծպտյալ հայերի առումով, երբ որոշ եկեղեցականներ պնդում էին, որ այդ հայերը կարող են հրաժարվել մահմեդականությունից եւ դառնալ քրիստոնյա… Լավ է, որ ծպտյալ հայերն իրենք հասկացան բացահայտվելու վտանգի առկայությունը… Առանց այն էլ հայերը Թուրքիայում ազգ չեն համարվում եւ կոդավորված են ու համընդհանուր վերահսկվում են անվտանգության համակարգի կողմից:

Սակայն դա դեռ քիչ համարելով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի նոր ալիքից կատաղած Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները սպառնում են նոր ցեղասպանություն իրականացնել հայերի դեմ, սպառնում են նոր տեղահանությամբ: Նրանք թուրքական իշխանությունների հորինած տեսակետն են շարունակում պնդել, թե հայերի ջարդը 1-ին աշխարհամարտի հետեւանք է, որի պատճառով նաեւ այլ ազգեր են կոտորվել, այդ թվում՝ թուրքերը: Վերջերս, արդեն բացահայտորեն, Ստամբուլի փաստաբանների միության անդամ մի խումբ ծայրահեղ ազգայնամոլ թուրք փաստաբաններ հոդված են հրապարակել 2019թ․ նոյեմբերի իրենց տեղեկագրում՝ սպառնալով «եւս մեկ անգամ տեղահանել բոլոր հայերին Թուրքիայից»։ Հոդվածի հեղինակ Մուստաֆա Չալիքը գրում է, որ «տեղահանությունը կլինի ամենամեղմ գործողությունը հայերի դեմ», քանի որ Թուրքիայի կառավարությունը ժխտում է Ցեղասպանությունը եւ դրա դեմ հանդես գալը՝ Թուրքիայի դեմ գործել է նշանակում: Հեղինակի կողմից «հայերի տեղահանությունը», որը հենց Հայոց ցեղասպանությունն է, նկարագրվում է որպես «հաղթապսակ», իսկ գլխավոր չարագործներին «մեծ նահատակներ» է անվանում: Ապա նշում է, թե «խոնարհվում ենք բոլոր միութենականների [երիտթուրքերի] սուրբ հիշատակի առաջ ու համբուրում ենք նրանց օրհնված ձեռքերը… Մաղթում ենք Աստծո ողորմությունը եւ հավերժական երանություն բոլոր անանուն (թուրք) նահատակներին դրախտում, որոնք զրկվեցին կյանքից հայկական կոտորածներում»… Եվ թուրք փաստաբանները հանգում են այն մտքին, որ աջակցում են 1915թ․ հայերի տեղահանությանը, «նրանք, ովքեր տեղահանությունն անվանում են ցեղասպանություն, պատերազմի հայտարարություն են անում, հայերին եւ մյուսներին, որոնք դա անվանում են ցեղասպանություն, սպառնում է մի նոր տեղահանություն, որն ամենամեղմ միջոցը կլինի նրանց դեմ»։

Իսկ Daily Sabah-ը գրել է, որ «Օսմանյան կայսրությունը 1915-ին Արեւելյան Անատոլիայի հայերին տեղափոխեց ՝ ապստամբություններից հետո, որոնց մի մասը կողմ էր ռուսական զավթիչ ուժերին: Տեղափոխությունների ընթացքում բազմաթիվ հայեր զոհվեցին։ Հայաստանը ներողություն եւ փոխհատուցում է պահանջում, մինչդեռ Թուրքիան պաշտոնապես հերքել է հայկական մեղադրանքները միջադեպերի կապակցությամբ, ասելով, որ չնայած հայերը մահացել են տեղափոխությունների ժամանակ, շատ թուրքեր նույնպես կորցրել են իրենց կյանքը Անատոլիայում հայկական ավազակախմբերի կողմից իրականացված հարձակումների ժամանակ»: Նշում են, թե թուրքական կառավարությունը բազմիցս կոչ է արել պատմաբաններին ուսումնասիրել դարաշրջանին վերաբերող օսմանյան արխիվները, որպեսզի պարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել Օսմանյան կառավարության եւ նրա հայ քաղաքացիների միջեւ: Մերժելով «ցեղասպանության» մեղադրանքները՝ Թուրքիան պաշտոնապես ընդունել է անցյալի դեպքերը որպես մեծ ողբերգություն, երբ երկու կողմերն էլ մեծ կորուստներ են ունեցել, այդ թվում՝ հարյուրավոր մահմեդական թուրքեր։

Այս հոդվածներին անդրադարձել է նաեւ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը՝ նշելով, որ չնայած բացառություններին, նրանք, ովքեր ասում են, որ «արյունոտ թուրքը» վերջին 100 տարիների ընթացքում շատ չի փոխվել, ճիշտ չեն: Անկարային նաեւ հայտարարում են, որ Թուրքիայի հեղինակության աճմանը զուգընթաց այն դարձել է ավելի ուժեղ պետություն, ինչը կարծես զգուշացում է հնչում, բայց ամբողջ աշխարհում ճշմարտությունն ու արդարությունը սիրող մարդկանց դա պիտի ստիպի բացահայտել Թուրքիայի իրական բարբարոսական բնույթը:

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն էլ է անդրադարձել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ողջունել է այլ երկրների խորհրդարանների քննարկումները, բայց համարում է, թե «հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մեկ խորհրդարան եւ դա Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես»։ Ցավոք, սա բարի կամք է միայն, որի պատասխանը թուրքավարի տրվեց մեջլիսում՝ երբ թուրք պատգամավոր գայերի ոհմակը հարձակվել էր շրջանի մեջ հայտնված հայ պատգամավորի վրա եւ հարվածում էր ամեն կողմերից… Իսկ Թուրքիայի  նախագահը Մալայզիայում լրագրողների հետ հարցազրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, կրկին նշեց պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին՝ հավելելով, թե սա քաղաքական հարց չէ: Ապա իր խոսքում հասկացրել է, որ խստացնելու են Հայոց ցեսապանության ճանաչման դեմ պայքարը:

Եվ հիմա, չնայած ներքին անհամաձայնությանը, համենայնդեպս ավելի պարզ է դառնում Պոլսի նորընտիր պատրիարքի «քննադատությունը»՝ ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին ուղղված: Ինչպես քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է ասել, շատերի մոտ մեծ վրդովմունք առաջացրած խոսքերի տակ մեծ վտանգներ կան «Թուրքիայի հայ համայնքը շատ մեծ ճնշումների տակ է գտնվում եւ պատրիարքը չի կարող իրեն այլ կերպ պահել։ Նրա հիմնական խնդիրը հայ համայնքի անվտանգության ապահովությունն է ու նա դա պետք է ապահովի ցանկացած եղանակով…»: Ապա նշել է, որ Իրանի հրեական համայնքը միշտ դատապարտել է Իսրայելի քաղաքականությունը, հրապարակայնորեն պաշտպանել է պաղեստինցիների իրավունքները եւ Իսրայելում ոչ ոք նրանց դավաճան չի համարում, քանի որ հրեաների համար իրենց ցեղակիցների անվտանգության հարցը միշտ առաջին տեղում է եղել»։

Դառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց՝ ընդդեմ նացիզմի հերոսացման բանաձեւին, նշենք, որ Թուրքիայում ոչ միայն հայերի դեմ են սկսել նոր բռնություններ եւ սպառնալիքներ, դեկտեմբերի 17-ին Թուրքիայում անհայտ անձինք հերթական անգամ նացիստական գրություններ են թողել ալեւիների տների պատերին: Գազի թաղամասում բազմաբնակարան մի շենքի՝ ալեւիներին պատկանող 3 բնակարանների պատերին անհայտ անձիք թողել են «X» նշանն ու «սատկելու ես» գրությունը: Նոյեմբերի վերջին նման գրություններ էին արվել Իզմիր նահանգի Գազիեմիր շրջանում: Ալեւիներին պատկանող տների պատերի վրա կարմիր ներկով «X» նշանն էին արել ու թողել «հեռացիր ալեւի» գրությունը: Իզմիրի նահանգապետ Էրոլ Այյըլդըզը պնդել էր, որ ռասիզմ պարունակող այդ գրությունը ամենեւին էլ կրոնական հողի վրա չի կատարվել:

Քրդաբնակ շրջաններում դեռ ռասիստական կոչեր չեն հնչել թուրք ծայրահեղականների կողմից, բայց Բիթլիսի 46 գյուղերում պարետային ժամ է հայտարարվել, Մուշում եւ այլ բնակավայրերում եւս խստացված հսկողություն է սահմանվել, Թուրքիայի իրավապահ մամինները ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ հարցաքննության նպատակով ձերբակալել են քրդամետ քաղաքական գործիչ, Մուշի նահանգի Բուլանըքի քաղաքապետ Ադնան Թոփչուին, նրա օգնականներին։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը օգնականներին պաշտոնանկ է արել։ Խուզարկվել են նաեւ Բուլանըքի եւ Վարթոյի քաղաքապետարանի շենքերը։ Իսկ Վանում նախորդ տարվա դեկտեմբերի 25-ից մինչեւ 2020-ի հունվարի 8-ը ներառյալ 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի միջոցառումները, ստորագրահավաքները,  նստացույցերը, հացադուլերը եւ նմանատիպ գործողությունները։

Տարաբնույթ ճնշումները շարունակվում են: Թուրքիայի ներսում անհանգիստ է ինչպես ազգային եւ կրոնական փոքրամասնոթւյունների հարցերում, այնպես էլ ներքաղաքական, նոր կուսակցություններ են ստեղծվում, որ դեմ են դուրս գալիս նախագահ Էրդողանի միապետական քաղաքականությանը:

Հայ Արիական Միաբանության

Տեղեկատվական կենտրոն

10.01.2020թ.

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։