Հայոց Սրբազան Տոմարն ու արեգակնային անշարժ օրացույցը

«Միանգամայն եւ ցաւէ՛ որ չեմք կրնար դեռ ՛ի գործ դնել եւ զուգել այս հին տոմարը նորոյն հետ եւ վարել»:

Ղ.Ալիշան

Ըստ եկեղեցական տոմարագիտության, «Հայոց հին շարժական տոմարին զուգընթաց, հայերն օգտագործել են մի տոմար եւս, որ կոչվել է ՍՐԲԱԶԱՆ ԱՆՇԱՐԺ ՏՈՄԱՐ, սա գործածվել է Հայկա Ա եւ Բ շրջաններում (խոսքը Ղ. Ալիշանի կողմից հաշվարկված մ. թ. ա. 2492 թ-ից մինչեւ մ. թ. ա. 1032թ. եւ 1032թ-ից մինչեւ մ. թ. 428թ. ընկած 1460 տարի տեւողությամբ երկու ժամանակաշրջանների մասին է-Ս. Ս.):

Սրբազան տոմարը մեր հեթանոս (իմա՝ ցեղակրոն-Ս. Ս.) հայրերի կրոնական տոմարն էր, որի հիման վրա, տարվա չորս եղանակներին պատշաճ, կարգավորել էին հեթանոսական տոների օրերը: Ըստ Սրբազան տոմարի, Ամանորն սկսել են գարնանային գիշերահավասարից՝ Արեգ ամսի 1-ից: Այս գիշերահավասարով են ստուգել տարվա տեւողությունը, որը հավասար է 365 օր 5 ժ 48 ր 46 վրկ:

Սրբազան տոմարը բացառված պետք է լինի 301 թվին, երբ հայերը ընդունեցին քրիստոնեությունը: Սրբազան տոմարին փոխարինել է Հուլյան տոմարը, որն ընդունվել է քրիստոնյա եկեղեցիների կողմից իբրեւ պաշտոնական տոմար»1:

Այո՛, արեւապաշտական քաղաքակրթության բնօրրան հանդիսացող Հայկական լեռնաշխարհում ժամանակի հաշվումների համար հնուց ի վեր հայկազունները՝ արեւորդիները, օգտագործել են Սրբազան տոմար՝ արեգակնային (անշարժ) եւ շարժական օրացույցներով: Հայկ նահապետի հեղինակությանը վերագրվող այդ տոմարը վաղնջական քաղաքակրթությունից մնացած պատմամշակութային մի մեծարժեք խոսուն կոթող է, որի ուսումնասիրության արդյունքում հաջողվել է բացահայտել եւ վերականգնել հայոց Կենաց ծառի աստվածապաշտական համակարգը: Գիտության ամենատարբեր բնագավառներից հայտնի փաստացի տվյալների հավաքագրմամբ եւ համատեղ քննությամբ հաստատվել է, որ հայոց ավանդությունում ծիրանենին խորհրդանշում է առասպելական Կենաց ծառը եւ միաժամանակ ազգածին տոտեմի դեր է կատարում: Պարզվել է, որ միայն ծիրանն (հայկական ոսկե խնձորն) է բավարարում Կենաց պտղի ավանդական խորհրդանիշին ներկայացվող բոլոր պահանջներին2:

Գիտականորեն բացահայտվել է Հայոց Սրբազան տոմարի արեգակնային՝ անշարժ օրացույցի հնագույն ամսակարգը (տարեսկիզբն ու ամիսների հաջորդականությունը) եւ ամիսների օրակարգի հիմքում դրված աստղաբանական օրինաչափությունները, որը հնարավորություն է տվել ժամանակային եւ խորհրդանշական առումով որոշակիորեն ճշգրտելու, վերականգնելու մեր ազգային տոներն ու ծեսերը տարվա կենաց պարբերաշրջանում3:

Այսուամենայնիվ, մինչեւ վերջին ժամանակներս, տոմարական լուրջ ուսումնասիրությունների բացակայության պատճառով, շատ-շատերը շփոթում էին հայոց Սրբազան անշարժ տոմարը Սարկավագադիր անշարժ տոմարի հետ: Բանն այն է, որ Ղ. Ալիշանը հայոց Բուն թվականի սկզբի հաշվարկման համար հիմք է ընդունել Սարկավագադիր տոմարը, երբ XI դարում տոմարագետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասերը) Հուլյան տոմարի հետեւողությամբ նահանջ տարի մտցնելով 1084 թվի Օգոստոսի 11=Նավասարդի 1 զուգադրությամբ անշարժացրեց հայոց շարժական օրացույցը, որը եւ սկիզբ եղավ Սարկավագադիր կամ Փոքր թվականի համար (տես աղ. 1):

Սակայն, տոմարագիտական ուսումնասիրություններով ապացուցել ենք, որ Սարկավագադիր տոմարը զուտ արեգակնային տիպիկ (Սրբազան) տոմար համարել չի կարելի, քանզի Հովհանես Սարկավագի կողմից անշարժացված օրացույցում գարնանամուտը նշանավորող գիշերահավասարի օրը Արեգ ամսվա Արեգ օրը չէ, իսկ ամառնամուտի Նավասարդ ամսվա սկիզբը, ո՛չ հին՝ հուլյան, եւ ո՛չ էլ նոր՝ գրիգորյան տոմարներով չի կարող լինել Օգոստոսի 11-ը4: Բանն այն է, որ «Օգոստոսի 11-ին հայոց մեջ ժողովրդական տոն չի արձանագրվում, այդ օրը ժողովրդի կողմից չի ընկալվում իբրեւ նոր տարի եւ մեկնաբանության չի ենթարկվում ոչ տիեզերական, ոչ տնտեսական, ոչ իսկ ընտանեական-հասարակական նշանագրության առումով: Եկեղեցին եւս որեւէ ձեւով չի արձանագրում «տոնը»: Հիրավի, դժվար է հորինել այնպիսի տոմար, որ չհամապատասխաներ պատմական, տիեզերական, եղանակա-օդերեւութաբանական որեւէ տվյալի եւ բացարձականապես պիտանի չլիներ ծիսական եւ տնտեսական կիրառության համար:

Արդի ժամանակում ո՞վ որոշեց «պեղել», գործածության մեջ դնել այս թյուրիմացական տոմարը, սակայն ինչ-որ թեթեւ ձեռքով նավասարդի 1 եւ օգոստոսի 11 հավասարումը դաջվեց սերունդների ուղեղներում, իր կայուն տեղը գտավ եկեղեցական տոնացույցերում, եւ լրջմիտ տոմարագետները 150 տարի է, չեն կարողանում հակառակն ապացուցել»5:

Իրականում Հովհանես Սարկավագի նպատակն է եղել Ս. գրքի հայերեն թարգամանությունում առկա հայոց ամսանունների եւ բնագրային եբրայական-ասորական եւ հունական ամսանունների տոմարական ժամանակային փոխադարձ համաձայնեցումը, որը եկեղեցական տոմարագիտության տեսանկյունից շատ կարեւոր է: Այդ է պատճառը, որ հայոց քաղաքական (շարժական տարեմուտով) տարվա մ.թ. 428 – 431 թթ. դրությանն համապատասխանող Հովհաննես Սարկավագի կողմից անշարժացված տոմարը (հատկապես եկեղեցական տոների օրերի որոշման առումով) բարեփոխություն է համարվել:

Հարկ է նշել, որ հայոց Նավասարդի 1=Գրիգորյան (նոր) տոմարով օգոստոսի 11 համապատասխանությունը սկիզբ է առել Սարկավագադիր անշարժ տոմարի տարեմուտը Գրիգորյան տոմարով արտահայտելու Ղ.Ալիշանի օրացույցային սխալ մեկնությունից: Նա իր «Յուշիկք Հայրենեաց հայոց» աշխատությունում գրում է. «[Հայերը] ուրիշ հին գիտուն ազգաց պես երկու տարի ունէին, մէկն քաղաքական, միւսն սրբազան՝ որ էր հաստատուն. եւ անտարակոյս ասոր սկիզբն էր հինգ ամսով մ՛առաջ, արեգ ամսէն սկսելով, որուն անունն կու նշանակէ զարեւ եւ կու սկսի բուն արեգակնային ըսուելու վայելուչ օրէն, այսինքն գարնանամուտէն (յ 9 – 21 մարտի). եւ ասով այլ Նավասարդի գլուխն կամ քաղաքական տարեմուտն՝ նոյնպես ճիշդ օգոստոսի 11-ին (23-ի) կու հանդիպի»6: 1084թ. սկիզբնավորված Սարկավագադիր տոմարի մասին այս դատողությունները Ղ. Ալիշանը արել է 1869թ., երբ հին եւ նոր տոմարների տարբերությունը կազմում էր 12 օր: Այսինքն, ինչպես մարտի 9/21, այնպես էլ օգոստոսի 11/23 համապատասխանության մեջ առաջինը հուլյան (հին) տոմարով է, երկրորդը գրիգորյան (նոր) տոմարով: Սակայն, նոր կամ գրիգորյան տոմարի սկիզբն է 1582 թվականի հոկտեմբերի 15-ը (հին տոմարով՝ 5-ը), երբ պարզվեց, որ 325-1582 թթ. ընթացքում գարնան գիշերահավասարի սխալը կուտակվելով դարձել է մոտ 10 օր (1582-325/128=9.82): Եկեղեցական տոմարագիտությունում այդ առթիվ նշված է. «…գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն, մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին, այսինքն՝ 10 օր առաջ»7: Հետեւաբար, Սարկավագադիր տոմարի սկզբնավորման 1084թ., երբ մեզանում գարնան գիշերահավասար էր համարվում մարտի 20-ը, հին եւ նոր տոմարների 12 օրվա տարբերություն չի եղել: Այդ ժամանակ գարնան գիշերահավասարի սխալը կազմել է մոտ 6 օր (1084-325/128=5.93):

Այսպիսով պարզվում է, որ Ղ. Ալիշանի ժամանակ հուլյան տոմարի 12 օրվա սխալի պատճառով Սարկավագադիր օրացույցում Արեգի 1-ը՝ գրիգորյան տոմարով համընկել է մարտի 21-ի՝ գիշերահավասարի կամ գարնանամուտի օրվա հետ: Այդ է պատճառը, որ առաջին հայացքից թվում է, թե Սարկավագադիր տոմարով Արեգի 1-ը ի սկզբանե համընկել է գարնանամուտը նշանավորող «Հայկայ» Սրբազան Տոմարի տարեմուտի հետ: Սակայն, ինչպես տեսանք, դա այդպես չէ, հետեւաբար Սարկավագադիր տոմարը զուտ արեգակնային տիպիկ (Սրբազան) տոմար համարել չի կարելի, քանզի Հովհանես Սարկավագի կողմից անշարժացված օրացույցում գարնանամուտը նշանավորող գիշերահավասարի օրը Արեգ ամսվա Արեգ օրը չէ: Այսինքն՝ այդ մեծախորհուրդ օրը համաձայն հանրահայտ «ամեն բան իր ժամանակն ունի» բանաձեւի, ժամանակային առումով ստուգաբանորեն դարձել է խորհրդազուրկ:

Քանի որ տոմարագիտական ուսումնասիրություններով պարզվել է հայոց շարժական տոմարը նշված դրությամբ անշարժացնելու պատճառը, ապա ժամանակագրական առումով անընդունելի է Հայկը Բելին մ.թ.ա. 2492 թվականի նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին) սպանելու մասին վարկածը, որը եւ սկիզբ է համարվում հայոց Բուն թվականի: Անընդունելի է այդ վարկածը նաեւ այն առումով, որ այդ դեպքում հաշվի չեն առնվել մ.թ.ա. 5-րդ դարում հայոց արեգակնային տոմարի հնագույն ամսակարգի կրած փոփոխությունները:

Պարզության համար նշենք, որ Աքեմենյան տիրապետության ժամանակ կատարված զրադաշտական ռեֆորմի8 պատճառով հայոց Նավասարդ եւ պարսկաց Փարվարդին ամիսները իրար հետ միասին ամառնամուտից հայտնվեցին գարնանամուտում, որի արդյունքում Արեգ ամսվա Արեգ օրվա խորհուդը վերագրվեց Նավասարդի 1-ին: Սակայն ներկայումս մեզ հայտնի ամիսների հաջորդականության դեպքում, երբ Նավասարդը դիտարկում ենք որպես ամառնամուտի ամիս, ստացվում է, որ գարնանամուտի ամիսը Մարերինն է, այլ ոչ թե Արեգը: Իսկ սա նշանակում է, որ տեղի է ունեցել հայոց տոմարի ամսակարգի՝ տարեմուտի եւ ամսանունների հաջորդականության խախտում:

Աստղաբան-տոմարագետ Բիրունու վկայությունը9 (պարսկական օրացույցի ամսակարգը տարվա եղանակների նկատմամբ երեք ամսով շեղված լինելու մասին) մեզ հնարավորություն տվեց տոմարագիտական ուսումնասիրությամբ վերջնականապես հաստատելու, որ հայոց եւ իրանական արեգակնային հին օրացույցներում որպես գարնանամուտի, ամառնամուտի, աշնանամուտի եւ ձմեռնամուտի ամիսներ, համապատասխանաբար, հանդես են եկել Արեգը եւ Դեյը, Նավասարդը եւ Փարվարդինը, Տրէն եւ Տիրը, Մեհեկանը եւ Միհրը: Ի դեպ, պատահական չէ, որ հայոց ամսանուններից Տրէն եւ Մեհեկանը համընկնում են իրանական Տիր եւ Միհր ամսանունների հետ, որն արիական ընդհանրության վաղ շրջանում հայոց եւ իրանական տոմարների նույնության մասին է վկայում (տես աղ. 2):

Սովորաբար, լոկ միջնադարյան մատենագիտական որոշ աղբյուրների հաղորդագրություններից ելնելով, ընդունված է համարվում, որ հայոց օրացույցի ամսակարգը սկսվում է Նավասարդ ամսով, որին հաջորդում են Հոռի, Սահմի, Տրէ, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից եւ Ավելյաց ամիսները10: Սակայն, Նավասարդ ամիսը ի սկզբանե հայոց արեգակնային տոմարի տարեմուտի ամիս համարողները, իրականում մոռանում կամ չտեսնելու են տալիս մի շատ երեւելի, լուսավոր բան: Դա մեր արեգակնային տոմարում առկա գարնանամուտ-տարեմուտը նշանավորող Արեգ ամսվա Արեգ օրվա Այգ (Եռամեծ) Ժամն է11: Կարծես ընդունված է համարվում նաեւ, որ Նավասարդը իրանական փոխառություն է եւ, ըստ այդմ, այն պետք է ստուգաբանվի որպես (nava «նոր» և sard «տարի») Նոր տարի կամ Ամանոր: Սա, իհարկե, թյուրիմացություն է նախ այն առումով, որ իրականում Նավասարդը իրանական փոխառություն չէ, քանզի Նավասարդը մեր աստեղային առասպելում Հայկի դուստրն է, իսկ Հայկի զավակների անունները՝ ամսանունները իրանական փոխառություն չեն կարող լինել: Իրանցի պարսիկները Ամանորին Նովրուզ են ասում, ոչ թե Նավասարդ: Ի դեպ, մեր ժամանակներում Նավասարդ ամսանվան ուշադրության արժանի ստուգաբանություն է առաջարկել Խաչատուր Դադայանը իր «Հայեր եւ ծովեր» հոդվածում, ըստ որի հնում հայ վաճառականներն էլ էին Եփրատով նավարկում, եւ որ Նավասարդը կազմված է նավ եւ սարդ, փոխաբերական իմաստով՝ հյուսող, բառերից: Այսինքն՝ «Նավասարդ էր կոչվում տարվա այն ժամանակը, որն առավել հարմար էր նավ հյուսելու համար: Նավասարդ բառը հաստատում է արեւմտյան պատմիչների կողմից մեզ հաղորդած այն տեղեկությունը, որ հայերը ուռենու ճյուղերից նավեր էին հյուսում»12:

Ըստ լեզվաբան Վ. Սարգսյանի, հայ. սարդ (սեռ. սարդի) բառը բաղկացած է սար «պատրաստել, կառուցել, շինել» արմատից եւ դի վերջածանցից: Սար արմատը իրենից ներկայացնում է ար «արարել, շինել, պատրաստել» արմատը աճած նախաձայնով՝ ար > խար > յար > ժար > ջար> շար > սար: Իսկ Վանյան Սարդուրի անվանը հայերենում «մաքուր» ձեւով համապատասխանում է սարդ «մամուկ, գործարար միջատ» բառը13:

Մաշտոցյան Մատենադարանի 5975 «Պատճեն Տումարի Հայոց» ձեռագրում Նավասարդ ամսանվան վերաբերյալ նշված է. «Նաւասարդի՝ զնաւարկութիւն ասէ, յորժամ Հոգի Աստծոյ շրջեր ի վերա ջուրց», իսկ հայկական մեհենագրությունում Sardi-ն նաեւ աստղ է նշանանակում14: Այսինքն՝ ստուգաբանորեն Նավասարդ-ը նավարկության հետ առնչվող աստղի իմաստ նաեւ կարող է ունենալ:

Այսպիսով, տեսնում ենք, որ Նավասարդը համարել այլ լեզուներից փոխառություն եւ միանշանակորեն ստուգաբանել որպես Նոր տարի, անհիմն եւ սխալ մոտեցում է:

Նոր տարվա գարնանամուտ-օրահավասարի Արեգ ամսվա Արեգ օրը, որը համապատասխանում է Խոյ կենդանանշանի ^0-10-ին, իրականում մեր ծիրանածնունդ եւ ծիրանակիր նախահայր արի Հայգի եւ Վահագնի ծննդյան օրն15 է եւ նաեւ այն օրը, երբ Հայկ Աղեղնավորը Բաբելոնից՝ հարավից եկավ Հայաստան՝ հյուսիս: Վերջինիս եթե փորձենք մի պահ տոմարագետ-աստղաբանի աչքով նայել, ապա կպարզվի, որ այն խորհրդանշում է գիշերահավասարի օրվա սկզբին՝ այգաբացին արեւելքում Հայկն համաստեղության արեգակնային ամբարձումը, երբ Արեգակը երկնոլորտի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ եւ մտնում Կենդանաշրջանի սկիզբը՝ Խոյ կենդանանշանի ^00-10-ը:

Վեդայական գրականությունում առկա աստղագիտական բնույթի տվյալները վկայում են, որ վեդայական հիմների ստեղծման ժամանակաշրջանում (մոտ մ.թ.ա. 4500թ.) գարնան գիշերահավասարի օրը հարաբերակցվում էր Մրիգա՝ Հայկն համաստեղության հետ16, իսկ դա նշանակում է, որ մոտավորապես 6600 տարի առաջ գարնանային գիշերահավասարին արեւելքում տեղի էր ունենում Հայկն համաստեղության հելիոտիկ ծագում (արեգակնային ամբարձում):

Աստեղային ժամանակագրությունից ելնելով Բ.Գ. Տիլակը նշում է, որ մ.թ.ա. 5000-3000թթ-ի ժամանակահատվածը Հայկ-Օրիոնի ժամանակաշրջանն է, այսինքն՝ նրա հետ համընկնում էր գարնանային գիշերահավասարը: Բազմաթիվ վեդայական հիմներ աղերսվում են այդ շրջանի վաղագույն ժամանակների հետ17:

Վերոբերյալը խոսում է այն մասին, որ Հայոց Բուն թվականի սկզբի համար առավել պատշաճում է մոտ 7000 տարի առաջ գարնան գիշերահավասարին Հայկն համաստեղության a աստղ՝ Արայի18 առաջին հելիոտիկ ծագման (արեգակնային ամբարձման) ժամանակը: Սակայն պարզվում է, որ կա արժանահավատ վկայություն մ.թ.ա. 5000թ-ից շատ ավելի առաջ հայ ազգի գոյության մասին, ըստ որի «Պետականորեն ընդունված տարեթվի համաձայն Հայկը բարգավաճել է Քրիստոսից առաջ 2200թ. (ըստ Չամչյանի ժամանակագրության Ք.ա. 2107թ-ից–Ս.Ս.), ճշմարտության համաձայն՝ ավելի քան 7000 տարի առաջ»19: Այսինքն, Հայկ նահապետը, որի հետ սովորաբար ժամանակագրորեն կապում են հայ ազգի սկիզբը, ապրել է ոչ թե 4200-ից 4500 տարի առաջ, այլ 9000 տարի առաջ:

Տարիներ շարունակ այն մտայնությունն էր տիրում տոմարագիտությունում, որ հնադարում մարդիկ դժվար թե կարողանային բավարար ճշտությամբ որոշել գիշերահավասարի պահը, հետեւաբար եւ բացառում էին 365 օրից բաղկացած անշարժ տոմարի գոյությունը: Սակայն պարզվում է՝ Սթոունհենջից ավելի հին Քարահունջի աստղադիտարանի «հարավային թեւի սկզբում կա երեք քար, որոնցից մեկը («Խոյը») ունի բարձր՝ մոտ 3 մ գագաթ, իսկ երկու ավելի ցածրերն ունեն դեպի վեր ուղղված անցքեր, որոնք նայում են առաջին քարի գագաթին (տես նկ. 1):

Այդ երեք քարերի օգնությամբ հայ գիտնականները դեռ 7500 տարի առաջ կարողացել են որոշել գարնանային եւ աշնանային գիշերահավասարի պահը՝ 2 վայրկյան ճշտությամբ: Այդ օրերին քարերի անցքից դիտելիս Արեգակը գալիս եւ կանգնում է բարձր քարի գագաթին («Խոյը գլուխ է ստանում»)»20:

Այդուամենայնիվ, վաղնջական ժամանակներից սկսած Հայկական լեռնաշխարհում շարժական տարեմուտով (365 օր տեւողությամբ) օրացուցի կիրառությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արեւադարձային (ՏԱ = 365.2422 օր), լուսնային (ՏԼ = 354.36706 օր) եւ աստղային (ՏԱստ= 365.256360 օր) տարիները տարբեր են եւ ունեն իրար հետ չհամադրվող կոտորակային մասեր, այսինքն՝ այն պայմանավորված էր Արեգակի եւ Լուսնի ցիկլերով երկարաժամկետ ճշգրիտ հաշվառումների գործնական դժվարությամբ:

Սակայն, հնագույն այդ ժամանակներում Հայքի եւ Եգիպտոսի աստղաբան քրմերին հայտնի էր, որ Սիրիուսի տարին (Մեծ շան համաստեղության a աստղի երկու իրար հաջորդող առաջին արեգակնային ամբարձումների միջեւ ընկած ժամանակամիջոցը) գործնական առումով հաստատուն մեծություն է եւ հավասար է 365.25 օրվա: Այս զարմանալի ու կարեւոր իրողությունը տոմարագիտությունում գիտականորեն հաստատվել է21:

Սիրիուսի (Արուսյակ-Աստղիկի) աստղային տարվա այս գործնական հաստատուն տեւողության իմացությունն է հիմնական պատճառը, որ վաղ անցյալում դարաշրջանների ժամանակագրության համար հուսալի հաշվիչ է ծառայել 365.25 օր եւ 365 օր հաստատուն տեւողությամբ տարիներ ունեցող օրացույցների համաձայնեցված տոմարական համակարգը, որի հիմքում դրված է հետեւյալ օրինաչափ պարբերաշրջանը.

Սոթիսի շրջան = 1460 x 365.25 օր = 1461 x 365 օր = 533265 օր:

կամ Սոթիսի շրջան = 1460 x Սիր. տարի = 1461 x Շրժ.տարի,

որտեղ Սիր.տարի = 365.25 օր, իսկ Շրժ.տարի = 365 օր:

Սոթիսի շրջանը մեզանում հայտնի էր Հայկայ շրջան անվանումով, որի համար Սոթիսի շրջանի նմանությամբ Հայկայ շրջան = 1460 Սրբ.տարի = 1461 Շարժ.տարի,

կամ 1460 Սրբ. տարի = 1461 x 365 օր = 533265 օր:

Հետեւաբար Սրբ. տարի = 533265/1460 = 365,25 օր:

Տոմարագիտությունից հայտնի է, որ վրացական, աղվանական, կապադովկիական, բյութանական, աթենական, եթովպական եւ եգիպտական օրացույցները (15 ազգերի օրացույցների ամիս-ամսաթվերի զուգակցության համար Հովհաննես Սարկավագի կազմած «Խառնախորան» աղյուսակում)22 ըստ քաղաքական տարվա առաջին ամսվա համապատասխանության կազմում են մի առանձին խումբ, որի մեջ ամսակարգի շեղվածության պատճառով չէր մտնում հայկական օրացույցը: Մ.թ.ա. 5-րդ դարում հայոց արեգակնային տոմարի հնագույն ամսակարգի կրած փոփոխությունները բացահայտելուց հետո այժմ մենք կարող ենք ասել, որ հայկական օրացույցը նշված յոթ ազգերի օրացույցների հետ միասին նույն տոմարական համակարգին են պատկանում:

Այսպիսով, տոմարագիտորեն հնարավոր է Հայոց Բուն թվականության հաշվարկման համար եգիպտական պահպանված հայտնի ժամանակագրության կիրառումը, քանի որ գիտականորեն հիմնավորել ենք քաղաքական տարեմուտի եգիպտական Թոթ եւ հայոց Նավասարդ ամիսների (արեգականային անշարժ տոմարով) ամառնամուտի ամիսներ լինելը23: Այսինքն՝ ինչպես ամառնամուտի հայոց Նավասարդի 1-ը, այնպես էլ եգիպտական Թոթ ամսվա 1-ը Սրբազան տոմարով 1460 սրբազան տարիների պարբերաշրջանը լրանալուց հետո է միայն համընկնում շարժական տարվա համանուն օրերի հետ:

Քանի որ հին եգիպտական եւ ասորական ժամանակագրությունների սկզբի համար կա վկայված միեւնույն տարեթիվը՝ մ.թ.ա. 11542թ.24, ապա այն կարելի է օգտագործել նաեւ հայոց տոմարական հաշվարկներում (որովհետեւ այն տոմարագիտական հիմնավորում ունի, որին մենք այստեղ չենք անդրադառնա):

Եթե մ.թ.ա. 11542թ. առաջ ընկած ժամանակաշրջանը համարենք նախապատմական, ապա 2008թ. Մարտի 21-ից մինչեւ 2009թ. Մարտի 20-ը կլինի Հայոց պատմական ժամանակագրության 13550թ.: Հետեւաբար, կարող ենք ասել, որ այդ նախապատմական ժամանակաշրջանի ավարտից մինչեւ այսօր անցել է Հայկյան 1460 ամյա ինը շրջան: Ըստ այդմ, 2009թ. Մարտի 21-ից սկսվում է 10-րդ Հայկյան շրջանի 411-րդ տարին՝ 13551թ. (9×1460+411=13551, 13551-2009=11542):

Այժմ, ի ուրախություն համայն հայության, կարող ենք Հայոց Սրբազան եւ Գրիգորյան տոմարների զուգադրման աղյուսակի օգնությամբ որոշել Նոր տոմարի տարիների ցանկացած օրվան համապատասխան օրը Հայկյան Սրբազան տոմարով եւ հակառակը: Աղ. 3-ում Երեւանի ժամանակով բերված տվյալներից երեւում է, որ 2001-2020թթ. Ամանոր-տարեմուտի Արեգ ամսվա Արեգ օրը համընկնում է Մարտի 21-ի հետ, քանզի արեւածագով սկսվող Մարտի 21-ի Այգ ժամը հաջորդում է աղյուսակում նշված գարնանային օրահավասարի պահերին25:

 

Պարսկական արեգակնային օրացույցին համանման, հայոց Սրբազան անշարժ օրացույցի յուրաքանչյուր ամսվա համանուն օրը, երբ ամսանունը եւ օրանունը համապատասխանում են իրար, տվյալ ամսվա հիմնական տոնն է համարվում: Այս օրինաչափության օգնությամբ մեզ հաջողվեց ճշգրտել, վերականգնել մեր հիմնական տոներից շատերի օրերը: Այս դրույթից ելնելով պարզվում է, որ գարնանամուտի, ամառնամուտի, աշնանամուտի եւ ձմեռնամուտի հիմնական տոներ են, համապատասխանաբար, Արեգ ամսվա Արեգ, Նավասարդ ամսվա Աստղիկ, Տրէ ամսվա Մազդեզ եւ Մեհեկան ամսվա Միհր օրերը (տես աղ. 4 եւ նկ. 2):

Հարկ է նշել, որ նախկինում, երբ Հուլյան տոմարով գարնանամուտ-Զատկի՝ Արեգ ամսվա Արեգ օր էր համարվում Մարտի 20-ը26, Հուլյան Ապրիլի 7-ին (Մայրության օրվան) համապատասխանում էր Անահիտի օրը27, Հունիսի 24-ին (քրիստոնեական Ս. Հովհաննես Մկրտիչի կամ ռուսական ԼՉՈվ ԽցտՈսՈ-ի օրվան) համապատասխանում էր Աստղիկի (Սիրո եւ գեղեցկության դիցուհու) օրը, այսինքն մեր հին Վարդավառը, Սեպտեմբերի 21-ին՝ Տիր-Մազդեզի օրը, Դեկտեմբերի 22-ին՝ Մեհեկան ամսվա Միհրի օրը: Հունվարի 17-ին՝ Մարգաց Մարգարի օրը (սա մեր նախաքրիստոնեական Հովհաննես Կարապետ28 մարգարեի ծննդյան օրն է: Հայ առաքելական եկեղեցին, ի տարբերություն մյուս եկեղեցիների, Ս. Հովհաննես Մկրտիչի ծննդյան օրը նշում է ոչ թե Հունիսի 24-ին, այլ՝ Հունվարի 15-ին), Փետրվարի 14-ին՝ Հրոտից ամսվա Հրանդ օրը, այսինքն մեր ավանդական Տրնդեզի օրը29 , երբ եկեղեցին Տեառնընդառաջ է նշում (տես աղ. 5 եւ աղ. 6-ի 3-րդ սյունակը):

Հայոց արեգակնային օրացույցի Ավելյաց 5 օրերի անվանումներն են՝ 1. Լուծ, 2. Եղջերու, 3. Ծկրավորի, 4. Փառազնոտ, 5. Արտախուր: Գրիգորյան տոմարով նահանջ տարիներին առաջանում է Սրբազան տարուց դուրս 6-րդ օրը: Այն համապատասխանում է նահանջ տարվա Մարտի 20-ին, որը մեր Սրբազան հին եւ նոր տարիների ամսակարգին (365=12×30+5) չի պատկանում, դրա համար էլ Տարուց դուրս է համարվում (աղ. 4):

Վերջում, Հայկյան եւ Գրիգորյան տոմարների վերոբերյալ համադրության արդյունքից ելնելով, ի տարբերություն Ղ. Ալիշանի հիշատակված սրտացավ խոսքի, սրտագոհ նշում ենք.

Շատ ուրախալի է, որ Տիեզերական գարնանամուտի նախաշեմին՝ Ձկան դարաշրջանից Ջրհոսի դարաշրջան անցման ճակատագրական ժամանակներում, երկար ու ձիգ հարյուրամյակների ընդմիջումից հետո, վերստին կարող ենք ի գործ դնել հայոց ավանդական արեգակնային անշարժ օրացույցը: Հայկյան Սրբազան Տոմարի Կենաց ծառի աստվածապաշտական համակարգի կիրառությամբ Հայ ազգը կկարողանա իր այգաբերի առաքելությունը կատարել Նոր ժամանակներում: Հայկ Եռամեծի օրհնությունը եւ օգնությունն ենք հայցում այս ազգապահպան գործի հաջողության համար:

Սերգեյ Սիմոնյան

«ԱՆԱՀԻՏ» պատմամշակութային երիտասարդական ՀԿ-ի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու


1 Սերայդարյան Գ., Եկեղեցական տոմարագիտություն, Ե., 1995, էջ 109:

2 Տե՛ս Ս. Սիմոնյան, Հայոց խորհրդավոր ծիրանենին եւ նրա կենաց պտուղը, «Հայ-Արիներ» 2004, թիվ 7 (34), էջ 12-14: Ս. Սիմոնյան, Հայոց կենաց ծառը, «Լուսանցք», թիվ 29 (68) եւ թիվ 30 (69), էջ 8, 2008թ.:

3 Տե՛ս Ս. Սիմոնյան, Հայոց Սրբազան Տոմարը: Գիշերահավասարի եւ արեւադարձի օրերի խորհուրդը, «Հայ-Արիներ» 2006, թիվ 5-6, էջ 2-14:

4 Տե՛ս Ս. Սիմոնյան, նշված աշխատ.:

5 Տե՛ս Լիլիթ Սիմոնյան, Տոմարային ծիսաշար, հտ.1, Ե., 2006, էջ 50-51:

6 Ղ.Ալիշան, Յուշիկք հայրենեաց հայոց, Վենետիկ, 1869, էջ 88:

7 Սերայդարյան Գ., Եկեղեցական տոմարագիտություն, Ե., 1995, էջ 118:

8 Հայտնի է, որ «Մազդեականության մեջ, մինչեւ V դ. մ.թ.ա., պաշտվել են նաեւ տեղական ցեղային աստվածները (դեւերը): Քսերքսես I կենտրոնացրել է պաշտամունքը եւ արգելել դեւերի երկրպագությունը: Սակայն, հետագայում եւս, Մազդայի հետ մեկտեղ հիշատակվում են Անահիտ եւ Միթրա աստվածությունները: Հին Մազդեականության որոշ գաղափարներ եւ ծեսեր վերաիմաստավորված ձեւով ներառել է զրադաշտականությունը»: Տես ՀՍՀ, հ.7, Եր., 1981, էջ 132, ՄԱԶԴԵԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ծանոթագրությունը:

9 А. Бируни. Избр. Произведения, т.1, Ташкент, 1957, с. 223:

10 Վերջինս ճիշտ է անվանել Ավելյաց օրեր:

11 «Առաջին ամիսս այս, ասէ, ձեզ սկիզբն ամսոց, որ է Արեգ ամիս», տե՛ս Եղիշէ, Վարդապետութիւն, 1859, էջ 242:

12 «Հայաստանի Հանրապետություն», 6 փետրվարի, 2004 թ., էջ 5: Տես նաեւ ««Сборник сведений о Кавказе», т.1, Тифлис, 1871 г., с. 56:

13 Վ. Սարգսյան, Ուրարտական քաղաքակրթությունը եւ բասկերի նախահայրենիքի հարցը, Եր., 1988, էջ 44-47:

14 Տես Ա. Մովսիսյան, Հայկական մեհենագրություն, Եր., 2003, էջ 116, աղ. 8:

15 Խոյ (լատ. Aries), Արեգ, Վահագն եւ արի, քաջ հասկացությունները փոխկապակցված են: Այդ են հաստատում հայոց բանահյուսությունը, ազգագրությունը եւ տոմարագիտությունը: Օրինակ, Ձենով Հովանը Սասնա տան շորերը, զենքերը, Քուռկիկ Ջալալին հանձնելով Մհերին, ասում է. «Որդի, առ հագի, նստի, // Սասնա տան խոյերեն դու ես մնացե…»: «Բառգիրք հայոց»-ում (Ե., 1975, էջ 37, ծան.892) արեգ-ը նշանակում է նաեւ քաջ, որը հայտնի է որպես Վահագնի մակդիր, իսկ Վահագնի ծննդյան երգում նրա «աչկունքն էին արեգակունք»: Նախահայր արի Հայգի մասին տես Ս. Սիմոնյան, Հայոց առեղծվածը, «Հայ-Արիներ», 2006, թիվ 1-2-3, էջ 47-60:

16 Тилак Б.Г., Арктическая родина в Ведах .М., 2001, с. 17::

17 Тилак Б.Г., с. 489::

18 «Общие истоки славянской и индийской ведической традиций можно видеть и в толковании звезд. Так, в индийской традиции звезда Ориона (Бетельгейзе) имеет название Ара и отождествляется с богом Шивой. А по славянской традиции это звезда в созвездии Ярилы (Яра), с коим связан и Арий Оседень, которому по преданию из «Веды славян» Шива (Сива) дал «Белую книгу». С появлением этой звезды связывают конец эпохи Купалы (Близнецов) и начало эпохи Лады (Тельца). В славянском календаре появление сей звезды (в 368 г.) приходилось на Ярилин день.», Асов А.И. Славянская астрология. М., 2001, с. 296:19 “ “«Хайк процветал за 2200 лет до Р.Х., согласно официально принятой датировке, и более, чем за 7000 лет, согласно истине». Илларион С. Писмо из монастыря Сурб Ованес. “Theosophist”, июль 1881 года (том II, стр. 213-215):

20 Ե.Ա. Սարգսյան, Երկնային լուսատուները հուսալի կողմնորոշիչներ են, Եր., 2002, էջ 73-74:

21 Տես Климишин И. А., Календарь и хронология, М., 1985, с. 147.ÿ, Ծ., 1985, ր. 147.

22 Հ.Ս. Բադալյան, Օրացույցի պատմություն, Ե., 1970, էջ 87-88:

23 Տե՛ս Ս. Սիմոնյան, Հայոց Սրբազան Տոմարը: Գիշերահավասարի եւ արեւադարձի օրերի խորհուրդը, «Հայ-Արիներ» 2006, թիվ 5-6, էջ 2-14:

24 Տես Донелли И. Атлантида: мир до потопа. Самара, 1998, с. 33-34 Ё Жиров Н.Ф. Антлантида. Основные проблемы антлантологии. М., 1964, с. 368, 370::

25 Մարտի 20-ին արեւածագի ժամանակի հաշվարկը ցույց տվեց, որ 2016 եւ 2020 նահանջ տարիների համար այն չի հաջորդում գարնանային օրահավասարի համապատասխան պահերին:

26 Ան. Շիրակացու, Հովհաննես Սարկավագի եւ մեր շատ տոմարագետ մատենագիրների աշխատություններում գարնան գիշերահավասարի օրը Մարտի 20-ն է:

27 «Она [Армянская Церковь] гордится весма ранней христианизацией, приписываемой апостолам Фаддею – Фоме и Варфоломею. Переход к христианству был облегчен превращением их бога Ванатура в Иоанна Крестителя, а богини Анаит в Марию¦ (п»°л Тристан Ананнель, Христианство: догмы и ереси, СПб, 1997, ¿з 263):

28 Է. Պետրոսյանը իր « «Боги и ритуалы Древней Армении. Ер., 2004, ր.45-46» ուսումնասիրությունում Ապոլոնի եւ Սուրբ Կարապետի շուրջ չորս տասնյակ նույնիմաստ մակդիրների համեմատական քննության արդյունքում եզրակացրել է. «сопоставление указывает на индентичность функций доэллинского Аполлона и древнеармянского Карапета Ի դեպ այդ մակդիրներրից են գիսավոր-ը (ՉՏսՏրՈՑօռ), լուսավոր-ը, սուրբ-ը, մարգարե-ն,կարապետ-ը, սուլթան-ը, պահպան-ը, ահեղ-ը, ձուկ-ը եւ այլն:

29 ՏՐՆԴԵԶ – ԱՏՐ (հուր-կրակ) + ԴԵԶ – Կրակի Դեզ՝ Սրբազան Խարույկ:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։