Հայոց Ամանորն է ու Վահագն Աստծո Երկրային Վերածնունդը – Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները նշեցին բնական տարեփոխությունը՝ Նոր Տարին…

Այս տարի, Արարատյան Դիցաբանության համաձայն, Հայոց Ամանորի եւ ռազմի ու զորության Աստված Վահագնի Երկրային Վերածննդի 9904-ամյակն է…

Նոր թվագրության՝ 2020թ. մարտի 21-ին, հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին բնական տարեփոխությունը՝ Ամանորը:

Հաշվի առնելով հայտարարված արտակարգ դրությունը՝ հայ արիները որոշեցին Ամանորը նշել ոչ թե համահավաք, մեկ տեղում, այլ՝ փոքր խմբերի բաժանված՝ տարբեր վայրերում, բայց Մեծ եւ Փոքր Մասիսների կանչող հայացքների ներքո, Արարատյան դաշտի պտղաբեր հողի վրա…

- – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – -

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը այս Ամանորին նույնպես շնորհավորանքներ, առողջություն, հաջողություններ, բարգավաճում հղեց յուրաքանչյուր հայի եւ հայությանն առհասարակ, հատկապես ազգային նպատակներում հաջողելու գործերում: Առանձնակի անդրադաձավ արիադավան հայությանը, ինչպես նաեւ արիագեն ազգերին, բնակարգին հավատարիմ մարդկությանը, որոնց համար Արարչադիր Օրենքները եւ սերը Աստվածների, Տիեզերքի ու մասնավորապես մեր տան՝ Երկիր մոլորակի հանդեպ իրական են ու բնական…

Մաղթանքներ հղվեցին նաեւ համահայկականության եւ համաարիականության դաշինքների եւ համերաշխության ազգային ու միջազգային հաղթական առաջընթացի համար, ինչը Տիեզերական Գարնան ազդակներից սնվելով` այլեւս անդառնալի ընթացքի մեջ է… 

- – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – -

Հայ արի քրմերը տոնական ծիսական արարողությունը կատարեցին արեւածագին, վառվեց ծիսական արեւ-կրակը եւ փառաբանվեց գարնանամուտը, որը բնակարգի համաձայն իրական տարեմուտ է բերում մոլորակին ու մարդկությանը, ձմռան նիրհից արթնացնելով բնությանը… Եվ արիադավան հայերը նշում են տարեփոխությունը՝ Նոր Տարի-Ամանորը, ողջունելով արեւային կենսաբեր ջերմությունը, որ Նոր Կյանք է տալիս վերազարթնող բնությանը:

Մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը, արիադավան հայերը նշում են նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի Երկրային Վերածնունդը, երբ (Բ)Արի Վահագնը վերստին սանձում-հաղթում է ավերիչ Չարի Վիշապին՝ տարեմուտին նոր արարիչ ուժ տալով արիադավան հայորդիներին:

Հայ արի քրմերը կատարեցին նաեւ Վահագնածես: Այդ պահին Երեւանում, Վահագն Աստծո արձանի մոտ նույնպես կատարվեց ծիսական արարողություն՝ նվիրված Զորեղ Վահագնին եւ Աստղիկ Աստվածուհուն, ում Տիեզերական ու Հավերժական Սերն է Վահագնին պահում որպես (Բ)Արի Արարիչ Ուժի Աստված՝ պատրաստ մարտնչելու Չարի՝ բոլոր ավերիչ ուժերի դեմ:

Այնուհետեւ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները տոնական սեղանի շուրջ մասնակցեցին փառաբանումներին եւ ձոներգերին, տոնական բաժակաճառերին ու ամանորյա շնորհավորանքներին:  

Այս օրը արիադավան հայերի տներում տոնական սեղան է դրվում, զարդարում են տոնական ծառը՝ տոնածառը, որը ծառզարդար է կոչվում, ապա տներում փոքրիկ կրակներ են վառում, օգնելով՝ ուժ տալով Վահագնին՝ Վիշապի հետ ահեղ մարտում հաղթելու համար…

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

21.03.2020թ. / Արարատյան դաշտ – քաղաքամայր Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։