Վանատուր Աստծո տոնը արեւածագին, մայիսյան հաղթական Եռատոնի օրը…

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը Վանատուր Աստծո տոնն այս անգամ նշեցին շուրջ մեկ շաբաթ շուտ՝ մայիսյան հաղթական օրերին: Այսօր դեռ կարեւոր է երկրում շարունակվող պարետային իրավիճակը հաշվի առնելը՝ կապված թագավարակի տարածման հետ, ապա հաշվի առնվեց նաեւ այն իրողությունը, որ Վանատուրը Հայոց օջախների, հյուրընկալության-հյուրասիրության Աստվածն է, իսկ մեր ազատամարտիկները եւ զինվորականները իրենց քաջագործություններով պաշտպանել են մեր Մեծ Տունը՝ Հայրենիքը, ուրեմնեւ՝ յուրաքանչյուր հայի օջախը…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները, վերստին երկրում առկա իրավիճակի թելադրմամբ, Հայոց հյուրընկալության եւ օջախների (ընտանիքների) Աստծո տոնը նշեցին արեւածագին, իրենց տներում՝ միմյանց շնորհավորելով ժամանակակից տեսասարքերի օգնությամբ եւ հեռախոսազանգերով…

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշելով Հայ Աստվածների եւ Հայոց Նախնյաց տոները, հոգու զորությամբ հաղորդակցվում են բազում հազարամյակների Հայոց Շունչն ու Հավատի Ոգին զգալով, այդպես զորանալով մարմնով, մտքով եւ հոգով, միաժամանակ, ըստ Տիեզերակարգի զորացննելով մեր նախնիների ոգիներին (մի մասը Երկրից Երկինք են գնացեոլ որպես Աստվածամարդ) եւ Հայ Աստվածներին իրենց Տիեզերաաշխարհներում…  

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման պատասխանատուները իրենց առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ են նշել Վանատուր Աստծո տոնը: Հայ արի քրմերը ծիսական արարողակարգ են իրականացրել՝ փառաբանելով Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստծուն՝ հայ տներն ու ընտանիքները պաշտպանելու, միշտ հյուրընկալ պահելու, նաեւ Հայաստան աշխարհը որպես մեր Մեծ Տուն վերամիավորելու եւ լի ու առատ դարձնելու պայքարին զորավիգ լինելու համար:

Հայ Արիական Միաբանությունը այսօր էլ, մայիսյան հաղթական տոներին մեծարել է նաեւ բոլոր ժամանակների հայ հերոսներին, փառաբանել նրանց, ովքեր հաղթանակներ պարգեւելով՝ ապահովեցին Հայաստանի, հայության եւ հայ օջախների կեցակարգն ու զարգացումը:

Տոնական արարողությունը հայ օջախներում կատարվել է ավանդական երգ ու պարով, ծիսական փառաբանումներով եւ գինեձոներով՝ ուղղված նաեւ բոլոր Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին…

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

08.05.2020թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։