Նախաբան.- ինչու է թվում, թեընկերության ծավալներն անսպառ են… – եւ պե՛տք է կարողանալ զատել ընկերությունը ծանոթությունից…
…երեւի թե 15 տարեկան էի (1970-ականների կրթական համակարգի 8-րդ դասարանի աշակերտ) եւ շատերի նման սիրում էի ընկերություն անել եւ ընկերներ ձեռք բերել` շրջապատս մեծացնել…
1970-ականներին հայրենադարձության նոր ալիք եղավ եւ Աբովյանը որպես ծավալվող քաղաք, հանգրվանեց մեր հազարավոր հայրենակիցների։ Մի խոսքով` Աբովյանը հին Չիկագոյի տարբերակով բաժանվեց հակամարտ թաղերի… …տեղացիների, որ երկու մաս ունեին` էլարցիների թաղամաս (Էլար գյուղն էր, որի վրա հիմնվել էր Աբովյան քաղաքը), ապա հայաստանցիներ համարվող տեղացիների, որ եկել էին երկրի տարբեր շրջաններից (ես լոռեցի էի)… այս դեպքում տեղացիների թաղ ասվածը կղզյակների նման էին` մի շարք իրար մոտ գտնվող շենքերի ջահելների միավորմամբ կազմավորված (ձեռնակռվի – խառը կռվի տարբեր հարմարանքներով զինված)…
…հաճախ այդ միավորումները գտնվում էին այսպես կոչված` ախպարների (սփյուռքահայերի) թաղերի միջեւ, կային պարսկահայերի, սիրիահայերի, լիբանանահայերի ընդգծված թաղեր, քանզի ներգաղթի ընթացքում մեր ազգակիցները տեղավորվում էին իրար մոտ գտնվող շենքերում։
…կային նաեւ քրդական, եզդիական եւ ասորական (որ օժանդակություն էր ստանում Աբովյանին մոտ գտնվող Արզնու ասորական մեծ համայնքից) թաղեր, որ փորձում էին ինքնահաստատվել խայտաբղետ հայկական միջավայրում…
…չերկարացնեմ, չնայած ասելիքին, միայն նշեմ, որ թաղից թաղ անցնելու համար մեծ համարձակություն էր պետք (խոսքը բոլոր բնակիչների մասին չէ, որոնք ազատ էին տեղաշարժի մեջ, այլ` հակամարտ ջահելական խմբավորման անդամների) կամ էլ այդ թաղում ընկերներ ունենալն էր փրկում… այլապես ծեծկռտուքն անխուսափելի էր, չնայած միլիցիայի համարժեք գործողությունների հանգամանքին… ապա ծեծված կողմը իր թաղի տղաների հետ վերադառնում էր վրեժխնդիր լինելու եւ նոր ծեծկռտուքը պատրաստ էր կամ էլ հարմար պահի էին սպասում իրենց թաղում… մինչեւ “զինադադարը“…
………………………………..
…հայրս ինձ խրատում էր, որ ընկերություն անելը պետք է ամրագրվի իրար տներ գնալ–գալով նաեւ, բայց մի բայց կար, հայրս ասում էր, որ ամեն մարդու օջախ չեն բերում եւ օջախի հացը չեն կիսում… ասոմ էր պատիվ տալ ես ուզում` մի խորտկարան հրավիրի … մինչեւ… Դե ես էլ այդպես էի անում եւ մեր տանը գնալ–գալու պակաս չէր զգացվում – տանն ինձ աջակցում էին։
Բայց մի օր հայրս մեկ այլ խրատ էլ տվեց… – մինչ խրատը հարցրեց, թե քանի ընկեր ռւնեմ, որ այսպես հերթափոխով գալիս են մեր տուն եւ հյուրընկալվում։ Հիշում եմ` սկսեցի մտովի հաշվարկ անել եւ մեր թաղի, դպրոցի, այլ թաղերի հայ ու ոչ հայ քանի ընկեր ունեմ եւ հայտարարեցի, թե 200-ից հաստատ ավելի… – հիշում եմ հորս ապշած հայացքը, թե “տղա ջան ոնց թե 200-ից ավելի, ես համարյա 50 տարեկան եմ` հազիվ մի 5 ընկեր ունեմ, դու գիտե՞ս ինչ է ընկեր ասվածը“։ Փորձեցի իմ տեսակետով բացատրել, թե ինչ է ընկերությունը, ինչ փորձառությունների միջով ենք անցել, ինչ կռիվներով ու ինչ փոխադարձ օգնություններով, որ մեր տներում ոնց են մեզ վերաբերվում եւ այսպես շարունակ…
…հայրս համբերատար լսում էր, բայց ըմդհատեց. “տղա ջան էդ բոլորը հասկանում եմ, ես էլ եմ նման կյանք ապրել, այլ պայմաններում, բայց ընկերությունը ծանոթության հետ մի շփոթի, հետո շատ կզղջաս, ծանր կտանես բացված իրականությունը … էդ ընկերության բացատրական ցանկը որ ներկայացնում ես` վատ չէ, բայց կա ամենաառաջնայինը` անվարան վստահությունը, իսկ դա կարող ես իմանալ մի դեպքում, երբ սիրած աղջիկ կամ կին կունենաս“… – իմ հայացքից հայրս ծիծաղեց, թե “իմացիր, որ կինն էլ է ընկեր, այն էլ թիվ 1 ընկերը կյանքի, եթե ընտրությունդ ճիշտ է արված, եւ ընկերության քո սանդղակում էլ 1-ինը նշիր անվարան վստահությունը“…
Փորձեցի հարց տալ, բայց շարունակեց. “մտածիր, քո երիտասարդ պոռթկուն տարիքում ձեռք բերած ընկերներիցդ քանիսին անվարան կվստահես, որ սիրածդ աղջկան կամ կնոջդ ուղեկցեն մի հեռավոր տեղ` իրենց մեքենայով կամ ասենք գնացքով, որ նաեւ գիշերելու են ճանապարհին, մտածիր նաեւ քո զույգի առումով … եւ եթե 200-ից ավելի ընկեր կհաշվես, ապա ես իմ 5-6 ընկերներից էլ կհրաժարվեմ այս տարիքում “…
*Կյանքը ցույց տվեց. որ ընկերությունը նաեւ մաղ ունի, որը հստակ զատում է ընկերոջն ու ծանոթին, անգամ ծանոթից էլ այն կողմ գտնվողին… – շատերը տրվեցին օրվա պահանջներին… անգամ մարտական ընկեր համարվողներից ոմանք կորան կյանքի հաճույքների համար գլուխ խոնարհողների հորձանուտում, ինչն ինձ անհնարին էր թվում, բայց…
…Եվ հիմա էլ եմ հիշում հորս խոսքերը. “տղա ջան լավ բանը շատ չի լինում – ընկերներին կարելի է հաշվել հազիվ երկու ձեռքի մատների վրա… եւ միշտ հիշիր, թե նրանցից ում անվարան կվստահես քո՝ տղամարդու պատիվը պահելը, որ կնոջդ կվերաբերվի որպես իր քույր… եւ դու էլ այդպես ապրիր“…
*Ընկերներս վկա` ցայսօր ապրում եմ հորս խրատով, եւ դա կդառնա խրատ նաեւ որդուս համար – Ընկերությունը համարժեք է Վստահությանը… իսկ ընկեր կարող ես լինել նաեւ կնոջդ կամ եղբորդ հետ – հին խոսք կա` ընկերոջ հետ ավելի հեշտ է ախպերություն անել, քան եղբոր հետ` ընկերություն…
Ընկերությունը համարժեք է Վստահությանը…



