Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի Հանրապետության 17 կուսակցությունների միասնական հայտարարության՝ ՀՀ վարչապետի անցնցում հեռացման պահանջին, ինչպեսեւ՝ Արցախի Հանրապետության խորհրդարանի 4 կուսակցությունների՝ ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին․․․

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը կոչ են անում այս պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվող հայ արիներին եւ համախմբված հեթանոս ազգայնականներին՝ միանալ այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 13։00-ին Երեւանում կազմակերպված հանրահավաքին․․․

* * *
Հայաստանյան 17 կուսակցություններ հանդես են եկել հայտարարությամբ:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Հայ ժողովուրդը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան:

Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան եւ չիրագործված:
Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի եւ ծանր: Որպես պետություն եւ ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջեւ, որը պահանջում է վճռական որոշումներ եւ գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին:
Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին եւ արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Մարդկային եւ տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների եւ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը:
Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, իսկ Արցախը՝ նաեւ տարածքային լրջագույն կորուստների առջեւ: Ուստի, իշխանությունները զրկվել են հայ ժողովրդին ներկայացնելու քաղաքական եւ բարոյական հիմքերից:
Անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում ենք՝
ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ եւ անցնցում հեռացումը,
իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող եւ ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը:
Սիրելի հայրենակիցներ,
օրհասական այս պահին մեր պահանջը թելադրված է հայկական երկու պետությունների լինելիության հրամայականով եւ այն վստահությամբ, որ նոր իրավիճակում հայոց անկոտրում բանակն ու միասնական հայ ժողովուրդն ի զորու են հաղթական ճեղքում ապահովել ռազմաճակատում:
1․«Ազատություն» կուսակցություն
2․«Ազգային անվտանգություն» կուսակցություն
3․«Ազգային օրակարգ» կուսակցություն
4․«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն
5․«Ազգային համաձայնություն» կուսակցություն
6․«Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն
7․«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
8․«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն
9․«Երկիր Ծիրանի» կուսակցություն
10․«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
11․«Համերաշխություն» կուսակցություն
12․«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն
13․«Հայաստանի Հանրապետական» կուսակցություն
14․«Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն
15․«Հայրենիք» կուսակցություն
16․«Մեկ Հայաստան» կուսակցություն
17․«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն

* * *
Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունից, մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, սեփական իշխանությունը պահելու նպատակով եւ սխալները ուրիշի վրա բարդելու փոխարեն, անհապաղ դադարեցնել ժողովրդի միասնականությունը խաթարող ցանկացած գործողություն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտրտուքներից: Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի կուսակցությունները։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայ ժողովուրդ,
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական լայնամասշտաբ պատերազմը, որ ծավալվել է Թուրքիայի եւ ահաբեկչական խմբավորումների հետ կապված այլ պետությունների եւ շրջանակների բացահայտ ու ակտիվ մասնակցությամբ՝ վերջին մի քանի օրերին ձեռք է բերել դրամատիկ զարգացումների ընթացք: Արցախի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի ողջ երկայնքով, 45 օր շարունակ ընթանում են ծանր մարտեր:
Ցավոք, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության գործող քաղաքական իշխանությունները, որ հիմնական պատասխանատուն եւ երաշխավորն են մեր ժողովրդի անվտանգության եւ պաշտպանվածության, ճգնաժամային իրավիճակում ունակ չեղան համախմբելու համազգային ներուժը եւ չկարողացան լիարժեք օգտագործել քաղաքական ու դիվանագիտական այն հնարավորությունները, որոնք կարող էին նվազեցնել, կամ կանխել վերահաս աղետը: Երեկ գիշերը մամուլում հրապարակված եռակողմ հայտարարության դրույթները լրջորեն վտանգում են Արցախի Հանրապետության պետական անկախության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները:
Ելնելով ներկայիս օրհասական վիճակի թելադրանքից՝ առաջարկում եւ պահանջում ենք.
– Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունից, մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, սեփական իշխանությունը պահելու նպատակով եւ սխալները ուրիշի վրա բարդելու փոխարեն, անհապաղ դադարեցնել ժողովրդի միասնականությունը խաթարող ցանկացած գործողություն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտրտուքներից:
– Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականը, որին պետք է հետեւի ճգնաժամային կառավարման արդյունավետ եւ համարժեք մարմինների ստեղծումը. դրանք պետք է ունենան համապատասխան իրավասություններ համախմբելու համազգային ներուժը եւ ընդունելու ստեղծված իրավիճակից արժանապատվորեն դուրս գալու որոշումներ:
Մեր աջակցություն ենք հայտնում ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկած Հայաստանի Հանրապետության 17 քաղաքական ուժերին՝ համարելով, որ այդ գործընթացը կարող է նոր հնարավորությունների սկիզբ դառնալ:
Սիրելի քույրեր եւ եղբայրներ
Խոնարհվելով այս օրերին հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհվածների հիշատակի առջեւ եւ կիսելով նրանց հարազատների խորը վիշտը, շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին, բարձր գնահատելով պատերազմական իրավիճակում Հայոց բանակի, կամավորականների եւ աշխարհազորայինների անձնուրաց նվիրումը հայրենիքի պաշտպանության գործին՝ կոչ ենք անում հայկական երկու հանրապետությունների բոլոր քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայությանը չհուսահատվել եւ հայրենիքի պաշտպանության գործը դարձնել օրվա գլխավոր հրամայականը:
ք. Ստեփանակերտ
10 նոյեմբերի 2020թ.
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի՝
«Արցախի ժողովրդավարական կուսակցութուն» խմբակցություն
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի Արդարություն կուսակցություն» խմբակցություն,
«Միասնական Հայրենիք» խմբակցություն»

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։