Ե՞րբ մի օր առաջինը կլինենք՝ հա՛յ լինելու գործում

ԶԼՄ-ներով հաճախակի ենք լսում կամ կարդում՝ «Հարավային Կովկասի երեք հանրապետություններ» արտահայտությունը: Խորհրդային կայսրության տարիներին ՀԽՍՀ-ն «տեղադրում» էին Այսրկովկասում, իսկ մեր օրերին՝ ՀՀ-ն՝ Հարավային Կովկասում:

Հայաստանը Կովկասի մաս չի կազմում, իսկ հայերը կովկասցի չեն ո՛չ ծագումով, ո՛չ էլ աշխարհագրորեն: Հայ տեսակի բնօրրան Մեծ Հայքն իր տարածքով համընկնում է այն երկրամասին, որն աշխարհագրական բոլոր քարտեզներում կոչվում է Հայկական լեռնաշխարհ (բարձրավանդակ), որտեղ ձեւավորվել է հայ ազգը ու անցել հազարամյակներ հարատեւած պատմական զարգացման բոլոր փուլերը: Հետեւաբար՝ Հայաստանը Կովկասում չի կարող «տեղադրվել», իսկ հայերը կովկասյան ազգ չեն կարող կոչվել:

Բայցեւ հարց է ծագում, թե ովքե՞ր են «կովկասյան ազգության անձինք», այսպես կոչված, «սՌՓՈ ՍՈՉՍՈջրՍՏռ վՈՓՌՏվՈսՖվՏրՑՌ» եւ ո՞ր ազգին են այդ անձինք պատկանում:

Փոքր Կովկասի լեռնաշղթան, որպես բնական պատնեշ, սահմանազատում է Հայկական լեռնաշխարհը Վրաստանից, իսկ Մեծ Կովկասի լեռնազանգվածը տարածված է Հայաստանից «յոթ սարեր ու ձորեր» այն կողմում: Ուրեմն, կամ միամտորեն սխալվում է նա, ով հայերին վերագրում է կովկասյան ազգությունների հատկանիշներ, եւ մենք՝ հայերս, իրավունք չունենք նեղանալու աշխարհագրությունից ու պատմությունից «բոբիկ», դասերը չսերտած այդ մարդուց, քանզի կովկասցի կարող են լինել այն տեսակները, որոնց բնօրրանը Կովկասն է, կամ էլ միտում կա հայերին խառնել բոլորի հետ մի կաթսայում ու վերջնականապես թաղել հայ-արիականության խնդիրը: Իսկ այս խնդիրը հեռու գնալու մեծ հեռանկար ունի……

Պատմականորեն կովկասցի են աբխազը, ինգուշը, չեչենը, չերքեզը, կաբարդինը, ավարը, ալանը (օսը), վրացին, նույնիսկ Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերում ապրող կազակները՝ որպես խառնածին համայնք (չնայած թվարկածներից ոմանք հայերի պես արիական ծագում ունեն): Հայերը կովկասյան ազգությունների հետ նույնիսկ լեզվական առնչություններ չունեն, քանզի այստեղ ապրող ազգերի մեծ մասի՝ վրացիների, աբխազների, ադըղեյների, չեչենների-իչքերի, ինգուշների, ավարների եւ այլոց լեզուները պատկանում են կովկասյան լեզվաընտանիքին, իսկ հայերի, ալանների եւ ռուսների լեզուները՝ արիական-հնդեվրոպական լեզվաընտանիքին:

Ադլեր, Սոչի կամ Տուապսե քաղաքները կառուցված են Մեծ Կովկասի տարածաշրջանում: Սակայն այդ քաղաքներում ծնված, մեծացած եւ ապրող ռուս մարդուն եթե կոչենք կովկասցի, կնեղանա եւ կարող է նույնիսկ վիրավորել ասողին՝ նշելով, թե ինքը ռուս է, կովկասյան ազգության չի պատկանում, քանզի ծագումով կովկասցի չէ, պարզապես ապրում է Կովկասում:

Քավ լիցի, բոլորովին այն կարծիքին չենք, որ հարեւան աշխարհագրական տարածաշրջաններում կողք կողքի ապրող ազգերն իրար հետ փոխհարաբերությունների մեջ մտնելով, մեկը մյուսից չեն փոխազդվել, մեկը մյուսին ոչինչ չեն տվել կամ չունեն տալու-առնելու: Բայց, օրինակ՝ անհեթեթություն է, երբ Արցախի, Լոռվա կամ Ջավախքի հայերը, փոխառնելով կովկասցիների «չերքեզկա» տարազը, այն ներկայացնում են որպես հայկական ազգագրական նմուշ: Նույնիսկ երկար տարիների մի ժամանակաշրջան եղավ, երբ Հայաստանի երգի-պարի պետական համույթը, երջանկահիշատակ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ, ամենուրեք ելույթ էր ունենում «կովկասյան ազգության» (իրականում՝ հենց չերքեզա-ադըղեյական) տարազ հանդիսացող «չերքեզկա» հագած: Եվ պատահական չէ, որ հայ մեծատաղանդ երգահան Արամ Խաչատրյանը հայկական թեմայով ստեղծած բարձրարվեստ «Գայանե» բալետի պարեղանակներում «խցկել» է «Լեզգինկա» ոչ հայկական պարը: «Հայկական լեզգինկա» պար ասածը համահունչ է հայ-լեզգին մարդատեսակ լինելուն, ինչն իհարկե, աննորմալ ձեւակերպում է: Հայը կարող է պարել «Լեզգինկա» կամ «Պոլկա», բայց դրանից նա լեզգին կամ լեհ չի դառնում: Այդ երեւույթը կարելի է բնութագրել ոչ թե որպես «եղբայր ժողովուրդների» հոգեւոր արժեքների փոխազդեցության կամ մերձեցման արդյունք, այլ՝ հեռացում ազգային արմատներից, հայկականի այլասերում, դիցուկ՝ կովկասյան միջավայրում որպես կովկասացման գործընթաց: Ժամանակին վախենալով հրաժարվել ենք մեր ազգային արժեքներից, որպեսզի հանկարծ մեզ չմեղադրեն ազգայնամոլության մեջ: Իսկ հիմա՞: Հաստատ է, որ լեզգինն ու լեհը լեզգիական կամ լեհական «Քոչարի» չեն պարի……

Այդ իսկ հոգեբանությամբ թույլ ենք տվել, որ մեր տեղանունները՝ քաղաքների, գյուղերի, լեռների, գետերի… եւ այլ բաների անուններն օտարները կնքեն իրենց լեզուներով՝ մոռացության մատնելով մեր պատմական անունները, ինչպես՝ Ղարաբաղ (որը հիմա էլ ենք գործածում), Ղարաքիլիսա, Համամլու, Ջալալօղլի, Չայքենդ, Ղամարլու, Արազ, Ալագյազ, Սուրմալու, Դավալու, Չաթինդաղ, Բաշքենդ եւ այլն:

Հանուն «ինտերնացիոնալիստական բարեկամության», Հռոմի պապից առավել կաթոլիկ երեւալու ձեռքբերովի սովորությամնը տուրք տալով, մեզանում հանդուրժել ենք արհեստական անձնանուններ սարքելը, ինչպիսիք են՝ Մելս (Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին), Լենդրո(ու)շ (լենինյան դրոշ), Լենվել (Լենին վելիկի), Լենսեր (լենինյան սեր), Կիրով, Ֆրունզե, Չապաեւ, Կոմիսար, Խրբրկոս (Խրուշչով, Բրեժնեւ, Կոսիգին), նաեւ այլ զավեշտական նորաբանություններ (կամ օտար անուններ՝ Նապոլեոն, Շուբերտ, Օթելլո…): Ցավալին այն է, որ տերերին եւ օտարներին հաճոյանալու նպատակով ԽՍՀՄ ժողովուրդներից առավելապես հայերն են իրենց զավակներին անվանակոչել Սովետ, Վիլեն, Թելման, Ռուզվելտ, Ցետկին կամ Ժաննա դþԱրկ: Միայն «ինտերնացիոնալիստ» հայը կարող էր երգել. «Քուռ, Արազ, Արարատ, Հայաստան, Ազերբայջան» կամ՝ «կՏ ՈՐՎÿվրՍՌ ԿՉՈվպր, տՏ չՐցջՌվրՍՌ ԹՈվՏ, Ո տՏ ՐցրրՍՌ ԹՈվ» եւ էլի նման բաներ… (հիմա էլ սերիալների հերոսներն են իրենց անուններն «անմահացնում» մեզանում…):

Վերջնականապես մենք ինքներս մեզ հարցնենք՝ որտե՞ղ է Հայաստանը: Եվ շատ հանգիստ կհստակեցնենք, որ այն Կովկասում չէ, այլ Հայկական լեռնաշխարհում է՝ արարաչական (աստվածաշնչյան սրբազան լեռնագագաթ Արարատին շրջակա) տարածաշրջանում:

Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս է պատահում, որ ադրբեջանցիների հորջորջումով ռուսները, եվրոպացիները եւ աշխարհը Լեռնային Արցախը կոչում են Լեռնային Ղարաբաղ, սակայն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը, թուրքերին ընդօրինակելով, չեն անվանում Աղըրըդաղ, այլ՝ կոչում են Արարատ (Մեծ եւ Փոքր): Այդ ինչպե՞ս է պատահում, որ Հին կտակարանում հիշատակված Նոյ նահապետի տապանի հանգրվանած լեռնագագաթի անունն ու վայրը լավ գիտեն աշխարհի (հատկապես՝ քրիստոնյա) ժողովուրդները եւ հաճախակի արշավախմբեր են ուղարկում Արարատի գագաթին Նոյի տապանը հայտնաբերելու նպատակով, սակայն, ո՛չ այդ ժողովուրդները եւ ո՛չ էլ նույնիսկ նրանց կողմից ուղարկվող արշավախմբի անդամները տեղյակ չեն, թե որ լեռնաշխարհի եւ որ երկրի կենտրոնական մասում է վեր խոյանում այդ սրբազան լեռը: Նրանք նույնիսկ Արարատյան լեռնաշխարհը «փոքրացրել» դարձրել են լոկ մի լեռ, բայց էլի «տեղը չեն բերում»: Մեծ եւ Փոքր Մասիսները «դարձան» Մեծ եւ Փոքր Արարատներ, իսկ Արարատյան-Հայկական լեռնաշխարհը «մտավ» Կովկասի մեջ: Պարզից էլ պարզ է, որ այսքանից հետո շատերը չեն իմանա ոչ Հայաստանի տեղը, եւ ոչ էլ հայերի դերը քաղաքակրթության ասպարեզում:

Մենք՝ հայերս, մեղավոր ենք, որ չենք կարողացել մեզ լավ ներկայացնել աշխարհին: Մեղավոր են նաեւ «քաղաքակիրթ» եվրոպացիները եւ աշխարհի «քաղաքակիրթ» մյուս ազգերը, որոնք ծուլացել կամ չեն ցանկացել (հաճախ՝ խանգարել են) ճանաչել մեզ եւ մեր երկրի պատմությունը: Այլապես ինչպե՞ս հասկանալ, որ շա՜տ լավ են յուրացրել հրեական պատմությունը եւ լա՜վ են ճանաչում նրանց հայրենիքը՝ Հրեաստանը (Իսրայելը, Սիոն լեռը եւ նույնիսկ սիոնիստական գաղափարախոսությունը):

Իրավունքն ու արդարությունը հզորի բաժինն է: Սակայն, այսպիսով պարզվում է նաեւ, որ աշխարհաճանաչ լինելու հատկությունը նույնպես ուժեղի մենաշնորհն է: Այլապես՝ աշխարհը չէր ճանաչի հրեա ժողովրդի ցեղասպանությունը (հոլոքոսթը-ողջակիզումը) եւ անտարբեր կմնար Իսրայել պետության իրավունքների հանդեպ: Եվ ամենակարեւորը՝ քրիստոնյա աշխարհը չէր «չոքի» աստվածաշնչյան հրեական ընտրյալության առջեւ: Այստեղից էլ, մեծ ոգեւորությամբ հրեաների հայրենիքը կոչվում է «Ավետյաց երկիր», իսկ նրա բնիկները մեծարվում են որպես «Աստծու ընտրյալ ժողովուրդ»: Իսկ արարչության օրրան Արարատյան-Հայկական լեռնաշխարհը մնում է «չճանաչված»: Նույնիսկ հայ քրիստոնյաներն ավելի պաշտում են Քրիստոսի ծննդավայր՝ եբրայական-ջհուդական տարածքը, որպես «Ավետյաց երկիր», քան սեփական արարչական երկիր-հայրենիքը՝ Արարատյան-Հայկական լեռնաշխարհը, որն Աստվածների եւ մարդկանց Ուխտատեղին է եւ Սրբազան՝ Արարչադիր Օրենքների հավերժական երկիրը……

Ոչ հեռու անցյալում Օսմանյան կայսրությունում պետական մակարդակով վարում էին բնիկ ժողովուրդների թուրքացման քաղաքականություն, իսկ Ռուսական կայսրությունում՝ ռուսացման քաղաքականություն: Խորհրդային տարիներին մեզ միամտորեն հավատացնում էին, թե այդ կայսրության մեջ «բնական» մահվան են դատապարտված ռուս, հայ, վրացի, լատիշ, էստոնացի, թուրքմեն, ուզբեկ եւ այլ ազգությունների պատկանող ժողովուրդները, քանի որ «պատմական զարգացման» հետեւանքով ստեղծվել է «միատարր մի հանրություն», որը կոչվում է սովետական-խորհրդային ժողովուրդ:

Հետխորհրդային տարիներին մեզ պարտադրվել է մի նոր գործընթաց, մի նոր աշխարհայացք՝ համաշխարհայնացում (գլոբալիզացիա) անվամբ, որն, իբր, աշխարհի ժողովուրդների առանձնահատկությունները ջնջելով, մարդկության տեսակները համահարթեցնելով, ձեւավորելու է Երկիր մոլորակի բնակիչների մի նոր ամբողջություն՝ «համաշխարհային ազգ» («ոսկե միլիարդի» հայտնի տեսությանը համահունչ):

Ինչպես մարդկության պատմական զարգացման բոլոր փուլերում, քաղաքական վայրիվերումների ճակատագրական ժամանակահատվածներում, այնպես էլ այժմ, մեր օրերում, մենք՝ հայերս, նետվում ենք ժամանակից առաջ, մեզ ներկայացնում ենք որպես նոր գաղափարների կրողներ, առաջամարտիկներ եւ, դեռեւս մեզ պարտադրված «կովկասյան ազգության» պատյանից չազատված, մեզ հռչակում ենք «համաշխարհային ազգի» ջատագովներ, թե տեսե՜ք, լա՜վ իմացեք, որ մեզ է պատկանում մարդկության զարգացման բոլոր փուլերի նախակարապետի «փշազարդ դափնին»……

Միթե՞ մենք՝ հայերս, իսկապես ամենուրեք, ամեն հարցում առաջինը լինելու մարմաջով ենք տառապում: Ստացվում է կարեւորը առաջինը լինելն է, լավ է դա, թե՝ վատ: Չէ՞ որ մերն ուրիշ է: Առաջինը մենք էինք, որ հզոր կայսրություններ ունենալով, մեր բնական-պատմական տարածքները օտարներով լցրեցինք ու նրանց առավելություն ու իրավունքներ տվեցինք: Առաջինը մենք մեր ազգային հավատից ու մեր Աստվածներից հրաժարվելով՝ 301թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակեցինք (չնայած Հռոմում այն ավելի շուտ էր արմատավորվել): Առաջինը մենք ինքներս մեզ ցեղասպանության ենթարկեցինք՝ քրիստոնեության բռնի պարտադրմամբ, կոտորելով հազարավոր հայերի, ոչնչացնելով հայկական հոգեւոր ու մշակութային հազարամյակների արժեքներն ու հուշակոթողները: Առաջինը մենք հանուն «մարդկության փրկիչ Հիսուսի» ուսմունքի՝ կրոնը եւ եկեղեցին մեր պետականությունից կարեւորեցինք ու անհայրենիք դարձանք… Առաջինը մենք երիտթուրքերի (սիոնիստ-պանթուրքիստների) պարագլուխների հետ զինակցեցինք՝ թուրքական սուլթանին տապալելու համար, եւ քաղեցինք դրա դառը պտուղները՝ ենթարկվելով մեկ այլ՝ ավելի դաժան գենետիկ ու մշակութային ցեղասպանություն: Բոլշեւիկներին եւ քաղաքական այլ ուժերին տարածաշրջանում առաջինը մենք ենք աջակցել՝ Ռուսական կայսրությունը խորտակելու նպատակով: 1920թ. Բաքվի, այսպես կոչված Արեւելքի ժողովուրդների համագումարի ավարտին, առաջինը հայ բոլշեւիկները ստորագրեցին Հայաստանի 1-ին հանրապետության մահվան դատավճռի տակ: Առաջինը հայերը հավատացին խորտակվող ԽՍՀՄ-ի վերակառուցման գորբաչովյան դավադիր ծրագրին («պերեստրոյկային») եւ ոտքի ելան «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսով: Առաջինը հայերը դարձան մոլեռանդ ինտերնացիոնալիստներ ու աշխարհով մեկ սկսեցին քարոզել սովետական ժողովուրդների «անխախտ» բարեկամությունը, որի հետեւանքով ԽՍՀՄ հանրապետություններից միայն Հայաստանը զրկվեց իր տարածքներից (իսկ մյուս եղած ու արհեստական ստեղծված հանրապետությունները նորանոր տարածքներ ձեռք բերեցին), հետո էլ՝ Սումգայիթի ու Բաքվի նոր՝ սովետա-ադրբեջանական ցեղասպանությանը ենթարկվեցինք, Դաշտային Արցախի հայության գաղթի ականատեսն եղանք:

Մենք՝ հայերս, չենք ուզում խրատվել, մեր պատմությունից դասեր քաղել ու այսօր եւս շքերթի ենք ելել՝ համաշխարհայնացման գործընթացի առաջամարտիկի դրոշը ոչ մի այլ ազգի չզիջելու մոլուցքով, ամեն բան անում ենք եվրադեմք ունենալու հարցում գոնե տարածաշրջանում առաջինը լինելու համար (նաեւ՝ համասեռականներին, աղանդավորականներին, այլ մոլագարներին պաշտպանելու գործում)……

Եվ նորից հնչում է նույն հարցը՝ որտե՞ղ է գտնվում Հայաստանը: Կովկասո՞ւմ է, թե՞ համաշխարհայնացվող մարդկության տեսակների համահարթեցման համաձուլման կաթսայում է այլեւս: Հայաստանը ո՛չ Կովկասում է «տեղադրված», ո՛չ էլ իրավունք ունի հայտնվելու համաձուլման կաթսայում: Ուրեմն՝ պետք է հեռու մնալ եւ՛’կովկասիզացիայից եւ՛ գլոբալիզացիայից: Մեր երկիրը «տեղադրված» է Հայկական լեռնաշխարհում՝ հայ տեսակի բնօրրանում, իսկ հայերը ո՛չ կովկասյան, ո՛չ էլ առավել եւս բոլորի (բնական ու արհեստական ազգերի) հետ մեկտեղ «համաշխարհային ազգ» են:

Դասեր քաղելով մեր ազգի փորձություններով լի պատմությունից՝ պարտավոր ենք զգուշանալ, ինչպես ասում են՝ «ջուրը չտեսած՝ չբոբիկանալ», ավելին՝ չմերկանալ, այլապես այս անգամ էլ կհայտնվենք համաշխարհայնացման ճզմող, համահարթեցնող հզոր մեքենայի թափանիվների տակ, որից հետո մեզ կգրանցեն անհետացման վտանգը դիմակայող ցեղատեսակների «Համաշխարհային կարմիր գրքում»:

Այո՛, մենք կովկասցի չե՛նք եւ կարիք չունենք դառնալու «համաշխարհային ազգի» առաջին փորձատեսակը:

Եթե կուզեք, մենք համատիեզերակա՛ն ազգ ենք՝ երկնի ու երկրի երկունքից ծնված, բայց հենց դրանով էլ ուրույն տեսակ ենք ու որեւէ ազգի (կամ ազգերի) հետ ձուլվելու խնդիր չունենք:

Մենք հա՛յ տեսակ ենք, Տիեզերքի որ անկյունում ու աշխարհում էլ գտնվենք……

Արամ Ավետյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։