Հայ լինենք՝ թուրքի եւ ադրբեջանցու արանքում

Մեր դիվանագիտությունը ժամանակին այդպես էլ չկարողացավ հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման եւ դատապարտման քաղաքականությունը դարձնել առանցքային լծակ՝ ՀՀ արտաքին հիմնախնդիրները (հատկապես՝ ՀՀ շրջափակման առումով) կարգավորելու համար: Ավելի քան 20 երկրների եւ միջազգային կառույցների՝ հայոց ցեղասպանության ճանաչումներից այդպես էլ երբեք չբխեցվեց ՀՀ ԱԳՆ գործունեությունը:

Կարծեցինք, թե գոնե Արցախյան հաղթանակից հետո հայությունը կվերագտնի իր արարչացեղապաշտական արմատները եւ «բազկի ուժի» հետ համաքայլ կդառնա պահանջատերը հայոց համապարփակ դատի: Բայց……

Հայտնի է, որ ՀՀ 1-ին նախագահի օրոք այս խնդիրը սառեցվեց, 2-րդ նախագահի օրոք որոշակիորեն արծարծվեց (բայց չգիտես ինչու՝ ցեղասպանության հարցի արծարծումը համարվեց սփյուռքահայության խնդիրը միայն, կարծես ՀՀ-ում գաղթականների սերունդներ չեն բնակվում), իսկ 3-րդ նախագահի օրոք, ցեղասպանության հարցը, առհասարակ կարող է մոռացության մատնվել՝ հայ-թուրքական սին բարեկամության քողի տակ……

Իսկ Արցախյան հիմնահարցը, որպես այդպիսին, ավելի շատ շահարկվում է, քան խնդրահարույց է իրականում: Սա նկատելի է եւ մեր ներքաղաքական հարթությունում եւ արտաքին ոլորտում: Հարցն առավելապես շահարկումների մեջ է: Արցախի հիմնախնդիրը իրապես առկա է միայն թուրք-ադրբեջանական արտաքին քաղաքականությունում:

Եվ դժվարագույն հաղթանակով լուծված Արցախյան հարցը, որոշ երկրների շահակցությամբ վերաձեւակերպելու թուրքադրբեջանական ջանքերը այնքան էլ զուր չեն անցնում, քանզի մեր իշխանությունները չեն կարողանում Արցախի հիմնախնդիրը ներկայացնել պատմա-իրավական հարթության մեջ, թուրք-ադրբեջանական հայակուլ ծրագրերի համապատկերում, հայոց ցեղասպանության եւ պահանջատիրության հիմնարար արծարծմամբ£ Իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու Երեւանի անկատար ու անպտուղ ջանքերը միայն վնասում են հայկական դիվանագիտության լայնածավալ եւ ազգային-միջազգային ոլորտներում շաղկապված գործունեությանը:

Հաղթանակած հայերից «խռոված», Հայաստանի հետ միջպետական կապեր հաստատելու հրաժարումով «փքված» մեր հարեւանները, հայոց սրով վերանվաճածը գրչով վերաձեւելու նկրտումներով, հրահրում են միջազգային կազմակերպություններին, այս կամ այն դաշինքներին՝ բանակցությունների ընթացքում կայացնելու միջնորդավորված վճիռներ՝ հօգուտ պարտվողների£

Նման իրավիճակում ՀՀ իշխանությունները կամ պետք է դադարեցնեն բանակցությունները կամ ՀՀ փոխարեն բանակցություններում իրենց տեղը վերստին զիջեն Արցախ-ԼՂՀ-ի իշխանություններին: Եվ վերջապես, որպես միջնորդ կողմ, ՀՀ արտաքին քաղաքականության հարձակողական ոճին անցնեն, այլապես, պարբերաբար թշնամուն պատասխանողի կամ դիվանագիտորեն պարտվողի դիրքերից են հանդես գալու մշտապես……

Ներկայիս տարբեր տիպի բանակցային գործընթացում Արցախի հիմնախնդիրը բարձրացվում է ոչ միայն ադրբեջանցիների, այլեւ՝ թուրքերի կողմից: Ինչու՞: Որովհետեւ Թուրքիան միջնորդ երկիր է դարձել եւ երբեք չի հրաժարվել իր հարձակողական արտաքին քաղաքականությունից: Իմիջիայլոց, նման քաղաքականությունը կիրառվում է ոչ միայն փոքր երկրների, այլեւ գերտերությունների նկատմամբ՝ մշտապես կարեւորելով թուրքական շահը: Չնայած Անկարան Արցախի կորստյան հետ հաշտվել է Բաքվի պարտությունից ի վեր, սակայն, բանակցային փաթեթում մշտապես արծարծում է այդ հարցը եւ երբեք չի հանելու իր արտաքին քաղաքականության օրակարգից£ Մի բան էլ է անում Անկարան, գուցեեւ աննկատ, բայց համառորեն: Անդրադառնալով Արցախին եւ ազատագրված հայոց տարածքներին, թուրքերը համարում են, որ սա հայերին արված առաջին ու վերջին տարածքային «զիջումներն» են, մոտավորապես՝ «քվիտի» նման մի բան, որպես փոխհատուցում հայոց ցեղասպանությունից իրենց «բաժին մնացած» ահռելի տարածքների… Նրանք գուցե թե ճանաչեն էլ Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը, եթե Երեւանը պաշտոնապես հրաժարվի հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումից եւ հայկական հողերի պահանջատիրությունից:

Իսկ ինչ վերաբերում է «գրավյալ տարածքներին», ապա սա թուրքերի համար նույնպես փոխզիջումային, բայց արդեն ընթացիկ միջոց է£ Կորցրածի (հայոց ազատագրված հողերի) մասին նրանք ավելի եռանդուն ու երկար կխոսեն, իբրեւ կանխարգելիչ միջոց՝ հայերին Արեւմտյան Հայաստանի հողային պահանջներից շեղելու եւ, ինչքան հնարավոր է, հեռու պահելու համար£ Սա նաեւ սեփական ժողովրդին հայերի դեմ լարելու լավ միջոց է:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ թուրքերը միայն ձեւացնում են, թե հօգուտ Ադրբեջանի հետ են ուզում «գրավյալ տարածքները» եւ, մանավանդ, Արցախը:

Ավելի պարզ՝ Անկարան եւ Բաքուն Արցախի ու «գրավյալ տարածքների» հիմնախնդիրները միջազգային կազմակերպությունների բանակցային գործընթացների միջոցով թեժ պահելով, այնուամենայնիվ, հետապնդում են տարբեր նպատակներ, որը մեր դիվանագիտական հարձակողական քաղաքականության դեպքում կարող է լրջորեն բարդացնել Անկարա-Բաքու հարաբերությունները: Մի քանի անգամ արդեն իսկ լարվել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները հենց Արցախի հիմնախնդրի, նաեւ Հյուսիսային Կիպրոսի ճանաչման, Կարսի նահանգի՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն ծավալելու եւ այլ առիթներով:

Արցախն ու ազատագրված տարածքներն առանց մի կրակոցի հաղթող երկրից «հետ վերցնելու» թուրք-ադրբեջանական ճիգերն ավելի են սաստկանում ցեղասպանությունը ճանաչող երկրների թվի ավելացման հետ£ Սակայն, թուրքերի այլեւայլ ջանքերը (որոնց դժվար է դիվանագիտական համարել)՝ խուսափել կատարած եղեռնագործությունների խոստովանանքից, ի դերեւ կանցնեն իրար հաջորդող երկրների օրենսդիր ատյանների կողմից ցեղասպանությունը դատապարտող օրինագծերի ճնշման տակ£ Եթե, իհարկե, միայն Երեւանի անհեռատես արտաքին քաղաքականության պատճառով՝ իբր հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով, չդադարեն այդ ճանաչումները… Թուրքերն արդեն շահարկում են ՀՀ իշխանությունների «բարի կամքը» եւ առաջին հարձակումը ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի վրա եղավ, որ նա հրաժարվի իր նախընտրական խոստումից, հայերի ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից… Եվ սա կարող է իր ազդեցությունն ունենալ:

Իսկ «աշխարհ բռնած» ցեղասպանության ճանաչումների շղթան զարգացնելու եւ Հայաստանը տարածաշրջանային գործոն դարձնելու (նաեւ աշխարհաքաղաքական վերաձեւումների հեռանկարում) համար ՀՀ արտաքին քաղաքականությունը առկա բանակցային «կռվում», հնարավոր վրիպումներից զգուշանալու համար, պետք է գործի նաեւ պահանջատիրական դիրքերից£ Արցախ-ԼՂՀ հարցում միայն փոխզիջումային բառակապակցությունը չի կարող հայանպաստ որոշումների հանգեցնել: Թող մերոնք էլ թուրքերի նման հաճոյախոսեն բարիդրացիական հարաբերություններից, բայց նրանց պես էլ պաշտպանեն իրենց (մեր) երկրի շահերը՝ երբեք չվտանգելով հայոց հայրենիքը վերատիրելու գաղափարը……

Եվ ուրեմն, պահանջատիրության դիրքերից խոսելով, կխուսափենք նաեւ Արցախն ու ազատագրված տարածքները միակողմանի զիջելու տխուր հեռանկարից, քանզի այս հարցը սերտորեն շաղկապված է ինչպես Նախիջեւանի, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի խնդրին:

Պատմությունը կերտող քաղաքականությունն իրենց իսկ «սցենար»-ով իրագործում են աշխարհի ուժեղները, մասամբ՝ ոչ ուժեղների ձեռքով£ Արցախի դեպքում, կամա թե ակամա, «մեծահոգաբար» տրվեց պայքարի հնարավորություն եւ տվյալ հանգամանքում կարեւոր էլ չէ «սցենար»-ում (միայն գերուժերին հայտնի) եղած դրդապատճառը, որովհետեւ մեզ պետք էր ընդամենը հաղթական արդյունք, եւ մենք դրան հասանք£ Մինչեւ «սցենարիստները» ուշքի եկան՝ գործն արված էր: Հիմա նույնպես կա «սցենար»-ից դուրս խաղ, եւ մենք դա պիտի արագ օգտագործենք, հետո կարող է եւ հնարավորություն չտրվի, սակայն մեր իշխանությունները կարծես որոշել են մեծ «սցենարի» թուրքական խաղին մասնակցել՝ հայկական ֆուտբոլային

դիվանագիտությամբ… Առկա քաղաքական զարգացումները հիմք են տալիս եզրակացնելու, որ վերին օղակներում բարեբախտաբար նախատեսված չէ Մինսկի խմբի եւ այլ ձեւական բանակցություններում արյունով վերցրած հողը, «ուժի զոռով» նախադեպի օրինակով, թղթի զորությամբ ուրիշին վերադարձնելը, ավելի ճիշտ՝ նվիրելը£ Քանի որ դա կարող է ներկայումս վատ հետեւանք ունենալ ինչպես զավթիչներ ԱՄՆ-ի ու եվրոպական որոշ երկրների, այնպես էլ Ռուսաստանի, Իսրայելի, Թուրքիայի ու այլոց համար:

Ուստի՝ այսպես կոչված խաղաղ կարգավորման գործընթացների բուն նպատակը, ինչքան էլ որ հնարածին է, այնուամենայնիվ, դիվանագիտական առումով ներկայիս ուժեղների կողմից մեզ ընձեռած մի լրջագույն փորձության միջոց է՝ մեր ուրույն խաղը սկսելու համար£

Ի վերջո ուժեղներին էլ է պետք հանգուցային այս տարածաշրջանում պարզել որոշ հարաբերություններ ու հեռանկարներ:

Մի խոսքով, մեր երկրի դիվանագիտությունը բանակցությունների ընթացքում պետք է ցուցաբերի մեծ համբերություն, դրսեւորի ճկունություն, բայց չխաբվի իրավիճակային լուծումներ առաջարկող տարբերակներին ու սին խոստումներին:

Հաղթանակը բերում է նոր հաղթանակ£ Ուստի, ամրապնդենք մեր ավելի քան 6 դար հետո ձեռք բերած կարեւորագույն Արցախյան հաղթանակը, որ կրկին չհայտնվենք պարտությունների հորձանուտում…

Արամ Ավետյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։