Ջավախքն այլեւս 2-րդ ճակատ չէ՞

Կարճ ժամանակ առաջ, երբ հայ ազգայնականներն ահազանգում էին Ջավախքի եւ ջավախքահայության խնդիրների մասին, ՀՀ իշխանությունները եւ նրանց սպասարկող ՀՀ-ում բնակվող ջավախքահայերը (հասկանալի է՝ պաշտոնյա կամ պատգամավոր) այդ ընդվզումներն ու արդար պահանջը, ամենամեղմ բնորոշմամբ, որակում էին սադրանք, իսկ ոմանք էլ շա՜տ էին առաջ անցել եւ ջավախքահայերի շահերի պաշտպանությունը դավաճանություն էին որակում, քանզի այդպիսով Արցախյան ճակատին զուգահեռ 2-րդ՝ Ջավախքյան ճակատի բացում էին նկատում… Հետո էլ հարեւան Վրաստանին թշնամացնելու միտում էին տեսնում եւ Երեւան-Թբիլիսի վազքուղով պարբերաբար սիրաշահումներ էին անում վրացական իշխանություններին՝ իրենց բիզնեսի «արտոնյալ» ճանապարհն ապահովելու համար…

Այժմ այդ նույն մեյմունները կամ պալատական ծաղրածուները դարձել են ամենաթեժ վրաստանաչսերներն ու ամենանվիրյալ ջավախքասերները՝ մոռանալով, որ «խառնվելով» ջավախքահայերի ու Վրաստանի իշխանությունների «ներքին գործերին» կարող է եւ 2-րդ ճակատը բացեն Հայաստանի համար……

Երբ հայ ազգայնականներն «աղմկում» էին, այդժամ հզոր դիմադրական ալիք ու կառույց կար Ջավախքում, եւ վրացիները նույնիսկ չէին համարձակվում հայկական պատմական տարածք «ներխուժել»: Իսկ ՀՀ իշխանավորների ու հիշյալ սպասարկուների «հերոսական» ջանքերով, ՀՀ անվտանգության համակարգի եւ Հայաստանում Վրաստանի դեսպանատան «եղբայրական» համագործակցությամբ, հետո էլ՝ վրացական ՄՀՕՋ-ի եւ Ախալքալաքի «հայ» ոստիկանների եւ ուժային այլ կառույցների սադրիչ գործողություններով ջարդվեց ու գլխատվեց ջավախքյան դիմադրական շարժումը եւ հիմա դատավարություններ ու նորանոր ձերբակալություններ են իրականացվում ջավախքահայ հայրենասերների նկատմամբ:

Վահագն Չախալյանի, Արթուր Շիրինյանի, Արթուր Պողոսյանի, նրանց համախոհների եւ այլ նվիրյալ տղաների մասին հայրենի զլմ-ները բազմիցս գրել են:

Ոմանք փախուստի մեջ են, ոմանց պայմանականորեն են ազատել, ոմանց էլ դեռ դատում են, սակայն, սա բավարար չհամարելով, վրացական իշխանությունները նոր «դավադրություն» բացահայտեցին (Ախալքալաքից Ախալցխա անցնելով) վերջերս եւ ձերբակալեցին Ախալցխայի հայ երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանին եւ «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանին:

Եվ ահա, այս իրավիճակում ՀՀ իշխանություններն ու նրանց սպասարկուները ամպագոռգոռ հայտարարություններ են անում եւ «վախեցնում» են պաշտոնական Թբիլիսիին:

Սա նման է խեղկատակության: Այսօր գրեթե անհնարին է թվում Ջավախքում լուրջ ալիք բարձրացնելը եւ այս հոխորտանքները՝ ուղղված վրացական իշխանություններին, այլեւս անուժ են: Հետաքրքիր է, որ հակավրացական եւ ջավախքասիրական տրամադրությունները ՀՀ իշխանավորների շրջանում ավելացան, երբ որոշակի ջերմացան հայ-ռուսական հարաբերությունները: Այս փաստը նկատելի է նաեւ ռուսաստանահայերի կողմից օժանդակվող ՀՀ զլմ-ներում: Ի վերջո Վրաստանը, Ռուսաստանն ու Հայաստանը պիտի որոշեն՝ ով է տիրելու Ջավախքով անցնող միջազգային ենթակառուցվածքներին…

Հիմա սա հերթական մի խա՞ղ է, թե՞ միտում ունի թեկուզ Մոսկվայի օժանդակությամբ հարցին լուծում տալու:

Ժամանակը կտա պատասխանը: Բայց ցանկալի է, որ ժամանակը պատասխանի հետ մի նոր արհավիրք չբերի մեր գլխին… քանզի պատվերով գործող հայրենասերները համարյա թշմանիներ են… քանզի պատվերի հանման դեպքում նրանք նաեւ ամենաարագ նահանջողներն են:

Հայաստանից Բոգդանովկա (Նինոծմինդա) հատվածում, նախկին ռուսաբնակ գյուղերը Վրաստանի պետբյուջեի միջոցներով վրացականացվում են, ինչին լուռ հետեւում են մեր ապաշնորհ պաշտոնյաները (ոմանք էլ դեռ «վրացական գողական գաղութ» են ցանկանում կառուցել այս տարածքում), ի՞նչ է՝ մերոնք սպասում են, որ այդ տարածքը վրացիներով լցվի եւ հետո՞ մի նոր «Լաչինի միջանցք» բացեն, թե՞ սպասում են ադրբեջանցիների ու թուրքերի ֆինանսավորմամբ թուրք-մեսխեթներին բնակեցնեն այդտեղ… Ու տնտեսապես Ջավախքը գրավեն (ինչպես դա Աջարիայում են արդեն անում):

Եթե Հայաստանում իրոք մտահոգ են Ջավախքի ու ջավախքահայերի ապագայով, որ Նախիջեւանի ու նախիջեւանցիների բախտին չարժանանան, ապա պետականորեն պիտի պաշտպանվեն ջավախքահայ հայրենասերները եւ պետք է իրապես աջակցվի Ջավախքի ազգային-ազատագրական պայքարը:

Հայկ Թորգոմյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։