Հայ-թուրքական սիրախաղը՝ վարակի բուն

ՀՀ բոլոր նախագահներն իրենց նախընտրական ելույթներում բազմիցս շեշտել են, որ մեր ազգի ճակատագրական հարցերը, այդ թվում նաեւ՝ Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, պետք է լուծել ազգովի, պաշտպանելով հայոց սահմանադրական եւ պատմական իրավունքները: Երկրի նախագահի պաշտոնը ստանձնելիս երդում է տրվում՝ անձնուրաց ծառայել ազգին ու արդյունավետ միջոցներով հայրենիքը պաշտպանել աղետալի վիճակներից…

Մի խոսքով, ՀՀ նախագահի թեկնածուն խոստանում է դառնալ ամեն հայի ու հայաստանցու նախագահը: Բայց… հետո կամաց-կամաց վեր է ածվում իր իշխանությունը ժողովրդից պաշտպանող մի ղեկավարի, որն անճանաչելի է դառնում եւ խոստումներ շռայլողից փոխվում-դառնում է ամբարտավան ու անհասանելի մի վերմարդկային երեւույթ… Եվ սկսում է սպասարկել առավելապես իրեն աջակցած եւ ծառայամիտ «օլիգարխիկ կլան»-ի շահերը:

Իհարկե, շատերը կասեն, թե ՀՀ նախագահի գործը ծանր բեռ է եւ մեծ պատասխանատվություն, եւ գոհացնել բոլորին հնարավոր չէ: Սակայն, պատմությունից գիտենք, թե ինչքան թագավորներ ու իշխաններ կամ հայոց նորագույն պատմության ղեկավարներ են մեծ գնահատանքի արժանանացել իրենց ժամանակի եւ հաջորդ սերունդների կողմից: Շատերն իրենց կենդանության օրոք արդեն մեծապատիվ մականունների էին արժանանում՝ ստանալով մեծ, շնորհալի, իմաստուն, անհաղթ, երկաթ, շինարար եւ այլ որակավորումներ: Իհարկե, այժմ էլ են մականուններ ստանում, բայց… ամոթ է նույնիսկ թվարկելը: Իսկ սրանց գործունեության կամ մակարդակի մասին խոսելը կրկնակի ամոթ է՝ այս համեմատականում:

ՀՀ ներկայիս նախագահը կարծես փորձում է նախորդների սխալների վրա «հենվելով» հնարավորինս քիչ սխալվել, եւ իր արդեն հայտնի «հայը հայ է» կարգախոսով շատերին է ստիպել մի պահ սպասել եւ հետեւել Սերժ Սարգսյանի հաջորդիվ քայլերին: Իսկ այդ քայլերը դեռ հեղհեղուկ են եւ անհենարան՝ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների եւ Արցախ-ԼՂՀ-ի խնդրի կարգավորման հարցերում:

Մենք եւս հակված ենք որոշակիորեն սպասելու, ավելին՝ օժանդակելու ՀՀ նախագահին՝ իր «հայը հայ է» կարգախոսը իրականության վերածելու առումով: Սակայն, արդեն իսկ անհանգստացնող է հայ-թուրքական քաղաքական սիրախաղը, ինչն, ի սկզբանե, անպտուղ է, ավելին՝ պտուղի դեպքում ծնունդն աննորմալ է լինելու, քանզի այդ հարաբերությունները «վարակված» են հիմքից, իսկ բուժում փորձում են կատարել առանց հիմնարար հետազոտման (պատմա-իրավական արդարության վերականգնման)՝ կարեւորելով իրավիճակային լուծումները… Սա հետո ավելի ծանր հետեւանքների է հանգեցնելու:

Իսկ խոստացած ազգանվեր ու հայանպաստ ծրագրերն իրականացնելու համար ՀՀ նախագահին դեռ նորանոր փորձություններ են սպասվում ներքին եւ արտաքին քաղաքական ոլորտներում, ինչը հաղթահարելու համար Սերժ Սարգսյանը դեռեւս շարունակում է ապավինել պլպլան դեմքերով ու հմայիչ ժպիտներով եվրաերիտասարդների կերպարով կապկված եւ քստմնանքը ապրելակերպ դարձրած տակավին երիտասարդ կադրերին… Կարիերիզմը (իմա՝ պաշտոնատենչությունը) նաեւ որոշակի դրական տարրեր է պարունակում (առաջխաղացման ձգտման իմաստով), սակայն ամեն գնով կարիերա անելը դառնում է նախադրյալ՝ հետագայում ամեն գնով իշխանության մնալու համար, անգամ օտարին ծառայելու գնով:

Իսկ մեր ազգային ու պետական շահը պահանջում է, որպեսզի, ի վերջո, համակարգված լուծվեն միջազգային ձեւակերպմամբ՝ հայկական հարցը (հայ-թուրքական հետագա հարաբերությունները), եւ ԼՂՀ կարգավիճակի խնդիրը (որը վերածվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների պարզաբանման): Իսկ այս հարցերը լուծելու համար կամք եւ հաստատակամություն է պետք դրսեւորել, ոչ թե՝ քստմնանք ու հարմարվողականություն:

Ցավոք, վերոնշյալ երկու կարեւոր գործընթացներում էլ առկա են մեր ազգային շահերին հակառակ, ոչ դրական դիրքորոշումներ, որոնք պարտության կամ հեղհեղուկ մի հարթություն են մտցնում ճակատագրական այդ հարցերի լուծումները:

Կարեւորում ենք հայության համար բախտորոշ այս հարցերի քննարկումը հանրային բոլոր մակարդակներում՝ ներգրավելով համայն հայության կարող ուժերին: Այսպես հնարավոր կլինի հնարավորինս միասնական հայեցակարգ մշակել՝ դա արտաքին քաղաքականության հիմքում դնելու համար: Քննարկումներում կարելի է ընդգրկել նաեւ հետեւյալ հարցերը.

1. Երեւանում ստեղծել իրավաբանական միջազգային կենտրոն, որը պետք է ամփոփի հայոց ցեղասպանության բոլոր փաստերը (հավաքված ցեղասպանության թանգարանում), կազմի իրավական փաստաթուղթ՝ որպես մեղադրական եզրակացություն, միջազգային դատարան ներկայացնելու եւ հայ դատի (ցեղասպանության դատապարտում) պահանջները բավարարելու համար:

Այս համապատկերում անիմաստ, եթե չասենք վտանգավոր կլինի հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծումը՝ իբր ցեղասպանության փաստերը ճանաչելու եւ հիմնավորելու առումով: Այսօր արդեն Անկարան առանց այդ հանձնաժողովի գոյության էլ շահարկում է հայ-թուրքական հարաբերությունների «ջերմացումը» եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջում է չանդրադառնալ Հայոց ցեղասպանությանը՝ իբր Անկարա-Երեւան «ջերմացումը» չխաթարելու համար: Իսկ Երեւանն էլ, հետ չմնալու նպատակով, հայկական ԶԼՄ-ներով «ուրիշ թուրքերի» քարոզն է անում՝ թուրքը էլ էն թուրքը չէ… Հենց այդպիսի մի ձեւակերպմամբ «ստացանք» 1915թ. ցեղասպանությունը…

2. Կազմել ցեղասպանության զոհերի ու տուժածների անվանացանկը, նրանց՝ ներկայիս Թուրքիայում թողած նյութական արժեքների հաշվարկումները եւ այլ ապացույցներ: Պարտադիր չէ, որ 1,5-3 մլն. ցեղասպանվածների ցանկը միանգամից ներկայացվի միջազգային դատարան: Դա կարելի է անել մաս-մաս:

3. Արցախ-ԼՂՀ-ն Ադրբեջանի անբաժանելի մաս չճանաչելն ու միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելու ամենակարճ ուղին արցախահայության դեմ իրականացված ցեղասպանության փաստի ճանաչումն է, որն առնչվում է հայոց մեծ ցեղասպանության հետ: Այս փաստը համաձայն ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի ցեղասպանության կանխարգելման համաձայնագրի՝ Ադրբեջանին արգելանքի իրավունքից զրկելու հիմք կծառայի: Ուստի, բանակցությունների սեղանին, ինչ մակարդակով էլ դրանք ընթանան, պետք է դրվեն արցախահայության (լեռնային եւ դաշտային) ցեղասպանության փաստը եւ նշված հռչակագիրը, որոնց հիման վրա միջազգային ատյանները պարտավոր են բավարարել Արցախ-ԼՂՀ-ի պահանջը՝ արդեն ինքնորոշված արցախահայության՝ Ադրբեջանի կազմից դուրս ապրելու իրավունքը: Սրան պետք է գումարել նաեւ 1922թ. Ազգերի Լիգայի (ՄԱԿ-ի նախորդի) որոշումը՝ Լեռնային Ղարաբաղ ճանաչված վիճելի տարածքի մասին (որում ԼՂ-ն ունի հստակ ընդգծված տարածք, իսկ Ադրբեջանը՝ ոչ):

Ինչ վերաբերում է ազատագրված տարածքների վերադարձման խնդրին, որն առաջադրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ Ադրբեջանի (ինչպեսեւ՝ Թուրքիայի) պահանջով, ապա պետք է բարձր ամբիոններից եւ աղմկալից ներկայացնել, թե ի՛նչ ենք հասկանում Ադրբեջան եւ ադրբեջանցի ասելով, ե՞րբ եւ ինչպե՞ս են դրանք առաջացել, ի՞նչ տարածք ու ծագում են ունեցել, որ հիմա էլ դրանք «խլել» են իրենցից: Պետք է ջհուդա-բոլշեւիկյան ծրագրով ստեղծված Ադրբեջանի ու կովկասյան թաթարներից ադրբեջանցի դարձածների սին տեսությունները միջազգայնորեն պարզաբանվեն եւ իրավական հարթությունում արծարծվեն: Արցախահայությունը ազատագրել է իր բնօրրանի որոշ տարածքներ միայն, եւ դեռ ազատագրված չեն Գետաշենը, Շահումյանը, Խանլարը, Գանձակը… որտեղ տեղաբնիկ հայությունը ցեղասպանության ենթարկվեց տակավին վերջերս:

Ադրբեջանի հետ տարածքային հարցերը պետք է լուծվեն ընդհանուր համատեքստում, որի հիմքում պետք է դրվի թուրք-բոլշեւիկյան համաձայնությամբ՝ բռնությամբ դրան կցված հայկական բոլոր տարածքներն իրենց օրինական տիրոջը վերադարձնելու հարցը, այդ թվում՝ նաեւ Նախիջեւանի հարցը՝ անվավեր ճանաչելով 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական եւ 1921թ հոկտեմբերի 13-ի Կարսի ստորացուցիչ եւ մեզ պարտադրված պայմանագրերը:

4. Չեղյալ համարել Սումգայիթում ցեղասպանություն իրականացնողների դատավճիռները (խուլիգանության հոդվածներով), եւ դատական անջատ գործերը միացնելով՝ դրանք միջազգային դատարան ներկայացնել որպես մեկ ընդհանուր գործ (ինչպես ԽՍՀՄ կոմկուսակցական վերնախավի, այնպես էլ ադրբեջանական իշխանությունների դեմ):

Սումգայիթյան ցեղասպանության դատապարտման մասին ՀԽՍՀ ԳԽ 1988թ. հունիսի 15-ի որոշման մեջ «ոճրագործություն»-ը բառը պետք է փոխարինել «ցեղասպանություն»-ը բառով:

5. Վերականգնել 1921թ. օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագիրը, այս ուղղությամբ միջազգային քարոզարշավ ծավալելով:

6. Դիմել ՄԱԿ-ին եւ պահանջել, որ վերոգրյալ համաձայնագիրը ստորագրած պետությունները, նաեւ՝ Հայաստանը, ի վերջո, կատարեն դրա 5-րդ հոդվածի պահանջը եւ իրենց քրեական օրենսգրքում առանձին հոդված մտցնեն ցեղասպաններին պատժելու մասը՝ պահպանելով մահապատիժը:

7. Հայաստանից խլված տարածքներում միջազգային հովանավորության տակ վերցնել հայոց հուշարձանների պահպանումը, գործուն միջոցներ ձեռնարկել դրանց ոչնչացման դեմ:

8. Արդյունավետ քարոզչություն ծավալել հայոց ցեղասպանությունը աղավաղող թուրք-ադրբեջանական քարոզչության դեմ:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հայերի դեմ իրականացված փաստերը մոռացության տալու սիոնիստ-պանթուրքիստների ջանքերից մեկն էլ այն է, որ հատ
կապես սովետական եւ ԱՊՀ երկրների հանրագիտարաններում «գենոցիդ» բառի դիմաց նշվի, որ այդպիսի հանցագորխություն կատարել է նացիստական պարագլուխ Ադոլֆ Հիտլերը՝ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հրեաների դեմ: Որպեսզի պահպանվի հոլոքոստի (հրեական ողջակիզման) եզակիությունը: Կասկածից վեր է, որ «գենոցիդ» բառին նման մեկնաբանություն են տվել նաեւ աշխարհի գրեթե բոլոր հանրագիտարաններում:

Առաջարկում ենք՝‘

1. Դիմել ՄԱԿ-ին եւ պահանջել, որ աշխարհի բոլոր հանրագիտարաններում «գենոցիդ» բառի դիմաց նշվի, որ նախ եւ առաջ այն իրականցվել է թուրքերի կողմից՝ հայերի դեմ՝ հայերի հայրենիքում, եւ այսօր էլ շարունակվում է իրականացվել շրջափակման եւ այլ արգելանքների միջոցով՝ համայն աշխարհի քար անտարբերության ներքո:

2. Արգելել հայ-թուրքական կամ միջազգային հաշտեցման (եւ կամ այդ նպատակով ստեղծված այլ անունով) հանձնաժողովի ձեւավորումը՝ այն որակելով որպես դավաճանություն մեր ազգային շահերին:

3. ԱՄՆ նորընտիր նախագահին պահանջ ներկայացնել, որպեսզի նա կատարի իր նախընտրական խոստումը եւ ճանաչի հայոց ցեղասպանությունը:

Անհրաժեշտ է նաեւ շարունակել պետականորեն տարվող քաղաքականությունը ցեղասպանության միջազգայնորեն ճանաչմանն ուղղված՝ դա չպայմանավորելով հայ-թուրքական հարաբերություններով:

Թուրքիան բացահայտորեն պայքարում է հայոց ցեղասպանության հարցի արծարծման դեմ եւ դա երբեք չի կապում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման խնդրին:

4. ՀՀ Հռչակագրի հոդված 11-ում նշվում է, որ ՀՀ-ն սատարում է 1915թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանի ամբողջ տարածքում սանձազերծած հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ այն միջազգային դատարանով դատապարտելու գործին՝ հայոց հողերը օրինական տիրոջը վերադարձնելու եւ հայությանը հասցրած նյութական վնասը հատուցելու պահանջով:

Իհարկե, սատարում ասվածը շատ թույլ է հնչում, քանզի մենք՝ որպես տուժող կողմ, պահանջատեր ենք, ոչ թե սատարող կամ օժանդակող, բայց ինչեւիցե, այս հռչակագրային ձեւակերպումից ելնելով՝ ՀՀ Սահմանադրությունում ավելացնել, որ «Հայաստանի Հանրապետությունը հայության դեմ իրականացված ցեղասպանությունների զոհերի ժառանգորդն է եւ ստանձնում է հայ դատի հետեւողական հետապնդումը՝ հասնելով նրան, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հայ ազգի դեմ ցեղասպանություն իրականացրած եւ մինչ օրս անպատիժ մնացած հարցը դատապարտվի Հաագայի միջազգային դատարանում՝ դրանից բխող իրավական ու բարոյական բոլոր հետեւանքներով»:

Հաշվի առնելով, որ նշված խնդիրները հնարավոր է լուծել միայն ազգովի, այն էլ միասնական ու միակամ լինելով, անհրաժեշտ ենք համարում եւս մեկ անգամ առաջարկել, որ ՀՀ-ում ստեղծվի հայապահպանության նախարարություն, քանզի արդեն ստեղծված սփյուռքի նախարարությունն իր իրավունքներով ի վիճակի չէ զբաղվել հայ դատի համապարփակ հարցերով ու հայապահպանությամբ եւ նման է հայության մի հատվածի հարցերով զբաղվող առանձնացված ստորաբաժանման…Ժամանակն է հայապահպանությունն ու հայագիտությունը ռազմավարականացնելու:

Արամ Ավետյան


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։