«Վրացիները, Ջավախքը հայաթափելով, դառնում են տարածաշրջանում անփոխարինելի երկիր»

 Հայտարարում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը

- Նախորդ տարեվերջին վերստին սրվեց արցախյան հիմնահարցը: Դա հիմնականում կապում էին մարտիմեկյան դեպքերի եւ դրա միջազգային արձագանքների, հատկապես՝ ԵԽԽՎ-ի դիրքորոշման հետ…

- Այո՛, նման կապը եւ զարգացումների միտումը նկատելի էր, քանզի Արեւմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, շահագրգռված էր Արցախի խնդրում որոշակի «առաջընթաց» տեսնելու առումով: Առաջընթացը դնում եմ չակերտներում, քանզի Արեւմուտքի «առաջընթաց» ասածը հայկական ազատագրված տարածքների զիջում է ենթադրում, ինչն ընդունելի չէ Հայ Արիական Միաբանության համար: Կարծում եմ, արեւմտյան կոշտ քաղաքականությունը որոշակի փոփոխության ենթարկվեց Ռուսաստանում ստորագրված Մայնդորֆյան հռչակագրից հետո: Դրա ազդեցությունը մեծ էր, հատկապես վրաց-օսա-ռուսական պատերազմի ռուսաստանյան կողմի շռնդալից հաղթանակից հետո: Սա բացահայտեց ԱՄՆ-ի այն մտահոգությունը, թե ՀՀ իշխանություններն ամերիկյան օժանդակությամբ գործող, այսպես կոչված, արմատական ընդդիմության հետագա սատարման պայմաններում ստիպված կթեքվեն ռուսաստանյան ուղղությամբ: Ուստի՝ Վաշինգտոնի հրահանգով Երեւանում դադարեցվեցին հանրահավաքները, ինչը ՀՀ իշխանություններին հնարավորություն տվեց դիվանագիտական նոր խաղ սկսելու համար: Դա արտահայտվեց հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված եւ Կովկասում կայունության ու համագործակցության հասնելուն միտված գործընթացներով:

Աշխուժացան նաեւ Արցախի խնդրի արծարծումը, հայ-ադրբեջանական շփումները: Որոշակիորեն մեղմվեց հայոց ցեղասպանության արծարծման հարցը ԱՄՆ-ում: Այսպես՝ ԱՄՆ-ն Հայաստանին «սեղմելու» հարցը թողեց Եվրախորհրդին: Սակայն, Մայնդորֆյան նախաձեռնությունը եւ ռուս-ուկրաինական «գազային» պատերազմը մտահոգություն էր պատճառել նաեւ Եվրոպային, ուստի ԵԽԽՎ-ն նրբորեն շրջանցեց մարտիմեկյան դեպքերի համար Հայաստանին ձայնից զրկելու հարցը՝ չարդարացնելով ԱՄՆ-ի (նաեւ հայաստանյան ընդդիմության) սպասելիքները, միեւնույն ժամանակ, համագործակցելով ՀՀ իշխանությունների հետ, Հայաստանին չմղեց դեպի Ռուսաստան……

- Այդ դեպքում արցախյան հարցի սրմանն ինչը՞ նպաստեց……

- Հենց դա էլ ասում էի արդեն: Վրաց-օսա-ռուսական պատերազմը միանգամից փոխեց ոչ միայն տարածաշրջանային իրավիճակը, այլեւ փոփոխման ենթարկվեց համաշխարհային միաբեւեռ աշխարհակարգը: Մայնդորֆյան հռչակագիրն էլ այդ փոփոխությունների հետեւանք էր, որի արձագանքները արծարծվեցին նաեւ Հելսինկյան հռչակագրում: 5-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն այլեւս ընդգծված գերտերություն էր, ինչը տեսանելիորեն երկփեղկել էր միաբեւեռ աշխարհակարգը: ԱՄՆ-ն եւ Եվրոպան մինչեւ այդ պատերազմը գուցե այլ նկրտումներ ունեին՝ ՀՀ-ում իշխանափոխություն անելու հարցում, սակայն դա էապես փոփոխվեց՝ Արեւմուտքի տարածաշրջանային ծրագրերը Թբիլիսիի կողմից խայտառակ կերպով տապալելուց հետո: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունն էլ շատ բան փոխեց, որն արվեց ի հակակշիռ Կոսովոյի անկախության: Ուստի՝ Արցախի եւ ազատագրված տարածքների հարցերով սպասվող սրացումները ակամա դանդաղեցին: Այսինքն՝ հիմա արհեստականորեն է արծարծվում հիմնախնդրի սրացման հարցը՝ եւ՛ ներսում եւ՛ դրսում: Քանզի ԱՄՆ-ին հետեւեց նաեւ Եվրոպան, եւ ՀՀ իշխանությունները հանգիստ գործելու հնարավորություն ստացան՝ առանց ընդդիմության բուռն հանրահավաքների ամենօրյա առկայության, ինչպես նաեւ խիստ պատժամիջոցների չենթարկվեցին ու միջազգային ասպարեզում ամրապնդեցին իրենց դիրքերը: Սակայն, սա չի նշանակում, թե Արցախի եւ ազատագրված տարածքների հարցերում դեռ սրացումներ չեն լինի: Մենք առաջարկում ենք՝ քանի դեռ համեմատաբար հանգիստ է, Երեւանը հիմա կա՛մ պետք է վերահաստատի ՀՀ-ԼՂՀ վերամիավորման փաստը, կա՛մ պիտի ճանաչի Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը, եւ Բաքվի հետ այլեւս պետք է բանակցի Ստեփանակերտը: Հետո, սրացումների դեպքում այս քայլերն անելը գուցեեւ ավելի վտանգավոր լինի, եթե չասենք՝ անհնարին:

- Իսկ չե՞ք կարծում, որ ընդդիմադիրների նոր հանրահավաքների ալիք է սպասվում:

- Վստահ եմ, որ կլինեն նոր հանրահավաքներ, բայց նախկին ուժգնությունը չեն ունենա, եւ ամերիկյան կամ եվրոպական նախկին աջակցությունը նույնպես չի լինի, գոնե առաջիկայում: Ընդդիմությունը պարտադրված է հանրահավաքներ անցկացնելու, քանզի իր համակիրներին վստահեցրել էր, որ արտաքին օժանդակությամբ կհասնի իշխանափոխության եւ կազատի բոլոր բանտարկյալներին: Հիմա իշխանափոխությունը մեծ հարցականի տակ է, բայց իրենք բանտարկյալների եւ հանրահավաքների տասնյակ հազարավոր մասնակիցների (նաեւ՝ 10 զոհերի) առաջ բարոյական մեծ պատասխանատվություն եւ պարտավորություն ունեն: Եթե չգնան արմատական քայլերի, կնշանակի՝ այդ ամենն իզուր էր, եւ իրենք կարող են այլեւս մոռանալ քաղաքականությամբ զբաղվելու, առավել եւս՝ իշխանության գալու մասին:

- Անհանգիստ է նաեւ Ջավախքում: Նախկինում Դուք պնդում էիք, թե պետք է անդրադառնալ Ջավախքի անկախության խնդրին: Ձեզ մեղադրում էին երկրորդ ճակատ բացելու մեջ: Բայց հիմա բոլորն են խոսում այդ մասին, այդ թվում՝ իշխանավորները:

- 1-2 տարի առաջ վրացական մի թերթի հարցազրույց էի տվել, որում ասել էի, որ եթե նույնիսկ հիմա Ջավախքը լայն ինքնավարություն ստանա Վրաստանի կազմում, միեւնույնն է դա մեր պապենական հողն է եւ վաղ թե ուշ պիտի վերադարձվի Հայաստանին: Նշել էի, որ եթե այս խնդիրը խաղաղ լուծվի, ապա տարածաշրջանում հայ-վրացական բարեկամությունն այլընտրանք չի ունենա, հակառակ պարագայում, պատերազմելով էլ լինի, Ջավախքը վերստին հայկական է լինելու: Այսպես եմ արտահայտվել նաեւ հայկական զլմ-ներով: Հասկանալի է, որ վրացական մամուլում ինձ թշնամի էին որակել, սակայն զարմանալի է, որ նման որակում ստացա նաեւ հայկական մամուլում եւ քաղաքական որոշ շրջանակներում: Հատկապես այն շրջանակներում եւ նրանց սպասարկող լրատվամիջոցներում, որոնք արտոնյալ պայմաններով (վրացի ախպերների փայընկերությամբ) իրենց բիզնեսն են ծաղկեցնում: Իհարկե, պատճառաբանում էին, թե մեր ծայրահեղականությամբ փակել կտանք Արեւմուտքի հետ Հայաստանի միակ ճանապարհը…

- Իսկ այդպես չէր լինելու՞, եթե սրվեին հայ-վրացական հարաբերությունները:

- Այդպես լինելու է միշտ, քանի դեռ մեր Ջավախքը վրացական պատկանելություն ունի: Այն ժամանակ, երբ բարձրացրել էինք Ջավախքի անկախության հարցը, ջավախքահայերը շատ ամուր էին կանգնած իրենց բնօրրանում, եւ ոչ մի վրացի իշխանավոր կամ ուժային կառույց որեւէ դերակատարում չուներ այնտեղ: Եվ վրացիներն ի վիճակի չէին ո՛չ Ջավախքում, ո՛չ էլ Աջարիայում խաղեր տալու: Հնարավորություն եղել է Աջարիա-Ջավախք համադաշնությամբ անկախանալու, ինչը Սեւ ծովով, Բաթում նավահանգստով մեզ կկապեր արտաքին աշխարհի հետ: Սակայն ՀՀ իշխանությունները (եւ՛ 1-ին եւ՛ 2-րդ նախագահները) չգնացին այդ քայլին: Այսպես 1990թ. Նախիջեւանը կարող էինք հետ բերել, երբ մեր պատմական տարածքի հետ սահմանային ամբողջ երկայնքով կռվող կամավորական

ջոկատները 2-3 կմ մտել էին Նախիջեւանի տարածք, իսկ ադրբեջանցիները կուտակվել էին Թուրքիայի եւ Իրանի սահմանների մոտ ու պատրաստ էին փախուստի: Բայց սա ոմանց ծրագրերում չկար, եւ դրանից հետո արագացրեցին ՀԱԲ-ի եւ այլ ջոկատների զինաթափումն ու լուծարումը… Հիմա, երբ Աջարիան վրացականացվում է, թբիլիսյան կլանն է այնտեղ իշխում, Ջավախքն էլ հայաթափվում է, մեր խելոքները նոր-նոր սկսել են հակավրացի խաղալ: Ի՞նչ է, արդեն չեն վախենու՞մ երկրորդ ճակատը բացելուց: Թե՞ սկսել են հասկանալ, որ Ջավախքը կորցնելով՝ տարածաշրջանում որեւէ տնտեսական ծրագրի մասնակցելու հեռանկարից են զրկվում: Վրացիները, Ջավախքը հայաթափելով, դառնում են տարածաշրջանում անփոխարինելի երկիր, քանզի Արեւելք-Արեւմուտք համագործակցությունում տարածաշրջանային բոլոր հիմնական ենթակառուցվածքներն անցնելու են Ջավախքով: Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանը շրջանցելու են, եթե նույնիսկ ազատագրված տարածքներն ու Արցախը զիջենք մեր թշնամուն: Իսլամական Իրանով Արեւմուտքը տարածաշրջանային ենթակառուցվածքներ չի անցկացնի, իսկ Հայաստանը Մեղրիի հատվածով կասեցնում է Թուրքիա-Ադրբեջան անմիջական կապը, մնում է Ջավախքի տարածքը: Այս ամենն այնքան պարզ էր դեռ տարիներ առաջ, որ Հայաստանի շահերը պաշտպանողները չէին կարող չհասկանալ, սակայն սեփական բիզնեսի եւ անձնական բարօրրության հարցն ավելի կարեւորեցին ու հիմա փրփուրներից են կախվում… Մի նոր Նախիջեւա՞ն են ուզում:

- Այսինքն՝ ստացվում է իրակա՞ն է Ջավախքը կորցնելու վտանգը:

- Եթե ձեռքներս ծալած նստենք, իրակա՛ն է, բա՛ ինչ է: Բայց չեմ կարծում բանը դրան հասնի: Նախ՝ Հայաստանն այնքան ռազմական ուժ ունի, որ կարող է ցանկության դեպքում շատ արագ լուծել Ջավախքի հարցը: Եվ հետո՝ ճիշտ արտաքին քաղաքականության դեպքում Ռուսաստանը դեմ չի լինի, որ Աջարիան վերստին ապավրացականացվի եւ Աբխազիայի ու Հարավայի Օսիայի պես անկախանա կամ Ջավախքի հետ համադաշնություն կազմի: Երկու դեպքում էլ մենք կշահենք՝ կամ Հայաստանին վերամիավորված Ջավախքով անկախ Աջարիայի տարածքով կկապվենք արտաքին աշխարհի հետ, կամ՝ Հայաստանը կճանաչի Աջարիա-Ջավախք համադաշնային պետությունը, եւ հարցն այս կերպ կլուծվի: Այսօր Ռուսաստանի քաղաքագետները տարբերակներ են առաջարկում, որոնցում Վրաստանը մասնատվում է ամբողջապես եւ նույնիսկ խոսք կա, որ ժամանակին նշածս տարբերակը քննարկվել է ԽՍՀՄ տարիներին՝ Միկոյան-Խրուշչեւ մի հանդիպման ժամանակ…

Մենք կարո՛ղ ենք դառնալ տարածաշրջանում անփոխարինելի երկիր: Եթե մենք երկու ճակատ ունենք, ապա Վրաստանն արդեն մեզանից երկու անգամ ավելի ճակատներ ունի, եւ դրանք դեռ կավելանան: Նույնը՝ Ադրբեջանի պարագայում: Շուտով նման էթնիկական եւ տարածքային խնդիրներ կծագեն նաեւ Թուրքիայում: Գործե՛լ է պետք: Ամեն բան կախված է մեր վճռականությունից եւ արագությունից:

Հարցազրույցը՝ Նարե Մշեցյանի

Լուսանցք» թիվ 5 (91), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։