Արժույթի միջազգային հիմնադրամը շահագրգռված է Հայաստանի հաջողություններով.

Այնպիսի տպավորություն է, որ ինչ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը սկսվել է, միջազգային կազմակերպությունների քունը փախել է, ամբողջ օրը մտածում են Հայաստանին օգնելու մասին: Հայաստանի հետ գործ բռնելը հեշտ է. ուշիմ աշակերտ է: Եվ հետո, այդ «օգնելու» մեջ տրամաբանություն կա. հարեւանը վատ վիճակում է ու նրան գումարներ են պետք, իսկ քանի որ վատ վիճակում է, գումարը վերցնում է առանց պայմանների մասին մտածելու: Այդ հետո է զգում, որ վատից հայտնվել է վատթար վիճակում: Եվ հիմա, երբ աշխարհում մոլեգնում է ճգնաժամը, Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Ահե Բաքերը ժամանում է Երեւան եւ ԵՊՀ այցելում՝ ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպելու եւ դասախոսություն կարդալու նպատակով:

Ու հնչեցին նորություննե՜ր, նորություննե՜ր այն կարգի, ինչպես հնչում են են աֆրիկյան հետամնաց երկրներում սեփական հիգիենան հոգալու մասին: Օրինակ, «փոքր պետությունները կարող են առավելություններ քաղել այս իրավիճակից: Ի տարբերություն խոշոր պետությունների, իրենք ավելի սուր են զգում տնտեսությունը զարգացնելու, առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, փոքր պետությունները առավել խոցելի են արտաքին ուժերի նկատմամբ, որն առավելապես արտահայտվում է տնտեսական շրջափուլերի տեսքով: Նրանք ավելի շատ են կախվածություն ունեցել արտաքին կապիտալ ներհոսքերից եւ դրամական փոխանցումներից», կամ՝ «Հայաստանի համար մեծ տոկոս են կազմում արտերկրից դրամական հոսքերը: Իսկ արտերկրներում, մասնավորապես ՌԴ–ում եւ Ուկրաինայում ձեր հայրենակիցներն աշխատում են շինարարության ոլորտում, որը առավել տուժած ոլորտների թվում է: Բնականաբար, այս երեւույթը իր ազդեցությունն է թողել դրամական փոխանցումների նվազեցման վրա»: Հետո Ա. Բաքերը մի լավ գովեց մեր ԿԲ-ին, թե վերջինս բավական օպերատիվորեն է արձագանքել ֆինանսական ճգնաժամի հետեւանքներին, եւ թե Հայաստանում պահպանվել է ֆինանսական կայունությունը:

Արդեն ուզում էինք ուրախանալ, երբ ԱՄՀ ներկայացուցիչը գլխներիս սառը ջուր լցրեց. խնդիրներ կծագեն, ու դրանք կապված կլինեն պետական եկամուտների հավաքագրման ոչ բավարար մակարդակի հետ, նվազելու է հարկահավաքումը, ինչն էականորեն կապված է լինելու մեր երկրում որոշակի ոլորտների գործունեության դադարեցման կամ անկման հետ, մասնավորապես հանքարդյունաբերության եւ մետաղագործության: Հայաստանում կաճի բյուջեի դեֆիցիտը… Մի խոսքով՝ սա էլ քեզ ֆինանսական կայունություն…

Բայց էլի կխոցվենք. ԱՄՀ գործադիր տնօրենի կանխատեսմամբ, խոցելին լինելու է անշարժ գույքի գների հնարավոր ճշգրտումը: «Թեեւ ֆինանսական ճգնաժամը հանգեցնում է լուրջ մարտահրավերների, սակայն ստեղծում է նաեւ հնարավորություններ: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, պահպանենք նախ եւ առաջ ֆինանսական եւ տնտեսական կայունությունը»: Հետաքրքիր է չէ՞, մենք է ասում: Մենք ո՞վ: Բա որ ասում եմ՝ միջազգային կառույցները Հայաստանի հոգսերով են ապրում, չեք հավատում: ԱՄՀ ներկայացուցիչն այնքան է տարված, որ իր եսը մոռացել ու մենք է դարձել… Ծիծաղս գալիս է, բայց՝ մեզ վրա…

Եվ վերջապես Ա. Բաքերն ասում է սրտի ուզածը. «Հայաստանը պետք է փորձի եւ փորձում է արտասահմանից ավելի մեծ ֆինանսավորում ներգրավել: Եթե դա չի կարող ստացվել արտերկրից, ապա պետք է ավելի մեծ քանակությամբ ստացվի միջազգային կազմակերպություններից»:

Վստահ է, որ կուզենք (չգիտեմ՝ այլ ելք ունե՞նք), ուստի արդեն պատվիրում է երաժշտությունը՝ արագացնե՜լ կառուցվածքային բարեփոխումների ընթացքը: Ու մեկ էլ՝ տու՜շ, օգնության է կանչում մեկ այլ միջազգային կառույցի՝ ՀԲ-ին. «Տարվում են բանակցություններ ֆինանսավորող այլ կառույցների, այդ թվում նաեւ ՀԲ–ի հետ լրացուցիչ ֆինանսներ ներգրավելու ուղղությամբ»:

Մի խոսքով, մեխանիզմը պարզ է՝ մեր պետությունը (ու ոչ միայն) կրկին դառնում է մասնավոր միջազգային կազմակերպության պարտապանը: Իսկ պարտատերն էլ, պարտք տալուց զատ, որոշում է, թե ինչպես պարտապանը ծախսի այդ գումարները եւ որ ոլորտներում ինչ փոփոխություններ անի:

Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ կադրային քաղաքականությունն էլ է որոշում պարտապանը: Ասենք՝ մեր էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ԱՄՀ կադրերից է: Դրա համար էլ նրան նախարարությունում չեն հասկանում, որովհետեւ ազգային ծրագրերը թողած՝ գլոբալի մասին է մտածում: Ու երբ նախարարին հարց ես ուղղում որեւէ ոլորտի հետ կապված, ասում է՝ տամ միջազգային այսինչ ու այնինչ հեղինակավոր վերլուծաբանի տեսակետը, կարդացեք ու հասկացեք, թե ինչ բան է ճգնաժամը: Ահա այսպիսի կադրային եվրոպական քաղաքականություն՝ տառացիորեն եվրոդեմքով նախարարներով: Ինչը քննարկման այլ թեմա է:

Վերադառնանք ԱՄՀ-ին:

«Միջազգային կազմակերպությունները ունեն վստահություն Հայաստանի տնտեսության հանդեպ, վստահ եմ, որ մենք կկարողանանք օգնել: Այժմ մենք կատարում ենք հաշվարկներ, թե ինչպիսին կարող է լինել ճեղքվածքը կամ պակասը վճարային հաշվեկշռի տեսանկյունից: Կարծում եմ, որ ԱՄՀ-ի կողմից այդ բացը լրացնող վարկի անհրաժեշտություն լինելու է: Գումարը պարտադիր պետք է ավելի մեծ լինի, քան մենք համաձայնեցրել ենք նոյեմբերին մեր հաստատված ծրագրում»,–նշում է Ա. Բաքերը:

Հետո ուսանողները տալիս են նախօրոք սովորած հարցերը, թե երբ է մեր տնտեսությունը վերելք ապրելու: Ինչ արած, բա հո հարցը էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին չէին տալու, մեր տնտեսության կառուցվածքին քաջատեղյակ է Ա. Բաքերը, ոչ թե նա: Ուստի՝ Ա. Բաքերն էլ ասում է՝ ՀՀ տնտեսության վերականգնումը կուրվագծվի 2009թ. վերջին միայն: Մենք, ավելի ստույգ՝ մեր պաշտոնյաները ուշիմ աշակերտներ են, կլսեն խորիմաստ ժպիտներով դրսի պաշտոնյաներին ու կավետեն մեր բնակչությանը՝ 2009թ. վերջին:

Առայժմ, քանի դեռ ուսուցիչները որոշումները չեն փոխել…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ (92), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։