Փոքրիկ հիշեցում՝ «բարե»փոխումներին հավատացողներին

Միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանին պարտադրած «բարե»փոխումներից էր կրթական համակարգում օպտիմալացում կոչվածը: Թե ինչ եղավ դրա հետեւանքով, անդրադառնալու կարիք չկա: Եղավ այն, ինչի նպատակը կար. սերունդը՝ ինչքան բութ, երկրի զարգացումը՝ այնքան ուշացումով:

Ինչպես բթացնել սերնդին, դա պարզ էր. պետք էր երեխային զզվեցնել դպրոցից: Իսկ դրա համար պետք էր խճճել դասագրքերը: Օրինակ, հայերենի դասագրքերն այնպես կազմել, որ երեխան դպրոցն ավարտելով՝ այդպես էլ հայերեն չսովորի: Կամ՝ գրականության դասագիրքն այնպես կազմել, որ աշակերտը Հովհաննես Թումանյանին սովորի ու հաջորդ օրն իսկ մոռանա կամ էլ Թումանյանի գրչին վերագրի միայն «Շունն ու կատուն»: Արեւմտահայ գրականության մասին ընդհանրապես գաղափար չունենա, եւ Վարուժան կարդալիս չհասկանա, որ հայերեն է կարդում: Կամ՝ մաթեմատիկայի դասագիրքը այնպիսի հայերենով շարադրել, որ ուսուցիչն անգամ չհասկանա, թե խնդիրն ինչ է պահանջում: Կամ՝ օտար լեզուները դասավանդել այնպես ու այնքան վաղ տարիքից, որ երեխայի համար օտար լեզուն անհասանելի մի բան միշտ թվա: Կամ՝ դասագրքերը կազմել առանց հոգեբանների խորհրդատվության եւ կամ էլ գրել այնպիսի հոգեբանների անուններ, որ ակամա մտածես տվյալ հոգեբանի հոգեկան հավասարակշռության մասին:

Այսքանը իբրեւ հիշեցում, կարծում եմ, բավական է:

Հանրակրթական դպրոցներում դասավանդվող ռուսերենի դասագրքից մի թերթիկ է բերել խմբագրություն մեր ընթերցողը: Դասագրքից է, որ նախատեսված է 3-րդ դասարանների համար: Եվ 3-րդ դասարանի աշակերտը (նկատի ունենանք՝ ներկայիս կրթահամակարգում 8 տարեկանը) պիտի անգիր անի մի բանաստեղծություն, որ մեր կառավարության անդամներից շատերն ու պատգամավորների մեծ մասը նույնիսկ ճիշտ շեշտադրմամբ կարդալ չեն կարող: Մինչդեռ կրթական «բարե»փոխումները հենց նրանք են ընդունել…

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 6 (92), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։