Մեր փրկությունը մեր մեջ փնտրենք

Հայրենատիրական մոտեցումներն «անտեսանելի» ձեռքով արգելափակվում են

Չնայած ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի համընդհանուր խաղաղասիրական նկրտումներին, հատկապես՝ ՌԴ հետ հարաբերությունների բարելավման միտումներին, այնուամենայնիվ, չի բացառվում, որ Արեւմուտքը որոշակիորեն ուժգնացնի իր ճնշումը ՀՀ իշխանությունների վրա՝ արցախյան խնդիրը շուտափույթ, եվրաշահերին համահունչ լուծելու նպատակով:

Քանի որ ԱՄՆ-Եվրոպա բեւեռի համաշխարհային ծավալումներին այլեւս դիտորդի կարգավիճակով չի հետեւում Ռուսաստանը, որն իր քաղաքական նպատակներն արագորեն հստակեցնում է նախկին ԽՍՀՄ-ական տիրույթներում՝ Կովկասում եւ Միջին Ասիայում, ուրեմն ՀՀ իշխանությունները, հայությունը հնարավոր է հայտնվեն նոր՝ բարդ ու մտահոգիչ իրավիճակում:

Իհարկե, այս ամենը դեռեւս որպես կարծիք, տեսակետ է հնչում, աշխարհաքաղաքական ծավալումներում հնարավոր մի տարբերակ, սակայն, այն հեռու չէ իրականությունից:

Օտարներին բնավ չի հուզում, թե Արցախը եւ Պատմական Հայկական Հողերը ազատագրվել են հայորդյաց արյամբ եւ վերադարձել են իրենց իրական ու բնական տերերի՝ հայերի տիրապետության տակ, ոչ մի եվրոպացի, ամերիկացի կամ ռուսաստանցի չի ցանկանում այս հանգամանքը հաշվի առնել: Պատճառներից մեկը, թերեւս ամենագլխավորը, այն է, որ ԱՄՆ-ն, ՌԴ-ն կամ եվրոպական պետությունների մեծ մասն ունեն ներէթնիկական խնդիրներ, քանզի պետություն են կառուցել այլոց տարածքների վրա:

Սրա մասին մեծ ու միջին գերպետությունների ղեկավարները չեն սիրում խոսել, քանզի հարյուր հազարավոր մարդկանց արյան, միլիոնավոր մարդկանց իրավունքների ոտնահարման եւ տասնյակ ազգերի հալածման խնդիրներ կարող են բարձրանալ… ու միանգամից: Բայց արի ու տես՝ կարող են մեզ պարտադրել, հանուն իրենց շահերի, զիջել մեր հայրենիքի մի մասը՝ ազատագրված տարածքները: Նրանք շարունակում են իրենց հորինած օրենքներով (որոնցով պաշտպանում են բռնագրավված տարածքների իրենց պատկանելիության հարցը) պարտադրել մեզ Արցախն ու ազատագրված տարածքները կրկին ադրբեջանցիներին «նվիրել» կամ փոխարենը պահանջում են աներկբա ենթարկվել իրենց……

Երեւանը չպետք է թույլ տա որեւէ ոտնձգություն՝ Արցախի անկախության կամ Հայաստանին վերամիավորվելու եւ ազատագրված տարածքների հարցերում: Հատկապես, որ Արցախ-ԼՂՀ-ն այսօր ավելի անկախ է ու եվրոպացիների լեզվով ասած՝ առավել ժողովրդավարական, քան՝ Ադրբեջանը: Ուստի, Արցախ-ԼՂՀ-ի կարգավիճակի խնդիրը լուծելը Հայաստանի ու հայության համար հրատապ է ու հրամայական, որպեսզի Արեւմուտքը կամ Ռուսաստանը չշահարկեն այլեւս հայոց հողերի պատկանելիության (առավել եւս այնտեղ ՆԱՏՕ-ական զորակայան տեղակայելու) հարցը: Անհրաժեշտ է վերջակետ դնել նախ՝ Անկախ եւ Միացյալ Արցախի (ազատագրված տարածքներով) հռչակման գործում, այնուհետեւ՝ Հայաստանին վերամիավորվելու հարցում:

Բայց միջազգային իրավիճակի փոփոխության կամ, այսպես կոչված, միջազգային հանրության պատրաստակամության դեպքում կարելի է բավարարվել Անկախ եւ Միացյալ Արցախի ճանաչման կարգավիճակով: Ըստ նպատակահարմարության, այս խնդիրը կարող է լուծվել նաեւ փուլային տարբերակով: Դրա համար անհրաժեշտ է, որ՝

- Արցախ-ԼՂՀ-ն (մինչեւ հայոց մյուս պատմական հողերի հետ Հայաստանին միանալը) ինքնիշխան պետություն լինի: Դեռեւս չճանաչված ինքնիշխան երկիրն իր անկախությունը ձեռք է բերել արեւմտյան չափանիշներին համարժեք ժողովրդավարական սկզբունքներով ու միջազգային օրենքներին համապատասխան, ուստի Երեւանը պիտի հրաժարվի բոլոր բանակցություններից, որոնք վերաբերում են Արցախի խնդրին՝ հատկապես կարգավիճակին, եւ բանակցային կողմն այսուհետ պետք է լինի բացառապես Ստեփանակերտը:

- Արցախ-ԼՂՀ-ն ունի ընտրված իշխանություններ եւ երկրի նախագահ, որոնց էլ սահմանադրորեն վերապահված է բանակցությունների իրավունքը: Ուստի՝ ՀՀ իշխանությունները պետք է հարգեն Արցախ-ԼՂՀ-ի Սահմանադրությունը, եւ նույնը պահանջեն միջազգային հանրությունից:

- Արցախ-ԼՂՀ-ի հանրաքվեով անկախացած տարածքին սահմանադրորեն, համապետական օրենքով միացված են նաեւ ներկայումս ազատագրված բոլոր տարածքները, ուստի՝ որեւէ զիջումը ոտնահարում է անկախ երկրի գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը: Իսկ սահմանադրական կարգը պահպանելու նպատակով Արցախ-ԼՂՀ-ի իշխանությունները պետք է ազատագրված տարածքներում սահմանեն զինվորական ու ոստիկանական վերահսկողություն՝ միաժամանակ ծավալելով արդյունավետ վերաբնակեցման քաղաքականություն: Ըստ անհրաժեշտության, Արցախ-ԼՂՀ իշխանությունները կարող են դիմել ՀՀ իշխանություններին կամ այլ պետության՝ տարաբնույթ աջակցություն ստանալու նպատակով:

- ՀՀ իշխանությունները պետք է հանդիսանան պարզ միջնորդ՝ Արցախ-Ադրբեջան բանակցություններում, եւ միջազգային ատյաններում պաշտպանեն Արցախ-ԼՂՀ իշխանությունների ու արցախահայության տեսակետները (հաշվի առնելով նաեւ համայն հայության շահերը, քանզի արցախյան ազատամարտը հաղթանակով ավարտվեց հայության համատեղ ջանքերով):

Այս նպատակներն իրականացնելու համար Արցախ-ԼՂՀ-ի բնակչությունը միջազգային բոլոր օրենքներով (այդ թվում՝ ազգային-ազատագրական պայքարի եւ բնիկության միջազգային իրավական սկզբունքներով) իրավունք ունի պաշտպանելու Միացյալ Արցախի (ԼՂՀ+ազատագրված տարածքներ) սահմանները՝ թուրք-ադրբեջանական կամ այլ օտար բանակների ներխուժումներից:

Սակայն, այս բոլորի փոխարեն մենք այլ բանի ենք ականատես լինում: Վերջերս զլմ-ներով եռանդուն քարոզվող հայ-թուրքական համերաշխության ու բարեկամության հին ու սին դատարկաբանությունները եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման անհեռանկարային քարոզները լուրջ մտահոգության տեղիք են տալիս:

Մի կողմից՝ թուրքական իշխանություններն ամեն գնով փորձում են Հայաստանին ներքաշել իրենց հերթական նենգախաղի մեջ, որը վերնագրել են Կովկասի խաղաղության եւ կայունության նախաձեռնություն: Եվ այս համատեքստում Երեւանը պարտադրված նահանջ պիտի արձանագրի հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման հարցում ու առհասարակ հայկական հարցին առնչվող խնդիրներում:

Մյուս կողմից՝ ադրբեջանական իշխանությունները վաղուց պատրաստվում են պատերազմի եւ ընդգծված հակահայկական քաղաքականությամբ ու ծավալապաշտական կոչերով իրենց ժողովրդին հոգեպես նախապատրաստում են նոր պատերազմ սկսելու համար:

Իսկ մեզ մոտ, ինչպես միշտ (բոլոր ՀՀ նախագահների օրոք)՝ հակառակն է, քիչ թե շատ հնչող ռազմաշունչ-ինքնապաշտպանական, հայրենատիրական մոտեցումներն ինչ-որ «անտեսանելի» ձեռքով հիմնականում արգելափակվում են, կրճատվում կամ հանվում են հեռուստաեթերներից, մամուլի էջերից: Սրան հակառակ՝ թուրք-ադրբեջանցիների հետ եղբայրության ու բարեկամության սիրտ խառնեցնող կոչեր են անընդհատ հնչում… Դեռ հայոց հողը թաց է թափված արյան քանակությունից, սակայն երեկվա մեր ոխերիմ ու արյունարբու թշնամիներն արդեն բարեկամ ու եղբայր են հորջորջվում:

Այս սին ու վտանգավոր քաղաքականությունն է պատճառը, որ մենք այսօր բացահայտորեն տանուլ ենք տալիս ազգին հոգեպես զորացնելու հարցում եւ միջազգային մակարդակով տարվող քարոզչական-տեղեկատվական պատերազմում:

Պարզորոշ հնչում են ազատագրված տարածքները զիջելու, Արցախի խնդիրը երկրորդական համարելու, թուրքերի ու ադրբեջանցիների հետ բարեկամանալու ազգադավ կոչեր: Եվ այս ամենը պայմանավորում են իբր ՀՀ տնտեսությունը զարգացնելու մղումով: Մի բուռ երկիր չեն կարողանում ղեկավարել ու մի մեծ քաղաքի բնակչության թվաքանակով ազգ պահել՝ անկշտության մոլուցքից կուրացած, հիմա ազգի բարօրրությունից եւ պետության հզորությունից են խոսում՝ դա մեր թշնամիների հետ բարեկամությամբ պայմանավորելով: Էդ ո՞ր մի թշնամին է խելքը հացի հետ կերել, որ պիտի հզորացնի մեզ, որ հետո մենք իրենց գլխին պատուհաս դառնանք: Եթե ոմանց թվում է, թե մեր թշնամիներին են հիմարի տեղ դրել, ապա հաստատ ու շուտով այդ ոմանք հիմարացած, իսկ մենք ավելի տկարացած ենք դուրս գալու այս իրավիճակից…

Նախկին հակաթուրքերն ու հակաադրբեջանցիներն այսօր վերստին «կարդաշ» ու «քիրվա» են խաղում, հակավրացի են դարձել, իսկ թե վաղն ի՞նչ կդառնան… իրենք էլ չգիտեն: Բայց վտանգը բոլորիս է սպառնում:…

Ուստի, անհրաժեշտ է լրջորեն մտահոգվել Հայաստանի ու Արցախի ապագայով, ու նաեւ գիտակցել, որ Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու դեպքում, միջազգային ամենատարբեր ճնշումների ներքո վտանգվելու է ոչ միայն Արցախի ու ազատագրված տարածքների ճակատագիրը, այլեւ՝ Հայաստանի:

Կրկնենք վաղուց հանրահայտ մի շարք ասույթներ, որոնք միշտ պետք է հիշել, քանզի երբեք չեն հնանում՝ «ուզում ես խաղա՛ղ ապրել, պատրաստ եղի՛ր պատերազմի», «դասեր քաղի՛ր պատմական անցյալից», «ճանաչի՛ր թշնամուդ եւ կհաղթե՛ս», «ճանաչի՛ր ինքդ քեզ»…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 6 (92), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։