Ազգային ինքնությունը՝ ինքնամաքրման (նաեւ հոգու աշխարհի) տարանջատիչ…

Հազարամյակներ շարունակ բազում փորձեր են արվել ազգային միաբանության հասնելու՝ համազգային հիմնահարցերին համապարփակ լուծում տալու առումով, բայց պատմական պարբերություններում խանգարվել են այդ լուծումները՝ արտաքին կամ ներքին ուժերի կողմից՝ ազգային բանականության ներզգայականի հետզհետե պակասի պատճառով: Սա դարերի ընթացքում խաթարել է մեր ազգային ինքնությունն ու էությունը:

Ազգային միաբանությունը նախ եւ առաջ բանականության արգասիք է: Ինքնաճանաչման տիրույթում թե այն չլինի հույժ կարեւոր հիմք, համախմբվածության ոգեղեն կոչերն ու գաղափարախոսական տեսլականները սոսկ անկարող հմայականչեր կդառնան, ինչը երբեք չի բավարարի ինքնության գիտակցական մակարդակում կայացմանը: Այս դեպքում՝ դրանք ի սկզբանե դատապարտված են կարճատեւ կյանքի, եւ ավելի շատ ժամանակի կորուստ են արձանագրում, քան ազգային միաբանության կայացմանն են նպաստում…

Ազգային ինքնությունը խորասուզման այն տեղն է, որում պիտի կարողանանք ազգի ներկայացուցիչների՝ մեր բոլորի հանդիպումը կայացնել ազգային բնա-բնազդական բանականության հետ, ճանաչենք այն լիարժեքորեն, հասկանանք դրա իրական առաքելությունը, որը եւ՛ ազգային է, եւ՛ կա էլ յուրաքանչյուր անհատի մեջ, սակայն լուռ, կամ ավելի ճիշտ՝ կիսարթուն վիճակում:

Ճանաչել ազգային էությունը, կնշանակի նվիրաբերվել ազգային միաբանությանը՝ նախ արթնանալ որպես դրա մի մասնիկը, ապա դառնալ ամբողջի արտացոլանքը: Նույն նվիրումով գիտակցական հասունությանը տալ բաց ճանապարհ, իսկ խանգարողին, որը յուրաքանչյուրիս անգիտակից ես-ն է (էգո-ն), հանել մեր միջից՝ որպես հին կենցաղից մնացած հանդերձ, եւ ինքնաճանաչողության անձեռակերտ տաճարից վերցնել ամենակատարյալ հանդերձը, որը կտրվի յուրաքանչյուրին՝ հավիտենարժեք արժանապատվությունը կյանքի չափ կարեւորելուց հետո:

Մենք կարող ենք գնալ դեպի մեր գալիքը գիտակցաբար կամ անգիտակցաբար, ազգովի եւ անհատապես: Մեզ տրված է ինքնահրաժարման գաղտնարաններից ինքնաճանաչման միջոցներ ձեռք բերելու հնարավորություն: Մենք ինքներս ենք որոշում մեր ցանկության չափը՝ կախված յուրաքանչյուրիս կամքից ու մտքից…

Այսօր, երբ ՀՀ ԱԺ-ն որոշում է ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ հռչակել Հայկ նահապետի՝ տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի օրը՝ օգոստոսի 11-ին, հայտնվում են մարդիկ՝ քաղաքացիական եւ հոգեւոր անձինք, ովքեր հայոց փառահեղ նախնու փառահեղ հաղթանակը ահաբեկված համարում են վերադարձ դեպի հեթանոսություն եւ փորձում են այս դեպքում անտեսել մեր պատմության 4500-ամյա անուրանալի իրականությունը:

Այլ կերպ՝ քան խեղկատակներ եւ ազգուրացներ, չենք կարող բնորոշել սույն անձանց: Սրանք հայոց հինավուրց ազգին քրիստոնեական թմբիրով թմրեցնելու մի նոր առաքելություն են ստանձնել: Սրանք փորձում են դեռեւս տենդագին «հիմնավորել», որ 1700 տարուց այն կողմ հայը ոչինչ չի ունեցել՝ չհասկանալով, որ դրանով ոչինչ-ոչնչություն են դարձնում իրենց (մեր) նախնիներին, ուստիեւ՝ ոչինչ-ոչնչության են վերածում նաեւ նախնյաց ժառանգորդներին՝ իրենց (մեզ բոլորիս): Սրանք թշնամուց էլ վտանգավոր են, քանզի բազում հազարամյակների պատմություն ունեցող հայության միայն բռնի քրիստոնեացման շուրջ 1700 տարին ոչ մի հիմք չի տալիս մեզ՝ հայերիս, հանդիսանալ Հայկական լեռնաշխարհի բնիկներն ու տերերը, եւ սա «հայերը Հայկական բարձրավանդակում եկվորներ են» հակագիտական եւ հակահայկական տխրահռչակ տեսությունը «հիմնավորողներին» ծառայություն մատուցել է նշանակում…

Արիադավանություն-հեթանոսությունից խրտնող, արիա-քրիստոնեությունը որպես անցումային փուլ չհասկացող եւ օտարածին հուդա-քրիստոնեությունից բարբաջող անձինք շուտով էլ ավելի են առանձնանալու մեր հանրային կյանքում…

Տիեզերական Գարնան վերազարթոնքի «էներգետիկ» հարվածները տարանջատելու են բարին ու չարը, ազգային միաբանության ջատագովներին ու ապազգային շահերի պաշտպաններին, ազգային ինքնությանը վերադարձողներին եւ օտարամոլ-ազգուրացներին, Հայոց Աստվածների վերադարձն ապահովողներին եւ այլոց Աստվածներով հայությանը շարունակ ստրկացնողներին…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 6 (92), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։