Ձեր խորհուրդը ձեզ պահեք

ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը, անդրադառնալով ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը, ասաց. «Ընդհանուր առմամբ, բավականին ճիշտ քաղաքականություն է ներդրել, որոնք կօգնեն մեղմել միջազգային ճգնաժամի ազդեցությունը»:

Ինչու՞ չէ որ: Միջազգային կառույցներն ինչ ասում են, գերազանցիկ աշակերտի պես անում եք (խոսքս վերլուծական միտք չունեցող եւ ամեն ինչ անգիր անող գերազանցիկների մասին է):

Եվ միջազգային կազմակերպությունները վաղուց են Հայաստանի հետ «ամեն բան լավ է, բայց…»-ի տոնով խոսում: Նախ շոյում են մեր գլուխը՝ ասելով՝ ապրեք, ամեն բան լավ է: Հետո թե՝ բայց պիտի ուղղեք այս, այն, սա ու դա…

Հիմա 85 մլն դոլարի վարկ տալուց հետո, ՀԲ-ն ասում է. «Մեր նախագահը բավականին հստակ նշել է, թե համաշխարհային ճգնաժամի պայմաններում բոլոր երկրները պետք է զերծ մնան հովանավորչական գործունեությունից»:

Ի դեպ, «հովանավորչական գործունեություն ասելով» նկատի ունի տեղական արտադրողին պաշտպանելը: Լավ կլինի, որ այս անգամ մեր կառավարությունը չլսի կեղծավոր ուսուցչին եւ իսկապես անի այն, ինչ մտադիր է՝ պաշտպանի տեղական արտադրողին եւ նպաստավոր պայմաններ ստեղծի այդ արտադրողի գործունեությունն ընդլայնելու համար:

Ու որպեսզի մեր կառավարությունը հանկարծ չվախենա ուսուցչից (գերազանցիկները միշտ են այդպես), հուշենք, որ այդպիսի «հովանավորչական գործունեություն» միայն մենք չենք անում:

Ավելին՝ հովանավորչական այդ քայլը զարգացած երկրները ճգնաժամի հենց սկզբում են ձեռնարկել: Նույն ԱՄՆ-ն անմիջապես անցավ «Ֆորդ»-ի պաշտպանությանը: Երբ նկատառումս հայտնեցի ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենին, նա թե՝ «այո, այդպիսի քայլեր զարգացած երկրներն էլ են անում»:

Այստեղ են ասել, այո ու… դե բա էլ ի՞նչ կա: Այնպես որ, ձեր խորհուրդները ձեզ պահեք: Կամ՝ տվեք ավելի անատամ երկրներին:

Հայաստանը դեռ քավթառ պառավ չէ…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 7(93), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։