«Հակաճգնաժամային քայլերը» մարդկանց ճգնաժամի մեջ գցե՞լն է

Կառավարությունը շարունակում է հակաճգնաժամային քաղաքականությունը: Բայց այնպիսի տպավորություն է, որ գործադիր մարմինը երկիրն ավելի ու ավելի է գցում ճգնաժամի մեջ: Այս տարվա ապրիլի 1-ից բնակչությանը «նվեր» է սպասվում. թանկանալու են էլէներգիան, գազը եւ ջուրը:

Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միանգամից քննարկելու է էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի առաջարկվող նոր սակագները: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, «ՀայՌուսգազարդ»-ը եւ «Հայջրմուղկոյուղի»-ն առաջարկում են ապրիլի 1-ից բարձրացնել այս սակագները (հաստատ ապրիլմեկյան կատակ չեն անում): «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագին է առաջարկում սահմանել 1 կվտ/ժամը՝ 30 դրամ, գիշերը՝ 1 կվտ/ժամը՝ 20 դրամ: Ի դեպ, գիշերային սակագները գործում են ժամը 23:00-7:00 եւ հաշվարկվում են այն ժամանակ, երբ սպառողը բազմասակագնային էլեկտրոնային հաշվառքի սարք ունի տեղադրած:

«ՀայՌուսգազարդ»-ը հանձնաժողովին ներկայացրած հայտով առաջարկում է, որ բնակիչների համար 1 խմ բնական գազի նոր սակագինը լինի 99 դրամ՝ ներկայիս 84 դրամի փոխարեն:

«Հայջրմուղկոյուղի»-ն խմելու ջրի 1 խմ մատակարարման համար գործող 115.65 դրամի փոխարեն առաջարկում է 168.98 դրամ: Իսկ ջրահեռացման ծառայության 1 խմ-ի համար գործող 24.35 դրամի փոխարեն առաջարկում է 28.35 դրամ: Առաջարկվող սակագների ավելացումը գործողի նկատմամբ կազմում է 40,9%: «Հայջրմուղկոյուղի»-ն իր առաջարկները հիմնավորել է՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ պետբյուջեից հատկացվելիք սուբսիդիան 36,8%-ով նվազել է:

Այս անգամ ուզում ենք տնտեսական հաշվարկները մի կողմ թողնել եւ հարկ ենք համարում մի դիտարկում անել: Թանկացումների նախաշեմին սովորաբար իրենց ճղում են սպառողների պաշտպանության տարատեսակ կազմակերպությունները: Սակայն, վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք մի բան է փոխվել. դրամաշնորհակեր այդ կազմակերպությունները չեն բողոքում, որովհետեւ դրանցից շատերի ղեկավարները անձնական մտերմություն ունեն վարչապետի հետ: Դրա համար էլ սպառողների միության նախագահ Աբգար Եղոյանը բնակիչներին խորհուրդ է տալիս սակագները հաստատվելու դեպքում… խնայողություններ անել: Զարմանալ կարելի է նրա մտքի թափանցիկությունից ու խորիմաստությունից: Տեսնես նրա ականջին է՛լ ինչ է փսփսացել վարչապետը: Երեւի հուշել է, որ բնակչությանը կարելի է խորհուրդ տալ քիչ լողանալ, քիչ ուտել, դեմն էլ ամառ է՝ նաեւ չհագնվել: Մեկ է՝ իրենց փորը կուշտ է, տակներն էլ՝ չոր…

Գոհար Վանեսյան

Հակաճգնաժամային քայլ 2-րդ. ՀՀ կառավարությունն ավելացնում է պարտքերը

Կառավարության հակաճգնաժամային քաղաքականության մեկ այլ քայլ է Հայաստանի արտաքին պարտքը մեծ արագությամբ ավելացնելը: Օրերս ՀԲ տնօրենների խորհուրդը հաստատել է 85 մլն դոլար վարկային գումարի 4 ծրագրերի փաթեթ այն ձեւակերպմամբ, իբր օժանդակում է Հայաստանին մեղմելու միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցությունները:

50 մլն դոլար վարկ կտրամադրվի (Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի պայմաններով) Հայաստանի ՓՄՁ-ների ֆինանսավորման մատչելիության ծրագրին: Սա այդ բանկի առաջին վարկն է Հայաստանին: Երկրորդ ծրագիրը գյուղական ճանապարհների բարելավմանն է վերաբերում, որի համար կհատկացվի 25 մլն դոլար: Երրորդը 8 մլն դոլարի ծրագիր է, որով լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին եւ եւս 2 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման համար: «Ընդհանուր առմամբ 85 մլն դոլարի այս ծրագրերը կնպաստեն Հայաստանին մեղմելու տնտեսության եւ բնակչության բարեկեցության վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը»,-ասում է ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենը: Եթե «թարգմանենք» նրա ասածը, ապա կնշանակի, որ եւս երկու սերունդ (լավագույն դեպքում, եթե Հայաստանը կայուն տնտեսական աճ արձանագրի) մնում են պարտքի լծի տակ: Այնպես որ, դժվար է ասել, ճգնաժամը հաղթահարում ենք, թե խորացնում:

Նաեւ հարկ է ուշադիր լինել հետեւյալ հանգամանքներին:

1. Գումարները տրվում են ՓՄՁ-ներին, այլ կերպ՝ այնտեղ, որտեղ դրանք հեշտ է մանրիկ-մանրիկ
«ուտել» ու գործը ցույց տալ փաստաթղթերով: ՓՄՁ-ներին ֆինանսական մատչելիության ծրագիրը ենթադրում է ՓՄՁ զարգացմանն աջակցություն, երբ դրանք հայտնվում են բանկային համակարգի միջոցով կամ փոխանցումներով ֆինանսական միջոցներ հայթայթելու դժվարությունների առջեւ: Գումարը ՀՀ ԿԲ միջոցով կտրվի առեւտրային բանկերին, վերջիններիս միջոցով էլ ենթավարկերի ձեւով դրանք կտրվեն ՓՄՁ-ներին: Ենթավարկերի նախնական առավելագույն շեմը սահմանված է 150 հազար դոլարը:

Վարկը կտրամադրվի 26.5 տարի մարման ժամկետով, որից 5 տարին՝ արտոնյալ ժամկետով: Ընդգծենք, որ ՓՄՁ-ներին աջակցության համար տրվելիք 50 մլն դոլարից սպառողական վարկեր չեն ֆինանսավորվի: Վարկերն էլ կտրվեն ՀՀ դրամով կամ արտարժույթով (այն ընկերություններին, որոնք արտարժույթով եկամուտներ ունեն): Իսկ մեր առեւտրային բանկերի կողմից ՓՄՁ-ներն տրվելիք վարկերի տոկոսադրույքների առավելագույն շեմ սահմանված չէ: Այսինքն՝ առեւտրային բանկերը դրանք մատչելի կդարձնեն նրանց համար, ում իրենք կուզեն: Գալիս ենք մեր նախնական մտքին՝ մանրիկ-մանրիկ ուտելուն. կայացած ՓՄՁ-ները կվերցնեն, կշրջանառեն, որոշակի հարցեր կլուծեն եւ փաստաթղթերով ցույց կտան մինչ այդ ցույց չտված աշխատատեղերը:

2. Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը ենթադրում է, որ կվերականգնվեն 100 կմ ճանապարհներ Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Արմավիրի եւ Վայոց ձորի մարզերում: 7 մարզերում 100 կմ ճանապարհ. նշանակում է ամեն մարզում 10-12 կմ ճանապարհ ենք վերանորոգելու: Մինչդեռ լավ աշխատելու դեպքում դա կարող էին անել մեր տեղական ինքնակառավարման մարմինները: Արդյունքում՝ զերծ կմնայինք նոր պարտքեր կուտակելուց: Բայց չէ՝ մեր ղեկավարության համար նույնիսկ հարաբերական անկախության գաղափարը տանելի չէ…

Եվ վերջին փաստը. այս տարվանից սկսած 4 տարիների համար ՀԲ-ն նախատեսել է Հայաստանին տրամադրել 525 մլն դոլարի վարկ, որը կրկնակի ավելի է նախորդ 4 տարիների համապատասխան ցուցանիշից:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 7(93), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։