1 տարի անց…

Լրացավ մարտիմեկյան ողբերգական դեպքերի 1 տարին: Շուտով կլրանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 1 տարին:

Ս. Սարգսյանն իր 1-ամյա գործունեության մասին դեռ հանդես կգա հրապարակավ: Մենք պարզապես նշենք, որ արտաքին ոլորտում Հայաստանը որոշակի կտրուկ շրջադարձերի փորձեր արեց՝ հայ-թուրքական չգոյ հարաբերությունները գոյացնելու, հայ-ադրբեջանական հակամարտությունը պատերազմի չվերածելու եւ հայ-վրացական խնդիրները հակամարտություն չդարձնելու ուղղությամբ: Սակայն, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր փուլը եկավ՝ այս ամենն ի շրջանս յուր վերադարձնելու: Իսկ մեր ներքին կյանքն աննշան փոփոխություններով շարունակվում է ինչպես միշտ: Օրերս էլ, ՀՀ նախագահը Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2008թ. սոցիալ-տնտեսական գործունեության, ինչպեսեւ 2009թ. քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ, իսկ քաղաքապետ Երվանդ Զախարյանը հաշվետվություն ներկայացրեց քաղաքապետարանի ու թաղային համայնքների 1-ամյա սոցիալ-տնտեսական գործունեության արդյունքների մասին: Ներկայացրեց նաեւ Երեւան քաղաքի 2009թ. սոցիալ-տնտեսական զարգացման 1-ամյա ծրագիրը:

Իսկ, ահա, մայիսի 31-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ ՀՀԿ-ն իր մոտեցումը հանրությանը կներկայացնի մոտ ժամանակներս:

Ինչ մնում է արմատական կոչվող ընդդիմության մարտիմեկյան դեպքերից հետո 1-ամյա հաշվետվությանը, ապա դժվար թե լսենք ամփոփ զեկուցում, սակայն, այստեղ էլ լուրջ առաջընթաց չի արձանագրվել: Արտաքին ոլորտում՝ ընդդիմություն-ամերիկյան նախկին ջերմ համագործակցությունում նկատվում է որոշակի սառեցում, ընդդիմություն-եվրակառույցներ հարաբերություններում դեռ առկա է չեզոքության կնիքը, իսկ ընդդիմություն-ռուսաստանյան անկապ փոխշփումները որեւէ փոփոխության չեն ենթարկվել:

Եթե իշխանությունները, ունենալով պետական եւ այլ լծակներ, այնուամենայնիվ, կարող են դեռ ինչ-որ փոփոխության հույս ունենալ թե՛ արտաքին, թե՛ ներքին ոլորտներում, ապա ընդդիմությունը արտաքին օժանդակություն չստանալու դեպքում ոչ մի լուրջ փոփոխություն չի կարող ակնկալել: Այս դեպքում, ամեն բան կախված կլինի ժողովրդական զանգվածների եռանդուն ներկայությունից եւ աջակցությունից, ինչն էլ, թերեւս, ժամանակավոր բնույթ կկրի, հատկապես այն հանգամանքով պայմանավորված, որ իշխանությունները մշտապես փակում են դեպի հանրահավաք տանող բոլոր ճանապարհները: Եթե ամեն ինչ այս ձեւով ընթանա, ապա մարտիմեկյան իրադարձություններից որպես տխուր հուշ կմնան այդ օրվա ողբերգականը, 10 զոհերը եւ երկիրն անհեռատեսորեն (գուցեեւ՝ նպատակայնորեն) վտանգի ենթարկելու փորձերը…

Ամեն դեպքում, այսօր իշխանության համար միմյանց ընդդիմացող, բայց գաղափարապես իրարից քիչ տարբեր իշխանություններին եւ ընդդիմությանը մի նոր ընդդիմություն է անհրաժեշտ: Գաղափարական ու իրապես այլակարծիք ընդդիմություն…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 7(93), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։