Հին ընկերները չեն դավաճանում, քաշում են…

Ի՞նչ ենք տալու 0,5 մլրդ դոլարի դիմաց


ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը փետրվարի 4-ին Լոնդոնում, հանդես գալով բրիտանական գործարար շրջանակների ներկայացուցիչների առջեւ, հայտարարել է, թե Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 500 մլն դոլարի չափով կայունացնող վարկ՝ համաշխարհային ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու նպատակով: Հետո այդ փաստը հաստատեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն էլ ասաց, թե ստացված միջոցները հիմնականում ուղղվելու են փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը:

Հիմա՝ փորձենք իրապես հասկանալ, թե ինչու՞ տրվեց այդ 0.5 մլրդ դոլար վարկը:

Զուտ տնտեսական տարբերակին «հավատացողները» կասեն՝ վարկ է, ինչ կա որ: Քաղաքական տարբերակի կողմնակիցները կմատնանշեն մեր՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից լինելու գործոնը: Երկու տարբերակին էլ կարելի է համաձայնել, պարզապես ինչու՞-ին տանք «քաղաքա-տնտեսական պատճառով՝ բայց առավելապես քաղաքական ենթատեքստով» պատասխան:

Հիմա՝ եթե 500 մլն դոլարը «գալու» է քաղաքական նպատակներով, ապա ո՞րն է լինելու մեր քայլը, ինչո՞վ ենք վարձահատույց լինելու: Արդյո՞ք «միասնական ռուբլու գոտու» մեջ պիտի մտնենք ի նշան շնորհակալության:

Կամ՝ կարո՞ղ ենք արդյոք վարձահատույց լինելու մասին չմտածել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ գումարը հենց այնպես չի տրվում, վարկ է, որն էլ պիտի մարենք տոկոսադրույքներով:

Սակայն քաղաքականությունում եւ այս պարագայում պարզ տրամաբանությունը չի գործում: Ուստի՝ եւ՛ վարկի տոկոսները պիտի մարենք, եւ՛ 500 մլն դոլարի դիմաց մի բան տանք: Հավանական տարբերակն էլ հենց «միասնական ռուբլու գոտու» մեջ մտնելն է (շահութաբեր ձեռնարկություն այլեւս չունենք, որ տանք):

Միանգամից հարց է ծագում՝ ի՞նչ է ենթադրում այդ գոտում ներառվելը: Բացատրությունները տարատեսակ են՝ բայց գլխավորապես մեկ ենթատեքստով: Այն է՝ թե խոսքն ավելի շատ վերաբերում է տարածաշրջանային ռուբլու գոտուն եւ նպատակն էլ ճգնաժամի հետեւանքով ավելի քիչ տուժելն ու ճգնաժամն ավելի շուտ հաղթահարելն է: Սա նշանակում է, որ ՀՀ-ի ազգային արժույթը չի փոխվում եւ դրամ էլ մնում է, պարզապես որոշակի տարածքում ռուբլին է «թագավորելու» եւ որոշակի ժամանակահատվածում՝ մինչեւ անցնի ճգնաժամի վտանգը:

Համոզված ենք՝ հաստատ միայն սրա համար Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը 500 մլն դոլար չէր տա:

Հիշեցնելու կարիք չկա, թե վերջին տարիներին ընդամենը 100 մլն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանն ինչպես (ոչ ռազմավարական ընկերոջ կեցվածքով) սեփականեց Հայաստանի 5 ձեռնարկությունները, որոնք ցայսօր չեն աշխատում: Ի դեպ, այդ պարտքի չափն էլ դեռ վիճարկման տեղիք է տալիս, բայց դա քննարկման այլ թեմա է…

Ուրեմն՝ եթե 100 մլն դոլարի դիմաց 5 ձեռնարկություն տվեցինք, ապա ի՞նչ ենք տալու 500 մլն-ի դիմաց, երբ այլեւս տալու բան չունենք:

Կամ էլ՝ հարցը սխալ ենք ձեւակերպում. տալու բան ունենք, գուցե ոչ նյութական, բայց շատ ավելի արժեքավոր: Ի՞նչ է դա:

Իսկ դա ներկա աշխարհաքաղաքական ծավալումների համապատկերում կարող է լինել միայն տարածաշրջանում Ռուսաստանին ազդեցության գոտի զիջելը:

Ուրեմն՝ իզուր չէ Արցախի կարգավիճակի եւ ազատագրված տարածքների զիջման հարցը շոշափվում:

Նաեւ իզուր չէ, որ ՀՀ ժողովրդավար իշխանությունները, որ եվրաարժեքների «արեւով» էին երդվում տակավին վերջերս, այժմ շատ ըմբոստ կեցվածք ունեն Եվրոպայի (անգամ ԱՄՆ-ի նկատմամբ): Պատրաստ են արեւմտյան ուղղության համագործակցությունից հրաժարվել եւ շրջվել դեպի արեւելյան ուղղություն՝ ընդհուպ մուսուլմանական աշխարհի հետ սերտ համագործակցության……

Իսկ միջազգային տնտեսական ճգնաժամը գնալով խորանում է: Արեւմուտքի գործադրած քայլերը, կարծես, ուղղված են ոչ թե ճգնաժամի կարգավորմանը, այլեւ՝ խորացմանը:

Երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման շուրջ 800 մլրդ. դոլարի «օժանդակություն» ստացավ երկրի օրենսդիրներից, սկզբում շատերը կարծեցին, թե խնդիրը արագ կկարգավորվի: Սակայն պարզվեց, որ ԱՄՆ-ն այդքան դոլարը պարզապես «տպում է», որ շրջանառի, ինչն ավելի է խորացնելու ճգնաժամը: Նման ձեւով դեռեւս 2-րդ աշխարհամարտի տարիներին հակամարտող երկրները մեծ քանակությամբ տպագրում էին մեկմեկու դրամները եւ, հակառակորդի ազգային դրամը արժեզրկելով, հանգեցնում էին տնտեսական ճգնաժամի: Այս կերպ միմյանց դեմ պայքարում էին Գերմանիան, Անգլիան ու Ֆրանսիան:

Նման կեղտոտ քաղաքականությամբ է աշխատում նաեւ ներկայիս հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով արդեն քանի անգամ արժեզրկումների է հասցրել Ասիական երկրների ազգային դրամները (ԻՆդոնեզիա, Մալայզիա եւ այլն): Այս ամերիկացի-հրեա գործիչը հայտնի է նաեւ «գունավոր» հեղափոխությունների դավադիր գործունեությամբ: Եվ հայտնի է, որ ՀՀ ներկայիս ընդդիմության դրամական միջոցների հովանավորը նույնպես այս մարդն է: Իզուր չէ, որ ընդդիմադիր շատ լրատվամիջոցներ ու գործիչներ սկսել են խոսել հայկական դրամի արժեզրկման եւ նման այլ բաների մասին:

Այսպես, թե Արեւմուտքից, թե Արեւելքից եւ թե Հյուսիսից փչող ֆինանսա-տնտեսական «քամիները» խիստ վտանգավոր են լինելու եւ պետք է լուրջ քննարկման թեմա դառնան ՀՀ իշխանությունների եւ, առհասարակ, հանրության համար: Բայց այդ քննարկումները հարկ է որ սիրողական չլինեն կամ՝ ըստ քաղաքական հայացքների…

Հայկ Թորգոմյան

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 7(93), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։