Ամրացնել գոտիները ու… մի կերպ գոյություն քարշ տալ

Սա միակ «խորհուրդն» է: Ուղղված սովորական մարդկանց: Ունեցվածքի առումով վերնախավին չի վերաբերում… Արդեն տեղեկացրել էինք, որ այս տարվա ապրիլի 1-ից թանկանալու են գազը, ջուրը եւ էլէներգիան: Որոշումը կայացվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում:

Հանձնաժողովը փետրվարի 27-ի նիստում քննարկեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության, ինչպես նաեւ՝ բնական գազի փոխադրման եւ բաշխման ծառայությունների, էլեկտրաէներգետիկական համակարգի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցերը:

Քննարկումների արդյունքում որոշվեց, որ ընթացիկ տարվա ապրիլի 1-ից կթանկանան գազը, էլէներգիան եւ ջուրը (այս մասով խոսքը մարզերին է վերաբերում): Ըստ այդմ, բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվեց 1 կվտ/ժամը՝ 30 դրամ, գիշերը՝ 1 կվտ/ժամը՝ 20 դրամ (գործող, համապատասխանաբար, 25 եւ 15 դրամի փոխարեն): Ի դեպ, գիշերային սակագները գործում են ժամը 23:00-7:00 եւ հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային հաշվառքի սարքի առկայության դեպքում: 1 խմ բնական գազի նոր սակագինը 96 դրամ կլինի՝ գործող 84 դրամի փոխարեն: Սպառողներին 1 խմ խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման համար սահմանվեց 179,78 դրամ սակագին: Սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը 128,72 դրամ է՝ մատակարարված 1 խմ խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի եւ 154,47 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Նաեւ՝ սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը 21,1 դրամ է՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի եւ 25,31 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց կամ էլ համայնքներին խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը՝ 42,91 դրամ է՝ մատակարարված 1 խմ ջրի դիմաց՝ առանց ԱԱՀ-ի եւ 51,49 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն:

Հանձնաժողովը բավարարեց ընկերությունների կողմից ներկայացված հայտերը, բայց արի ու տես, որ այդ թանկացումներից դժգոհ էր «Հայէլցանցեր»-ի տնօրեն Եվգենի Գլադունչիկը եւ առավել դժգոհ՝ «Հայռուսգազարդ»-ը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի:

«Հայռուսգազարդ»-ը 1 խմ գազի համար 99 դրամ սակագնի հայտ էր ներկայացրել, բայց հաստատվեց 96-ը: Մինչդեռ, ըստ ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի, իրենք առանց այն էլ «սակագինը սեղմած էին ներկայացրել»: Ճիշտ է, Կարեն Կարապետյանը շատ վատ է զգում, որ գազը թանկացել է, բայց «պետք է դուրս գալ իլուզիաներից եւ հստակ հաշվարկներ անել»: Նա պնդում է, որ այդ սակագինը չի կարող բիզնեսի համար վատ եւ ոչ մրցունակ լինել, որովհետեւ տարածաշրջանում գազի գնի առումով մենք լավ վիճակում ենք: «Ինչ վերաբերում է բնակչությանը. ապա, կարծում եմ, սոցիալապես անապահով խավի խնդրին կարելի է լուծում տալ այն լրացուցիչ մուտքերի հաշվին, որ մենք պետբյուջե կանենք», – ասաց Կարեն Կարապետյանը:

Հաստատված սակագնից գոհ չէր նաեւ Ե. Գլադունչիկը. «Ռիսկերը մեզ վրա ենք վերցրել»:

Մինչդեռ իրական պատկերը բոլորովին այլ է. հիմնարկները գոհ չէին 10-15% շահութաբերությունից, ուր մնաց հիմա, երբ այն 10-ի էլ չի հասնում: Իսկ այ, ասենք 6 կամ 8% շահութաբերություն իրենց պետք չէ: «Էնա փողերը կդնենք բանկ ու ավելի շատ կշրջանառենք», – դժգոհում էր Կ. Կարապետյանը:

Իսկ հանձնաժողովը ամփոփելով նաեւ նշեց, երեւի բնակչությունից ներողություն խնդրելու նկատառումով, թե չբարձրացնել սակագները չէր կարող:

Հանձնաժողովի հավաստմամբ, եթե ապրիլի 1-ից չփոխվեին այդ սակագները, ապա գազի համակարգում օրական կորուստները կկազմեին 120 մլն դրամ, իսկ էլէներգիայի ոլորտում՝ 50 մլն դրամ:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 8 (94), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։