Նոր քաղաքապետին սպասելիս

Մայիսի 31-ին անցկացվելիք Երեւանի քաղաքապետի ընտրության առումով մամուլում արդեն ի հայտ են եկել որոշ պարզաբանումներ: Իշխանական քաղաքական կոալիցիան այդպես էլ չկարողացավ միասնական թեկնածուի հարցը լուծել, ուստի՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը հանդես կգան առանձին թեկնածուներով: Սա գուցե ավելի շատ կապված է ՀՀԿ-ի դիրքորոշման հետ, քանզի այս կուսակցությունը որոշել է հանդես գալ առանձին ցուցակով, ինչն, ի դեպ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկն է եղել: ՀՀ եւ ՀՀԿ նախագահն առաջարկել է նաեւ, որ հանրապետականների համամասնական ցուցակը գլխավորի Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը: 2-րդը ցուցակում Ավան համայնքի թաղապետ Տարոն Մարգարյանն է, հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին:

Մյուս առաջադրվածների մասին դեռ տեղեկատվություն չկա: Սակայն մի բան պարզ է, որ Երեւանը նոր քաղաքապետ է ունենալու, եւ ըստ որոշ տեղեկությունների, ներկայիս քաղաքապետ Երվանդ Զախարյանն ու փոխքաղաքապետ Կամո Արեյանն արդեն հրաժարականի դիմումներ են գրել եւ չեն մասնակցելու քաղաքապետի ընտրությանը:

ՀՅԴ-ն չնայած հայտարարել է, թե քաղաքապետի ընտրությանը մասնակցելու է սեփական ցուցակով, այնուամենայնիվ, ոչ մի անուն պաշտոնապես դեռեւս չի շրջանառվում: Դաշնակցականները հայտնել են, որ աշխատում են նախընտրական ծրագրի վրա եւ առայժմ չեն ճշտել, թե ով է լինելու կուսակցական համամասնական ցուցակի 1-ին համարը: Սակայն, իշխանական որոշ աղբյուրներ տարածել են, որ Վահան Հովհաննիսյանի հրաժարվելուց հետո որոշվել է, որ ՀՅԴ ցուցակը կգլխավորի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Ըստ մամուլում սպրդած լուրերի, ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 1-ին համարը ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ-ում կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն է:

Ամենաչկողմնորոշվածը առայժմ մնում է ԲՀԿ-ն: Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չունի Երեւանում մշտական բնակության 3 տարվա հաշվառում, ուստի չի կարող առաջադրվել, իսկ այլ թեկնածուների մասին հստակ տեղեկատվություն չկա: ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը նույնպես չի շրջանառվում որպես քաղաքապետի թեկնածու:

Ընդդիմադիր դաշտում նույնպես անորոշություն կա: «Ժառանգություն» կուսակցությունն ըստ երեւույթին հանդես կգա ինքնուրույն եւ, հնարավոր է, համամասնական ցուցակը գլխավորի կազմակերպության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգություն»-ը դեմ չէ նաեւ, որ ՀԱԿ-ի հետ համատեղ՝ միասնական թեկնածուով հանդես գա ընդդիմությունը:

Հայ ազգային կոնգրեսում էլ քննարկումները շարունակվում են: Այստեղ, որպես քաղաքապետի թեկնածու արծարծվում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի անունը, սակայն, դեռ ամեն բան հստակեցված չէ: ՀԱԿ-ում քննարկում են նաեւ ընտրությանը չմասնակցելու հարցը:

Վահագն Նանյան

Հ.Գ. – Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երեւանի քաղաքապետ է նշանակվել Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը:

Իսկ աշխատանքից ազատված, արդեն նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, մեկ այլ հրամանագրով նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:

«Լուսանցք» թիվ 8 (94), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։