Ընդդիմության արմատականության վերջը.

Կեցցե՛ նոր ընդդիմությունը

Մարտի 1-ին սպասվելիք հանրահավաքը կայացավ առանց անակնկալների եւ հերթական անգամ հուսախաբության տարրեր բերեց իր հետ: Այն մարդիկ, ովքեր հավատում էին, թե երկարատեւ ընդմիջումից հետո պայքարի նոր ալիք է բարձրանալու եւ պատրաստվել էին մեկ անգամ եւս գրոհելու իշխանափոխությունն իր վերջնական հանգրվանին հասցնելու համար, գլխիկոր հեռացան, չսպասելով անգամ մարտիմեկյան զոհերի համար նախատեսված սգո երթին…

Դեռ անցյալ տարի, հանրահավաքների դադարեցումից հետո շատերը հասկացան, որ այսպես կոչված արմատական ընդդիմությունը հանուն Արցախի խնդրի կարգավորման չէ, որ դադարեցնում է հանրահավաքները: Արեւմուտքը խիստ շահագրգռված էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ եւ հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորմամբ, ուստի նպատակահարմար չգտավ օժանդակել ընդդիմությանը եւ հրահանգեց սպասել: Այդ սպասման հետեւանք էր նաեւ ԵԽԽՎ նստաշրջանի գրեթե չեզոք որոշումը Հայաստանի նկատմամբ:

Եվ ահա, բազմահազար իրապես դժգոհ մարդկանց բազմությունը հավաքվել էր Մատենադարանին հարող տարածքում, որպեսզի լսեր նոր պայքարի կոչը, սակայն լսեց համբերության տերպետրոսյանական կանչը:

Շատերն էին եկել վախը սրտներում, բայց եկել էին: Աչքները վախեցած էր նախորդ տարվա իրադարձություններից, լարված էին, բայց եկել էին: Մարդիկ մասնակցեցին հանրահավաքին, որովհետեւ դեռ անարդարություն եւ բռիություն կա երկրում, կան բանտարկյալներ ու բողոքավորներ, կա ապագայի հանդեպ լուրջ մտահոգություն… Եկել էին լսելու Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը:

ՀՀ 1-ին նախագահի մոտ 45 րոպեանոց ճառը շատերը լսեցին: Լսում ու սպասում էին, որ կլսեն իրենց հուզող հարցերի պատասխանները, չնայած մի մասն արդեն իսկ թերահատավորեն էր վերաբերում նրա ճառին՝ շատ անգամներ են լսել խոստումներ, բայց ոչինչ չի փոխվել:

Այս անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանն արեց ավելին՝ ոչ միայն խոստումներ չտվեց, այլեւ մերժեց պայքարի արմատական-հեղափոխական ուղին եւ պայքարի պատրաստ բազմաթիվ մարդկանց հասկացրեց, որ ընդդիմությունը իշխանափոխության հասնելու է խաղաղ ճանապարհով: Սա, իհարկե, բարձրացրեց դժգոհության ալիք, բայց…

Իսկ ՀՀ 1-ին նախագահն ավելի առաջ գնաց այս հարցում եւ հասկացրեց, որ եթե ժողովուրդը ցանկանա, ապա իրենք կարող են անգամ համագործակցել իշխանությունների հետ: Եվ սա մեկ բան է նշանակում՝ իշխանությունները ոչ թե այսօր ընդդիմությանը պետք է տրամադրեն նախարարական աթոռներ (հանուն համերաշխության), այլ՝ պետք է նոր խորհրդարանական ընտրություններ ծրագրավորեն եւ որոշակի տեղ հատկացնեն ընդդիմադիր գործիչներին (իհարկե, ում կառաջարկի ՀԱԿ առաջնորդը): Այսպես կարելի է մոտենալ իշխանական բուրգին, իսկ հետո կերեւա անելիքը…

Կարծում ենք՝ սա ոչ միայն ընդդիմադիր ուժի (ավելի ստույգ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի) որոշումն է, այլեւ՝ Արեւմուտքի: Գոնե առայժմ սա է նշմարվում: Իհարկե, ամեն բան կարող է փոխվել ԵԽ ԽՎ ապրիլյան նստաշրջանից հետո: Իզուր չէ, որ արմատական կոչված ընդդիմությունը որոշեց աշխուժանալ մայիսին: Չի բացառվում, որ աշխուժացմանը կնպաստեն նաեւ գազի, ջրի, էլէներգիայի սակագների եւ ընդհանրապես սպառողական շուկայի թանկացումները:

Դե ինչ, 1 տարի անց, մարտի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը եկավ հավաստելու, որ մեր երկրում բացակայում է իրական ընդդիմությունը եւ իշխանական աթոռակռիվները երբեք չեն դառնալու հզոր ընդդիմադիր ու ազգային պայքարի սկիզբ… Որոշ վերլուծաբաններ այս ընթացքում պնդում էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտիմեկյան դեպքերով լուծեց մի քանի հարց՝ ապացուցեց, որ կարող է լինել ավելի վատ ու բռնի իշխանություն, քան իր կառավարման ժամանակներում էր, եւ հետո, փորձեց ինքնամաքրվել՝ բողոքավոր մարդկանց իր հետեւից տանելով, նրանց արդար ցասումը շահարկելով… Ուստի, ըստ այդ վերլուծաբանների, արմատական ընդդիմությունը մեռած էր դեռ մինչեւ այս տարվա մարտի 1-ը…

Իսկ սոցիալական ու քաղաքական խմորումները մի օր իրապես կհանգեցնեն լուրջ եւ իրական ընդդիմության առաջացմանը եւ կայացմանը:

Արտակ Հայոցյան

Հ.Գ. – Ինչ մնում է հայրենի իշխանությունների գործելակերպին, ապա ինչպես նախկինում, այնպես էլ այս հերթական հանրահավաքի դեպքում, նրանք կիրառեցին արդեն փորձված ու մինչ այսօր իրենց արդարացրած մեթոդները: Մարտի 1-ին արգելափակված էին մարզերից Երեւան եկող բոլոր ավտոճանապարհները: Մանրազննին ստուգվում էին բոլոր «կասկածելի» ավտոմեքենաները: Ավտոբուսների, երթուղային տաքսիների եւ տաքսի ծառայությունների բոլոր վարորդները «ստորագրություն էին տվել», որ այդ օրը Երեւանի ուղղությամբ չեն աշխատի… Իսկ հանրահավաքի հետ կապ չունեցող շատ մարդիկ չկարողացան հասնել Երեւան, եւ
հաստատ դարձան ընդդիմադիր:

«Լուսանցք» թիվ 8 (94), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։