Թուրք-ադրբեջանական դավադիր օղակում

Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, թե մեծ է հնարավորությունը, որ ապրիլ ամսին ԱՄՆ Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա կրկնել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն պնդումը, որ ԱՄՆ-ում Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կվնասի Թուրքիայի հետ ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին, եւ Վաշինգտոնն այդ մասին գիտի: Իրադարձությունների նման զարգացումը կվնասի նաեւ հայ-թուրքական կապերին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Թուրքիան դեռ այսքան մոտ չի եղել Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելուն: Թուրքական դիվանագիտությամբ առաջնորդվելով՝ ԱԳ նախարարը ապրիլի 24-ից կարճ ժամանակ առաջ կայցելի Երեւան, ու դրանով եւս մեկ անգամ ԱՄՆ-ին կցուցադրի հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը գոնե սառեցնելու անհրաժեշտությունը: Իսկ եթե դա հաջողվի՞, ի՞նչ ենք շահում մենք՝ հայերս…

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական անգամ այցելեցին մեր տարածաշրջան, ակնհայտ է, որ այս այցի նպատակը Արցախ-ԼՂՀ-ին՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի հարցը Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում քննարկելն էր: Համանախագահները, իհարկե, հայտարարեցին, թե այդ հարցն իրենցից կախված չէ, բայց միջնորդները մեկ անգամ չէ, որ խոսել են այն մասին, թե Արցախ-ԼՂՀ-ն վաղ թե ուշ պետք է միանա խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին: Եվ ինչքան շուտ լինի դա, այնքան լավ, այսպես են ասում եւ հուսով մնում համանախագահները: Արցախ-ԼՂՀ-ն ժամանակին եղել է բանակցային կողմ եւ նրա մասնակցությունն այդ գործընթացին կասեցվել է ոչ համանախագահների նախաձեռնությամբ, ուստի այս հարցը առավելապես կախված է Երեւանի մեղմ կամ կոշտ դիրքորոշումից: Չնայած, միջնորդները կարծում են, որ այս հարցում պետք է համաձայնվեն Հայաստանն ու Ադրբեջանը, ինչը, մեր կարծիքով, երբեք չի լինի:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 8 (94), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։