Հերթական վրացական խեղկատակությունը

Վրաստանի Արդարադատության նախարարությունը պաշտոնական նամակով մերժել է ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արապյանին՝ ստանձնելու ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանի պաշտպանությունը: Հիշեցնենք, որ ջավախքահայ գործչի դատավարությունն անհարկի ձգձգվում է: Մերժման որեւէ հիմք՝ Վ. Չախալյանի մոր՝ Գայանե Չախալյանին հասցեագրված նամակում, նշված չէ: Ընդհակառակը՝ նամակում ուղղակիորեն ասվում է, որ ներկայացվել են բոլոր պահանջվող փաստաթղթերը, սակայն, վրացի շա՜տ խելացի պաշտոնյան «գործի հանգամանքները եւ ներկայացված նյութերի հիմնավորությունը քննելուց հետո, նպատակահարմար չի գտել» Պ. Արապյանին ընթացող դատավարությունում՝ որպես պաշտպան մասնակցությունն արտոնելը: Սա Վ. Չախալյանի ու նրա ընտանիքի անդամների (եւ ոչ միայն նրա, նաեւ այլ հալածվող ջավախքահայ գործիչների)՝ հենց Վրաստանի սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված տարրական իրավունքների բացահայտ ու կոպիտ խախտում է: Այս փաստը եւս մեկ հստակ ապացույց է, որ ջավախքահայ հայրենասերի նկատմամբ ընթացող դատավարությունը բացարձակապես քաղաքական է:

Վրացական իշխանություններն այս մերժմամբ ապացուցում են, որ նրանք այսուհետ էլ շարունակելու են հաշվեհարդար տեսնել ջավախքահայերի նկատմամբ (հատկապես՝ Ջավախքի ու ջավախքահայերի իրավունքները պաշտպանողների) եւ չեն խորշելու ո՛չ հակաօրինական միջոցներ օգտագործելուց, ո՛չ էլ խայտառակ խախտումներ կատարելուց:

Այս հանգանքը պետք է լրջորեն մտահոգի ինչպես ՀՀ իշխանություններին, այնպես էլ հայության բոլոր հատվածներին, քանզի վրացական այլամերժությունն ու ազգամոլությունը պատսպարվելով ժողովրդավարական արժեքների (որն այդպես էլ անհասկանալի մնաց մարդկության համար) անվան տակ, եւ հովանավորվելով արեւմտյան «պապաների» կողմից, արդեն վտանգավոր է դառնում վրացահայերի (առավելապես՝ ջավախքահայերի) հետագայի համար: Չտեսնելու տալը կամ լռելը կլինի դավաճանության պես մի բան:

Այնպես որ, Ջավախքի հարցով վերջին ժամանակներս պարբերաբար արծարծվող մտահոգություններն իրական են, ակնառու են եւ շտապ միջամտություն են պահանջում, իսկ վրացական պաշտոնյաների սին խոստումներից արդեն իսկ «թուրքական հոտ» է գալիս…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 8 (94), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։