Ցեղասպանության հարցը նաեւ ռազմավարական խնդիր է

«Նահատակ ազգերի միջազգային դաշինք»-ը օրերս բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ ԱՄՆ կոնգրեսին: Նամակում կոչ է ուղղված՝ ճանաչելու Թուրքիայի կողմից իրականացրած հայերի, քրդերի, ասորիների եւ պոնտացի հույների ցեղասպանությունները, որոնք տեղի են ունեցել 1915-1923թթ. ժամանակահատվածում: Դաշինքի պատասխանատուները ԱՄՆ-ի նորընտիր նախագահին համարելով արդարության մեծ ջահակիր՝ հույս են հայտնում, որ ամերիկյան ժողովրդավարությունը մոտ ապագայում հաղթանակ կարձանագրի սույն ցեղասպանությունները ճանաչելու գործում: Բացի այդ, ըստ նրանց, ուշադրության է արժանի դաշինքի կողմից հրատարակված «Թուրք-թուրանական ծավալապաշտությունը եւ 70 նահատակ ազգերը» գրքի ներածականն ու վերջաբանը, որտեղ ամփոփված են թուրքական ցեղերի կողմից Ասիայում, Աֆրիկայում ու Եվրոպայում իրականացված 50 մլն. մարդու ցեղասպանությունների ամբողջական պատմությունը:

Նամակի հեղինակները վստահություն են հայտնել, թե ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից ցեղասպանությունների ճանաչման դեպքում վերջ կդրվի պատմական անարդարությունների վերաբերյալ շահարկումներին, ինչպես նաեւ կկանխի հետագայում դրանց կրկնությունը, ազգամիջյան արյունոտ բախումներն ու պատերազմները:


Դաշինքի անդամները, Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, Հայաստանի եւ ԼՂՀ հույների «Պատրիդա» հ/կ-ի նախագահ Էդուարդ Փոլադովը եւ այլոք փաստեցին, որ 1915թ. Օսմանյան կայսրության իշխանությունները պետականորեն ծրագրված ցեղասպանություն են իրականացրել հայերի նկատմամբ, որի մասին իրենք միշտ էլ բարձրաձայնել են: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք քրդերը չէին միացել թուրքերին՝ հայերին կոտորելու ժամանակ, Կ. Հասանովը պատասխանեց, թե դա զանգվածային բնույթ չի կրել, ինչպես թուրքերի պարագայում, եւ դրա համար իրենք բազմիցս ներողամտություն են հայցել հայերից:

Հիշեցնենք, որ ժամանակին նաեւ Հայաստանի եզդիների միությունն էր դիմել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին՝ ճանաչելու եզդիների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Իսկ միության նախագահ Ազիզ Թամոյանն անձամբ դիմել էր ԱՄՆ նախագահին՝ Իրաքում քրդերի կողմից եզդիների ցեղասպանությունը կանխելու համար:

«Նահատակ ազգերի միջազգային դաշինք»-ի անդամներն առաջին հերթին ցանկանում են, որ ԱՄՆ-ն ճանաչի 1915թ.՝ հայերի ցեղասպանությունը, որից հետո ըստ Է. Փոլադովի, Թուրքիան պարտավոր է հողային փոխհատուցում տալ ցեղասպանության հետնորդներին:

Հայաստանի քրդերը հիմա էլ անհանգստացած են. «Այսօր Թուրքիան ցեղասպանություն է իրականացնում քրդերի նկատմամբ: Այդ երկրում խաղաղ ցույցերի ժամանակ սպանում են մեր երեխաներին, կանանց, ծերերին: Ու դա կատարվում է պետական մակարդակով: Սա այն բանի հետեւանքն է, որ Թուրքիային ոչ ոք չի պատժել Հայոց ցեղասպանության համար», – նշել է Կ. Հասանովը՝ հավելելով, որ «եթե չբռնենք Թուրքիայի արյունոտ ձեռքը, ուրեմն ցեղապանությունը կշարունակվի ոչ միայն քրդերի նկատմամբ, այլեւ՝ այնտեղ մնացած բոլոր ազգային փոքրամասնությունների»:

Ահա այս իրավիճակում, երբ ԱՄՆ-ի հայությունը փորձում է համոզել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ հետ չկանգնի իր խոստումից եւ իր ելույթում՝ հայերին ուղղված ուղերձում, արտասանի «ցեղասպանություն» բառը, երբ Հայաստանի ազգային փոքրամասնությունները մեկտեղում են իրենց ջանքերը նույն հարցի ուղղությամբ, երբ Հայաստանի եւ սփյուռքի միլիոնավոր հայեր փորձում են հասնել համառ դատավճռի… ՀՀ իշխանությունները շարունակում են «առանց նախապայմանների» համագործակցել Թուրքիայի հետ՝ սառեցնելով անգամ հայոց ցեղասպանության պետականորեն արծարծման հարցը: Հայ-թուրքական այս սիրախաղը իրապես վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ, եթե միջազգային հանրությունը «համոզվի», որ Հայաստանն ու Թուրքիան գնում են համագործակցելու, բարեկամանալու ճանապարհով: Եվ, եթե տապալվեն հայերի եւ այլազգիների ձեռնարկած քայլերը եւ տապալվեն հենց հայ-թուրքական համագործակցությունը խթանելու պատրվակով, ապա ի՞նչ են պատասխանելու ՀՀ կառավարիչները միլիոնավոր մարդկանց ճիգերը փոշիացնելու համար…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 9 (95), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։