Հայաստանի ժամային գոտին սխալ է

Մեր երկրի ժամային գոտին խախտված է եւ անհրաժեշտություն կա այն ուղղելու:

Բանն այն է« որ ըստ Երեւանով անցնող միջօրեականի, մենք Գրինվիչից (Լոնդոն) առաջ ենք 3 ժամով« այսինքն« եթե այնտեղ ժամը 12-ն է« ապա մեզ մոտ պետք է լինի ժամը 15-ը եւ ոչ թե 16-ը« ինչպես հիմա է« ինչը կոպիտ սխալ է: Այդ սխալը գալիս է դեռ խորհրդային տարիներից« երբ Անդրկովկասի երեք հանրապետությունների համար սահմանվել էր միասնական ժամային գոտի« իրականից մեկ ժամ առաջ: Հայտնի չէ« թե ինչ տրամաբանությամբ կամ դիտավորությամբ էր դա արվել« քանի որ այդպիսի ժամային գոտի գրեթե չկար Խորհրդային Միության այլ մասերում եւ Ռուսաստանի ամբողջ եվրոպական մասը Մոսկվայի ժամանակով էր ապրում« իսկ Անդրկովկասը մեկ ժամով առաջ էր« թեեւ նույն ժամային գոտում էր:

Հայաստանի անկախացումից հետո առաջին հերթին պետք է ճշտվեր ժամային գոտին« սակայն դրան խանգարեցին մութ ու ցուրտ տարիները: Ավելին« 1997թ. դեկտեմբերին ԱԺ-ն օրենք ընդունեց ժամային գոտու վերաբերյալ« որը չէր կարելի անել« ինչը կարող է խանգարող հանգամանք լինել խնդրի լուծման համար: Մեր հարեւան Վրաստանում նույնպես անկախացումից հետո խառնաշփոթ էր, եւ հարցի լուծումը հետաձգվում էր: Ի պատիվ Ջավախքի հայ բնակչության պետք է ասել« որ նրանք« հետեւելով իրենց առողջ բնազդին« դադարեցրին գարնանը ժամացույցի սլաքը առաջ տալ: Հետագայում Վրաստանի ղեկավարությունը կատարեց ժամային գոտու ուղղում, եւ հիմա Վրաստանը մեկ ժամով ետ է Հայաստանից:

Հայաստանի ժամային գոտու ճշտումը շատ կարեւոր է մեր երկրի համար: Մեր փոքրիկ Հայրենիքը մի այնպիսի աշխարհագրական դիրքում է գտնվում« որ ձմեռային ժամանակի մեկ ժամով առաջ լինելը մեզ չի վնասում, ընդհակառակը՝ օգուտ է, սակայն ամառային ժամանակի առաջ լինելը մեզ շատ է վնասում՝ բոլոր առումներով (տնտեսական, կենսաբանական, կյանքի կազմակերպման եւ այլն): Ժամային գոտու ուղղումը դժվար խնդիր չէ, պարզապես մարտի վերջին պետք չէ առաջ տալ ժամացույցի սլաքը եւ այնուհետեւ ձեռք չտալ ժամացույցին, մինչեւ մեր ժողովուրդը կհասկանա եւ կգնահատի այդ ճշտումը: Բնական է, այդ դեպքում հիմնարկ-ձեռնարկությունները պետք է իրենց աշխատանքը սկսեն մեկ ժամ շուտ« ինչից մեր երկիրը մեծապես կշահի, իսկ ժողովուրդն էլ ըստ արժանվույն կգնահատի մեր երկրի ղեկավարության այդ քայլը:

Հովսեփ Պալյան

Զրույցներ հայոց լեզվի մասին

2007թ. հուլիսին, երկարատեւ գործուղումից հետո, վերադարձա Երեւան հենց այն օրերին, երբ մահացել էր նշանավոր լեզվաբան Գեւորգ Ջահուկյանը: Բախտ չունեցա տեսնելու այն մարդուն, ում «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» գիրքը միշտ սեղանիս էր՝ իմ օտար երկրում գտնվելու վերջին 6 տարիներին, եւ որից օգտվում եմ նաեւ հիմա՝ ճշտելու համար իմ մտքերը՝ մեր լեզվի բառերի իմաստները ինձ համար բացահայտելու գործում: Արդեն 7 տարի է, որ ինքնաբուխ զբաղվում եմ այդ հետաքրքիր գործով եւ կուզեի մտքերիս հաղորդակից դարձնել ընթերցողներին: «Զրույցներ հայոց լեզվի մասին» խորագրի ընտրությունը, նորից կապված է Գ. Ջահուկյանի անվան հետ. նա այս նույն վերնագրով գրքույկ էր լույս ընծայել 1992թ., որի նպատակն էր հայ ընթերցողին հանրամատչելի պատմել հայի ինքնության երաշխավորի՝ հայոց լեզվի մասին: Հիմա ուզում եմ իմ ձեւով պատմել մեր լեզվի մասին…

Հայոց լեզուն հետազոտողին մի հնարավորություն է ընձեռում« որ քիչ լեզուների է հատուկ: Օրինակ, եթե ֆրանսիացին փորձի հասկանալ իր լեզվի բառերի իմաստները« ապա շատ արագ կպարզի« որ ֆրանսերեն բառերի ճնշող մեծամասնությունը լատիներեն հիմքի վրա է ստեղծվել, եւ նրա որոնումները այդտեղ էլ կավարտվեն: Այդպես չէ հայերենի դեպքում: Թեեւ հայերենը իր երկարատեւ գոյության ընթացքում շատ լեզուների է առնչվել« սակայն գրաբարում գրի առնված 11 հազար արմատից (60 հազար բառից) միայն 1500-ն են համարվում հնդեվրոպական ծագման« իսկ առնվազն 3-5 հազար արմատ հայտնաբերված չեն որեւէ կենդանի կամ մեռած լեզվում: Այս զարմանալի երեւույթը հետազոտության լայն ասպարեզ է բացել հայերենագետների համար« բայց արդյունքներն ավելի քան համեստ են« քանի որ որոշ քարացած մոտեցումներ թույլ չեն տալիս, ի վերջո, հասկանալ հայոց լեզվի առեղծվածը: Մեր մոտեցումն այն է, որ հայերեն բառերի իմաստները հասկանալու համար պետք է ելնել, առաջին հերթին, հայոց լեզվի ներքին օրինաչափություններից (հնչյունաբանական, բառակազմական եւ այլն) եւ նույնը կիրառել այլ լեզուների բառերի հետ համեմատելու ժամանակ: Մեր միտքը փորձենք հիմնավորել մի քանի սովորական բառերի իմաստները հասկանալու եւ որեւէ լեզվի, օրինակ, ռուսերենի հետ համեմատելու միջոցով՝ ենթադրելով, որ դրանք հայտնի են մեր ընթերցողին:

Զրույց Ա

Ռուսերեն լեզվի արմատական բառարաններում հստակ բացատրություն չկա վերացական իմաստ ստացած старый եւ древний բառերի նախնական իմաստների մասինСтарый բառի իմաստը կապվում է стараться, իսկ древний բառը дуплистое дерево(փչակով (փչացած) ծառ) կամ деревня իմաստների հետ: Հայերենում նշված իմաստներին եւ բառաձեւերին շատ մոտ կանգնած բառեր կան, որոնց մասին քչերը գիտեն: Դրանք են սատար (սատարել), որը համարվում է փոխառություն սեմական լեզուներից եւ նշանակում է «դասավորել, կայունացնել, կարգավորել», եւ դերեւ (ի դերեւ ելնել)« որը նշանակում է «ավերակ տեղ կամ գյուղ, նաեւ փչանալ»: Ստացվում է« որ սատար բառին սեմական ծագում վերագրելը ճշտման կարիք ունի« իսկ հայերեն դերեւ բառը օգնում է հասկանալ ռուսերեն древний բառի իմաստը:

Մեկ այլ օրինակ: Հազիվ թե որեւէ մեկը փորձել է հասկանալ շուն (բարբառային շըվըն) եւ աշուն բառերի իմաստները« դրանց նմանության պատճառները: Մեր կարծիքով այդ երկու« իրարից տարբեր« բառերի նախնական իմաստները կապ են ունեցել ձայնի հետ (շունը հաչում է« աշնանը քամիներից ձայներ են հնչում եւ այլն)« ինչը երեւում է նաեւ շշուկ« շշունջ« շունչ« շվացնել« ռուսերեն шушукать, свистеть, գուցե նաեւ сука բառերից: Եթե մի քիչ էլ խորանանք, ապա կգտնենք այլ բառաձեւեր, որոնք գտնվելով նույն իմաստային խմբում, այլ հնչողություն ունեն, օրինակ, հայերեն աշուն, անգլերեն autumn, ֆրանսերեն automne, լատիներեն autumnus, ռուսերեն осень եւ այլն, այսինքն մի բաղաձայնի հնչյունափոխությամբ, որը, հավանաբար, նախապես եղել է թ-ն, ստացվել են մյուս բառաձեւերը շ, տ, ս հնչույթներով: Հայերեն բարբառային թնալ (թնթնալ, թնկթնկալ), գուցե նաեւ արթուն (հարթնում« զարթնում) բառերը, որոնք ձայնային իմաստներ ունեն, վկայում են թ-ի նախնական հնչույթ լինելու մասին:

Չեմ պնդում, որ դատողություններս ճիշտ են, հնարավոր է« որ ուրիշներն էլ են մտածել այս բառերի մասին, ուրախությամբ կընդունեմ ամեն կարծիք եւ քննադատություն, որ բոլորիս կօգնի ավելի լավ հասկանալ եւ ավելի լավ օգտագործել մեր առեղծվածային լեզուն:

Հովսեփ Պալյան

Տեխնիկական գիտությունների թեկնածու,

ԵրՃՇՊՀ-ի դոցենտ

«Լուսանցք» թիվ 9 (95), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։