Ճգնաժամը ստիպեց վերաբաշխել ծախսերը

Կառավարությունը երեկվա նիստում քննարկեց միջազգային ճգնաժամի պայմաններում պետբյուջեի ծախսերի կատարմանն առնչվող խնդիրը:

Հստակեցվեց, որ բյուջեն ոչ թե կրճատվելու է, այլ՝ ծախսերի վերաբաշխում է լինելու: Որոշումը կայացվել է՝ ելնելով այն անհրաժեշտությունից, որ այս տարվա հունվարին ՀՆԱ-ի ցուցանիշները կտրուկ վատացել են, մեծացել են ճեղքվածքները, ուստի հարկ կա անցնելու եռամսյակային բյուջետային ծրագրավորման: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, պետք է խնայենք եւ ծախսենք այնքան, ինչքան եկամուտներն են: Պետք է պատրաստ լինել վատթարագույն սցենարներին, որովհետեւ ճգնաժամի տեւողության կանխատեսումներն առայժմ անորոշ են:

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ պետբյուջեի ծավալի 20%-ը, որ 252 մլրդ դրամ է եւ որ սոցիալական ծախսերն են, կատարվելու են հստակ եւ՝ ըստ ժամանակացույցի: Այս առումով որեւէ փոփոխություն չի լինի: Բայց կան որոշ ծախսեր, որոնք տեղափոխվել են տարեվերջ՝ 4-րդ եռամսյակ: Դրանք այն ծախսերն են, որոնք առաջնահերթ չեն, օրինակ՝ գույքի եւ ավտոմեքենաների ձեռքբերումը, գործուղումները: Այսինքն՝ վերադասավորումներ լինելու են բացառապես ոչ առաջնահերթ ծախսերի մասով: Ի դեպ, ինչ վերաբերում է համահայկական ծրագրերին (նոր ԱԷԿ-ի կառուցում, ենթակառուցվածքների զարգացում, համահայկական բանկի ստեղծում), ապա Տ. Դավթյանի հավաստմամբ, դրանք կիրականացվեն՝ բյուջետային միջոցներով կամ այդ միջոցների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ միջազգային ֆինանսական կառույցները մեր երկրի համար այս տարի կանխատեսել են 0-ական % տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 1.5% անկում: Ի՞նչ կարծիքի է ֆինանսների նախարարը: Ի պատասխան նա միայն համառոտեց. «Մեր եւ նրանց գնահատականները համապատասխանում են»:

Միաժամանակ հավելեց, թե այս տարի բյուջեն պլանավորել էինք 1%-ից պակաս դեֆիցիտով եւ, հաշվի առնելով ճգնաժամի հետեւանքով ստեղծված դժվարությունները, կարող ենք ավելացնել բյուջեի պակասորդի չափը:

Ընդհանուր առմաբ, այսօր «ռիսկի տակ են» 131 մլրդ դրամ՝ եկամուտների մասով եւ 93 մլրդ դրամ՝ ծախսերի մասով:

Նարե Մշեցյան

Ինչու՞ են մեր տնտեսական տեղաշարժերը տնտեսականին հակառակ

Սիրում ենք ամեն հարցում համեմատվել աշխարհի (իմա՝ զարգացած երկրներ) հետ: Երբ ուզում ենք իհարկե: Բայց երբ դա անհրաժեշտ է ժողովրդին, համեմատվելու ցանկությունը վերանում է: Օրինակ, քրիստոնեական Ամանորից առաջ աշխարհում զգալի զեղչեր ու էժանացումներ են: Արագավազ նորաձեւությունից դուրս եկած, բայց այնուամենայնիվ շատ գեղեցիկ հարսանեկան զգեստը կարող ես գնել 2 դոլարով: Մեր երկրում այդ օրերին զգալի թանկացումներ են: Այս պահին նույնիսկ չեմ էլ կարողանում մտաբերել, թե ինչ կարելի է գնել 2 դոլարին համարժեք դրամով: Դրամի նկատմամբ դոլարի անկումն այդպես էլ էժանացումների չհանգեցրեց, մինչեւ արժեզրկվեց դրամը, ու կրկին թանկացավ ամեն ինչ: Ի դեպ, Հայաստանում էժանացումները երբեք միջազգայինին համարժեք չեն լինում, փոխարենը թանկությունը կրակի նման միշտ գլխներիս է թափվում: Տարբեր երկրներում կան շուկան վերահսկելու կոչված տարբեր մեխանիզմներ ու դրա համար պատասխանատու մարմիններ: Մեզ մոտ այս պարագայում այն տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է, որ, սակայն, ավելի շատ ոչ թե գործով, այլ՝ ցուցադրանքով է զբաղված:

Այո, հանձնաժողովը ուսումնասիրում է շուկան եւ, այո, խախտումների պարագայում վարչական վարույթներ հարուցում: Բայց այդ ամենը՝ միայն որպես հետեւանք: Կանխարգելիչ ոչ մի միջոցառում չի ձեռնարկվում: Մինչդեռ հանձնաժողովին քաջ հայտնի է մեր իրականությունը: Այսպես, հացը թանկանում է, հանձնաժողովը սկսում է ուսումնասիրություն անել եւ իր իրավասությունների շրջանակում որոշակի տուգանքներ նշանակում: Բայց այդ ընթացքում գործարարը արդեն գերշահույթը ստացած է լինում, ու նրա համար դժվար չէ մի 150 կամ 300 հազար դրամ վճարել պետբյուջե: Ի՞նչ է հանձնաժողովը անում, որպեսզի բնակչությունը խուսափի կամայական թանկացումների գերին դառնալուց: Ոչինչ: Ինչու՞: Սա է հարցը:

Օրենսդրական անճշտությունների կողքին (ոչ մի երկրում ոչ մի օրենսդրություն կատարյալ չէ) կարող են բազմապիսի այլ պատասխաններ էլ հնչել: Իսկ միակն ու ամենահավանականը, թերեւս, մեկը կարող է լինել. պետությունն ինքը շահագրգռված չէ գնային կամայական քաղաքականություն վարող գործարարի ձեռքը բռնել: Մինչդեռ այդ կամայականությունը նշանակում է, որ գործարարները գալիս են հակամրցակցային համաձայնության: Սա էլ ինքնին ենթադրում է, որ գործարարը վստահ է, որ ապօրինի գործելով կպատժվի 150-300 հազ դրամով: Իսկ մերոնք ժլա՜տ չեն… Մի խոսքով, եզրակացությունը հետեւյալն է. Հայաստանի քաղաքացին երբեք ապահովագրված չէ չհիմնավորված, կամայական թանկացումներից, որովհետեւ այդպես ձեռնտու է Հայաստանի իշխանությանը:

Ահա թե ինչու ենք ասում, որ այն, ինչ անում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ընդամենը հետեւանքներից խոսելն է: Վերջերս նախապատրաստված նյութերի հիմամբ մի քանի շուկաներում վարույթներ հարուցեց՝ տնտեսական գործոններով չհիմնավորված գների բարձրացումների, արհեստական պակասորդի մասին վկայող տվյալների առնչությամբ: Ի դեպ, խոսքը վերաբերում է բուսական յուղի, կարագի, կենցաղային տեխնիկայի եւ դեղորայքի շուկաներին, որտեղ գնաճային միտումները բավականին բարձր են եղել եւ, ընդ որում՝ ոչ հիմնավորված: Ահազանգերը շատ են հատկապես դեղորայքի շուկայից:

Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը վստահեցրեց, թե հիմնական մատակարարից շաքարավազը կարելի է արդեն ձեռք բերել 250 դրամով: Չգիտեմ, ինչ են նրան տեղեկացնում մասնագետները, բայց մի բան հաստատ է, ամենաէժան շաքարավազը, որ հիմնական մատակարարից կարելի է ձեռք բերել, 258 դրամ արժե: Հասկանալի է, այս դեպքում բացառված է, որ 250 դրամով շաքարավազ լինի խանութներում: Իսկ եթե 250-անոց թաքուն տեղեր գիտի Շահնազարյանը, հորդորում ենք հուշել բնակչությանը: Արդարամիտ չենք, նա դրանով էլ է զբաղվում՝ խորհուրդ տալով գնումներ կատարել առեւտրի այն ցանցերից, որտեղ ապրանքները քիչ են թանկացել կամ գնային տատանումներն այդքան էլ մեծ չեն եղել. «Մի կողմից չեմ ուզում գովազդել եւ տալ այդ խանութների անունները, բայց մյուս կողմից էլ ասեմ, որ քաղաքացիների համար գնումները ձեռնտու լինեն: Առեւտուր արեք «Սաս»-ից, «Սթար»-ից, «Երիցյան»-ից, «Պարմա»-ից, «Երեւան սիթի»-ից»: Մի հավելում էլ. եթե Աշոտ Շահնազարյանը ԱՄՆ-ում կամ Եվրոպայում այսպիսի գովազդ աներ, հաստատ միլիոնատեր կդառնար: Իսկ մերոնք ժլատներ են: Երեւի…

Հայաստանում միշտ օրախնդիր է մեկ այլ հարց. ինչու՞ է ապրանքը թանկացնում նաեւ ներքին արտադրողը: Որովհետեւ հումքային ներկրումներ են լինում: Ընդունելի պատասխան է:

Մի բայց կա սակայն: Տեղական որոշ ընկերություններ ամբողջ օրը գովազդում են իրենց լրիվ հայկական արտադրանքը՝ մեր մարգագետիններում արածող կովերի անարատ կաթից, մեր տավարների անարատ մսից:

Բայց հենց գալիս է պահը, պարզվում է՝ ոչ կաթն է մերը, ոչ տավարը: Երկու դեպքում էլ պետությունը պետք է պատժի այս կարգի ընկերություններին՝ կամ՝ սպառողին թյուրիմացության մեջ գցող գովազդի համար, կամ՝ եթե գովազդը չի ստում, ուրեմն՝ չհիմնավորված թանկացումների համար:

Ցայսօր, քաղաքականության իմաստով, չի արվում ոչ մեկը, ոչ մյուսը:

Սրա բացատրությունն էլ հանձնաժողովը ունի. «Շուկայական տնտեսություն է, ձեւավորվում է առաջարկ-պահանջարկով»:

Ուղղում մտցնենք. Հայաստանի տնտեսությունը շուկայական չէ, այլ «բազարային», որտեղ ով ինչ ուզում է՝ անում է՝ վստահ լինելով, որ ամեն ինչ «բազարի» վրա է…

Աստղինե Քարամյան

Կվերականգնե՞նք մեր տարանցիկ կամրջի դերը

Նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին Եվրոպական hանձնաժողովը հրապարակեց 2009-2011թթ. համար «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգում» (GSP+) ընդգրկված 16 երկրների ցանկը, որոնց թվում է նաեւ մեր երկիրը: GSP+-ը հնարավորություն է տալիս համակարգից օգտվող երկրներին շուրջ 6400 ապրանքատեսակներ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ զգալիորեն նվազեցված մաքսատուրքերով: Նախատեսվում է մաքսատուրքերի կրճատում՝

1. ծխախոտի համար՝ մինչեւ 52%-ով,

2. բնական հյութերի համար՝ 30%-ով,

3. մրգերի համար՝ 20%-ով,

4. բանջարեղենի համար՝ 14%-ով,

5. ձկնամթերքի համար՝ 20%-ով,

6. մեղրի համար՝ 17%-ով:

GSP+ համակարգում Հայաստանի ընդգրկումը էապես կխթանի ԵՄ երկրներ իրականացվող արտահանումների ծավալների ավելացումը: Համենայնդեպս, այս է հավաստում մեր էկոնոմիկայի նախարարության ղեկավար կազմը:

Ի դեպ, մինչ այս մեր երկիրը օգտվում էր GSP համակարգից, որը ի տարբերություն GSP+-ի, ենթադրում էր 2000 ապրանքատեսակների գծով զրոյական կամ զգալիորեն նվազեցված մաքսատուրքերով արտոնություններով արտահանում:

Սակայն, այս GSP+-ը չի նշանակում, թե մեր գործարարների համար անփուշ կածան է բացվում դեպի եվրոպական շուկաներ: Մեր գործարարները պետք է հստակ իմանան, որ եթե իրենք խախտեն ընդունված չափանիշները, ապա կարող են զրկվել GSP+ համակարգից օգտվելու իրավունքից: Հավելենք, որ GSP+-ի թույլտվությունը մինչեւ 2011թ.-ն է:

GSP+ համակարգի արտոնությունից օգտվելու համար անպայման անհրաժեշտ է, որ ապրանքն ունենա ծագման երկրի՝ իմա՝ Հայաստանի վկայական՝ «Made in Armenia»: Թե ինչ օգուտներ կտա այս համակարգից օգտվելը մեր երկրին, առայժմ պարզ չէ:

Միայն էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ GSP-ի դեպքում, երբ արտոնությունը 2000 ապրանքատեսակներին էր վերաբերում, Հայաստանը խնայել է 120 մլն դրամ, այսինքն՝ այդքան մաքսատուրք քիչ է վճարել:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքերով, GSP+-ին միանալով Հայաստանը կարող է միջնորդ երկիր լինել շատ խոշոր շուկաների համար. «Հայաստանը պետք է վերականգնի իր տարանցիկ կամրջի դերը, այլ կերպ՝ Արեւմուտքի երկրների շուկան կապի Արեւելքի երկրների հետ: GSP+-ով մեր երկիրը կարեւոր գործառույթ է ձեռք բերում»:

Հիմա խնդիրն այն է, թե ինչպես կկարողանանք օգտվել այդ GSP+-ից, կամ՝ կկարողանա՞նք արդյոք: Բանն այն է, որ մենք դարձյալ նախաձեռնությունը թողնում ենք… Թուրքիային: Այսպես, նույն Արսեն Ղազարյանը հրճվանքով պատմում էր, թե Թուրքիան ուզում է իր տեքստիլ արդյունաբերությամբ մեր միջոցով դուրս գալ Եվրոպա: Այսինքն՝ ոչ մենք, այսինքն՝ ոչ «Made in Armenia»: Անկասկած, Թուրքիան կհաջողի եւ, անկասկած, մեր միջոցով: Որովհետեւ մենք ամեն վայրկյան մտածում ենք՝ ինչ ծառայություն մատուցել Թուրքիային: Մինչդեռ մեր տեքստիլ արդյունաբերության վիճակը, մեղմ ասած, նախանձելի չէ…

Գոհար Վանեսյան

Օդի տուրքը՝ ավիատոմսում

ԱԺ-ն արդեն ընդունեց պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունները:

Ըստ այդմ, «օդի փող» կոչված 10 հազարական դրամներն այսուհետ կներառվեն տոմսերի արժեքում:

Գործընթացը կսկսվի մարտի 29-ից: Սակայն, այս համակարգին լիովին անցումը կտեւի 1 տարի, որի ընթացքում կգործի նաեւ նախորդ կարգը:

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը երեկ, կառավարության նիստից հետո տեղեկացրեց, որ ոչ կանոնավոր չվերթերի դեպքում օդի տուրքը դարձյալ կգանձվի օդանավակայանում, իսկ կանոնավոր չվերթերի պարագայում այն կգանձի հենց ավիաընկերությունը:

Կարեն Բալյան

Հարկայինին գործ են տվել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 9-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտե ուղարկեց առեւտրի այն կետերի տվյալները, որտեղ մարտի 3-6-ը դոլարի փոխարժեքի տատանման պատրվակով արձանագրվել է առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքատեսակների գների աճ: Ցանկն ուղարկվել է պետեկամուտների կոմիտե՝ նշյալ առեւտրի կետերում ստուգումներ իրականացնելիս ապրանքների բարձր գներով իրացման հանգամանքը հաշվի առնելու նպատակով: Համաձայն մարզերից ստացված տվյալների, մարզերում շաքարավազը, կարագը, ձեթը, բրինձը եւ ալյուրը իրացվում են ավելի բարձր գներով, քան մայրաքաղաքում: Պետեկամուտների կոմիտեի ստուգումները կընդգրկեն նաեւ մարզերի տնտեսվարողներին:

Իսկ մինչ այդ, ալյուրի շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտներն իջեցրել են ալյուրի մատակարարման գները՝ մինչեւ թանկացումը եղած մակարդակին. առաջին կարգի ալյուրի 50 կիլոգրամանոց մեկ պարկն արժե 7800 դրամ, բարձր կարգինը՝ 8820 դրամ: Շաքարավազը մանրածախ ցանցերին իրացվում է 245 դրամով (պիկը 270 էր): Դեղերի, կենցաղային տեխնիկայի, ձեթի եւ կարագի շուկաներում վարույթներն ընթացքի մեջ են, իսկ մյուս շուկաներում շարունակվում է մոնիտորինգը:

Ըստ ՀՀ ՏՄՊՊՀ լրատվության

2-րդ համաշխարհայինից հետո՝ 1-ինը

Համաշխարհային բանկի գնահատման համաձայն, այս տարի, 2-րդ համաշխարհային պատերազմից հետո 1-ին անգամ, համաշխարհային տնտեսությունը անկում է ապրում: Բանկը ընդգծել է նաեւ, որ համաշխարհային առեւտրի ծավալների կտրուկ կրճատման հետեւանքով ամենաշատը կտուժեն Արեւելյան Ասիայի երկրները: Առաջիկա տարում զարգացող երկրների ֆինանսական կորուստները կկազմեն առնվազն 270 միլիարդ դոլար: Նկատենք. այս կարգի կանխատեսումներից հետո միջազգային ֆինանսական կառույցները «կուտ են տալիս» այլ երկրներին եւ հորդորում օրինակ վերցնել Հայաստանից ու… կուտակել պարտքե՜ր, պարտքե՜ր, պարտքե՜ր…

Անի Մարության

Առայժմ անփոփոխ, հետոն… կտեսնենք

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 10-ին որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 7.75 տոկոս: Խորհուրդը համարում է, որ 2009թ. մարտի 3-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ գնաճային ճնշումների առաջացման վերաբերյալ ներկայացված գնահատումները՝ պայմանավորված ազգային արժույթի արժեզրկմամբ, շարունակում են մնալ իրատեսական. «Այս առումով տոկոսադրույքների արդեն իսկ 1.0 տոկոսային կետով բարձրացումն ապահովում է տվյալ պահին գնաճի նպատակային թիրախից շեղումները նվազեցնելու եւ տնտեսական աճին աջակցելու խելամիտ համակցումը»:

Ավելացնենք սակայն, որ տոկոսադրույքների բարձացման մասին լուրերը ամենեւին էլ ստահոդ չեն եղել: Քանզի ԿԲ խորհրդի անդամները համակարծիք են եղել այն հարցում, որ ներքին եւ արտաքին տնտեսական ներկա զարգացումների պահպանման պարագայում չի բացառվում տոկոսադրույքների հետագա ճշգրտումը:

Իսկ տոկոսադրույքների ճշգրտումը ենթադրում է բարձրացում: Սա էլ, իր հերթին, ենթադրում է, որ ԿԲ-ն թանկացնում է վարկերը, ինչն էլ առեւտրային բանկերը պետք է ուղղեն, ասենք, հենց վարչապետի թմբկահարած փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը:

Ա. Քարամյան

«Լուսանցք» թիվ 9 (95), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։