Հայ-վրացական եղբայրության ճգնաժամը

Մեծ-մեծ փրթող նախագահի բերանով

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ «ողբալի է այն երկրների վիճակը, որոնք իրենց բացարձակ կախման մեջ են դրել Ռուսաստանից»: Այս ցանկում նա նշել է նաեւ Հայաստանի անունը:

Նրա խոսքով, մեր երկրի տնտեսության «կրախը տեղի է ունեցել այն պատճառով, որ Հայաստանն իրեն ամբողջությամբ կախման մեջ է դրել Ռուսաստանից: Երբ ռուսական շուկան փլուզվեց, ապա նույն բախտին արժանացավ նաեւ Հայաստանը»:

Մ. Սահակաշվիլին ասել է, որ Վրաստանի հարեւան երկրների տնտեսություններում դժվարություններ են ծագել, սակայն «Վրաստանը կանգուն կմնա, Վրաստանը կփրկվի նույնիսկ ամենածանր պայմաններում, եթե մեզ մոտ լինի քաղաքական կայունություն»: Բանից պարզվում է՝ Վրաստանի նախագահը ոչ միայն կանխատեսումներ է անում, այլեւ՝ գյուտարար է, քանզի «գյուտել» է, որ անհրաժեշտ է կայուն երկիր ունենալ… որպեսզի հնարավոր լինի զարգանալ: Այնուհետեւ հավելել է, որ իր իշխանության համար առաջնահերթությունը տնտեսության փլուզման կանխումն է. «Ռուսաստանը 3 տարի առաջ դուրս է մղել Վրաստանին իր շուկայից, սակայն դրանից հետո Վրաստանը ժամանակին կատարել է բարեփոխումներ, ինչն էլ օգնում է հիմա կայուն մնալ»:

Համաձայն aysor.am-ի եւ panorama.am-ի տվյալների, մի քանի օր Հայաստանում ճգնաժամ էին «պրպտում» վրացական 2 հեռուստաընկերությունների նկարահանող խմբեր:

Գործուղման նպատակն էր՝ «հավաքել տեսանյութեր», որոնք պետք է հաստատեն Վրաստանի նախագահի քարոզչական այն թեզը, ըստ որի, «ճգնաժամի պայմաններում հարեւաններն ապրում են ավելի վատ, քան՝ վրացիները»: Վրացի հեռուստալրագրողներին հաջողվել է հավաքել մի քանի տասնյակ րոպե տեւողությամբ արխիվային կադրեր, նկարահանել են շինարարական աշխատանքներ կիրակի օրերին, Նաիրիտ գործարանը… մի քանի հարցազրույց են անցկացրել «արմատական ընդդիմության» ներկայացուցիչների ու քաղաքականացված տնտեսագետների հետ: Եվ պարզ է, որ առաջիկայում վրացական մի շարք հեռուստաընկերություններով, ինչպես նաեւ ակումբներում ու դպրոցներում կցուցադրվի մի ֆիլմ այն մասին, թե «ինչքան վատ է հարեւան Հայաստանում», եւ ինչպես են վրացիներն իրենց «հերոսական նախագահի գլխավորությամբ պայքարում Վրաստանի զարգացման համար»:

Եթե հասկանալի է վրացական հակառուսականությունը, ապա ամենեւին հասկանալի չէ Հայաստանի տնտեսության մասին Վրաստանի նախագահի սին դատողությունները, քանի որ Հայաստանում գործում են ինչպես ռուսաստանյան, այնպես էլ արեւմտյան ֆինանսա-տնտեսական հիմնարկներ ու կազմակերպություններ: Մինչեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Հայաստանում արդեն կային չգործող հիմնարկներ (որոնք էլ, ըստ ամենայնի, նկարահանվել են), որոնք Ռուսաստանը վերցրել էր Հայաստանից՝ «գույք՝ պարտքի դիմաց» գործողությամբ: Այլ նորություններ կարծես չգիտենք:

Բայց Վրաստանի «ունիկալ» նախագահը երեւի թե ինչ-որ բան գիտի: Հատկապես՝ ռուսական դավադրության մասին: Չնայած, նկատի ունենալով նրա լա՜յն մտահորիզոնը, վստահ ենք, թե նա տեղյակ է, որ այս ճգնաժամը Արեւմուտքի «մտքի արգասիքն է», ոչ՝ Ռուսաստանի:

Դե՜ Վրաստանին ինչ կա, ԱՄՆ-ի պատվերով պատերազմեց Ռուսաստանի հետ, ու չնայած խայտառակ պարտություն կրեց (նաեւ՝ տարածքներ կորցրեց անվերադարձ), բայց միլիոններ ստացավ որպես օգնություն, լա՜վ ծառայության դիմաց, որն էլ հիմա օգտագործում է իր կարիքները հոգալու համար: Վասալի կամ համբալի հոգեբանություն. փորը՝ կուշտ, տակը՝ չոր… Էլ չենք մանրամասնում, որ այս երկրի կառավարության անդամների աշխատավարձերը նույնպես ստացվում են դրսից…

Հակառուսական Վրաստանը «ակամա» հակահայկական քարոզով է զբաղված ամենաբարձր մակարդակով, իսկ մերոնք էլի լռում են… Ասում ենք լռում են, որովհետեւ մի «պտղունց» պաշտոնական պատասխանը լռելու պես մի բան է: Իսկ ասելիք՝ ինչքա՜ն ուզես… Ասող է պետք ու լա՜վ ասող: Անգամ Նինո Բուրջանաձեն է իր նախագահի խոսքը համարել «տգեղ» եւ «հիմար»…

Իսկ հակառուսականությունը Թբիլիսիին այնքան է «կերել», որ նույնիսկ Մոսկվայում անցկացվելիք «Եվրատեսիլ-2009» երգի մ
իջազգային մրցույթում վրացական «Ստեֆան եւ 3G» խումբը «We don՛t wanna Putin» երգով փորձում էր հակառուսական քարոզ իրականացնել, սակայն պարզվեց, որ այդ երգը այնտեղ չի հնչի, որովհետեւ Ռուսաստանը թույլ չի տա…

Դե ինչ, սպասենք տնտեսական ճգնաժամի հետեւանքներին ու կտեսնենք՝ ով ով է: Բայց մի բան նշենք հիմա՝ եթե Հայաստանը Վրաստանի ներկայիս աշխարհագրական դիրքն ունենար, այսօր ոչ Վրաստանը, ոչ էլ Ադրբեջանը չէին «խաղա» տարածաշրջանում… Ու շուտով կպարզվի նաեւ, որ Վրաստանը դեռ որպես պետություն չի կայացել, բայց ունի մեծ-մեծ փրթող նախագահ…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 9 (95), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։