Մարտիմեկյան դեպքերի միակ արձագանքը

«7-ի գործ»-ով դատավարությունը՝ փորձաքար կողմերի համար

Անցյալ տարվա մարտիմեկյան իրադարձությունների արձագանքը այլեւս մնացել է «7-ի գործ»-ով անցնող դատավարության ծիրում: Հատկապես, երբ վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց արմատական եւ հեղափոխական գործողություններից, այս հիշյալ դատական գործով է պայմանավորված, թե ինչ հանգուցալուծում կստանա ավելի քան մեկտարյա վաղեմության ողբերգականը: Առանձին անձանց մասով դատավարությունները, չնայած փորձերին, նույն աղմուկը չեն ապահովում, ինչքան

«7-ի գործ»-ը: Այս առումով՝ այդ գործի նկատմամբ հետաքրքրություն կա նաեւ ԵԽԽՎ՝ Հայաստանի մասով վերջին «վճռական» բանաձեւում:

Իսկ սույն դատական գործը ձգձգվում է արդեն ամիսներ ու կարծես վերջաբանն էլ չի երեւակվում:

Օրերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվող դատավարությունը վերստին ընդհատվեց: Մինչ այդ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, թե «Վարդաշեն» ՔԿՀ-ից գրություն է ստացվել, որ Շանթ Հարությունյանը վերջին օրերին վատառողջ է եղել, հրաժարվել է սննդից, բուժօգնությունից եւ չի շփվել հիմնարկի աշխատակիցների հետ: Նա հայտնեց նաեւ, որ ՔԿՀ-ի հոգեբուժական բաժանմունքի պետ Գաբրիել Ահարոնյանի կարծիքով, Շ. Հարությունյանի մոտ նկատվում է հոգեկան խանգարում, եւ փորձաքննության կարիք է զգացվում:

Դատավորի այս հայտարարությանը արձագանքեց Սուրեն Սիրունյանը, ով նշեց, որ ինքը Շ. Հարությունյանի հետ գտնվել է միեւնույն խցում եւ նման բաներ չի նկատել, հետո հավելեց, թե հոգեկան հիվանդները նրանք են, ովքեր փորձում են Շանթին հիվանդ ներկայացնել: Ս. Սիրունյանը միջնորդություն ներկայացրեց, որ ամբաստանյալը ստացիոնար բուժում ստանա հարազատների ներկայությամբ, քանզի չի վստահում ՔԿՀ աշխատակիցներին:

Դատավոր Մ. Մարտիրոսյանը առանձնանալով «խորհրդակցական սենյակում», այնուհետեւ հայտարարեց, թե Շ. Հարությունյանի մասով գործի վարույթը ժամանակավորապես, մինչեւ ապաքինումը կասեցվում է եւ նրա նկատմամբ նշանակվում է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, որովհետեւ դատավորի ենթադրությամբ՝ հնարավոր է, որ ամբաստանյալը տառապում է հոգեկան հիվանդությամբ կամ այլ ծանր հիվանդությամբ:

Արդարադատության նախարարության ՔԿՀ-ների հասարակական վերահսկողության դիտորդների խումբը եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի հ/կ-ներ նույնպես տեղեկացվել էին Շանթ Հարությունյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին: «Վարդաշեն» ՔԿՀ-ի տնօրենի պաշտոնակատար Վարուժան Եղիազարյանը վստահեցրել է, որ Շ. Հարությունյանի նկատմամբ որեւէ ճնշում չի եղել: Ինքը՝ Շ. Հարությունյանը նույնպես հայտնել է, որ հիմնարկի տնօրինությունից որեւէ բողոք չունի, եւ դժգոհությունը կապված է իր քաղաքական հայացքների համար իրեն անհիմն ազատազրկելու հետ:

Հիշեցնենք, որ «7-ի գործ»-ի վերջին դատավարության ընթացքում Շանթ Հարությունյանը դժվարությամբ էր կանգնում ոտքի վրա եւ դատարանում հայտարարեց, որ եթե իր ընտանիքի, երեխայի, քրոջ կամ կնոջ հետ որեւէ բան պատահի, ապա դա ՌԴ հատուկ ծառայությունների ձեռքի գործն է լինելու: Շ. Հարությունյանի նկատմամբ սահմանվել է շուրջօրյա հսկողություն, արդեն ձեռնարկվել են միջոցներ՝ հոգեբուժական հետազոտություններ իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնել է ՔԿՀ-ի վարչության պետի մամլո խոսնակ Արսեն Բաբայանը:

Ի դեպ, այս կապակցությամբ ՔԿՀ այցելած իրավապաշտպանները հայտարարել են, թե ՔԿՀ-ում հանդիպել են նաեւ ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի հետ: Նրանք պարզել են, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում Ս. Հացպանյանի գտնվելու ընթացքում նրան բազմաթիվ նամակներ են ուղարկվել, սակայն դրանք հասցեատիրոջը չեն հանձնել: Ս. Հացպանյանի գրած նամակները նույնպես հասցեատերերին չեն հասել:

Ինչ մնում է դատավարության հետագա ընթացքին, պետք է նշենք, որ այն դեռեւս խաթարված է, քանզի պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները հիմնականում մերժվում են, իսկ մեղադրող կողմն էլ չի ցանկանում զիջումների գնալ: Երկու կողմերի բանավեճի հետեւանքով 5 ամբաստանյալներ՝ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Սասուն Միքայելյանը եւ Սուրեն Սիրունյանը սուր ու վիրավորական արտահայտություններ արեցին դատավորի հասցեին, ով էլ որոշում կայացրեց 10 օրով հեռացնել նրանց դատարանի դահլիճից: Դատարանի դահլիճում մնացած Գրիգոր Ոսկերչյանը հայտարարեց, որ ինքը սովոր չէ վիրավորական խոսքեր ասել, փորձեց դատավորի դահլիճ վերադառնալուց նստած տեղից չկանգնելով արժանանալ դատարանի դահլիճից հեռացման, սակայն ստացավ միայն նախազգուշացում:

Դատավարությունը շարունակվում է մեկ ամբաստանյալով, սակայն Գ. Ոսկերչյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը շարունակում է չմասնակցել նիստին, ուստի դատավոր Մ. Մարտիրոսյանը նրա բացակայությունը համարեց անհարգելի եւ որոշեց փաստաբանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար դիմել Փաստաբանական պալատ՝ նրան պատասխանատվության ենթարկելու առաջարկով: Իսկ Ս. Ոսկանյանը Հայաստանում չէ, մարտի 11-13-ը մեկ այլ պետությունում դատական նիստի պետք է մասնակցի, սակայն, ըստ դատավորի, դատարանին միջնորդություն չի ներկայացրել, որպեսզի դատական նիստը հետաձգվի:

Սակայն, պաշտպանական կողմը պնդում է, որ մարտի 10-ին ժամը 12:10-ին, մեկ այլ մեղադրվողի՝ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը դատական նիստերի քարտուղարին է հանձնել պաշտպան Ս. Ոսկանյանի կողմից նույն օրը ստորագրված դիմումն այն մասին, որ նա մեկ այլ պետությունում, մարտի 11-13-ը, մեկ այլ քրեական գործով նախապես նշանակված դատական նիստին որպես պաշտպան մասնակցելու նպատակով բացակայելու է Հայաստանից, ուստի խնդրել է հետաձգել դատական նիստը եւ այն նշանակել մեկ այլ օր:

Հիշյալ հանգամանքը հավաստող ապացույցներ ներկայացվեցին հաջորդ դատական նիստում: Ներկա էր նաեւ փաստաբան Ս. Ոսկանյանը: Իսկ ներկա միակ ամբաստանյալ Գ. Ոսկերչյանն այս անգամ էլ ոտքի չկանգնեց դատավորի ներս մտնելուց, սակայն կրկին չհեռացվեց դահլիճից: Դատավոր Մ Մարտիրոսյանը բավարարվեց զգուշացում տալով: Նա վերահաստատեց իր որոշումը՝ փաստաբան Ս. Ոսկանյանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առումով եւ չլսեց անգամ ամբաստանյալի եւ պաշտպան Հովիկ Արսենյանի հայտարարությունները: Նիստը կրկին հետաձգվեց, այս անգամ Գ. Ոսկերչյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 9 (95), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։