Թռուցիկապայքար

Օրերս մի խումբ երիտասարդներ Երեւանում թռուցիկներ էին փակցրել, որոնց վրա տարբեր բուհերի դասախոսների նկարներ էին, իսկ տակը գրած էր՝ կաշառակեր:

Ճիշտ այդպես, մի ժամանակ առաջ պայքարում էին հասարակական ու քաղաքական մի շարք ուժեր, որոնք իրենց բողոքն էին հայտնում աղանդների ապազգային գործունեության դեմ եւ անբարո տարբեր երեւույթների նկատմամբ: Այս պայքարի մեջ ամենաեռանդունը «Մեկ ազգ» կուսակցությունն էր: Սակայն, կարծես թե այդ ձեւի ՕԳԳ-ն այնքան էլ արդյունավետ չեղավ, եւ այդ թռուցիկները հետզհետե անհետացան մայրաքաղաքի տարբեր շինությունների պատերից ու սյուների վրայից:

Իսկ այժմ, մի նոր թռուցիկապայքարային ալիք է առաջացել, որն իր թիրախն ընտրել է կաշառակերությունը: Այս շարժումը որդեգրել է «Միասին» անունը եւ իրեն հայտարարում է երիտասարդական շարժում՝ «որը սկսել է կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր Երեւանի մի շարք բուհերում: Ծրագրի նպատակն է բուհերի ուսանողության ուժերով վեր հանել բուհերում տեղի ունեցող բոլոր կոռուպցիոն երեւույթները եւ հրապարակել բոլոր կոռումպացված դասախոսների, ինչպես նաեւ ուսանողների ու բուհերի աշխատակիցների անունները»:

Նպատակներն իսկապես արդար են եւ արդիական: Գուցե ձեւն է վտանգավոր, քանզի հնարավոր է «թացն ու չորը» խառնվեն այս պայքարի ընթացքում: Հուսանք, որ նախաձեռնողներն անհատական վրիժառուական փոքրոգի քայլերի չեն գնա: Չնայած արդեն բազմաթիվ դասախոսներ իրենց բողոքն ու վրդովմունքն են հայտնել այս «ակցիայի» դեմ, քանզի այդ դասախոսներից ոմանց նկարները նույնպես փակցված են եղել…

Իհարկե, մեր կրթական համակարգը «ամենակաշառակեր» բնագավառներից է, գուցե ավելի՝ քան առողջապահական ոլորտը, եւ հարվածը, կարծես, ճիշտ տեղին է հասցվել, խոսքը բնագավառի մասին է (անհատների հարցը լուրջ հետաքննության նյութ է): Այս առումով «Միասին»-ականներն ասում են. «Կրթական համակարգում գործող կոռուպցիան նպաստում է մյուս բոլոր համակարգերում դրա ձեւավորմանը՝ այն պարզ պատճառով, որ մեր կրթական համակարգն արտադրում է կոռումպացված կադրեր այլ համակարգերի համար»: Ինչ խոսք, տրամաբանված փաստարկ է, եւ այսօր դրա ականատեսն ենք բոլորս:

Եթե մի կողմ թողնենք երիտասարդ պայքարողների եւ փորձառու դասախոսների հակադիր «երկխոսությունը», առաջնորդվենք միայն մեր տեսածով ու լսածով, ապա ակնհայտ է, որ մեր բուհական խոտանը այսօր հայկական մտավորական ու պետական (նաեւ՝ կուսակցական) էլիտան է դարձել ու երկրաքանդ ու ազգաքանդ գործունեություն է ծավալել նմաններին հատուկ լղոզվածությամբ, մտավոռականությամբ եւ ծառայամտությամբ…

Իհարկե, բուհերի պատասխանատուները, հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչները այլ կարծիքի են, ոմանք կարծում են, որ «այս մեթոդով չեն պայքարում կաշառակերության դեմ» եւ այս ձեւը համարում են «զրպարտության դասական տարբերակ»: Ավելին՝ «ամենամյա սոցհարցումների ժամանակ ոչ մի ուսանող դժգոհություն չի հայտնել», – զարմանում են նրանք՝ հավելելով իհարկե, որ «չեն ժխտում, որ կաշառակերություն երեւույթ կա բուհերում, բայց դրա համար պայքարի ավելի արդյունավետ միջոցներ պիտի ընտրել, ոչ թե մարդու նկարը կպցնել ողջ քաղաքում՝ առանց ապացույցի: Դա բավականին լուրջ մեղադրանք է, քրեորեն պատժելի»:

Հետաքրքիր է, այդ «ավելի արդյունավետ միջոցները» մինչեւ այսօր ինչու՞ չեն գտել իրենք, չեն փորձե՞լ, թե՞ իրենք էլ են թաթախված «չենք ժխտում, որ կաշառակերություն երեւույթ կա բուհերում» գործընթացի մեջ… Այո, մենք էլ կմեղադրենք (եւ վերեւում էլ նշեցինք), եթե նեղանձնական վրեժի պայքարի վերածվի այս լուրջ խնդիրը, սակայն ո՞ր ուսանողը սիրտ կանի «բռնել տալ» դասախոսին: Ախր դրանից հետո նա միանգամից պիտի խաչ քաշի իր հետագա ուսման վրա: Գուցե ոչ միանգամից, բայց… հաստատ:

Ուստի, դասախոսները իրե՛նք պիտի արդյունավետ միջոցները նշեն, ոչ թե սպասեն՝ թե ով է առաջարկելու: Օրինակ՝ նրանք նկատել են, որ «մյուս կողմից՝ կաշառակերության հարցում չսովորող ուսանողները եւս իրենց մեղքն ունեն, քանի որ կաշառք վերցվում է միայն երկու կողմի համաձայնության դեպքում»: Այո՛, շատ ճիշտ է, ուրեմն թող այդ դասախոսն էլ բարի լինի բռնել կաշառատու ուսանողի ձեռքը եւ «բռնել տալ» իրեն կաշառակերության մղողին…

Ինչեւէ, այս «խմորը դեռ շատ ջուր կքաշի»: Իսկ եթե գտնվեն ուժեր, որ որոշեն հանրապետական մակարդակի պայքար տանել, ապա ոչ միայն Երեւանի, այլեւ ամբողջ երկրի պատերը կողողվեն նկարներով՝ ամենաչնչին չինովնիկի նկարից մինչեւ երկրի նախագահ, քանզի մեկը մյուսով են ապրում ու գործում…

Ուստի՝ թռուցիկակաշառապայքարային այս մի ալիքն էլ կանցնի-կգնա…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 9 (95), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։