Երկակիությունը երկվությու՞ն է

ԼՂՀ-ի մասով ԱՄՆ-ի պետքարտուղարության հերթական զեկույցից հետո մի պահ կրքերը բորբոքվեցին, որովհետեւ ամերիկացիները կրկին օգտագործել էին «օկուպացիա» տերմինը: Եվ դա կիրառել էին ոչ միայն ազատագրված տարածքների համար, այլեւ՝ բուն Արցախ-ԼՂՀ-ի: Հետո, ինչպես միշտ, «Բուշի վարսավիր» անունով հայտնի Մեթյու Բրայզան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, հայտարարեց, թե հայերը լավ չեն հասկացել ԱՄՆ-ի դիրքորոշումը…

Սակայն, սա այլեւս ծիծաղելի չէ: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԱՄՆ պետքարտուղարը փորձում է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հատկացումը «փոխանակել» ցեղասպանության բանաձեի չքննարկման հետ… ապա հասկանալի է դառնում՝ ԱՄՆ-ի երկակիությունը խրոնիկ հիվանդություն է:

Անի Մարության

Իր հոնքերն ուղղեց ուրիշների աչքերի հաշվին

ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) հայտարարել է, որ պատրաստվում է գնել 1,2 տրլն դոլար արժողությամբ պետտուրքեր՝ աջակցելու համար վարկերի հոսքերին եւ տնտեսության կենդանացմանը: ԴՊՀ ներկայացուցիչները հայտնել են, որ ԱՄՆ-ի ԿԲ-ն սկսում է գնել պետական երկարատեւ պարտատոմսեր՝ միաժամանակ աշխուժացնելով հիփոթեքային փոխառությունների արժեթղթերի ձեռքբերումը: Ի դեպ, ԴՊՀ-ն կթողարկի 300 մլրդ դոլարի ԱՄՆ պետական արժեթղթեր: ԿԲ-ի այս նորությունները արդեն նպաստել են ամերիկյան բորսային ինդեքսների աճին: Անգլիայի բանկն, օրինակ, սկսել է գնել պետական պարտատոմսերը՝ տնտեսությունում հավելյալ ֆինանսական միջոցների ներհոսք ապահովելով: Դաշնային պահուստային համակարգը նաեւ հավելյալ 750 մլրդ դոլար կհատկացնի՝ հիփոթեքային փոխառությունների արժեթղթեր գնելու համար: Ստացվում է՝ ճգնաժամից ԱՄՆ-ն շատ արագ դուրս կգա, իսկ հետեւանքները կկրեն շատ վարկեր վերցրած մեզ նման փոքր երկրները:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 10 (96), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։