Հայկական երկաթուղու կառավարիչը չպատժվեց

Հայկական երկաթուղու խնդրին մենք բազմիցս անդրադարձել ենք՝ նշելով, թե ինչպես է դրա կառավարիչ «Հարավկովկասյան երկաթուղին» ներդրումները «թղթին սարքում»: Նախորդ տարի, երբ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն ամփոփում էր 2008թ., հարցրի նրան. «Կառավարիչը 1 էլեկտրաքարշի վերանորոգումը միլիոնավոր դոլարներ է «նստացրել» մեզ վրա: Դա ակնհայտորեն փողերի լվացում է: Ի՞նչ է մտածում պետական լիազոր մարմինը եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու»: Նախարարը պատասխանեց. «Երկաթուղու կառավարչի կողմից կատարված ներդրումների, աշխատանքների հետ կապված մոնիտորինգ եւ վերահսկողություն իրականացնելու նպատակով նախարարությունում ստեղծվում է հատուկ ստորաբաժանում: Մենք այդ ամենը մանրամասն ուսումնասիրելու ենք եւ դեռ անդրադառնալու ենք դուրս տված գումարների ձեւին ու չափին»: Տրանսպորտի նախարարը խոստացածն արեց՝ ուսումնասիրեց եւ անդրադարձավ: Եվ անդրադարձը այն էր, ինչ մենք կանխատեսել էինք: Այն է՝ «Հարավկովկոսյան երկաթուղին» չկատարած ու նկարած ներդրումների համար չի պատժվելու: Իսկ ճիշտ կանխատեսելու համար պայծառատեսության անհրաժեշտություն ամենեւին չկար, որովհետեւ ներկայիս Հայաստան պետությունը երբեւէ չի պատժում իր երկրի տարածքում խախտումներով գործող ներդողներին:

Այսպես, այս տարվա ասուլիսում նախարար Գուրգեն Սարգսյանը չի ժխտում, որ նախարարության մասնագետները մանրամասն ուսումնասիրել են ընկերության 2008թ. հաշվետվությունը եւ եզրակացրել, որ ներդրումները կազմել են պայմանագրով նախատեսվածի 30%-ը. «Համապատասխան ծախսեր չեն կատարվել ներդրումային ծրագրով: Մասնավորապես, նախատեսված են եղել ներդրումներ գծերի վերանորոգման, գծերի փոխարինման համար, որոնք չեն կատարվել: Բացի այդ, նախատեսված է եղել էլեկտրաքարշերի ձեռք բերում եւ դրանց վերանորոգում, սակայն վերանորոգվել է ընդամենը 4 էլեկտրաքարշ: Այսինքն՝ նախատեսված ներդրումային ծրագրից շեղումներ են եղել, եւ 12 մլրդ դրամից նպատակային ներդրվել է ընդամենը 30%-ը՝ 3,5 մլրդ դրամ»:

Այսքանից հետո նախարարն ասում է, որ կառավարիչը չի պատժվի: Հավելեմ. կառավարիչը մեզ մե՜ծ լավություն է արել, որոշել է այս տարի կատարել չկատարած ներդրումները: «Հարավկովկասյան երկաթուղու» նոր ղեկավարության հետ բանակցություններ են վարվել, որպեսզի նախորդ տարվա բացթողումները լրացվեն այս տարվա ներդրումային ծրագրի հետ մեկտեղ: Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նաեւ ՀՀ վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինին»,-ասում է Գ. Սարգսյանը:

Ի՞նչ անի նախարարը, վարչապետն է այդպես որոշել: Իսկ ի՞նչ անի վարչապետը: Հենց թպրտացինք, Ռուսաստանը մի 100 մլն-ի դիմաց էլ կվերցնի ինչ ունենք-չունենք ու՝ վերջ… Մի բան էլ երեւի վարչապետն է Լեւիտինին համոզել, թե՝ խնդրում ենք, գոնե այս տարի արեք ձեր ներդրումները:

Չարախնդալու իսկապես ժամանակը չէ, բայց այլ բան անել չի մնում՝ բառիս բուն իմաստով լացելուց բացի: Որովհետեւ ուզում ես արժանապատիվ ապրել ու չես կարողանում: Որովհետեւ միայն դրա համար սեփական ցանկությունը քիչ է, դա պիտի բաժնի պետն ուզի, վարչության պետը, նախարարն ուզի ու վարչապետը…

Այսքանից հետո արդեն ամենեւին հետաքրքրիր չէ, թե ինչ է ծրագրել Հայկական երկաթուղու կառավարիչը այս տարվա համար: Ծրագրելը դեռ անել չէ: Մանավանդ, որ շատ բան հիմա քողարկվում է համաշխարհային ճգնաժամով…

Աստղինե Քարամյան

Ինչքա՞ն կարժենա Իրան-Հայաստան երկաթգիծը

Իրան-Հայաստան երկաթուղու մասին վերջին երկու տարիներին անընդհատ խոսվում էր, բայց գործնական ոչինչ չէր արվում: Եվ նոր-նոր է նախագիծը մտնում այդ փուլ: Ինչպես տեղեկացրել է տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը կազմելու համար գումար կհատկացնի Ասիական զարգացման բանկը: Վերջինիս ստորաբաժանման ղեկավարության հետ հայկական կողմը վերջերս է այդ ուղղությամբ քննարկում իրականացրել, եւ բանկը պատրաստակամություն է հայտնել տրամադրել այդ գումարը: Եվ, ինչպես ասել է Գ. Սարգսյանը, միայն այդ աշխատանքների ավարտից հետո կպարզվի, թե ինչքան կարժենա երկաթուղու կառուցումը:

Հիշեցնենք, որ հայ մասնագետները ժամանակին այս ուղղությամբ ուսումնասիրություններ արել են: Նախանշվել են երկաթուղու կառուցման երեք տարբերակներ, որոնցից առավել նախընտրելի
է Մեղրիից դեպի Սեւան ձգվողը:

Տեղեկացնենք նաեւ, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար հայկական կողմը բանակցություններ է վարում իրանական, ռուսական կողմերի եւ Համաշխարհային բանկի հետ:

Պարզ է դառնում, որ Ռուսաստանը տարածաշրջանային ոչ մի ծրագիր իր տեսողությունից ակնթարթ անգամ դուրս չի թողնի:

Ավելին՝ նա երկաթուղու ծրագիրը չմեկնարկած՝ թաթը պինդ կդնի ու չի թողնի, որ որեւէ մեկը մոտենա դրան: Ինչպես նա դա արեց Իրան-Հայաստան գազատարի պարագայում. երբ ստիպեց գազամուղի տարողունակությունը փոքրացնել՝ տարանցիկության հնարավորությունը հնարավորինս չեզոքացնելով…

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 10 (96), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։