Երեւանի քաղաքապետը՝ որպես ՀՀ տեղային նախագահ

Երեւանի ավագանու, նույնինքը քաղաքապետի ընտրությունն, ըստ երեւույթին, դառնալու է ՀՀ նախագահի ընտրության տեղային տարբերակը: Տեղային լինելով հանդերձ՝ Երեւանի ավագանու ընտրությունը կարեւոր է ոչ միայն այն առումով, որ Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է, այլեւ՝ այն բանի համար, որ Երեւանում է բնակվում ՀՀ ընտրողների 1/3-րդ-ից ավելին:

Իսկ եթե ավելի իրատեսորեն նայենք այս հարցին, ապա ներկայումս Երեւանում է բնակվում մեր հանրապետության բնակչության կեսը, քանզի ընտրողների մի մեծ զանգված արտերկրում է:

ՀՀԿ-ի ընտրացուցակի առաջին եւ երկրորդ համարները վաղուց հայտնի էին՝ Գագիկ Բեգլարյանը՝ Երեւանի նորանշանակ քաղաքապետ (նախկինում Կենտրոն համայնքի թաղապետ) եւ Տարոն Մարգարյանը (Ավան համայնքի թաղապետ): Պարզ է նաեւ, որ իշխանական կոալիցիան առանձին-առանձին է գնալու ընտրության: Եվ ահա, ԲՀԿ-ն իր ընտրացուցակի թիվ մեկ համար է գրանցում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: ՀՅԴ-ի ընտրացուցակը կգլխավորի ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իսկ ՕԵԿ-ի ընտրապայքարի առաջնորդը, ինչպես այլ հարցերում՝ ըստ ամենայնի կլինի ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Իշխանության անհամախմբվածության օրինակը վարակեց նաեւ ընդդիմությանը, եւ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը նույնպես առանձին-առանձին կգնան ընտրության: «Ժառանգություն» կուսակցության առաջարկը ՀԱԿ-ին՝ միասնաբար գնալու Երեւանի ավագանու ընտրությանը, առավելապես միասնաբար չգնալու առաջարկ է եղել, քան թե՝ միասնաբար գնալու: Ըստ տեղեկատվության, այդ միասնական ցուցակի առաջին եռյակը պիտի այս տեսքն ունենար՝ 1. Արմեն Մարտիրոսյան (ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, 2. Լեւոն Տեր-Պետրոսյան՝ (ՀԱԿ առաջնորդ) եւ Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն» կուսակցության առաջնորդ): Հասկանալի էր, որ ՀՀ նախագահի թեկնածու եղած եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հետո երկրորդ արդյունքը ցույց տված Լ. Տեր-Պետրոսյանը չէր կարող համաձայնել այդ առաջարկին: Եթե նա համաձայնվեր էլ, նրա կուսակիցները չէին հասկանա դա: Եվ ահա, ՀԱԿ-ը որոշեց առանձին թիմով գնալ ընտրության, եւ ընտրացուցակը կգլխավորի հենց ՀՀ 1-ին նախագահը: Երկրորդը Ստեփան Դեմիրճյանն է (ՀԺԿ նախագահ), ում էլ, ըստ երեւույթին, կհանձնի քաղաքապետական աթոռը Լ. Տեր-Պետրոսյանը, եթե իհարկե, ՀԱԿ-ը հաղթի ընտրություններում: Դե հասկանալի է, որ «Ժառանգության» ընտրացուցակն էլ կգլխավորի Ա. Մարտիրոսյանը, չնայած այս կուսակցությունից խոսակցություններ են արտահոսել, թե հնարավոր է «Ժառանգություն»-ը վերստին փորձի ՀԱԿ-ի հետ միասնական ընտրացուցակ կազմել: Սրան գուցե նպաստի այն հանգամանքը, որ ՀԱԿ-ի անդամներ Հայ կամավորականների համախմբումն ընտրացուցակում իր բոլոր հասանելիք տեղերն է զիջել «Ժառանգությանը», իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ տեղերի կեսը: Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաեւ Ժողովրդական կուսակցությունը, որի նախագահ Տիգրան Կարապետյանն ինքը կգլխավորի ընտրացուցակը:

Մնում է սպասել, թե մինչեւ մայիսի 31-ը ինչ «կոմբինացիաներ» կամ «վարիացիաներ» կառաջադրի իրավիճակը եւ ովքեր իրականում կհավակնեն մայրաքաղաքի ղեկավարի եւ ավագանու պաշտոններին:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 10 (96), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։