Հայաստանը արտաքին պարտքեր է կուտակում

Վերջին մեկ ամսում Հայաստանն արտաքին պարտքն ավելացրեց ավելի քան 1 մլրդ դոլարով, ինչի մասին մանրամասն տեղեկացրել ենք: Շատ տնտեսագետներ դա համարում են վտանգավոր, շատերը՝ ոչ: Ո՞րն է իրական պատասխանը, այդքան պարտքեր կուտակելով ինչքանո՞վ է մեր երկիրը ապահովագրված տնտեսական վայրիվերումներից: Ըստ որոշ մասնագիտական գնահատականների, մեր երկրի համար այսչափ արտաքին պարտքը կարող է տնտեսության համար լուրջ սպառնալիք դառնալ:

Ի՞նչ կարծիք ունի այս հարցի մասին ՀՅԴ-ն: Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի, «թեեւ ներքին ու արտաքին պարտքերի որոշակի ծավալի առկայությունը իսկապես կարող է վտանգել երկրի տնտեսության անվտանգությունը, սակայն տնտեսական ճգնաժամով թելադրվող այդ նույն իրողությունը այլ խնդիրներ է առաջ բերում»: Ներկայում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ վարկային միջոցների ներգրավումը կարեւորագույն պայման են տնտեսության առջեւ ծագած խնդիրները լուծելու համար. «Այս պահին ավելի մեծ վարկային ծավալների ներգրավումը օգտակար կլինի՝ ելնելով տնտեսական քաղաքականության եւ համախառն պահանջարկից: Մենք խնդիրներ ունենք առեւտրի հաշվեկշռի առումով՝ ներմուծումը շուրջ 4 անգամ գերազանցում է արտահանմանը: Կան նաեւ տրանսֆերտների հետ կապված խնդիրներ, ինչից մեծապես կախված է երկրի տնտեսությունը»:

Ուզում ենք հարցնել իշխանության կազմում գտնվող եւ իրեն ազգայնական համարող կուսակցությանը. իսկ ինչու՞ պիտի մեր երկրի տնտեսությունը այնքան կախված լիներ տրանսֆերտներից, որ հիմա… Այնքա՜ն անիմաստ է այս հարցը ուղղելը: Եվ ոչ միայն դաշնակցությանը… Հետեւենք Ա. Նռանյանի հետագա գնահատականներին. միջազգային կազմակերպությունների կողմից (ԱՄՀ, ՀԲ) Հայաստանին հատկացվող վարկերը վկայում են այն մասին, որ, որպես միջազգային շուկայի անդամ երկիր, Հայաստանը բավական պարտաճանաչ է իր պարտավորությունների կատարման հարցում:

Նրա խոսքերով, պետք է վախենալ ոչ թե արտաքին պարտքից, այլ աղքատ մնալուց եւ չզարգացող տնտեսություն ունենալուց: Ա. Նռանյանը համոզված է, որ «ստացված վարկերը արդյունավետ օգտագործելու պարագայում շուրջ 3-4 տարվա ընթացքում այդ գումարները արդեն վերադառնալու են ակտիվ տնտեսություն եւ արտահայտվելու են բյուջեի մեջ, ինչպես նաեւ բնակչության առօրյա կյանքում»: Այ, այս մի նկատառումը ճիշտ էր. «արդյունավետ օգտագործելու պարագայում»:

Որ արտաքին պարտքը սարսափելի երեւույթ չէ, համոզված է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը. այն (արտաքին պարտքը) առկա է բոլոր երկրներում էլ, սակայն 20-25% ՀՆԱի հանդեպ պարտքի կուտակումը կարող է արդեն սպառնալիք դառնալ երկրի տնտեսության համար: Բայց տնտեսագետը ելք է մատնանշում. դիվերսիֆիկացնել վարկային աղբյուրները. միայն ա՛յդ պարագայում կարելի է խուսափել բացասական երեւույթներից:

Տնտեսության արտաքին հատվածում որպես սպառնալիք Թ. Մանասերյանը մատնանշեց այլ բան՝ ներմուծման եւ արտահանման հարաբերակցությունը, ինչը հանգեցնում է տեղական արտադրության կրճատմանը: Դրամի արժեզրկումը որոշակիորեն կարող է նպաստել տնտեսության աշխուժացմանը, իմա՝ արտահանման կարողությունների զարգացմանը ի հաշիվ տեղական արտադրության զարգացման:

Ներկայացնենք ԿԲ տնտեսական վերլուծության եւ քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանի տեսակետը: Ըստ այդմ, արտահանումը զգալի ծավալներով զիջում է ներմուծմանը, ինչը ենթադրում է տնտեսության մեջ տրանսֆերտների եւ հետզհետե նաեւ՝ եկամուտների նվազում: Հարկ է ամեն ինչ անել, որ համախառն երկամուտների մակարդակը տնտեսությունում անկում չապրի:

Վ. Վարդանյանի համոզմամբ, «տնտեսության մեջ եկամուտների մակարդակի անկումը ուղղակի ազդեցություն է ունենում նաեւ ֆինանսական համակարգի վրա», թեեւ, ըստ նրա, մեր երկրի ֆինանսական համակարգը, հարեւան եւ ԱՊՀ երկրների համեմատ, բավական կայուն է, կապիտալացված եւ իրացվելի: Եկամուտների անկումը տնտեսության մեջ կարող է բանկերի համար որոշակի կորուստների հանգեցնել:

Ուստի այս տեսանկյունից կարեւորում է վարկերի ներգրավումը այս պահի դրությամբ, եւ այն շատ կարեւոր է տնտեսության աճի նվազման տեմպերը կանխելու եւ ֆինանսական համակարգը կայուն պահելու համար»: ԿԲ վարչության պետը լավատես է. այս պահին քննարկման ենթակա բոլոր վարկերը, բացառությամբ ԱՄՀ-ի վարկի, երկարաժամկետ են եւ արտոնյալ պայմաններով, ինչը թեթեւացնում է վարկի վերադարձման բեռը:

Հարց է ծագում՝ եթե մեր բանկերը իրացվելիության խնդիր չունեն, ապա ինչու՞ վարկեր չեն տրամադրում: «Մեր առեւտրային
բանկերը այս պահին էլ վարկ տրամադրելու խնդիր չունեն, պարզապես նրանք ավելի զգուշավոր եւ խստապահանջ են դարձել վարկ տրամադրելու գործընթացի նկատմամբ»:

Մեկնաբանություններն ավելորդ են՝ բանկն է ու իր գումարը, կուզի կտա, կուզի՝ ոչ:

ԿԲ-ն կարծում է, որ Հայաստանն այն քիչ երկրներից է, որն «ունի ցածր պարտք»: 2008թ. տվյալներով՝ մեր արտաքին պարտքը ՀՆԱ-ում կազմում է 13,2%, որը կազմում է 1 մլրդ 450 մլն դրամ: 2009թ. այդ պարտքը չի գերազանցելու 20-22%-ը:

Մխիթարական մի բան էլ կա. ըստ ԿԲ-ի՝ իհարկե: Աշխարհում պարտք ունեցող երկրները բազմաթիվ են, եւ միայն 40-45% ազգային պարտք ունեցող երկրներն են համարվում պարտք ունեցող երկրներ:

Ցայսօր ԿԲ-ի իրապես ղեկավար ու վարչապետ Տիգրան Սարգսյանը մոռանում է, սակայն, մի բան. այդ երկրները չունեն Հայաստանի քաղաքական խնդիրները…

Ով ով, գոնե երկրի վարչապետը, որ անընդհատ խոսում է «հայկական աշխարհ»-ի մասին, պետք է հասկանա, թե դա ինչ է նշանակում:

Հակառակ պարագայում մնում է հարցնել՝ իսկ ո՞րն է Տիգրան Սարգսյանի պատկերացրած «հայկական աշխարհը»…

Աստղինե Քարամյան

Նավթային խաղաքարտեր

ՕՊԷՔ-ը նավթի արդյունահանումը կթողնի նախկին մակարդակին. այսպիսի որոշում են կայացրել կառույցի անդամ երկրները: Սրանք պայմանավորվել են մինչեւ մայիսի 28-ը նավթի արդյունահանման մակարդակը թողնել նախկին մակարդակին:

Այս մասին Ավստրիայի մայրաքաղաքում հայտարարել է Իրաքի նավթի նախարար Հուսեյն ալ Շահրիստանին: Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանից ՕՊԷՔ-ը որոշել էր «սեւ ոսկու» արդյունահանման ծավալները նվազեցնել: 2008թ. սեպտեմբերի համեմատ, նավթային բլոկն արդյունահանման ծավալը նվազեցրել է օրական 4,2 մլն բարելով:

Տեղեկացնենք, որ ընդհանրապես Էներգակիրների գների անկման պատճառով ՕՊԷՔ-ը դադարեցրել կամ ընդհանրապես հետաձգել է նավթի ու գազի արդյունահանման բնագավառի 35 խոշոր նախագծերի իրացումը:

ՕՊԷՔ-ի անդամ երկրները ներկայումս օրական 28,03 մլն բարել նավթ են մատակարարում համաշխարհային շուկային:

Գոհար Վանեսյան

Տպագիր մամուլի ճակատագիրը

Հայաստանյան տպագիր մամուլը միշտ անհանգիստ է. յուրաքանչյուր թանկացման համապատկերում ինչպես են փոխվում բեռնափոխադրումների սակագները, ով ինչ գնով է լրագրական թուղթ ներկրում, ինչ կարժենա թերթի տպագրության ծախսը եւ այլն:

Օրերս լուրեր էին շրջանառվում, թե լրագրային թուղթը կարող է թանկանալ եւ, հասկանալի է, որ այդ պարագայում թանկանալու էր նաեւ թերթերի տպագրական ծախսը: Փորձեցինք որոշ ճշգրտումներ անել «Տիգրան Մեծ» հրատարակչությունից (որտեղ տպագրվում է «Լուսանցք»-ը) եւ «Տիգրան Մեծ»-ի թղթի մատակարար «Մոբտրանս» ՍՊԸ-ից:

Ինչպես տեղեկացրեց «Տիգրան Մեծ»-ի գլխավոր հաշվապահը, այս տարի իրենք լրագրային թուղթ են ստացել 1 վագոնը 8700 դոլարով (1 վագոնը մոտավորապես 50 տոննա է): Եվ եթե դարձյալ թանկացումներ լինեն, ապա տպարանը ստիպված թանկացնելու է թերթերի տպագրական ծախսը: Հեռախոսով կապվեցինք «Մոբտրանս»-ի տնօրեն Գրիգոր Ղահրամանովին: Եվ նրա պատասխանը մեզ գոնե առայժմ ստիպեց հանգիստ շունչ քաշել: Այն է՝ վագոնի տեղափոխման ծախսը էժանացել է 400 դոլարով (խոսքը վերաբերում է մարտի 1-ից հետո դուրս եկած վագոններին): Այդ մասին իրեն տեղյակ են պահել ուկրաինական լաստանավային ընկերությունից: Էժանացումն էլ, իր հերթին, ուկրաինական կողմը բացատրել է նավթի էժանացման եւ բեռնափոխադրումների ծավալների նվազման գործոններով:

Ի դեպ, 2008թ. սեպտեմբեր-դեկտեմբերին «Տիգրան Մեծ»-ը 1 վագոն թուղթը ստացել է 8500 դոլարով, իսկ արդեն այս տարեսկզբին, ինչպես նշեցինք՝ 8700 դոլար է եղել: Գ. Ղահրամանովը դա բացատրեց ոչ թե թանկացմամբ, այլ՝ դրամի նկատմամբ դոլարի արժեվորմամբ:

Այս դեպքում մնում է զարմանալ. 2008թ. ամբողջ ընթացքում 1 դոլարն արժեցել է 300.5-310 դրամ, բայց 2008թ. հունվար-մարտ- ին 1 վագոն թղթի տեղափոխման ծախսն արժեցել է 6600 դոլար, իսկ նույն տարվա սեպտեմբեր-դեկտեմբերին՝ 8500 դոլար… Ինչու՞: Սա հարց է, որ բնավ էլ հռետորական չէ:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 10 (96), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։