Հայաստանը՝ դեպի Արեւելք եւ Արեւմուտք կողմնորոշումների թոհուբոհում

Հայտնի փաստ է՝ Հայկական լեռնաշխարհը ի վերուստ տրված արարչատու բնական դրվածքով Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկն է, առանցքային տեղ է գրավում աշխարհի այդ կողմերում՝ չլինելով ոչ զուտ Արեւելք եւ ոչ էլ զուտ Արեւմուտք: Դա վերաբերում է նաեւ Լեռնաշխարհում ապրող մարդատեսակին՝ Հային ու նրա կեցությանը. Հայը մարդկային տեսակներում առանցքային մարդատեսակն է (այդպիսին է նրա՝ ի վերուստ տրված մարդկային առաքելությունը), իսկ նրա կեցութաձեւը՝ առանցքային կեցութաձեւը (տիպականը, օրինակելին) մարդկային բազմազան կեցութաձեւերի մեջ: Բայց դա այդպես է եղել երկրային կյանքի տիեզերական տարվա (պարբերությունը 10-12 հազ երկրային տարի է, որը սկսվում է Վահագնի ծնունդով) առաջին երեք եղանակներին՝ գարնանը (հունական դիցաբանական եզրույթով՝ մարդկության պատմության ոսկե դարաշրջանում), ամռանը (արծաթե դարաշրջանում) եւ աշնանը (բրոնզե դարաշրջանում): Ըստ այդմ, երկրային կյանքի տիեզերական ձմռան (հունական եզրույթով՝ երկաթե) դարաշրջանում (շուրջ 3 հազ տարի է տեւում) մարդկային կյանքի «կոորդինատային» համակարգությունը, աշխարհային առանցքով պայմանավորված՝ հավասարակշռությունը խախտվում է, եւ այդ առանցքը իր՝ մերթ մի կողմն է հակվում, մերթ՝ մյուս: Հայը, դուրս գալով ինքն իրենից ու իր բնօրրանից՝ այլոց աշխարհներում է փնտրում իրեն ու իր հայրենիքը (տես մեր էպոսում Փոքր Մհերի հոր եւ մոր ոգիների՝ նրան տված պատվիրանը՝ «Բո՜լ է, բո՜լ է, աշխահով մեկ պտիտ գաս»): Այդտեղից էլ, շուրջ 3 հազ տարի, հայի՝ դեպի Արեւելք ու Արեւմուտք կողմնորոշումները՝ դրանցից բխող համապատասխան հետեւանքներով հանդերձ:

Այնուամենայնիվ, հարցնենք՝ դեպի Արեւե՞լք, թե՞ դեպի Արեւմուտք կողմնորոշումն է մեզ համար նպաստավոր եղել: Այս՝ հայոց կյանքի տիեզերական ձմռանն առաջացած հարցադրումը միշտ էլ հուզել է հայ քաղաքական եւ մշակութային այրերին: Շուրջ 2 հազար տարվա հայոց պատմությունը քննելով՝ գալիս ենք այն եզրակացության, որ այն դեպքում, երբ հայ թագավորական, նախարարական կամ իշխանական վերնախավը երկիրը կառավարել է ելնելով բուն ազգային ավանդական կեցութային հիմքերից ու ուժագծերից, ազգային կյանքի առկա իրական դրվածքից, այդ ամենը պահող-պահպանող հավատքից եւ ունեցել է դրան այս կամ այն չափով նպաստող ու համահունչ՝ արեւելյան (դեպ Իրան-Պարսկաստան, ավելի ուշ Ռուսաստան…), աշխարհի այդ կողմում առաջացած արժեքների կողմնորոշում1՝ հայոց կյանքը հաստատուն ընթացք է ունեցել, հայը պահել-հարստացրել է իր ազգային դեմք-դիմագիծը, իր ազգայն արժեքները: Իսկ երբ հիշատակված նույն ուժերը ուրացել են հային, հայ կյանքը, հայ ազգային արժեքներն ու ավանդույթները, արհամարհել են Արեւելքն ու արեւելյանը եւ, կամա թե ակամա, ընտրել են զուտ արեւմտյան, միշտ արիականության ու սեմականության խառնարան հանդիսացող աշխարհի այդ կողմը, այդ կողմում հա՜ ծնվող-մեռնող կայսրությունները (Մակեդոնական կայսրություն, Հռոմ, Բյուզանդիա, Ամերիկա-Եվրոպա), դրանցում ձեւավորված անբնական աշխարհաքաղաքացիական, ապազգային ու հակաավանդապաշտական արժեքների (հելլենականություն, դրանից ածանցված բյուզանդականություն, ամերիկանիզմ…) կողմնորոշում, հայոց բախտի անիվը միշտ թարս, անբնական ընթացք է ունեցել, երկիրը հազար ու մի կորուստներ է ունեցել: Այս երկրորդի կապակցությամբ Կոստան Զարյանը դիպուկորեն նկատել է. «Հայության դժբախտության մեկն էլ եղած է այն հանգամանքը, որ նա (ավելի ստույգ նրա՝ անձնակենտրոն շահերով առաջնորդվող ապաշնորհ աշխարհիկ ու «հոգեւոր» ղեկավարությունը-Ս.Մ.) ընթացել է մեռնող, հին աշխարհների հետ»: Տակավին միջնադարում՝ 10-րդ դարում հայ հանճարը՝ Նարեկացին էլ է այպանել «հայ» այդ կողմնորոշումը՝ իր «Մատյան»-ում ասելով (տողերում այպանվող «ես»-ը «հայ» ինքնակորույս «ես»-ն է).

Կամենալով (կայսերական «մեծ» ճանապարհներով-Ս.Մ.) ուժգին վազել՝ սուզվեցի սաստկապես,

Անչափելիին ձգտելով (կայսրություններին նմանակելով-Ս.Մ) չկարողացա հասնել իմ չափին,

Փորձելով բարձրանալ մեծագույնին՝ գլորվեցի ցած,

Երկնային ուղուց անդունդ գահավիժեցի,

Զգուշանալով (Պարսկաստանից-Ս.Մ.) առավելապես՝ խիստ (Հռոմ-Բյուզանդիայից-Ս.Մ.) վնասվեցի,

Ուզելով մնալ ամբողջական (Հայոց թագավորությունը պահել-Ս.Մ)՝ մանրապես մասնատվեցի,

Ձախի (Պարսկաստանի-Ս.Մ.) դեմ մրցել կարծելով՝ աջից (Հռոմից, Բյուզանդիայից-Ս.Մ.) գայթեցի,

Երկրորդը փնտրելով՝ առաջինը կորցրի,

Աննշանի (Հռոմի, Բյուզանդիայի-Ս.Մ.) հետեւից գնալով՝ կարեւորից (Պարսկաստանից-Ս.Մ.) զրկվեցի,

Ուխտը (Հռոմի, Բյուզանդիայի հետ-Ս.Մ.) պահել ուզելով՝ դաշինքը (Պարսկաստանի հետ-Ս.Մ.) դրժեցի,

Սովորություններիցս («ինձ» ի վերուստ հատուկ-Ս.Մ.) կտրվելով՝ կորուսիչները (կայսրություններից եկող-Ս.Մ.) գտա,

Փոքրերից (պարսկական վտանգներից-Ս.Մ.) փախչելով՝ մեծամեծերի (կայսերական վտանգներին-Ս.Մ.) մատնվեցի,

Ինչ-որ ես ինքս էի ստեղծել (Հռոմ, Բյուզանդիա-Ս.Մ.) դաժան դատախազ կարգեցի իմ դեմ:

«Մատյան»-ի մեկ այլ դրվագում մեր ամենատեսը, դարձյալ անդրադառնալով նույն ողբերգական թեմային, «իրեն» համարում է կայսերական (բյուզանդական) ճիրաններում «կորստյան մատնված գերի», իսկ կայսերականներին՝ «առյուծների կորյուններ» (այսինքն՝ իբր թե արիածիններ-Ս. Մ.), «որոնք խնդրում են» քրիստոնեական աստծուց «տալու ինձ» (այսինքն՝ հային-Ս.Մ.) իրենց որպես կերակուր, / Խժռելու գազանային ատամներով, / Որպեսզի լցնելով որովայնը մահվան՝/ Այստեղ (Հայաստանում-Ս.Մ.) պարարվածիս քաշեն ու հալեն այնտեղ (կայսրությունում-Ս.Մ.),/ Ուր պահվում են անսպառ մնացորդ մթերքները՝/ Հավիտենապես լափելու համար»: Գալով մեր օրեր՝ նկատենք. նոր «առյուծի կորյունները» (հների ավելի այլասերված տեսակները)՝ ամերիկա-եվրոպական կայսերականները իրենց նոր «աստծուց», հնի ավելի վատթար տեսակից՝ դեմոկրատիա-լիբերալիզմից նույն բանը չե՞ն խնդրում, եւ ի բավարարումն այդ խնդրանքի, մերօրյա «հայի» հետ ավելի վատթարը տեղի չի՞ ունենում (նա կամովին է նույնի՜սկ իրեն գցում «գազանի» երախը…): Մի փոքր ճշգրտում անենք. բանն այն չէ, որ Արեւմուտքը բոլոր առումներով վատ աշխարհ է եղել (ու է) եւ, հետեւաբար, դեպ աշխարհի այդ կողմը հակվող Հայաստանը ինքնաբերաբար նույնպես պետք է վատանար: Իրականում՝ աշխարհի այդ կողմը շատ դրական ուսանելի կողմեր էլ է ունեցել ու ունի: Բայց, ավա՜ղ, վերը նշված «հայ» քաղաքական ուժերը, դրանից ավելի շատ վերցրել են վատը, համենայնդեպս՝ իր համար ոչ կենսանպաստը (օրինակ, հին օրերում աշխարհաքաղաքացիությունն ու կռապաշտությունը, մեր օրերում՝ դեմոկրատիան ու լիբերալիզմը), իսկ վերցված լավն էլ վատի ազդեցությամբ ի չիք է դարձել: «Հայ» արեւմտյան կողմնորոշման այդ հիմարական դրսեւորման ձեւերից մեկը՝ հելլենականը, շատ դիպուկորեն է այպանել Նարեկացին. «Ատտիկեցիս՝ ըստ վատթարության եւ ո՛չ ըստ բարեբաստության»:

Ասվածները պարզորոշ երեւում են կայսերական՝ ամեն մի ազգային լափող ու բնաջինջ անող բացիլներից մեկի՝ քրիստոնեության, դրա եկեղեցու՝ Հայաստանում հաստատվելու, դրա առաջ բերած եղերական հետեւանքների վերաբերյալ: Քրիստոնեական կրոնի (եկեղեցու) 301-ից սկսած բռնիորեն հայ օրգանիզմին պատվաստելուց ի վեր, երբ դրա՝ հայոց կյանքին միջամուխ լինելը ակտիվացավ՝ այն եղերական ընթացք ունեցավ, որի ընդգրկումները ճիշտ ուղիղ համեմատական են եղել այդ ակտիվության չափերին: Այս առումով 301-ին, երբ հայ օրգանիզմը լրիվ անպատրաստ էր բացիլին, Հայաստանում ամենամեծ եղեռնը տեղի ունեցավ: 451թ. եկեղեցին մի ահավոր բան՝ հայամիջյան պատերազմ սարքեց (Ավարայրի ճակատամարտ կոչվածը, ըստ էության, այդպիսի պատերազմ էր): Դժվար չէ պարզել, որ հայոց վերջին Արշակունյաց թագավորության վերջը եկավ հենց եկեղեցու վարած եսակենտրոն քաղաքականության հետեւանքով: Իսկ այսօր. երբ պետությունը (արդեն լրիվ կամովին) ոչ մի քայլ չի անում առանց եկեղեցու, հայ պետականության, հայ մշակույթի գլխին հաստատ նոր փորձանքներ են գալու:

Մյուս կողմից, երբ հայոց կյանքում քրիստոնեության ու նրա եկեղեցու ազդեցությունը նվազել է, որը պայմանավորված է եղել հայոց կյանքի հրաբխային ժայթքումներով ու ինչ-ինչ արտաքին (հիմնականում՝ արեւելյան՝ նպաստող) հանգամանքներով, հայ ազգային զարթոնքներ, երկրում մեծամեծ պատմական ու հոգեւոր-մշակութային իրադարձություններ են տեղի ունեցել: Սա տեսանելի է, օրինակ, 5-րդ դարում, երբ պարսից դռան կողմից մի պահ եկեղեցու ձեռքերը կապելու պայմաններում հայոց գրերը վերականգնվեցին2, 7-րդ եւ 10-րդ դարերում, երբ մեռնող Հայաստանին ու աշխահին ցնցող Պավլիկյան ու Թոնդրակյան շարժումները տեղի ունեցան, 19-20-րդ դարում, երբ Հայաստանը դարձավ տարածաշրջանի հարուստ մշակույթ ունեցող երկրներից մեկը: Չմոռանանք նաեւ, որ հայոց Կիլիկյան թագավորությունը իր հզորության ժամանակաշրջանի համար պարտավոր է բյուզանդական խաչակիրներից երես թեքելուն, ինքն իրեն ապավինելուն եւ ինքնահաստատման համար դեպ արեւելյան կողմնորոշումն ունենալուն:

Ասվածները մեր՝ սուտումուտ, կեղծ մասսայական հայոց պատմագրությամբ հայոց պատմությունը սովորողի, պետական այրերի կողմից էլ այդ սովորածը իր հաստատումը գտնողի համար շատ տարականոն կթվան: Բայց եթե մեր այդ ընթերցողի մեջ «հայոց մեծ» խորհուրդը դեռ ինչ-որ նշանակություն ունի եւ դա գերադասելի է սովորութային պատմագրության մեջ ասվածներից, ապա պետք է ասել, որ հայոց բոլոր մեծերն էլ արտահայտել են իրենց խորը արգահատանքը քրիստոնեական կրոնի (լայն առումով՝ դեպի Արեւմուտք ջատագովական կողմնորոշման), դրա Հայաստանյան կառույցի նկատմամբ, նկատել դրանց չար որակային ազդեցությունը հայ կյանքի վրա: Հիշենք Սեւակի ասածը. «Խաբվում ես հաճախ հուդայող պաչից./ Շոյված խոսքերից կեղծավոր բիճի՝/ Կյանքից ես զրկում ուղղամիտ լաճիդ./ Դրախտի հույզով՝/ Զըրկվում ես նաեւ/ Քեզ կերակրող խոփից ու մաճից./ Ու չես տարբերում,/ Պանիրը գաջից./ Հառաչը/ Հաչից,/ Ծաղիկը՝ դաջից…»:

Այնպես որ, մեր ազգային հիմնային շահերը պահանջում են վերիմաստավորել մեր՝ դեպ Արեւելք ու Արեւմուտք կողմնորոշումները:

Վերջապես, նկատենք նաեւ, որ տիեզերական գարուն է գալիս, եւ հայը պետք է գիտակցի իրեն ու իր աշխարհին ի վերուստ տրված առանցքային դերակատարումը: Եվ դա՝ հանուն թե՛ իր, եւ թե՛ այլոց ինքնության վերականգնումի:

Սերգեյ Մանուկյան

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու

1 Արեւելքին ու նրա արժեքներին, ինչպես հայտնի է, ինչ-որ չափով ավանդապաշտությունը, ազգայինը պահելու բնական կենսաձեւն է հատուկ, որը նպաստավոր է եղել հայ կենսաձեւի պահպանման համար:

2 Նույն այդ պարսից դուռը այդ հարցում նաեւ նպաստավոր դեր կատարեց: Հայոց մեջ գրի վերականգնումը նրան շա՜տ պետք էր Հայաստանը Բյուզանդիայից կտրելու համար…

«Լուսանցք» թիվ 10 (96), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։