Ադրբեջանը՝ էմիրություն, Վրաստանը՝ միապետություն, Հայաստա՞նը…

Հայաստանի «արմատական» ընդդիմությունը շատ է սիրում ՀՀ իշխանություններին պիտակավորել որպես «մոնղել-թաթարական խանական կայսրության» հետեւորդներ, նաեւ հաճախ համեմատություններ է անում հարեւան երկրների իշխանությունների հետ: Եթե դիտարկենք այդ թեման նորովի, ապա մեր «խաները» գոնե միայն «մոնղոլ-թաթարական խանական կայսրության» հետեւորդներ են (մի մասն էլ՝ տեղային խանիկներ), սակայն, դեռեւս խանական կայսրություն չեն ստեղծում, եւ ՀՀ Սահմանադրությամբ որոշակի ազգային ու ժողովրդավարական արժեքներ դեռ կյանքի իրավունք ունեն… ԵԽԽՎ ականջը կանչի:

Իսկ ահա, մեր հարեւան Վրաստանում կտրուկ փոխվել է իրավիճակը՝ վրաց-օսա-ռուսական պատերազմից հետո: Արեւմուտքի եւ մեր «արմատական» ընդդիմության օրինակելի, «ժողովրդավարության կղզի», «գունավոր» հեղափոխությունների տարանցիկ երկիր Վրաստանը միանգամից դարձել է միապետություն: Եվ «ամենաազգային» ու «ամենաժողովրդավար» Միխայիլ Սահակաշվիլին վրացական ընդդիմության եւ միջազգային հանրության աչքին դարձել է մի ծայրահեղական շովինիստ-ֆաշիստ, ով իր «շիզոֆրենիկ»՝ դեպի ոչ պայծառ ապագան նայող հայացքով հետեւողականորեն կործանման է տանում Վրաստանը… Դե, միապետ լինելու մոլուցքը շուտվանից հանգիստ չի տալի դեռեւս տակավին երիտասարդ Միշային, եւ նա նախկինում արդեն մի անգամ փորձել է իրեն «արյունակցել» Բագրատիոնների թագավորական դինաստիայի հետ: Գուցե դեռ ստացվի:

Ադրբեջանում էլ է մի նոր իրողություն ստեղծվում: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այս երկիրը հետզհետե կդարձնի էմիրություն: Դե, էմիրն էլ պարզ է, թե ով է լինելու՝ Ալիեւների սերուցքի սերուցք՝ Իլհամը, հետո՝ Հեյդարիկը, Իլհամիկը…

ԵԽԽՎ դիտորդական առաքելություն իրականացնող խումբը ժամանելով Բաքու՝ հանրաքվեի ընթացքին հետեւելու համար, հաստատեց եվրոպական արժեհամակարգի փոփոխության գուժասարսուռ լուրը՝ Եվրոպան արդեն վաղուց աջակցում է մահմեդական կողմնորոշում ունեցող երկրներին: «Հին աշխարհամասը» նախ քանդեց քրիստոնեական Հարավսլավիան, հետո՝ դրա բեկորը՝ Սերբիան, այդպիսով՝ Եվրոպայում ստեղծելով Բոսնիա-Հերցեգովինա եւ Կոսովո մահմեդական երբեւէ չգոյ երկրները (մահմեդական Ալբանիան հո մենա՞կ չէր մնալու ամբողջ Եվրոպայում): Իսկ այժմ, գնացել-դիտում է, թե ինչպես է Ադրբեջանը «էմիրանում»: Իսկ մեր «արմատական» ընդդիմությունն ասում է խանակա՜ն-մանակա՜ն Հայաստան…

Մեր լավ հարեւան Իրանն էլ վաղուց է դարձել իսլամական հանրապետություն, սակայն, հաստատ ավելի ժողովրդավարական ու անվտանգ երկիր է, քան Արեւմուտքի փայփայած Վրաստանը: Իսկ Թուրքիան շուտով կբռնի իսլամացման ուղին: Թուրքիայի առումով Եվրոպային դեռ նոր անակնկալներ են սպասվում: Եվ ոչ միայն Եվրոպային: Եթե Անկարային հաջողվի մտնել եվրոպական կառավարման «վահանակ», ապա Թուրքիան Եվրոպայում կունենա ամենամեծ տարածքը, ամենաշատ բնակչությամբ եւ ամենամեծ բանակը: Կդառնա նաեւ ամենանատոյական պետությունը:

Այսինքն՝ քրիստոնյա-ժողովրդավարությունը Եվրոպայում շատ ավելի հանգիստ կանցնի մահմեդական-ժողովրդավարների ձեռքը… Մեծ հաշվով, քրիստոնյա-ժողովրդավարներն ու մահմեդական-ժողովրդավարները նույնն են, քանզի երկուսն էլ ժողովրդավարներ չեն, ուստի՝ այստեղ էականը Հայաստանի կարգավիճակի հարցն է: Ախր, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը էն գլխից էր ասում, թե Եվրոպան արդեն առաջվանը չէ, եւ պետք է «Առա՛ջ Հայաստան»-ով գնանք դեպի «Իսլամական կոնֆերանս»…

Ստացվում է՝ միապետական Վրաստանի, Ադրբեջանի էմիրության եւ Թուրքիայի մահմեդական-ժողովրդավարական ռազմականացված պետության կողքին Հայաստանի եսիմինչ Հանրապետությունը պետք է կողմնորոշվի դեպի… ու՞ր…

Ոնց գցում-բռնում ենք, ամենասահմանադրական երկիրն էլի Հայաստանն է մեր տարածաշրջանում, եթե նույնիսկ ընտրությունները կեղծվում են ու տուրուդմփոցներով են անցնում, ապա ընդդիմությունը գոնե մասնակցում է այդ ամենին, մարդիկ հանրահավաքներ են անում, պահանջում են… Իսկ մեր հարեւանների պարագայում ընդդիմությունը հրաժարվում է ընտրություններին մասնակցել, առաջադրված թեկնածուներն էլ ինքնաբացարկ են հայտարարում, արած հանրահավաքներն էլ հետընտրական չեն…

Ուրեմն՝ միակ ճիշտը մեր ազգային արժեքներով ազգային երկիր կե
րտելն է, մնացածի հե՛րն էլ անիծած…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 10 (96), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։