Փնտրտուք

Զրույցներ հայոց լեզվի մասին

Ուզում եմ շարունակել բնակավայրերի անվանումների մասին զրույցը, որն անվերջանալի թեմա է՝ հատկապես կանգ առնելով Ղարաբաղ անվան իմաստի եւ ծագման վրա£ Այդ անվան մասին վաղուց էի մտածել, բայց երբ 2008թ. ամռանը եղա Արցախում, վայելեցի մի հանգստություն, որ չէի զգացել վերջին 20 տարիներին, ապա պարտավորված զգացի դա անել հիմա, թեեւ այդ մասին հաճախ էի պատմել իմ շրջապատի մարդկանց ու նաեւ իմ ուսանողներին: Ցավալի փաստ է, որ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ հիմա, բնակավայրերի անվանափոխումներ կատարելիս օգտագործվում են կազմովի, հաճախ ոչինչ չասող եւ անբարեհունչ բառեր, երբ կարելի է օգտագործել մեր կորուսյալ հայրենիքի տեղանունները եւ բնակավայրերի անունները, որոնք քարտեզի վրա այսօր թուրքական արտասնությամբ են գրվում:

Զրույց Գ

Սկսեմ մի հայտնի փաստից, որը, ցավոք, քչերին է հայտնի եւ կապված է Էրզրում անվան առաջացման հետ£ Էրզրումի հին անվանումը Կարին է եղել, որից էլ հայոց ամենամեծ եւ առանցքային բարբառներից մեկի՝ Կարնո կամ Կարինի բարբառի անվանումը: Կարինի մոտ է գտնվել ծաղկուն, արհեստագործների քաղաք Արծնը կամ Արզնը, որ կործանվել է 11-րդ դարում, թուրք-սելջուկների հարձակումների հետեւանքով: Արծնի բնակիչների մի մասը տեղափոխվեցին Կարին եւ, ի հիշատակ իրենց քաղաքի, այն կոչեցին Արծն Ռում, այսինքն՝ հռոմեական Արծն, որին արաբները սկսեցին անվանել Արզրում© իսկ թուրքերը՝ Էրզրում£ Հավանաբար նման պատմություն է եղել Ղարաբաղ անվան հետ, որը ոչ մի տրամաբանությամբ չէր կարող կոչվել «սեւ այգի», ինչպես ներկայացնում են մեր հարեւանները եւ ընդունում են մեր շատ հայրենակիցներ: Ղարաբաղը կարող էր միայն մի իմաստ ունենալ, իր լեռնային անառիկ դիրքի պատճառով՝ Քարաբաղ կամ Քարակապ, ինչպես Քարվաճառի դեպքում է եղել: Բոլորը գիտեն, որ Ղափանի ճիշտ անվանումը Կապան է եւ կապելու իմաստ ունի, ինչպես «քար ու կապան» արտահայտությունն է մեզ հուշում, որը հենց Ղարաբաղի համար է ասված եւ առաջացել է խափան (խափանել) ձեւից: Հայերեն բաղ բառը կից է նշանակում (բաղել «կցել, կապել»), որը հիմա օգտագործվում է բաղդատել, բաղադրել բառերում եւ շատ հին բառ է: Ի դեպ, բաղ-ը այգի իմաստով պարսկերեն է եւ ոչ թե ադրբեջաներեն կամ թուրքերեն:

Արցախ անվանը դեռ կանդրադանամ, միայն նշեմ, որ այն կազմված է Արց-ախ ձեւով, իսկ -ախ կազմիչը կա նաեւ Ախուրյան, Ջավախ(ք), Քասախ եւ այլ անվանումներում:

Շարունակելի

Հովսեփ Պալյան

Տեխ. գիտ. թեկնածու, ԵրՃՇՊՀ-ի դոցենտ

«Լուսանցք» թիվ 11 (97), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։