Ճգնաժամի ճամփան դեռ անհայտ է, մինչեւ…

Բա ինչպե՞ս են հակաճգնաժամային քայլե՜ր մշակում

Կառավարությունը որոշել է վերանայել պետբյուջեի ծախսերը: Բայց այս դեպքում վերանայելը ենթադրում է ոչ թե ծախսերի կր-ճատում, այլ՝ վերաբաշխում: Այլ կերպ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ եռամսյակներից որոշ ծախսեր տեղափոխվել են 4-րդ եռամսյակ: Տարեվերջին կկատարվեն այդ ծախսերը, թե ոչ, առայժմ պարզ չէ, քանզի հայտնի չէ, թե ճգնաժամը մինչեւ երբ է տեւելու:

Առայժմ մի բան է հստակ. ֆինանսական խնայողությունների անցնելու գործընթացում կառավարությունը ձեռնպահ է մնում սոցիալական որեւէ ծախսի կասեցումից: Այսինքն՝ աշխատավարձերին, թոշակներին, ընտանեկան նպաստներին, համայնքներին տրվող լրավճարներին ուղղվող ծախսերի համամասնությունը մնում է այնպիսին, ինչպիսին բյուջեի նախնական տարբերակում է: Պետական կառավարման համակարգում աշխատողների թվաքանակի կրճատում նույնպես չի սպասվում. այս մասին հայտնում է ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Պավել Սաֆարյանը: Լրատվության մեր աղբյուրները, սակայն, նշում են, որ տարեսկզբից կրճատումներ են սկսված էկոնոմիկայի նախարարությունում: Ընդ որում, նախարարության աշխատակիցները լավ են հասկանում, որ դա նախարարի նախաձեռնությունն է, եւ ճգնաժամի անվան տակ նա սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ստիպում բոլոր այն մարդկանց, ում հանդեպ անձնական համակրանք չունի կամ ով… Հայաստանի պետական հիմնարկում չի տիրապետում անգլերենի…

Պ. Սաֆարյանը ընդգծում է նաեւ, թե, ի տարբերություն մի շարք այլ երկրների, որոնք ֆինանսական ճգնաժամի հետ կապված, ծախսերի կրճատումներ են արել, պահուստային ֆոնդերից լրացուցիչ գումարների հատկացումներ՝ այդպիսով ավելացնելով իրենց ծախսերի ծավալները, Հայաստանն ընտրել է այս տարբերակը՝ մինչեւ այս տարեվերջ կասեցնելով բյուջեով նախատեսված որոշ ծախսերի իրականացումը: «Կասեցումը, մեր կարծիքով, ավելի ընդունելի տարբերակ է, քան նախորդ 2 տարբերակները. նախ այն պատճառով, որ ծախսերի կրճատումներ կատարվում են այն ժամանակ, երբ հստակ են դրանից հետո ընկած ժամանակաշրջանի մակրոտնտեսական ցուցանիշները: Սակայն, առաջիկա 9 ամիսների համար չկան հստակ հիմքեր՝ ծրագրելու հետագա տնտեսական ցուցանիշները, ուստի այս պարագայում առավել ընդունելի տարբերակ է ծախսերի ժամանակավոր կասեցումը: Դա հնարավորություն կտա օպերատիվ հետեւել ֆինանսական մակրոտնտեսական ցուցանիշների ընթացքին՝ կապված նաեւ կառավարության գործունեության հետ, եւ արագ վերանայել այդ ծախսերի քաղաքականությունը՝ նպատակ ունենալով չկուտակել լրացուցիչ պարտքեր»,-ասում է գլխավոր գանձապետը:

Ի դեպ, ֆինանսների նախարարությունը շուրջ 131 մլրդ դրամի ծախսերի կասեցում է առաջարկում իրականացնել՝ այս տարվա առաջին 3 կիսամյակներից դրանք տեղափոխելով 4-րդ կիսամյակ:

Սա այն դեպքն է, երբ գործադիրի քայլին հավանություն ենք տալիս, որովհետեւ բացառվել են նոր գույքի, սարքավորումների գնումներն առաջիկա 2 եռամսյակներին: Ամենեւին պարտադիր չէ, որ նախարարը տարեկան մեկ անգամ վերանորոգի իր սենյակն ու նոր սեղան-աթոռ ձեռքբերի: 50 տոկոսով կրճատվել են արտասահմանյան գործուղումների համար նախատեսված ծախսերը, որոնց բյուջեում մեկ տողով նախատեսված է 300 մլն դրամ: Սա էլ է ճիշտ: Բայց այ, տխրել է սիրուհիների ինստիտուտը: Նրանք «շեֆերի» հետ գործուղումների չեն գնա, իսկ շեֆերն էլ իրենց գրպանի հաշվին սիրուհիներին չեն տանի արտասահման (պետբյուջեի հաշվին առատաձեռն լինելը դյուրին էր): Նույնչափ՝ կեսով էլ պետք է նվազեցվեն ներկայացուցչական ծախսերը (խոսքը արտասահմանյան հյուրերի դիմավորելու համար կատարվող ծախսերի մասին է): 2 անգամ կրճատվում են նաեւ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: Դրանց թվում են պետական բյուջեում ներկայացված անխտիր բոլոր մակարդակների՝ պետական կառավարման, օրենսդիր, գործադիր, դատական եւ այլ մարմինների տրանսպորտային ծախսերը: Որոշակիորեն կասեցման են ենթակա նաեւ գրասենյակային ծախսերը:

Փաստորեն, անցում է կատարվում եռամսյակային բյուջետային պլանավորման, այսինքն՝ ըստ եռամսյակների կհաշվարկվեն հնարավոր եկամուտները, ըստ այդմ էլ՝ ծախսերը:

Նկատի ունենանք, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի համար ամենաբացասական արդյունքներից մեկը կարող է լինել այն դեպքում, երբ պետությունը չկարողանա իրականացնել ստանձնած պարտավորությունները: Այդ դեպքում՝ կկուտակվեն մեծ պարտքեր, ֆինանսական կառավարման համակարգում լուրջ խնդիրներ կծագեն:

Հետաքրքիր է, որ ճգնաժամի հետեւանքներից մենք խոսում ենք այն ժամանակ, երբ արտերկիրն արդեն «թուլանալ» է փորձում: Եթե ճգնաժամն այդքան սարսափազդու էր նաեւ արտերկրի համար, ապա պետք է որ այդքան շուտ չթուլացներ ամրագոտիները: Մինչդեռ այսօր ար
դեն միջազգային կոչվող փորձագետները խոսում են ճգնաժամի «պոչը քաշելու» մասին: Այսինքն՝ պոչը քաշե՞ց, եկավ Հայաստա՞ն: Տրամաբանական չէ: Եթե արտերկրում այլեւս այդ խնդիրը չկա, ուրեմն Հայաստանից արտահանվող այն հիմնական ապրանքատեսակները, որ մեծապես նպաստում են մեր տնտեսության շարժին, այլեւս խոչընդոտներ չպետք է ունենան: Սա է տրամաբանականը:

Բայց հայտնի անեկտոդի նման է ստացվում, երբ տրամաբանությունը ոչ մի կապ չունի իրականության հետ: Իսկ իրականությունն այն է, որ շատ շուտ կիմանանք, թե Հայաստանից էլ է ճգնաժամը զզվել, որովհետեւ… կարողացել է այստեղ շատ արագ, մի քանի օրում իր միլիոնավոր դոլարների իրացվելիության խնդիրը լուծել: Եվ այդ ճգնաժամի հեղինակներին մնում է նոր բարձունքներ «գրավել»՝ մեր կարգի երկրներ գտնել ու գործնականորեն դասախոսել ճգնաժամի մասին…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 11 (97), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։