Ու՞մ ձեռնտու չէ իրանական գազը

Հայաստանն առայժմ իրանական գազի անհրաժեշտություն չի զգում: Սա պաշտոնական տեսակետն է: Թե ինչու՞ չի զգում, հասկանալի չէ: Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի Իրանում եւ Հայաստանում տարբեր մակարդակներով հայտարարություններ էին հնչում, թե Հայաստանը իրանական գազ կստանա հոկտեմբերից, հետո էլ ժամկետը ձգվեց մինչեւ դեկտեմբերը: Այդ դեկտեմբերն էլ հետո փոխվեց այս տարվա ապրիլի 1-ը: Իսկ ապրիլին էլ… պարզվում է՝ ապրիլից էլ իրանական գազի կարիք չենք ունենա:

Ինչու՞: Ի՞նչ է ենթադրում այլընտրանքային գազատարը: Ի սկզբանե քարոզվում էր, եւ ես էլ բազմիցս լսել ու մեկնաբանել եմ այն, որ այլընտրանքային գազատարը երկրորդ ճանապարհ կլինի ոչ միայն խողովակի (կենցաղային բացատրած), այլ՝ գնային իմաստով: Իսկ հիմա գնային գործոնը լրիվ մոռացել են ու նշում են բացառապես ծավալների խնդիրը. այսինքն՝ գազի պակաս չունենք, ունենալու պարագայում կստանանք: Բացատրությունը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանն է:

Այստեղ էլ ստանում ենք այն հարցի պատասխանը, թե ու՞մ չէ ձեռնտու իրանական գազի մուտքը Հայաստան: Նրան, ումից հիմա Հայաստանը գազ է ներկրում եւ ապրիլի 1-ից կներկրի ավելի թանկ: Ռուսաստանին ամենեւին հարկավոր չէ իրանական գազի մուտքը Հայաստան:

Հասկանալի է՝ նախարարությունը սա բացեիբաց ասել չի կարող: Եվ դրա համար է, որ շեշտը դրել է այն բանին, թե իբր իրանական գազը ռուսականի համեմատ գնային առավելություններ չի կարող ունենալ:

Մասնագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ տնտեսական հաշվարկներով անհնար է, որ գնային տարբերություն չլինի ռուսական ու իրանական գազերի միջեւ: Համապատկերում ընդամենը ուզում ենք վերստին հիշեցնել, որ Ռուսաստանն ի սկզբանե թաթը դրել է Իրան-Հայաստան գազատարի վրա եւ, դեռ չկառուցված, գազատարի տրամագիծը փոխել տվեց, որպեսզի այն հանկարծ տարանցիկ չդառնա: Եվ գրեթե վստահ եմ, որ հենց գազատարը սկսի գործել, Ռուսաստանը ստանձնելու է կառավարչի դերը՝ ինքնըստինքյան ավելացնելով ծախսը: Ու կստացվի այն, ինչ նախարարությունը փորձում է «ապացուցել»՝ գնային առումով նույնությունը:

Ի դեպ, Իրան-Հայաստան գազամուղի հետ կապված բոլո՛ր աշխատանքներն են ավարտված, եւ այն պատրաստ է շահագործման:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 11 (97), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։