Ներքին կայունությունը՝ արտաքին հաղթանակի պայման

Մարտի 20-ին Երեւանի մարզահամերգային համալիրի «Հայաստան» սրահում կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարների 2-րդ հանդիպումը: Ավելի քան 70 կուսակցապետերից հրավիրվել էին 63-ը, սակայն, հրավերն ընդունել էին 48-ը: Հիշեցնենք, որ 1-ին հանդիպմանը (2008թ. նոյեմբերի 20) նույնպես շուրջ 50 կուսակցությունների ղեկավարներ էին մասնակցել եւ քննարկել Արցախի ու ազատագրված տարածքների հիմնախնդիրները:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս հանդիպմանը չեն մասնակցել Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող քաղաքական շուրջ 20 կուսակցապետեր: Նախորդ հանդիպմանը մասնակցած ԱԺ միակ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցել էր 1-ին հանդիպմանը, սակայն, 2-րդ հանդիպմանն այս կազմակերպության ներկայացուցիչը բացակայում էր:

Այսպիսով, կարելի է հստակեցնել, որ ՀՀ իշխանություններին հաջողվել է ձեւավորել որոշակի ձեւաչափ՝ 1+50, որը պատրաստակամ է Հայաստանին ու հայությանը վերաբերող տարաբնույթ հարցերում խորհրդակցել եւ քիչ թե շատ համագործակցել երկրի իշխանությունների հետ: Սակայն, սա ամենեւին չի նշանակում, թե այս 50 կուսակցությունների ղեկավարները պարտավորվել են աշխատել ՀՀ նախագահի հետ եւ համաձայնվելու են նրա բոլոր առաջարկներին: Ամենեւին: Ավելին, ըստ մեր հավաստի աղբյուրների, 1+50 հանդիպումներին մասնակցում են քաղաքական այնպիսի կազմակերպություններ, դաշինքներ, որոնք իրենց ծրագրային դրույթներով ու գործելաոճով առավել արմատական ու ընդդիմադիր են, քան՝ այսօրվա ընդդիմադիրները՝ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Հայկական զլմ-ները բազմաթիվ վերլուծություններ են ներկայացրել, որոնցում հստակորեն հիմնավորված են այն տեսակետները, թե ՀՀ 1-ին եւ 3-րդ նախագահների ներքին ու արտաքին քաղաքական քայլերը, հատկապես, վերջին ժամանակներում, գրեթե չեն տարբերվում: Ավելին՝ ՀՀ 1-ին եւ 3-րդ նախագահների արտաքին քաղաքական ուղղությունն արդեն իսկ լուրջ նմանություններ է արձանագրում, եւ Սերժ Սարգսյանն ավելի շատ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական գիծն է շարունակում, քան՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի:

Եթե ՀՀ 2-րդ նախագահը արտաքին քաղաքականությունում կոշտացրեց ՀՀ դիրքորոշումը դիցուկ՝ Արցախ-ԼՂՀ-ի ու ազատագրված տարածքների հարցում, Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման եւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, որոնց նկատմամբ ՀՀ 1-ին նախագահը չեզոք կամ պարտվողական դիրքորոշում որդեգրեց եւ պատրաստ էր գնալ ամենատարբեր զիջումների, ապա ՀՀ 3-րդ նախագահը հրաժարվել է քոչարյանական այդ քաղաքականությունից եւ որդեգրել է տերպետրոսյանական զիջումների պատրաստ քաղաքականությունը:

Ներքին քաղաքականությունում էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը նույն արեւմտամետ ուղղության դրոշակակիրն է, բոլոր հարցերում բացարձակ ազատականացման ջատագով է, ինչը ժամանակին որդեգրել էր հհշ-ական իշխանությունը: Իզուր չէ, որ ներկայիս վարչապետը մեկ անգամ չէ, որ ներողություն է խնդրում հհշ-ական իշխանություններից, որ ժամանակին արմատական ընդդիմադիր լինելով, վնաս է պատճառել նրանց……

Իսկ հհկ-ական նժդեհականությունը պարզապես մի քանի հին հհկ-ականների ներքին սպառման արծարծման թեմա է դարձել ընդամենը: Հեթանոսական դրսեւորումների մասին էլ առհասարակ խոսելու թեմա չկա, քանզի հուդա-քրիստոնեությունը դարձել է «ցեղակրոն» հհկ-ականների փրկության միակ լույսը……

Հիշեցնենք, որ հհշ-ական իշխանական ժամանակներում էլ խորհրդարանական դաշինքի մեջ մտած ՀՀԿ ղեկավար եւ ԱԺ պատգամավոր Աշոտ Նավասարդյան էր ցեղակրոնությունը դարձրել ներքին սպառման նյութ: Ավելին՝ Նժդեհի ազգային ուսմունքը նույնիսկ հանվեց կուսակցության ծրագրային հիմնադրույթներից, ինչը հետագայում վերականգնվեց ՀՀ վարչապետ եւ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի առաջարկմամբ:

Նույնիսկ միմյանց խանգարելու, ծեծուջարդ սարքելու, դատական սին գործեր կազմելու, հանրահավաքների օրերին ճանապարհները փակելու եւ այլ բաներով են միմյանց շատ նման 1-ին եւ 3-րդ նախագահների վարչակարգերը:

Ինչեւէ: Այս ամենն ասացինք, որպեսզի նկատելի լինի, թե ՀՀՇ նախկին եւ ՀՀԿ ներկայիս իշխանությունների օրոք ինչ նմանություններ են արձանագրվել արտաքին ու ներքին քաղաքականությունում եւ ինչ մերժողական վերաբերմունք է դրսեւորվել հայ ազգայնական մտքի հանդեպ:

Այնպես որ, արմատական կոչված ներկայիս ընդդիմությունն ինչպես իր քաղաքական ծրագրերով ոչ մի բանով չի տարբերվում, այնպես էլ իր ժամանակներում արված ալան-թալանի պաշարներով որեւէ բանով չի զիճում ներկայիս իշխանություններին եւ, պարզապես, աթոռակռվի է դուրս եկել: Եվ դեռ դա փորձում է ազատագրական պայքար ներկայացնել, ինչը պարզապես ծիծաղելի է: Իսկ այն ճշմարիտ մարդկային զանգվածը, որը դուրս էր եկել փողոց ՀՀ նախագահի հետընտրական գործընթացների ժամանակ, որն էլ մեծապես տուժեց մարտիմեկյան դեպքերի ընթացքում, տեւական հանրահավաքային դադարից հետո այլեւս չմասնակցեց «արմատական» հանրահավաքների, քանզի մարդիկ հասկացան, որ գործ ունեն դասական քաղաքական խեղկատակության դրսեւորման հետ, ինչը նպատակայնորեն մասնատեց հայ հանրությունը ու ծառայեց (համապատասխան ֆինանսավորմամբ) նաեւ օտարի շահերին… Ավելին՝ վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը «ուղղորդեց» իշխանություններին՝ այսուհետ ձերբակալել հեղափոխության կամ ծայրահեղորեն իշխանափոխության մղող բոլոր ուժերին, որոնք անգամ «իր» հարթակից կանեն նման կոչեր, քանզի ինքն այլեւս խաղաղ իշխանափոխության կողմնակից է… Հիմա այս ընդդիմության հանրահավաքներին կմասնակցեն միայն իրենց համախոհները եւ բաժանվող դրամից շահույթ ստացողներն ու իշխանափոխությունից ինչ-որ կերպ անձնական շահ ակնկալողները, որոնց մի մասը երազում է վերադառնալ պետական կերակրատաշտի մոտ կամ՝ կերակրատաշտից սնվողների մոտ, իսկ մի մասն էլ ցանկանում է, որպեսզի երկար շարունակվեն հանրահավաքներն ու ցույցերը, որոնք դարձել են փող աշխատելու հեշտ միջոց:

Եվ ահա, իշխանափոխության ալիք բարձրացրած այս ընդդիմությունը միջանկյալ դիրքում գտնվող ուժերին՝ ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության հետ հարաբերվող, համարում է դավաճաններ, իսկ իշխանություններն էլ չեն համագործակցում այս ուժերի հետ, քանի որ դրանք ծառայամտության աստիճանի վստահելի չեն: Այնպես որ, այս առումով էլ երկու «հակադիր»՝ իշխանություն-ընդդիմություն խաղացող ուժերը, բացարձակապես նման են:

Իսկ այն քաղաքական կազմակերպությունները, որոնք եւ ծրագրերով, եւ գաղափարապես եւ տնտեսական ու աշխարհայացքային պատկերացումներով ընդդիմադիր են այս երկու «հակադիր» կողմերին, նրանց կողմից ընդդիմություն չեն համարվում: Բայց կան կուսակցություններ, որոնք, բառիս բուն իմաստով, արմատական տարբերություններ ունեն եւ ընդդիմադիր են ինչպես ներկայիս ընդդիմությանը, այնպես էլ իշխող վարչակարգին:

Դրանց մանր-մունր կուսակցություններ համարելով՝ մանր-մունր կուսակցություններով համալրված Հայ Ազգային Կոնգրեսը հավակնում է համազգային ընդդիմության համբավին, ինչը սակայն երբեք չի հաջողվի մեկ անգամ արդեն իրեն լրջորեն վարկաբեկած ու սեփական ժողովրդին անգթորեն հարստահարած «էլիտար» զանգվածին, որը փորձում է նոր դեր խաղալ «ժողովրդի հիշողությունը կարճ է» կարգախոսի տակ թաքնվելով ու անճոռնիորեն չքմեղանալով…

Իսկ ահա, վերադառնալով 1+ 50 ձեւաչափի հանդիպումներին, պետք է նշենք, որ այստեղ կան քաղաքական ուժեր, որոնք գտնվելով իշխանության մեջ, ինչ-որ տեղ ավելի ընդդիմադիր են, քան՝ ներկայիս ընդդիմադիրները: Իսկ իշխանությունից դուրս գտնվող գաղափարական ընդդիմությունն ավելի արմատական է իր մոտեցումներում, քան ամեն օր ընդդիմությունից խոսողները:

ՀՀ նախագահի հետ 1-ին հանդիպման ժամանակ կային կուսակցապետեր, ովքեր «ոչ մի թիզ հող» զիջելու տեսակետից մինչեւ նոր պատերազմով «մնացյալ հայկական բռնազավթված հողերը ազատագրելու» տեսակետի կողմնակիցներ էին: Իսկ այս տեսակետը միանշանակ անընդունելի է ներկայիս եւ՛ ընդդիմադիր, եւ՛ իշխանական վերնախավի համար: Իհարկե, կային կուսակցապետեր էլ, ովքեր պատրաստ էին զիջումների, բայց միանշանակ էր, որ դա պետք է արվեր Արցախի ու ազատագրված որոշ տարածքների անկախության ճանաչման դիմաց, ինչը նույնն է, թե չհամաձայնել զիջումների հետ, որովհետեւ Բաքուն երբեք չի հաշտվի միայն Արցախի անկախությանն անգամ:

ՀՀ նախագահի հետ 2-րդ հանդիպմանը նույնպես ներկա էին իրապես ընդդիմադիր ուժեր, որոնք լրջորեն քննադատեցին կառավարության գործունեությունը, անպատրաստվածությունը՝ ճգնաժամին դիմագրավելու համար, նաեւ հակաճգնաժամային քայլերը: Եվ այս քննադատություններն ավելի խիստ էին, քան ներկայիս ընդդիմադիրներինը, սակայն կար մի էական տարբերություն՝ հանդիպման մասնակիցներն իրավամբ անհանգստացած էին երկրի վիճակով եւ պատրաստ էին օգնելու կառավարությանը, եթե իհարկե, իշխանությունները որոշեն շեղվել կառավարության անհեռանկարային քաղաքականությունից:

Ամեն դեպքում երկրի նախագահ Սերժ Սարգսյանն իրապես «կոմպլեմենտար» քաղաքականություն է որդեգրել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական ոլորտներում, ինչպես օտարների, այնպես էլ սեփական ժողովրդի տարբեր հատվածների նկատմամբ, եւ հուսանք, որ արդյունքը դրական կլինի եւ արագ տեսանելի: Իսկ եթե այս ամենը պարզապես քաղաքականություն կդառնա վատ կառավարիչների մեղքով, ապա հետեւանքը հաստատ բացասական ու շատ արագ նկատելի կլինի: Իսկ քաղաքական կայունության հասնելու համար իշխանությունները ոչ թե զոհաբերությունների պիտի գնան, այլ՝ զոհողությունների: Իսկ պատրաստ են նրանք դրան, թե ոչ, ժամանակը ցույց կտա:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 11 (97), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։