Ինչ է իրականու՛մ կատարվում Ջավախքում

Երբ հայրենասիրությունից «մեռնում» են՝ ըստ շահի թելադրանքի

Օրերս Ախալքալաքի շրջանային վարչությունում հանդիպում է եղել Վրաստանի ֆինանսական գծով մասնագետ, դոկտոր-պրոֆեսոր Լադո Պապավայի հետ: Հիմնականում քննարկվել է երկրի ֆինանսա-տնտեսական իրավիճակը: Իհարկե, անդրադարձ է եղել նաեւ միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրադրությանը, այս համապատկերում Վրաստանի կարգավիճակին եւ այլն:

Լ. Պապավան նշել է, որ Վրաստանում այս առումով լուրջ խնդիրներ արձանագրվել են դեռ տարիներ առաջ, եւ կարծիք է հայտնել, թե հենց այդ ժամանակ է երկիրն առաջին՝ տնտեսապես բացասական հարվածն ստացել:

Անդրադառնալով ռուսաստանյան շուկայի հետ փոխհարաբերություններին՝ նա նկատել է, որ արդեն երեք տարի է, ինչ Վրաստանը ռուսական շուկայի հետ ոչ մի հարաբերություն չունի, եւ վրացական արտադրանքը, հատկապես գինին, այժմ արտահանվում է եվրոպական ու այլ երկրներ:

Իսկ ինչ վերաբերում է Ջավախքի խնդիրների կարգավորմանը, վրացի մասնագետը հաստատ չքմեղացել է եւ ակնկալել. որ կարժանանա ջավախքցիների համբերությանն ու հանդուրժողականությանը, մինչեւ երկիրը կհաղթահարի տնտեսական ճգնաժամը: Իսկ Ջավաքխի հայ ղեկավարությունը հաստատ նման հավաստիացումներ տվել է ամբողջ Ջավախքի անունից…

Մնում է զարմանալ, թե Լ. Պապավան ինչպե՞ս է բացատրել դեռ մինչճգնաժամային Վրաստանի ֆինանսա-տնտեսական անտարբերությունը Ջավախքի ու ջավախքահայերի նկատմամբ:

Այլ վերաբերմունքների մասին (քաղաքական, կրթական, մշակութային, կրոնական…) էլ չենք մանրամասնում:

Իսկ այս ընթացքում Ջավախքի մի շարք կազմակերպություններ (որոնք հիմնականում կամ Վրաստանի կամ Հայաստանի իշխանությունների շահերն են սպասարկում) վերստին իրենց մտահոգությունն են հայտնում, իբր Ջավախքում հայտնվել են մարդիկ, ովքեր բուն խնդիրները թողած, փորձում են հասարակության ուշադրությունը շեղել:

Բայց բանից պարզվում է, որ այդ «հայտնված մարդիկ» միշտ էլ ապրել են Ջավախքում ու պայքարել են իրենց երկրամասի հայապահպանության հանար:

Պարզապես հիմա այդ «հայտնված մարդիկ» «պատռում» են Ջավախքի մի շարք ծախու ղեկավարների դեմքերը, վեր են հանում նրանց կատարած թալանն ու անօրինականությունները եւ փորձում են իսկապես ազգային Ջավախք ձեւավորել, քանզի համոզվել են, որ նրանց՝ որպես հայերի ներելով, միայն վրացական ջրաղացին են ջուր լցնում: Այս բացահայտումների ընթացքում «պատռվում» են նաեւ Ջավախքի հարցերով զբաղվող վերոշեշտյալ՝ Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների շահերին գերի կազմակերպությունների ղեկավարների դեմքերը, ովքեր Հայաստանի ու Ջավախքի հայության թիկունքում զբաղվել են սեփական ժողովրդի ալան-թալանով ու վրացական իշխանություններին հաճոյանալով: Հիմա, երբ Թբիլիսին վերահսկում է Ջավախքով անցնող բոլոր ենթակառուցվածքները եւ սրանց զրկել է արտոնյալ վիճակից, այս ուժերն արդեն «մեռնում» են հայրենասիրությունից ու Երեւանում հանրահավաքներ են անում Վրաստանի դեսպանատան առջեւ, իսկ Ջավախքում փորձում են պահպանել իրենց հավատարիմ վարչախմբին……

Այսօր վրացական իշխանություններին գրեթե հաջողվեց գլխատել ջավախքյան ազգային շարժումը՝ նվիրյալ հայորդիների մի մասին բանտարկելով, մի մասին սպառնալով ու երկրամասից վտարելով, մի մասին էլ քաղաքական ու տնտեսական ճնշումների ենթարկելով:

Այսօր միտումնավոր ձգձգվում է Վահագն Չախալյանի դատը՝ անընդհատ սպասման մեջ պահելով ջավախքահայերին, որպեսզի նոր հայրենասիրական ալիք չառաջանա ու Թբիլիսին շարունակի հայահալած քաղաքականություն վարել Ջավախքում:

Եվ, իմիջիայլոց, այս

ամենին, նպաստած եւ օժանդակած ջավախքյան ղեկավարությունը փորձում է հիմա ազգասերի դիմակ հագնել ու պահպանել իր ղեկավար աթոռները Ջավախքում:

Նրանք պարբերաբար գալիս են Հայաստան, այստեղ ու այնտեղ կաշառում այս կամ այն պաշտոնյային կամ ջավախքահայերի խմբերի, որ նրանց բերաններով հայրենասերի համբավ ձեռք բերեն, փառաբանվեն…

Ինքնամաքրման «դասական» օրինակ է: Ահա, թե ինչն է վտանգավոր:

Փոխանակ խելքի գալու, Ջավախքի ապագայի մասին իրապես մտածելու, սրանք փորձում են կոծկել դավաճանությունն ու անօրենությունները, որպեսզի մնան իրենց տեղերում: Իսկ նմանները միշտ խոցելի են, եւ սա ձեռնտու է վրացական իշխանություններին (անգամ ամենաժողովրդավար), քանզի թալանչուն ու կաշառակերին միշտ կարելի է սանձել ու ծառայեցնել, ինչը հնարավոր չէ իրապես հայրենասեր ղեկավարի առկայության պարագայում:

Եվ այն հայերը, որ ձգտում են Վրաստանում նոր իշխանափոխության հասնել, պետք է սա էլ հաշվի առնեն: Այլապես կրկին կոտրած տաշտակի առջեւ կհայտնվեն ու ամեն բան կսկսեն նորից:

Ուստի՝ Թբիլիսին բացահայտորեն աչք է փակում ջավախքյան այս կլանի ապօրինությունների վրա, քանզի միշտ նրանց պատժելու կամ դատելու բավականաչափ ու հիմնավոր փաստեր եւ լծակներ ունի……

Իսկ թե ինչու՞ է Երեւանը պաշտպանում այսպիսիներին, զարմանալ կարելի է: Ի դեպ, եւ ոչ միայն պաշտպանում է, այլ իր հայաստանյան ջավախքահայ մանկլավիկների միջոցով ճնշում է գործադրում Ջավախքի հայրենասիրական ուժերի վրա:

Այսինքն՝ Թբիլիսին ու Երեւանը նույն բանն են անում՝ հայաթափման ու վրացականացման են տանում մեր պատմական հայրենիքի մի հատվածը՝ Ջավախքը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 11 (97), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։