Փնտրտուք

Զրույցներ հայոց լեզվի մասին

Հայ մեծ երախտավոր Գարեգին Սրվանձտյանցի մասին դպրոցական դասագրքերից գիտենք միայն այն, որ նա առաջինն է գրի առել «Սասնա Ծռեր» էպոսի առաջին տարբերակը, որը հրապարակել է «Սասունցի Դավիթ կամ Մհերի Դուռ» վերտառությամբ: Նա շատ բանավոր զրույցներ, ժողովրդական երգեր ու հեքիաթներ է գրի առել, բառարաններ է կազմել, որոնց մասին քիչ բան գիտենք, իսկ նրա արտահայտած մտքերը պատմության, ազգագրության, լեզվի (բարբառների) եւ հայրենի բնաշխարհի, գյուղերի ու քաղաքների մասին՝ մեզ գրեթե հայտնի չեն, թեեւ դրանք այսօր նույնքան արդիական են, ինչքան մեծ բանահավաքի կենդանության ժամանակ: Ընթերցելով նրա երկերը՝ կարելի է իմանալ, որ մոտ 130 տարի առաջ նրան նույն հարցերն են հուզել, ինչ մեզանից շատերին են հուզում այսօր: Օրինակ, որ Հայոց Լեռնաշխարհը ուժ է տալիս այնտեղ ապրողին, անգամ եթե նա հայ չէ, այլ, ասենք, քուրդ կամ թուրք: Չիմանալով Ուրարտուի մասին՝ նա կարծում էր, որ Վասպուրականի տարածքում գտնված բեւեռագրերը (սեպագրեր) պետք է ընթերցել կամ գրաբարով կամ էլ տեղի բարբառով, սակայն մինչեւ այսօր էլ սեպագիր ընթերցող հայ մասնագետներ չունենք, որոնք կարող են սպառիչ պատասխան տալ, թե ի՞նչ լեզվով պետք է ընթերցվեն պատմական Հայաստանում հայտնաբերված սեպագրերը…

Բազմաթիվ ժողովրդական երգերի միջոցով նա ցույց է տալիս, որ մեր հանճարեղ Նարեկացու խոսքն ու ոճը այդ երգերի հարազատ արտացոլումն են եւ ոչ թե միայն նրա մեծ անհատականության արտահայտությունը: Նրան հետաքրքրել են նաեւ հայկական երաժշտական խազերը (նոտաներ), որոնցով ավելի ուշ զբաղվել է մեր ազգի մեծ երախտավոր Կոմիտասը, բայց այդ առեղծվածը նույնպես մնացել է չբացահայտված: Նա համարում էր, որ անհրաժեշտ է բարբառներով գրել գեղարվեստական երկեր՝ դրանք վերահաս կորստից փրկելու համար, ինչը, ցավոք, չարվեց, եւ Հայոց Ցեղասպանության հետեւանքով մենք անվերադարձ կորցրեցինք բազմաթիվ բարբառներ: Նրան հետաքրքրել են Հայոց Լեռնաշխարհում եւ նրա շուրջը ապրող ու տարբեր լեզուներով խոսող ցեղերը (եզդի, բոշա, քուրդ, զազա եւ այլն), որոնց մասին մեր պատմիչները չեն հիշատակում, ինչը ցույց է տալիս, որ այդ ցեղերը մեր լեռնաշխարհում հայտնվել են ավելի ուշ, եւ մենք նրանց մասին քիչ բան գիտենք: Միայն հիմա է« որ մենք ուշադրություն ենք դարձնում Թուրքիայում ապրող այդ ժողովուրդներին (ալավի, զազա, համշենցի), որոնց մասին հիշատակում է հայ առաջին ազգագրագետը, եւ որոնց մի մասը դեռ հիշում է իր հայկական արմատների մասին:

Իսկ հիշողությունը կարելի է վերականգնել միայն լեզվի բառերի իմաստները հասկանալու միջոցով, ինչը փորձել էր անել Գ. Սրվանձտյանցը եւ ինչը փորձում եմ անել ես՝ իմ այս զրույցների միջոցով:

Զրույց Դ

Արդյո՞ք իմաստային կապեր կան այնպիսի բառերի միջեւ, ինչպիսիք են ճիշտ (ճշգրիտ, ճշմարիտ), ծէս, ճաշ (ճաշակ), թաս եւ տաշտ բառերը:

Առաջին հայացքից որեւէ կապ գտնելը դժվար է թվում, հատկապես, որ մեր լեզվաբանները չեն էլ փորձել այդպիսի կապեր գտնել:

Չմտնելով հայերենի հնչյունաբանական օրինաչափությունների մեջ, որոնք ինձ օգնեցին նման կապեր գտնել, ուզում եմ կարծիքս հայտնել այդ բառերի իմաստների մասին:

Քանի որ հայերիս կյանքում մեծ դեր են ունեցել ծէսերը եւ ծիսակատարությունները, մտածում եմ, որ ճիշտ (ճշգրիտ, ճշմարիտ) բառերը իմաստով ծագում են ծէսից, այսինքն ճիշտ են համարվել ծէսերին համապատասխանող իրողությունները, իսկ քանի որ ծիսակատարությունները եւ ծէսերը, գրեթե միշտ, ուղեկցվել են ճաշկերույթներով եւ ճաշերով, որոնք լցված են եղել թասերի եւ տաշտերի մեջ, հետեւաբար բոլոր այդ բառերը, իրենց նախնական իմաստներով, կապված են միմյանց:

Ի դեպ, պարսիկները նախաճաշին «ճաշտ» են ասում, որը արտասանությամբ մոտ է հայերեն ճիշտ բառին:

Մեր ասածից հետեւում է, որ նման ենթադրությունները կարոտ են ճշգրտման եւ լավ կլինի, որ մեր լեզվաբանները ուշադրություն դարձնեն այս բառերի ստուգաբանությանը:

Նորից շեշտեմ, որ ես այստեղ միայն իմաստային կապերի մասին ասացի, առանց անդրադառնալու այն հնչյունափոխություններին, որոնք ինձ հիմք են տալիս այդպես մտածելու, քանի որ դրանք հասկանալի կարող են լինել միայն լեզվաբան մասնագետներին: Մեր եւ օտարազգի նշանավոր լեզվաբանները իրենց հետազոտությունները, կապված հայերենի հետ, կատարել են միայն պատմահամեմատական լեզվաբանության մեթոդներով, իսկ ես գերադասում եմ օգտագործել ներքին վերականգնումների մեթոդը, որը համընկնում է իմ մտածողության ձեւի հետ:

Շարունակելի

Հովսեփ Պալյան

Տեխ. գիտ. թեկնածու,
ԵրՃՇՊՀ-ի դոցենտ

«Լուսանցք» թիվ 12 (98), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։