Տիեզերական ընդունիչ կայան էլ ունեցանք

Ես տպավորված եմ. ընդամենը այսքանն ասաց վարչապետը, ինչպես մամուլում են բնութագրում՝ դասախոսել սիրող Տիգրան Սարգսյանը այն բանից հետո, երբ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ում գործարկվեց տիեզերական ընդունիչ կայանը (այդ կայանի շնորհիվ երկիր կհաղորդվեն Հայաստանի տարածքի վերաբերյալ տարածական տվյալներ, որոնց ընդունումը հայ մասնագետներն առաջին անգամ են անում): Գործընկերներս նկատեցին՝ այնքան տպավորված էր, որ խոսել անգամ չուզեց…

Բացատրենք, թե ինչ է իրենից ներկայացնում նշված ընդունիչ կայանը: Ըստ կադաստրի պետկոմի նախագահ Մանուկ Վարդանյանի, տիեզերական դիտարկումների կենտրոնում տեղադրված այս ընդունիչ կայանը հնարավորություն է ընձեռում օգտվել երկրամերձ ուղեծրով (մինչեւ 1000կմ) արհեստական արբանյակների հնարավորություններից եւ կատարել Երկրի հեռահար զոնդավորում: Արդյունքում բազմաբնույթ տեղեկատվություն ենք ստանում Երկրի մասին: Այդ տեղեկատվությունը Երկիր է հաղորդվում 8 ԳՀց հաճախականության ռադիոալիքներով: Տիեզերական ընդունիչ կայանը ընդունում է Երկրի արհեստական արբանյակներից ուղարկված տեղեկատվությունը, գրանցում է այն, որից հետո կատարվում է մշակում եւ արխիվացում:

«Ընդունիչ կայանի առանձնահատկությունն այն է, որ բավականին ճշգրիտ հանութագրում է իրականացվում: Արվում է մինչեւ 1մ ճշտությամբ նկարահանում: Համեմատության համար նշենք, որ եթե մենք այս կայանը չունենայինք ու պատվիրեինք որեւէ մեկին նման նկարահանում, այդ թվում՝ օդալուսանկարահանման միջոցով, ապա պետք է ստանայինք ավելի ցածր ճշտությամբ քարտեզներ (մինչեւ 2 եւ ավելի մետր ճշտությամբ)»,- ասաց Մ. Վարդանյանը: Ի դեպ, համապատասխան վճարների պարագայում մենք կկարողանանք տարեկան 50 րոպե ուսումնասիրել մեր երկրի տարածքը: Առաջիկայում 5 մասնագետներ կգործուղվեն Մոսկվա (ընդունիչ կայանը ռուսական կողմից ենք ձեռք բերել), կվերապատրաստվեն 2 ամսում, որից հետո ինքներս արդեն կուսանենք ու կունենանք սեփական կադրերը: Ըստ գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոնի տնօրեն Հովսեփ Պետրոսյանի, «տիեզերական ընդունիչ կայանի հիմնական նպատակն է իրական ժամանակահատվածում երկրի մակերեւույթի բազմատիրույթ հեռահար զոնդավորման միջոցով սպեկտորի տեսանելի մասում բարձր տեղեկատվական պատկերների ստացումը, տեղեկատվության օպերատիվ տեղափոխման ապահովումը ռադիոալիքի միջոցով»: Մշակման արդյունքում հնարավորություն է ընձեռվում ունենալ մշտապես թարմացվող արդի քարտեզագրական նյութեր, որոնք հետագայում կարող են տրամադրվել սպառողների լայն շրջանակներին: Հաշվի առնելով տիեզերական գիտության նշանակությունը ՀՀ սոցիալ-տնտեսական եւ գիտատեխնիկական զարգացման համար՝ մեր երկրում կարեւորվում է տիեզերական դիտարկումների կենտրոնի ստեղծումը: Դա հնարավորություն կտա տիեզերական տեխնոլոգիաները գործնականում օգտագործել հանրապետության անվտանգության, պաշտպանական, բնապահպանական, տնտեսության խնդիրները լուծելիս:

Մասնագիտական շատ մանրամասներ նշել չենք ուզում: Միայն մի նկատառում անենք: Մեր երկրում կադաստրի համակարգը այն եզակի ոլորտն է, որտեղ իսկապես զրոյից է սկսվել ամեն բան, այն պարզ պատճառով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո քարտեզագրական մեր ամբողջ արխիվը մնաց… Մոսկվայում… Ինչեւէ, հետո ոլորտն այնպես զարգացավ, որ մենք արդեն այդ արխիվի կարիքը չունեինք: Ավելին, Հայաստանի կադաստրի համակարգը այսօր օրինակելի է համարվում եվրոպական այն երկրների համար նույնիսկ, որոնք կադաստրի ոլորտում 300 տարվա փորձ ունեն: Ու սա հենց նույն՝ կադաստրի բնագավառների արտերկրի փորձագետներն են նշում: Ու չնայած առկա թերություններին, ինչն, ի դեպ, մեր երկրի կադաստրում չեն հերքում, համակարգը մնում է Հայաստանում այն եզակի հատվածներից մեկը, որտեղ գործ է արվել: Սակայն, վերջերս շատ էին շրջանառում համակարգի ղեկավարի փոփոխության հարցը: Խնդիրը դա չէ, այլ այն, թե այդ փոփոխության հետեւանքով ով է ստանձնելու մի բնագավառի ղեկավարություն, որտեղ բազմաթիվ հաջողված գործեր են արվել: Ըստ լրատվության մեր աղբյուրների, ուզում են կադաստրի պետկոմի նախագահ նշանակել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին: Մարդ, ում ղեկավարած Երեւանը տեսել ենք…

Կա բոլորովին մեկ այլ խնդիր: Մատուցած ծառայությունների դիմաց Ե. Զախարյանին ուզում են վարձահատույց լինել: Չգրված օրենքների տրամաբանությունն էլ հասկանալի է: Միայն անհասկանալի է այն, թե ինչու են Զախարյանին տեղափոխում մի տեղ, որտեղ քար կա քարին դրված, ու հանուն այդ տեղափոխման պաշտոնի տարիքային սահմանափակումների փոփոխություն անում՝ դա էլ պատճառաբանելով այն հանգամանքով, իբր այդ փոփոխությամբ քաղծառայության մասին օրենքին համապատասխանեցում է արվում: Սա էլ անհասկանալի է, քանի որ կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը քաղծառայության շրջանակում չէ: Եվ վերջում՝ տարիքի մասին: Դարձյալ մեր աղբյուրները նշում են, որ իրականում Ե. Զախարյանը ոչ թե 1946թ. ծնունդ է, այլ՝ 1944: Ասել է թե՝ նա հիմա 65 տարեկան է, ոչ թե 63 եւ, այսպես թե այնպես, նրա այդ տարիքը չի համապատասխանում այդ պաշտոնին:

Հարց է ծագում՝ ու՞մ կամ ի՞նչ կամ ինչքա՞ն ծառայություն է մատուցել Ե. Զախարյանը, որ փոխհատուցելու համար նույնիսկ տարիքն են փոխում…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 12 (98), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։