Թանկությունն եկավ մեր բակը

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունվար-փետրվարին պարենային ապրանքների շուկայում արձանագրված 0.7% ընդհանուր գնանկմանը մարտին հաջորդել է 1.0% գնաճ: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում 2009թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է 0.3-12.7% գնաճ:

2009թ. հունվար-փետրվարին մեր երկրում գրանցվել է շաքարավազի 0.3% գնանկում, իսկ մարտին՝ 12.7% գնաճ: Հայաստանի՝ դիտարկված քաղաքներում շաքարավազի գինն ավելացել է 8.0-24.6%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում: Մայրաքաղաքում շաքարավազի գինն ավելացել է 10.4%-ով:

Կենդանական եւ բուսական յուղի ապրանքախմբում 2009թ. հունվար-փետրվարին արձանագրված 11.2% ընդհանուր գնանկմանը մարտին հաջորդել է 5.4% գնաճ:

2009թ. մարտին, փետրվարի համեմատ, մեր երկրում գրանցվել է մարգարինի 0.5%, արեւածաղկի բուսական յուղի 2.7%, կարագի 3.0%, ձիթապտղի բուսական յուղի 6.6%, այլ յուղերի 10.1% գնաճ: Դիտարկված քաղաքներում նշված ժամանակահատվածում արձանագրվել է կենդանական եւ բուսական յուղի 2.8-18.3% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում: Մայրաքաղաքում կենդանական եւ բուսական յուղի գներն ավելացել են 3.7%-ով:

2009թ. հունվարին ձկնամթերքի ապրանքախմբում գրանցված 16.6% գնանկմանը փետրվար-մարտին հաջորդել է 7.2% գնաճ, այդ թվում՝ մարտին փետրվարի համեմատ ձկնամթերքի գնաճը կազմել է 4.8%:

Սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում 2009թ. հունվար-փետրվարին արձանագրված գների հարաբերականորեն կայուն մակարդակին մարտին հաջորդել է 2.0% գնաճ: Դիտարկված 9 քաղաքներում գրանցվել է սուրճի, թեյի, կակաոյի 0.7-5.5% գնաճ, Գյումրիում՝ 0.3% գնանկում, իսկ Թալինում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Հունվար-փետրվարին հացամթերքի ապրանքախմբում արձանագրված 4.6% ընդհանուր գնանկմանը մարտին հաջորդել է 1.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ձավարի 3.3%, բրնձի 3.5%, սիսեռի 3.9%, ոսպի 5.4%, ալյուրի 2.4-5.2% գնաճով: Մակարոնեղենի, հացի գները նշված ժամանակահատվածում ավելացել են 0.4-0.8%-ով: Դիտարկված 9 քաղաքներում 2009թ. մարտին, փետրվարի համեմատ, գրանցվել է 1.7-9.0% գնաճ (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում): Մայրաքաղաքում պահպանվել է հացամթերքի գների նախորդ ամսվա մակարդակը:

Հրուշակեղենի, կաթնամթերքի, այլ մթերքի ապրանքախմբերում 2009 թ. մարտին, փետրվարի համեմատ, գրանցվել է 0.3-1.0% գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Ոգելից խմիչքի եւ ծխախոտի ապրանքախմբերում 2009թ. փետրվար-մարտ ամիսներին հանրապետությունում գրանցվել է 1.1% գնաճ, այդ թվում՝ մարտին փետրվարի համեմատ գներն ավելացել են 0.7%-ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է դիտարկվող արտասահմանյան արտադրության սիգարետների 3.9-5.9% գնաճով:

Բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2009թ. հունվարին արձանագրված 30.1% գնաճին փետրվար-մարտին հաջորդել է 10.3% ընդհանուր գնանկում, ընդ որում, մարտին փետրվարի համեմատ գները նվազել են 2.2%-ով:

Այսքանն ընդամենը մի քանի ապրանքաշուկաների ուսումնասիրություն է: Առաջիկայում գնանկում հաստատ չի լինելու, քանզի ապրիլի 1-ից թանկացած գազը, էլէներգիան եւ ջուրը (առայժմ «Հայջրմուղկոյուղու» մասով) հանգեցնելու են բազմաթիվ այլ ապրանքների գնաճի: Իսկ գործադիր իշխանության ղեկավարը շարունակելու է իր դասախոսությունները տեղադրել կառավարության կայքէջում եւ մեջբերումներ անել Լենինից ու Մարքսից…

Որոնց ուսմունքներից ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա բանվորի ու գյուղացու փորը չի լցվել:

Նարե Մշեցյան

Մեր կարծիքը հարցնող էլ չկա

Ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների, մարտին երկրում գնաճը կլինի 1-1,5%: ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը թեեւ նշեց, որ գնաճային ճնշումների պատճառով առաջիկայում Հայաստանում տոկոսադրույքների իջեցում չի լինի, միաժամանակ հավելեց, թե Հայաստանի տնտեսական աճի հեռանկարներն ամենահոռետեսականը չեն. «Չենք բացառում, որ տարվա ընթացքում տոկոսադրույքները կիջնեն»:

Անդրադառնալով այս տարվա ապրիլի 2-ին Լոնդոնում կայացած G-20-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին (այստեղ մասնակից երկրները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ), ԿԲ փոխնախագահը ասաց. «Հայաստանը ունի հստակ դիրքորոշում ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղիների վերաբերյալ, բայց չեմ կարծում, որ G-20-ի երկրների գագաթաժողովի ժամանակ հենց մեր երկրի դիրքորոշումն է ներկայացվելու»: ԱՊՀ միասնական դիրքորոշումը գագաթաժողովում ներկայացնելու մենաշնորհը Ռուսաստանինն է:

Մի ուղղում միայն անենք. ՀՀ-ն ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին ոչ հստակ, ոչ էլ թեթեւակի չգիտի, այլ կրկնում է այն, ինչ թելադրում են ԱՄՀ-ն ու ՀԲ-ն:

Անի Մարության

4-րդ եռամսյակը բեռի տակ չէ՞

Նախորդ ամիս հավաքվել է 39 մլրդ դրամի եկամուտ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը երեկ ասաց, թե սա «թեթեւ օպտիմիզմ» է ներշնչում, բայց դեռ բազմաթիվ խնդիրներ ունենք: ՀՆԱ-ի կանխատեսումները դեռ բացասական են:

Հիշեցնենք, որ առաջին 3 եռամսյակների որոշ ծախսեր տեղափոխվել են 4-րդ եռամսյակ: Կարողանալու՞ ենք արդյոք այնպես անել, որ գոնե նորմալ փակենք վերջին եռամսյակը, թե՞ հետո այդ ժամանակահատվածի համար նախատեսված ծախսերը տեղափոխելու ենք 2010թ.: Ի պատասխան Տ. Դավթյանը նկատեց, որ 4-րդ եռամսյակ են տեղափոխվել այն ծախսերը, առանց որոնց կարելի է ապրել՝ գույքի ձեռքբերում, գործուղումներ, տրանսպորտային ծախսեր եւ այլն (ծախսային մասով 93 մլրդ դրամ է տեղափոխվել): Այնպես որ, 4-րդ եռամսյակի ուսերին բեռ չի ծանրանա: Իսկ այս տարվա սոցիալական ծախսերը չեն կրճատվի, կարվեն նաեւ անվտանգության համար նախատեսված բոլոր ծախսերը:

Կարեն Բալյան

«Մեծ փողերից»՝ մեծ գլխացավանք

Մամուլում վերջերս շրջանառվեց, թե ռուսական վարկը՝ 500 մլն դոլարը չենք ստանալու, որովհետեւ խնդիրներ են ծագել, որոնց պատճառների մասին առայժմ միայն հետեւություններ են արվում: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը երեկ հավաստեց, թե այդ վարկը ստանալու ենք, եւ գործընթացն ըստ ժամանակացույցի ընթանում է: Այսինքն՝ Պետդուման պետք է հաստատի, որ համաձայն է, որպեսզի Հայաստանին 500 մլն դոլար վարկ տրվի: Հենց դա իրավական ուժ ստացավ, կստորագրվի համապատասխան համաձայնագիր, որն էլ որոշակի ընթացակարգով պետք է անցնի: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա վարկը կստանանք հունիսին: Սա՝ ֆիննախի ձեւակերպումն է: Մենք հարցնում ենք՝ ի՞նչ գլխացավանք ենք ունենալու այս եւ հաջորդող հունիսներին:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 12 (98), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։