Ճգնաժամը հարստացնում է խելոքներին

Ցավոք, ճիշտ դուրս եկան նաեւ «Լուսանցք»-ի՝ ճգնաժամի հետ կապված կանխատեսումները: Ապացույցն այն է, որ G-20-ի գագաթնաժողովն ավարտվեց, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը հարստացավ: G-20-ի անդամ երկրները, որպես աջակցություն, միջազգային տնտեսությանը 2010-ին ընդառաջ հատկացնելու են 5 տրիլիոն դոլար: 250 մլրդ դոլար հատկացվելու է SDR-ով (Արժույթի միջազգային հիմնադրամի արժույթ): ԱՄՀ-ի համար հավելյալ հատկացվելու է 500 մլրդ դոլար: Մյուս 250 մլրդ դոլարը կհատկացվի առեւտրի խթանման նպատակով:

Այսպիսով, գագաթնաժողովի արդյունքներով ԱՄՀ-ի բյուջեն կրկնապատկվել է՝ հասնելով 750 մլրդ դոլարի:

G-20-ի հիմար ու չմտածված որոշումները

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խստորեն քննադատել է G-20-ի գագաթնաժողովի որոշումները, որոնք վերաբերում են գլոբալ տնտեսության փրկությանը: «Ես չէի սպասում, որ գագաթնաժողովում կընդունվեն այդքան չմտածված եւ հիմար որոշումներ, չնայած ի՞նչ սպասես նրանցից»,-հայտարարել է Չավեսը: Նա միաժամանակ հավելել է. «Ինչու՞ էր պետք Արժույթի միջազգային հիմնադրամին ու Համաշխարհային բանկին տրամադրել 500 միլիարդ դոլար: Դրանից ոչ մի օգուտ չի լինելու, միայն ավելի վատ է լինելու»:

Վենեսուելայի նախագահի կարծիքով, ԱՄՀ-ն պետք է ոչ թե վերականդանացնել, այլ ցրել այդ կառույցը: Չավեսը նաեւ ափսոսանք է հայտնել, որ արձագանք չի գտել Ռուսաստանի ու Չինաստանի առաջարկը վերազգային արժույթ ստեղծելու վերաբերյալ. «Կապիտալիզմն այլեւս փրկել հնարավոր չէ, այն պետք է հեռանա համաշխարհային ասպարեզից, իսկ ճգնաժամից դուրս գալու ելքը նոր մոդելի սոցիալիստական հասարակարգի կառուցումն է»:

Հիշեցնենք, որ G-20-ի գագաթնաժողովում համաշխարհային լիդերները փոխզիջման են եկել համաշխարհային ֆինանսական ճգնաժամին վերաբերող 6 հիմնական հարցերում. 1. ավելացնել ԱՄՀ-ի ֆինանսական միջոցները, 2. ավելի շատ գումարներ ուղղել ճգնաժամից առավել շատ տուժած երկրներին, 3. պայքարել հարկային օազիսների դեմ, 4. կարգավորել ընկերությունների ու բանկերի ղեկավար կազմի բոնուսային աշխատավարձերը, 5. ուժեղացնել վերահսկողությունը ֆինանսական շուկաների նկատմամբ, 6. ապահովել ազգային տնտեսությունների կայունությունը:

Իսկ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ այս տարի կլինի գլոբալ ՀՆԱ-ի 0.5% անկում, իսկ հաջորդ տարի կսկսվի համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացը, որի կկազմի 3%: Մեր կողմից հավելենք, որ ԱՄՀ ու ՀԲ կանխատեսումները պարբերաբար փոփոխվում են…

Գոհար Վանեսյան

ՀԴՄ չշահած կտրոնները շպրտել պետք չէ

Կառավարության երեկվա նիստում քննարկվեց եւ հանրությանն ազդարարվեց, թե ՀԴՄ չշահած կտրոնները հարկ է ոչ թե շպրտել, այլ՝ հավաքել:

Ըստ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի, ՀԴՄ-ների այս ամբողջ գործընթացում փոփոխություններ են կատարվել՝ նպատակ ունենալով հասարակությանն առավել ակտիվ ներգրավել կտրոններ պահանջելու գործում: Բոնուսային համակարգի նոր մեխանիզմ կկիրառվի այսուհետ:

Այն քաղաքացիները, ովքեր եռամսյակի ընթացքում կտրոններ կհավաքեն, պարգեւավճարներ կստանան պետբյուջեից: Եռամսյակի ընթացքում 50 կտրոն եւ ավելի հավաքած քաղաքացին դրանք կներկայացնի հարկային մարմին, այստեղ կստանա համապատասխան տեղեկանք եւ դրա հիմամբ էլ կստանա պարգեւավճարը:

Ինչ վերաբերում է այդ պարգեւավճարի չափին, ապա սանդղակը մանրամասն դեռ կհրապարակվի, թե քանի կտրոնի եւ որքան գումարի դեպքում ինչքան պարգեւավճար կամ, այսպես ասենք, փոխհատուցում կստանա պետբյուջեից:

Ասենք, 400 հազար դրամ գնումի պարագայում կարող է հետ ստանալ 2.5%-ը՝ 10 հազ դրամ:

Արմեն Ալավերդյանը վստահեցնում է, որ պետությունը ավելիի, ասենք 3 կամ 5%-ի հնարավորությունը չունի: Մի խոսքով, ապրիլից արդեն հարկ է հավաքել ՀԴՄ կտրոնները:

Մի խնդրի էլ անդրադառնանք: Բանն այն է, որ ոչ կանխիկ գործարքների դեպքում, երբ առեւտուրը քարտային համակարգով է, ՀԴՄ կտրոն չի տրվում: Պետեկամուտների կոմիտեն երեկ պարզաբանեց, թե դա ոչ թե խախտում է, այլ՝ պարզապես չլուծված տեխնիկական խնդիր, որ շուտով կլուծվի:

Անի Մարության

Լուսանցք» թիվ 13 (99), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։