Ինչ է ուզում հայ կինը հայ տղամարդուց (բանալի բառը հայն է)… – Արմենուհի Մելքոնյան

- Մեզ պետք չեն ձեր ծաղիկները, օծանելիքները, պայուսակները, զարդերը․․․ Համենայնդեպս, հիմա դրանց մասին մտածելու ոչ ժամանակ կա, ոչ տրամադրություն։

- Մեզ մե՛ր երկիրն է պետք։ Որ գիշերները կես քուն-կես արթուն մղձավանջերով չանցկացնենք ու առավոտյան «չսպասենք» հերթական գույժին՝ հերթական տարածքը հանձնելու մասին։

- Մեզ մե՛ր երկիրն է պետք, որ մե՛ր, ձե՛ր ու մե՛ր երեխաների վաղվա օրը ծրագրենք, վաղվա երազանքներով ապրենք ու վաղվա նպատակներն իրագործելու քայլերն անենք։

- Մի կողմ թողեք ձեր ընկճախտը, հուսահատությունը, հիասթափությունը, ոտքի՛ ելեք, հարեւանների դռները ծեծեք, ընկերների, բարեկամների, թափ տվեք, միմյանց օձիքներից բռնեք, միմյանց բարձրացրե՛ք, կանգնե՛ք պինդ, կրճտացրե՛ք ատամներդ, բացափ ձեռքներդ բռունցքե՛ք, կատաղե՛ք վերջապես ։ Բառացիորեն եւ ուղղակիորեն թշնամին ձեր տուն ու հողամաս է մտել, ձեր մորը, կնոջն ու երեխային աչք դրել։ Նայեք դրանց զզվելի, կեղտոտ, արյունարբու ու վավաշոտ աչքերին։ Գազազե՛ք վերջապես ու հանե՛ք այդ աչքերը։

- Աշխարհաքաղաքական խաղեր, վերլուծություններ, «մենք ով ենք որ»-եր, «մենք բան չենք որոշում»-ներ․․․ մի կողմ թողե՛ք էս զիբիլը։ Ոտքներդ գետնին խփե՛ք։ Խփե՛ք էնպես, որ գետնի վրայի փոշին ու կեղտը բարձրանա ու սթափեցնի ձեզ ։

-Հնարավորություններ ու միջոցներ ունեցողներ կան, որ համենայնդեպս թքած չունեն մեր երկրի վրա։ Ստիպե՛ք նրանց գործի դնել իրենց կապերն ու ստեղծած ինչքը։ Էն ամենը, որ հենց մեր երկրում են ստեղծել ու պարտական են մեր երկրին։

- Մենակ չե՛ք մնա, կգա՛նք ձեր հետեւից, կգա՛նք ձեզ հավասար։

- Մեզ մեր երկիրը տվե՛ք՝ անվտանգ, արժանապատիվ, թշնամու առաջ չճկվող։

- Մեզ մեր երկիրը վերադարձրե՛ք։

- Մեր արժանապատվությունը վերադարձրե՛ք։ Եռաբլուրի տղերքը սպասում են։ Արցախի իրենց բակն ու խաղալիքները թողած էրեխեքը սպասում են․․․

- Ու ու՜մ առաջ ենք թուլացել։ Գոնե արժանի թշնամի լիներ։ Սինլքոր ու փսլքոտ, անհայրենիք, անտարածք, իրականում թափառաշրջիկի հոգեբանությամբ բորենիներ են դիմացներս․․․

- Մեր պատիվը հե՛տ բերեք։ Մենք ձեզ մեր գլխին դրած ման կտանք։ Մենք մեզ համար ծաղիկներ էլ կգնենք, պայուսակներ էլ, զարդեր էլ․․․

- Հե՛տ բերեք ձեզ, ուշքի՛ էկեք․․․ Իմ սիրելի, շա՜տ սիրելի հայ տղամարդիկ ջաներ։

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։