Երբ դատում են վրացի կինտոները

Ինչպես արդեն հայտնել էինք, Վահագն Չախալյանի դատաքննության ընթացքում ի հայտ եկած փաստերը, դատավարության բուն ընթացքը հաստատապես ապացուցում են, որ այս քրեական գործը մտացածին եւ վատ կազմակերպված սադրանք է: Ինչն առավելապես նպատակ է հետապնդում՝ ահաբեկել ջավախքահայության հայրենասեր մարդկանց՝ նրանց ազգային ինքնության եւ արժանապատվության համար մղվող պայքարից հեռու պահելու համար: Սա է մեր «հարեւան» ու «բարեկամ», էլ չասենք «եղբայր» վրացու իրական կերպարը: Եվ միշտ էլ սա է եղել… Տեսնողը՝ տեսել է, չտեսնողը՝ պարզապես չտեսնելու է տվել:

Վրացական «արդարադատությունը», թքելով ամեն օր եղբայրությունից բարբաջող վրացի պաշտոնյաների հավաստումների վրա, ամեն կերպ փորձում է հասնել Ջավախքի հայաթափմանը: Եվ այսպես անիրավ, բայց նպատակայնորեն պատժելով Չախալյանների ընտանիքին, մյուս հայ ընտանիքներին երկրամասը լքելու անուղղակի «կոչ» է անում…

Այս դատավարությունը «զավեշտալի եւ խայտառակ» է բնորոշել նաեւ «Միասնական Ջավախք – ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման ղեկավար Վահագն Չախալյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ Ախալցխեի շրջանային դատարանում արտասանած իր պաշտպանական ճառում: Նա շեշտել է, որ այն, «ինչ կատարվում է, ջավախքահայ գործչի նկատմամբ իշխանությունների պատվերով, ոստիկանության ու հատուկ ծառայությունների կողմից իրականացված հաշվեհարդար է…»:

Վ. Չախալյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հանրային կարգը խանգարելու նպատակով ոստիկանության աշխատակիցներին կամ պետական պաշտոնյային խմբակային դիմադրություն ցույց տալու մեջ: Շուրջ 8 ամիս է, ինչ հայազգի քաղբանտարկյալը գտնվում է անազատության մեջ: Վ. Չախալյանը, նրա հայրն ու անչափահաս եղբայրը մեղադրվում են նաեւ զենք-զինամթերքի անօրինական ճանապարհով ձեռք բերման եւ պահպանման մեջ:

Ըստ դատապաշտպանի, այս դատաքննությունը հեռու է «արդարադատություն կոչվելուց, եւ այդ պատճառով էլ կեղծ ու շինծու մեղադրանքներով կառուցված այս քրեական գործը տապալվելու է, եթե ոչ Ախալցխեի կամ Թբիլիսիի դատական ատյաններում, ապա գոնե Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում»: Ս. Ոսկանյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալներ Վահագն, Ռուբեն եւ Արմեն Չախալյաններին ճանաչել անպարտ Վրաստանի քրօր-ի 236-րդ հոդվածի 1-ին մասով, 226-րդ հոդվածով, 353-րդ հոդվածի 2-րդ մասով, 239-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» եւ «բ» ենթակետերով իրենց մեղսագրվող հանցագործությունների կատարման մեջ: Դատապաշտպանը պահանջեց նաեւ դադարեցնել նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ կայացնել արդարացման դատավճիռ՝ հռչակելով վերջիններիս անմեղությունն իրենց առաջադրված մեղադրանքում:

Հիշեցնենք, որ մեղադրող վրացի դատախազ Իրակլի Բարձիմաձեն Վահագն Չախալյանի համար պահանջել էր 14 տարի ազատազրկում եւ 18 հզ. լարի (մոտ 11 հզ. դոլար) տուգանք, Ռ. Չախալյանի համար՝ 4 տարի ազատազրկում եւ 6 հզ. լարի տուգանք եւ Ա. Չախալյանի համար՝ միայն տուգանք՝ 3 հզ. լարի: Դատավոր Ցիրա Մայսուրաձեն դատական վիճաբանությունների փուլի ավարտից հետո կայացրեց այսպիսի դատավճիռ՝ Վ. Չախալյանին դատապարտել 10 տարվա ազատազրկման՝ առանց տուգանքի, նրա հորը՝ Ռ. Չախալյանին՝ 5 հզ. լարի տուգանք, եղբորը՝ Ա. Չախալյանին՝ 2 հզ. լարի տուգանք:

Իսկ մինչ դատավճիռը, Վ. Չախալյանն իր վերջին խոսքում հանգամանալից ներկայացրեց նախքան իր ձերբակալությունը եւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները Ջավախքում, իր եւ ընտանիքի անդամների ձերբակալության իրական՝ քաղաքական դրդապատճառները, այս դատավարության սնանկությունը, վրացական իշխանությունների խայտառակ պահվածքն ու անօրինական գործողությունները: Նա կարծիք հայտնեց, որ այս ամենն արվում է ջավախքահայությանը վախեցնելու, ենթարկեցնելու նպատակով, սակայն ինքը վստահ է, որ անկախ իրեն դատապարտելուց, ջավախքահայությունը շարունակելու է իր քաղաքական պայքարը, ինքը՝ նույնպես…

Կարծում ենք՝ բողոքարկումը Թբիլիսիում որեւէ նոր արդյունք չի տա, բայց պարտադիր է, որպեսզի հետո եվրադատարանում եվրահայ փաստաբանները հիմնավորեն վրացական շովինիզմի առկայությունը այս դատավարությունում:

Վահագն Նանյան

Լուսանցք» թիվ 13 (99), 2009թ.

* * *

Վրաստանի մասնատման հերթական լուրը

Ռուս հեռուստալրագրող Պավել Շերեմետն օրերս հայտարարել է, թե շատ հավանական է, որ Մոսկվան կրկին հարված հասցնի Վրաստանին, այս անգամ՝ Հայաստանի պատճառով: Նա նշել է, որ Հայաստանում կա ՌԴ-ի ռազմաբազա, որը պարբերաբար պետք է համալրվի նոր տեխնիկայով, իսկ Հայաստանն ու Ռուսաստանը ցամաքային սահման չունեն: Օդային ճանապարհով էլ ամեն բան նորմալ չի փոխադրվում: Ուստի՝ անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Հարավային Օսիան դառնան սահմանակից, լինի ճանապարհը…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։