Կրթական անգրագիտությու՞ն

Դպրոցներում վտանգավոր բաներ են սովորեցնում

Թերթում եմ 3-րդ դասարանի զարմուհուս մայրենիի դասագիրքը: Չգիտեմ, կա՞ աշխարհում մեկ ուրիշ պետություն, որտեղ հենց սեփական դպրոցներում ուսուցանեն, թե ինչպես է անհրաժեշտ քանդել սեփական պետության ու պետականության հիմքերը:

Վստահաբար՝ ոչ:

Պարզապես հարցնում եմ ինքս ինձ՝ իբրեւ սրտի հովանք, ու հետո… սկսում ծիծաղել: Ինչու՞ ոչ: Կարծեմ՝ լալու պատճառ՝ չիք:

Ինչու՞ լալ այն հիվանդի վրա կամ խղճալ այն ապուշին, որ գիտե բուժման եղանակները, բայց չի ուզում ապաքինվել, որովհետեւ ապուշ լինելը ձեռնտու է այն պարզ պատճառով, որ օգտակար է: Բայց… ծիծաղելու պատճառ էլ չկա, որովհետեւ ապուշներն այնքան են շատացել, որ նրանց մեջ ապրելը դժվարացել է: Կամ պիտի մեռնես, կամ՝ ապուշանաս: Երկուսն էլ չես կարող: Ուրեմն՝ ի՞նչ անել: Թողնում եմ ընթերցողին:

Մանավանդ առողջ բանականությամբ այն ծնողներին, ովքեր դպրոցահասակ երեխաներ ունեն (դասագրքերն ընդհանրապես վատն են): Թող փորձեն նրանք 8-ամյա աշակերտին բացատրել, թե ինչ է նշանակում՝ «Եթե թշնամիդ սոված է, հաց կերցրու նրան եւ եթե ծարավ է, ջուր խմեցրու»: «Իմացիր եւ հիշիր այս սաղմոսը», այսպես են քարոզում այդ դասագրքի էջերը (դիցուկ՝ հենց այդ հատվածը: Ուսուցի՞չը ինչպես պիտի բացատրի այդ սաղմոսը: Ու հետո ինչպե՞ս պիտի հայրենասիրության դասեր տա: Չնայած, այդ կարգի սաղմոսներն օրինաչափություն են, որովհետեւ հայ երեխային սովորեցնում են Սողոմոն իմաստուն թագավորի, այլ ոչ թե աշխարհակալ Տիգրան Մեծի մասին…

Հասկացա, խոսքը խեղճի ու ապուշի մասին չէ, այլ անասունի, որի համար մեկ է, թե ում արտում կարածի…

* * *

Դպրոցներում խեղաթյուրում են պատմությունը

Ձեռքիս հանրակրթական դպրոցների 3-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված մայրենիի դասագիրքն է: Արդեն մեկ անգամ անդրադարձել ենք այս դասագրքում տեղ գտած հակամանկավարժական ու հակագիտական սխալներին: Բայց եթե հավելենք էլ, որ այս դասագիրքը մյուսների համեմատ դեռ քիչ թերություններ ունի, արդեն հասկանալի կդառնա, թե մեր դպրոցներում ինչպես են սերունդ կրթում:

Դասագրքի էջերում ակնհայտ երեւում է, թե (մեկ էջ տարբերությամբ) տրամագծորեն հակառակ ինչ դասեր են տալիս: Մեկ թե՝ Մաշտոցը հնարել է տառերը, մեկ էլ թե՝ «լեզու ունես՝ ընդմիշտ կապրես, լեզուդ կորավ՝ հետը կորար»:

Համոզված եմ՝ մանկավարժները (հնարավոր է՝ բացառություն լինի) երկու դասն էլ կսովորեցնեն, երկուսն էլ այնպես՝ ինչպես գրված է:

Իսկ ըստ այդ գրվածի՝ պարզվում է, որ մենք կորած էինք մինչեւ 5-րդ դարը եւ հայտնվեցինք այն պահին, երբ Մաշտոցը հեռավոր Եդեսիա քաղաքից բերում էր իր «հնարած հայերեն տառերը»: Մինչդեռ իրականությունը հայտնի է. Մաշտոցը գնաց մեր տառերը վերհանելու ու վերագտնելու այն մատյաններից, որոնք այրել կամ թաքցրել էին քրիստոնյաները: (Այդ ո՜ր տխմար «գիտնականը» ինձ կհամոզի, որ առանց գիր-գրականության մենք հզոր պետություն ու պետականություն ենք ունեցել դեռ ք.ծ.ա.:) Ի դեպ, նույնիսկ խորհրդային դպրոցում մեզ սովորեցնում էին, որ Մաշտոցը գնաց ու վերականգնեց հայոց գրերը, եւ դրանով արդեն նրա դերն անգնահատելի է: Իսկ հիմա… Հիմա մենք կրթական համակարգ այն բանի համար չենք վարկեր ներգրավել, որ ասենք, թե Մաշտոցը վերականգնել է… Հնարել է ու՝ վերջ: Այնպես, ինչպես մեր պատմաբանները (մեծամասամբ) մեր իրակա՛ն պատմությունը թողած հնարովի «զրիցներ» են միշտ սարքել:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 12,13 (98,99), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։