Հայ-թուրքական հարաբերությու՞ն, թե՞ արեւմտյան պարտադրանք

Օրերս Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղվեց հետեւյալ հարցը՝ «Որպես սենատոր դուք եղել եք ամերիկահայերի կողքին, կողմ եք եղել հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, ասում էիք, որ որպես նախագահ կճանաչեք ցեղասպանությունը: Արդյոք փոխե՞լ եք ձեր տեսակետը»: Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Ես իմ տեսակետները չեմ փոխել»: Այնուհետեւ արձագանքել է, թե իրեն ոգեշնչել են այն լուրերը, որ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման օրոք բանակցային գործընթաց է սկսվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որի նպատակն է մի շարք կուտակված հարցերի լուծումը գտնելը, այդ թվում՝ ցեղասպանության խնդրի. «Ես կուզեի հնարավորինս աջակցել այս բանակցություններին, որոնք շարունակվում են եւ կարող են շատ շուտով արդյունքի հանգեցնել: Իմ զգացողությունն այնպիսին է, որ այդ գործընթացներն արագորեն են զարգանում: Կուզեի նաեւ ասել, որ այս բոլոր խնդիրների լուծման ընթացքում մենք էլ համագործակցելու ենք, որպեսզի ամենակարեւոր կողմերը՝ թուրքերն ու հայերը, կարողանան կառուցողաբար հանգել ընդհանուր հայտարարի: Իմ ցանկությունը մեկն է՝ քաջալերել նախագահ Գյուլին, որպեսզի նա առաջ շարժվի այս արդեն իսկ արդյունավետ բանակցությունների ճանապարհով: Ես չէի ցանկանա, որպեսզի ԱՄՆ-ն թեքվեր դեպի այս կամ այն բանակցային կողմը, քանի դեռ նրանք արդյունավետ բանակցությունների փուլում են» – հայտարարել է Բ. Օբաման:

Հայ-թուրքական հարաբերությունների խնդրին ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաեւ Թուրքիայի խորհրդարանում. «Ես գիտեմ այն կոշտ հայացքների մասին, որոնք առկա են այս խորհրդարանում՝ կապված 1915թ. սարսափելի իրադարձությունների հետ՝ հայ եւ թուրք ժողովուրդների համար, սակայն, առաջընթացի լավագույն ուղին աշխատանքն է անցյալի վրա՝ թափանցիկ, ազնիվ ու կառուցողական աշխատանքը: Մենք դարձանք հայ եւ թուրք առաջնորդների պատմական ու ոգեւորիչ քայլերի ականատեսը: Այս շփումները նոր օր են խոստանում մեզ: Սահմանի բացումը հայ եւ թուրք ժողովուրդներին կվերադարձնի բարեկեցիկ ու խաղաղ գոյակցության, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից: Այնպես որ, ես ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք՝ ԱՄՆ-ն միանշանակորեն սատարում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Սա հուշում է թուրքական ղեկավարությանը, որ այդ դեպքում ձեր երկիրը կդառնա տարածաշրջանի միակ պետությունը, որը խաղաղ ու բնականոն հարաբերություններ կունենա հարավկովկասյան բոլոր երկրների հետ: Այս խաղաղությանը հասնելու համար դուք կարող եք կառուցողական դեր խաղալ՝ նպաստելով Lեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, մի խնդիր, որը բավական երկար ժամանակ է արդեն, ինչ շարունակվում է»:

Ինչպես Սենատում իր գործունեության ընթացքում, այնպես էլ նախագահական ընտրարշավում Բարաք Օբաման բազմիցս հանդես է եկել ԱՄՆ-ի կողմից հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին: Սակայն, միայն խնդրի կարգավորմանը միտված թափանցիկ քաղաքականությունը կխոսի Թուրքիայի ղեկավարության պատրաստակամության մասին, որը տարածաշրջանում կարող է դառնալ միակ երկիրը, որը խաղաղ ու կայուն հարաբերություններ կունենա հարավկովկասյան երեք հանրապետությունների հետ: Եվ՝ որպես այդ խաղաղությունը կատարելագործող խթան, կառուցողական դերակատարություն կունենա բավականին երկար ձգձգված Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում,- այսպես է կարծում ԱՄՆ նախագահը:

Այնուամենայնիվ, Բ. Օբաման Ստամբուլում բառացիորեն չարտասանեց ցեղասպանություն բառը եւ իր ելույթով թուրքական իշխանություններին հնարավորություն ընձեռեց մինչեւ ապրիլի 24-ը կարգավորել ՀՀ-Թուրքիա սահմանի բացման հարցը:

Իսկ թե ինչպես կվարվի ԱՄՆ նախագահը հետագայում, երբ թուրքերը բացեն կամ չբացեն ՀՀ-ի հետ սահմանը, կիմանանք առաջիկայում:

Հետաքրքիր է, որ այս այցի ընթացքում աշխարհի գերտերության ղեկավարը ժամանակ է գտել եւ հանդիպել է Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդների ու ներկայացուցիչների հետ (հույների, հայերի, հրեաների, ասորիների), Պոլսո հայ համայնքը ներկայացնող պատրիարքի տեղապահ Արամ արք. Աթեշյանի հետ քննարկվել է նաեւ հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված խնդիրը: Իսկ Բ. Օբամայի հայրենի նահանգի՝ Հավայան կղզիների Նահանգային Ներկայացուցիչների պալատը այս օրերին ճանաչել եւ դատապարտել է հայոց ցեղասպանությունը՝ դառնալով ԱՄՆ 42-րդ նահանգը, որը դատապարտում է 1915թ. մարդկության դեմ իրականացված ոճիրը:

Այս առումով խիստ անհանգստացած են Ադրբեջանում: «Իհարկե, մենք հասկանում ենք, որ Թուրքիայում ընթացող բանակցությունների ոչ բոլոր դրվագներն են դառնում հասարակության սեփականությունը: Սակայն այն, ինչ հրապարակային ասել է Թուրքիայի նախագահ Գյուլը եւ ԱՄՆ-ի նախագահ Օբաման Թուրքիայի խորհրդարանում, հասկանալի է դառնում, որ Օբաման որպես «հայերի ցեղասպանություն» եզրը չօգտագործելու պայման առաջ է քաշում հենց հայ-թուրքական սահմանի բացումը» – ասել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւան, հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահը ելույթում շեշտել է, որ ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել:

«Մենք գիտենք, որ անցյալում նա այն սենատորներից էր, ովքեր իրենց ստորագրությունն են դրել հայերի ցեղասպանությունը Կոնգրեսի կողմից պաշտոնապես ճանաչելու կոչի տակ: Այսինքն՝ արդեն ապրիլի 24-ի նախօրեին, Օբաման հասկացնել է տալիս, որ այդ օրը իր ավանդական ելույթում նա չի օգտագործի ցեղասպանություն բառը, սակայն դրա դիմաց սպասում է հայ-թուրքական սահմանի բացմանը». այս փաստը ափսոսանք է հարուցել Գ. Փաշաեւայի մոտ: «Բոլորը գիտեն, որ վերջին ժամանակներս Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը վատացել է եւ հենց նրան օգնելու ձգտումով է պայմանավորված այն ճնշումը, որ գործադրվում է Թուրքիայի նկատմամբ» – նշել է նա՝ ընդգծելով, որ դա չի բխում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Թուրքիայի շահերից:

Գ. Փաշաեւան նախ հիշեցրել է, որ Հայաստանը սահմանի բացման դիմաց չի համաձայնել կատարել Թուրքիայի 3 նախապայմանները (ցեղասպանության քարոզչությունից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում եւ ԼՂ հարակից շրջաններից զորքերի դուրսբերում), ապա ընդգծել. «Եթե Թուրքիան հրաժարվի իր դիրքերից եւ գնա Հայաստանի հետ սահմանի բացման առանց նախապայմանների, դրանից կշահի միմիայն Հայաստանը»:

Ստամբուլ ժամանած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: ԱՄՆ նախագահը Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հետ նույնպես քննարկվել է սահմանի բացման եւ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը: ՀՀ ԱԳ նախարարն այդ օրերին մասնակցել է նաեւ ՄԱԿ-ի հովանու ներքո Ստամբուլում անցկացվող «Քաղաքակրթությունների դաշինք» անվամբ 2-րդ ֆորումին, որին ներկա են աշխարհի 30 երկրների 700 ներկայացուցիչներ:

Հայ-թուրքական հարաբերությունների հարցում շահագրգռվածություն է ցուցաբերում նաեւ Եվրոպան: ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան եւս խոսել է հայ-թուրքական խնդրի մասին: Թեեւ Խ. Սոլանան ոչ ցեղասպանություն բառն է օգտագործել, ոչ էլ առավել եւս գնահատել է այդ հարցում ԵՄ անդամ երկրների որդեգրած դիրքորոշումը, այնուամենայնիվ, թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցները եզրակացրել են, թե «Սոլանան դեմ է ցեղասպանությունը ճանաչելուն»: Մեր հայրենի որոշ լրատվամիջոցներ էլ ուղղակի վերցրել ու ադրբեջանական աղբյուրների հաղորդագրությունը թարգմանաբար ներկայացրել են մեր հանրությանը: Բայց եւ այնպես Խ. Սոլանան աչքի է ընկնում թուրքամետ դրսեւորումներով: Նա Անկարային վստահեցրել է, որ չնայած Դավոսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի մասնակցությամբ միջադեպին, մերձավորարեւելյան կարգավորման գործընթացում եւ ամբողջ տարածաշրջանում Թուրքիայի դերը չի նվազել: Ավելին՝ նա հարկ է համարել թուրքական թերթերի միջոցով Իսրայելի կառավարությանը հասկացնել, թե ինքը խնդիրներ ունի Իսրայելի նոր կառավարության հետ Պաղեստինի հարցով. «Ես իմ էներգիայի մեծ մասը նվիրել եմ երկու երկրների միջեւ հարաբերություններ կառուցելուն: Դա է մեր, ինչպես նաեւ Թուրքիայի ու միջազգային հանրության նպատակը: Ես կարծում եմ, որ երկու պետություն բանաձեւը չճանաչող Իսրայելի կառավարության հետ գործ ունենալը ավելի դժվար կլինի»:

Ինչպես նկատում ենք՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցում Մոսկվան գոնե առերեւույթ չեզոքություն է ցուցաբերում, Վաշինգտոնը փորձում է ճնշումներ գործադրել, իսկ Եվրոպան նախընտրում է Թուրքիային սիրաշահել:

Մեր երկրում նույնպես աշխուժորեն քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունները: Քանի որ իշխանական եւ ընդդիմադիր կազմակերպություններն իրենց զլմ-ներով ներկայացրել են սեփական տեսակետները, մենք դիմեցինք Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) նախաձեռնողներից Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանին եւ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանին՝ ազգայնականների տեսակետը ներկայացնելու համար:

Արմեն Ավետիսյան – ՀԱՄ-ն իր կարծիքը հայտնել է դեռ «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ. որ հայ արիները դեմ չեն հայ-թուրքական հարաբերությունների «դեմ առ դեմ» ձեւով, առանց միջնորդների մասնակցության սկսելուն, քանի որ այդ միջնորդները՝ Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը, անբարենպաստորեն են ներազդում (յուրաքանչյուրն իր համար) այդ հարաբերությունների կարգավորման ընթացքին: Օրերս էլ Ստամբուլում էր քննարկվում հայ-թուրքական հարաբերությունները, եւ «դիրիժորը» ԱՄՆ նախագահն էր: Նա խոսել է Թուրքիայի նախագահ Ա. Գյուլի հետ, առանձնազրույց է կազմակերպել ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հետ եւ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի հետ (ով թուրքերից նեղացած չէր մեկնել Ստամբուլ): Ի միջայլոց, հաճելի է, որ ՀՀ ԱԳ նախարարը ուշացումով է մեկնել Ստամբուլ՝ դիվանագիտական խողովակներով հասկացնելով, որ Անկարան չպետք է չարաշահի ցեղասպանության եւ ԼՂՀ հարցերը: Ինչեւէ, Բ. Օբաման, ըստ երեւույթին, այս բոլորին համոզեց ու ցեղասպանություն բառն էլ չարտասանեց հենց այն պատճառով, որ դա էլ նպաստի ՀՀ-Թուրքիա սահմանի բացմանը: Սակայն, ՀԱՄ-ը դեմ է առանց որոշ նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որովհետեւ դա կարող է հատկապես վտանգել հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջազգային ծավալվող գործընթացը: Անկարան նաեւ պիտի երաշխավորի, որ չի խառնվելու հայ-ադրբեջանական հարաբերություններին, հատկապես՝ Արցախ-ԼՂՀ-ի հիմնախնդրին: Ինչպես ՀԱՄ-ին, այնպես էլ ՀԱՀ-ին անհանգստացնում է սահմանի բացման հնարավորությունը, քանզի Արեւմտյան Հայաստանի տարածքում ցայսօր հիմնականում քրդեր եւ քրդացած հայեր են բնակվում, եւ այս տարածքներն առավելապես անբնակ են: Իսկ սահմանի բացման եւ տնտեսական հարաբերություններ սկսելուն պես թուրք գործարարներն ու գործազուրկները կարող են տեղափոխվել մեր պատմական հողերը (Անկարան հաստատ այդ տարածքները կհայտարարի ազատ տնտեսական գոտի) եւ մինչ այժմ չթուրքացած տարածքները մենք մեր ձեռքերով կթուրքացնենք: Մեր տնտեսությունը հաստատ չի կարող հավասարապես մրցակցել թուրքականի հետ եւ, փաստորեն, թուրքական շուկան կկլանի մերին, իսկ դա հղի է ոչ միայն դրամա-տնտեսական վտանգներով, այլեւ քաղաքական եւ ռազմավարական:

Արմենուհի Մելքոնյան – «Լուսանցք» շաբաթաթերթում բազմիցս անդրադարձել ենք այս թեմային: Մեր հոդվածագիրների տեսակետները հիմնականում համընկնում են խմբագրական խորհրդի տեսակետներին: ՀԱՀ-ում նույնպես հանգամանալից քննարկումներ են լինում հայ-թուրքական հարաբերությունների մասով: Մեկ անգամ չէ, որ շեշտել եմ. քանի դեռ ՀՀ-ն ներկայիս վիճակում է (տնտեսապես ոչ զարգացած), հայ-թուրքական սահմանի բացմանը միանշանակ դեմ եմ: Հայրենական արտադրողները (առանց այն էլ այնքան քիչ են), կարճ ժամանակ անց կուլ կգնան: Տեղական արտադրության պաշտպանության ոչ մի գործիք ցայսօր չունենք: Փոխարենը՝ բավականաչափ զարգացած է Թուրքիայի տնտեսությունը: Ասել է թե՝ մրցակցության մասին խոսք անգամ լինել չի կարող: Եթե հակիրճ հավելենք նաեւ այն, որ լիովին անմրցունակ կդառնա մեր գյուղատնտեսական արտադրանքը (ինքնարժեքի գործոնով պայմանավորված թուրքականի գնին (ոչ թե որակին) հասնել չենք կարող), ապա հեռանկարը պատկերացնելը բարդ չէ: Իսկ տանուլ տված տնտեսությամբ հազիվ թե քաղաքական հարցեր լուծենք: Պարզապես չեմ ուզում, որ 5-10 տարի հետո կրկին զարթնենք ու տեսնենք, որ խորհրդային տարիների օրինակով ՀՀ-ն սեղմել եւ բնակեցրել ենք թուրքերով (նախկինում ադրբեջանցիներ էին):

Հայկ Թորգոմյան

Արտակ Հայոցյան

Լուսանցք» թիվ 13 (99), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։