«Լուսանցք»-ը 2 տարեկան է

Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհուրդը շնորհավորում է ՀԱՀ-ի հիմնադիրներից մեկի՝ «Լուսանցք» շաբաթաթերթի 2-րդ ամյակը: Թերթը տոնում է մի փոքրիկ հոբելյան եւս՝ այսօր թողարկվում է «Լուսանցք»-ի 100-րդ համարը:

Հենց սկզբից մեր գործընկեր շաբաթաթերթը որդեգրեց հայ ազգայնականին վայել կեցվածք եւ առաջին իսկ թողարկումում հայտարարեց հայկական ազգային արժեքների պաշտպանության հարցում իր անզիջում լինելու մասին:

Այո՛, ազգայնական զլմ-ի պակասը զգացվում էր հայկական զանգվածային լրատվամիջոցների աշխարհում: Իհարկե, տպագրվում էին ազգայնական պարբերականներ («Հայ-Արիներ», «Հայեր», «Վասն հայության», «Ուխտ Արարատի» եւ այլն), սակայն, դրանք լայն սպառման համար չէին նախատեսված եւ, հիմնականում, տարածվում էին ազգայնական, հասարակական ու քաղաքական, որոշակիորեն էլ նաեւ՝ դիվանագիտական շրջանակներում: Իսկ ահա, «Լուսանցք»-ն եկավ իր ուրույն տեղն զբաղեցնելու երկար ժամանակ թափուր մնացած ազգայնական լրատվադաշտում եւ առ այսօր կատարում է իր խոստումն ու առաքելությունը:

ՀԱՀ խորհուրդը «Լուսանցք»-ի խմբագրական խորհրդին եւ աշխատակիցներին մաղթում է մեծ հնարավորություններ, հաջողություններ եւ անխափան աշխատանք՝ ազգանվեր գործունեության մեջ:

Մենք մեր երախտագիտական խոսքն ենք ուղղում նաեւ շաբաթաթերթին անշահախնդրորեն աջակցողներին եւ օժանդակողներին, ովքեր վստահում են գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանին եւ նրա շուրջը համախմբված լրագրողներին: Այս աջակցության շնորհիվ է, որ եռանդուն եւ համերաշխ աշխատակազմը կարողացավ կարճ ժամանակում հասնել հաջողության: Զարմանալի կթվա, բայց «Լուսանցք»-ի անդրանիկ թողարկումն արդեն տարաբնույթ ասեկոսեների տեղիք տվեց եւ առաջին իսկ թողարկումներից արժանացավ կարդացողների ուշադրությանը, չնայած առ այսօր եւ՛ պետական եւ՛ լրատվական ոլորտների ներկայացուցիչները խուսափում են բարձրաձայնել, որ «Լուսանցք»-ը ներկայացնում է (ու իրենք կարդացել են), փակ այն բոլոր թեմաները (աշխարհիկ ու հոգեւոր), որոնց մասին ցայսօր մամուլը չի գրել: Սա նույնպես թերթի հաջողությունների շարքում պիտի արձանագրել, քանզի նախանձը պաշտոնական եւ լրատվական կատեգորիա է…

ՀԱՀ խորհուրդ

16.04.2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.